• am
  • ru
  • en
Версия для печати
18.05.2006

ԱՄՆ ներքին և արտաքին խնդիրների մասին

Руский

   

Դավիթ Մելիք-Նազարյան

Վերջին շրջանում Ամերիկայի Միացյալ Նահանգների ինտելեկտուալ շրջանակների քննարկումների հիմնական առարկան հետևյալ հիմնահարցերն են.

Ա. Սեպտեմբերի 11-ի իրադարձությունների ազդեցությունն ամերիկյան հասարակության մտածելակերպի և աշխարհընկալման վրա: Համաձայն կարծիքների` ամերիկացիների մեծամասնության համար այդ իրադարձություններից հետո կատարվածը բոլորովին անսպասելի էր և ընկալվում է որպես անշնորհակալության ու նախանձի դրսևորում: Անշնորհակալ է և նախանձ ամբողջ աշխարհը, քանի որ չկարողացավ գնահատել Միացյալ Նահանգների ասպետական վարքագիծը սառը պատերազմի ընթացքում, երբ շնորհիվ Ամերիկայի` աշխարհը փրկվեց ամբողջատիրությունից: Նրանք չեն գնահատում, ըստ ամերիկացիների, այն հսկայական օգնությունը, որն ամերիկացիները ցուցաբերում են բոլոր երկրներին: Բացի այդ, ամերիկացիների կարծիքով` իրենք կառուցել են ամենաարդար և պաշտպանված հասարակությունը, ուր ձգտում են ներգաղթողները ողջ աշխարհից, և նրանք համարում են, որ այդ արդար հասարակության կառուցման համար անհրաժեշտ արժեքների տարածումը և այլ հասարակություններում իրենց ջանքերով դրանց արմատավորումը ոչ թե գլոբալիստական միտումների, այլ ամերիկյան հասարակության իդեալիստական մղումների դրսևորում է: Այս ամենին աշխարհը մի կողմից` պատասխանում է պայթյուններով և այլ տիպի ահաբեկչական գործողություններով, մյուս կողմից` նախկին դաշնակիցները, նախանձելով Միացյալ Նահանգներին, չարախնդում են և խոչընդոտում մեղավորներին պատժելու գործում:

Ամերիկյան գիտնականներն այս տրամադրությունները գնահատում են որպես չափազանց վտանգավոր, քանի որ դրանք կարող են հանգեցնել նրան, որ արագ տեմպերով ուժգնացող մրցակցության պայմաններում կարող է բյուրեղանալ «Միացյալ Նահանգներն ընդդեմ աշխարհի» բանաձև, որը կարող է դրդել ամերիկյան զինվորականներին ավելի կոշտ կերպով պնդել իրենց կողմից հավանության արժանացած նախահարձակ քաղաքականության իրականացման ռազմական ձևերի վրա:

Ներկայումս ԱՄՆ համալսարաններում մշակվում են հատուկ ծրագրեր, որոնք ուղղված են այդ երկրի հեղինակության բարձրացմանը: Հատուկ քարոզչական ձևեր են մշակվում, որոնց նպատակն է մեղմել այն բացասական տրամադրությունները, որոնք առաջացել են աշխարհում ամերիկյան զինված ուժերի` Աֆղանստան և Իրաք մտնելուց հետո: Միացյալ Նահանգներում աստիճանաբար ավելի ու ավելի է աճում դժգոհությունը «քաղաքակրթությունների բախում» կարգախոսով ծրագրվող քաղաքականությունից:

Հաճախակի է հնչում քննադատություն նախագահ Բուշի և նրա վարչակազմի կողմից իրականացվող քաղաքականության հասցեին, սակայն միաժամանակ նշվում է, որ ամերիկացիները դժգոհ են ոչ այնքան արտաքին քաղաքականությունից կամ ահաբեկչության դեմ հայտարարված պատերազմից (ինչը գնահատվում է որպես հակահարված), որքան նրա ներքին քաղաքականությունից:

Բ. ԱՄՆ ռազմական ծախսերը ստիպում են նախագահ Բուշի վարչակազմին վերանայել սոցիալական ոլորտին և առողջապահությանն ուղղված գումարների ծախսման եղանակները: Ներկայումս այս ոլորտներում ծախսվող գումարների վրա շատ ավելի լուրջ հսկողություն է հաստատվում, քան նախկինում: Այսպիսի մոտեցումներից տուժում են հատկապես «նոր» ամերիկացիները, քանի որ հենց նրանք են զրկվում այս գումարներից:

Մյուս կողմից` անցած տարվա ընթացքում կտրուկ աճ է արձանագրվել վառելանյութի գների ոլորտում, ինչն անմիջապես անդրադարձել է նաև սպառողական զամբյուղի գնի վրա: Վիճակն ավելի է բարդացել աշխատատեղերի կրճատման պատճառով, ընդ որում` փակվում են որոշ գիտական ոլորտների այնպիսի հետազոտական ուղղություններ, որոնք ավելի ձեռնտու է իրականացնել արտասահմանում: Հետևանքն այն է, ըստ ամերիկյան գիտնականների, որ մի շարք գիտական կենտրոններ ստիպված են կտրուկ կրճատել իրենց աշխատակիցների քանակը, և վերջիններս, լինելով բարձր որակավորման մասնագետներ, ստիպված են այլ ոլորտներում աշխատանք փնտրել: Սա վերաբերում է, հատկապես, ինժեներական մասնագիտություններին:

Այս ամենի ֆոնին` նորից որոշակիորեն սրվել են ռասայական և էթնիկական խնդիրները, հատկապես վատացել է վերաբերմունքը նեգրերի նկատմամբ: Սուր է դրված նաև Լատինական Ամերիկայից ներգաղթածներին հասարակությանն ադապտացնելու խնդիրը, որը գնահատվում է իբրև հաջորդ տասնամյակի լուրջ հիմնահարց:

Ինտելեկտուալների շրջանակներում մեծ է դժգոհությունը «Պետրիոտ» օրենքների փաթեթից, որը թույլ է տալիս տոտալ հսկողություն հաստատել հասարակության և նրա անդամների անձնական կյանքի վրա: Կա և այլ կարծիք. «Պետրիոտ» փաթեթը միայն օրինականացրել է այն, ինչը միշտ էլ գոյություն ուներ: Սակայն այս կարծիքն արտահայտողներն էլ են այն տեսակետին, որ հսկողությունն աստիճանաբար ավելի ու ավելի համատարած բնույթ է ստանում: Սակայն բոլորն էլ այն կարծիքի են, որ նույնիսկ ահաբեկչության վտանգը չի կարող արդարացնել մարդու իրավունքների նման սահմանափակումները, քանի որ, ըստ նրանց, ամերիկացիների հիմնական ձեռքբերումը` ազատությունը, կարող է սահմանափակվել միայն տրամաբանությունից դուրս չեկող օրենքներով:

Գ. Արտաքին քաղաքականության առաջնային խնդիր է դիտարկվում ահաբեկչության տարբեր դրսևորումների դեմ պայքարը, ընդ որում` ահաբեկչության տակ հասկացվում են թե՛ «ալ-Կաիդան» և թե՛ Սիրիան ու Իրանը: Կարելի է հաստատապես արձանագրել, որ ներկայիս ամերիկյան արտաքին քաղաքականությունը որոշողները բաժանվում են երկու խմբի: Առաջինը, պայմանականորեն ասած` «քաղաքացիական» թևը, կազմված է քաղաքական, համալսարանական և կուսակցական անցյալ ունեցող վարչակազմի տարբեր մակարդակների ծառայողներից և վերլուծական կենտրոնների մասնագետներից, որոնք համարում են, որ Իրանի գոյությունը ներկա վիճակով անթույլատրելի է, սակայն ռազմական ներխուժումը միայն վնաս կհասցնի Միացյալ Նահանգների շահերին: Նրանց կարծիքով` ամերիկյան քաղաքականությունն այս հարցում պետք է լավ հաշվարկված և լրջորեն ծրագրված բնույթ ունենա. կտրուկ ու շտապողական գործողությունները կարող են ներքաշել ամերիկացիներին երկարատև պատերազմի մեջ, ինչը թույլ չի տա նրանց իրենց դիրքերը պաշտպանել մյուս տարածաշրջաններում և կարող է ճակատագրական նշանակություն ունենալ ԱՄՆ-ի համար: Այս խմբի գնահատականներն ամերիկյան հզորության մասին գրեթե չեն տարբերվում զինվորական փորձագետների գնահատականներից, սակայն միաժամանակ «քաղաքացիական» թևը լավ հասկանում է, որ այս հիմնահարցի լուծման համար միայն տնտեսական և ռազմական հզորությունը բավարար չէ: Իրաք ներխուժելուց հետո եվրոպական երկրների մեծամասնության, Չինաստանի, Ռուսաստանի խիստ դիրքորոշումը, մուսուլմանական և հատկապես արաբական աշխարհի դրսևորած հակաամերիկյան տրամադրությունները, մի շարք այլ երկրների, օրինակ` Հնդկաստանի լուռ դիմադրությունը ցույց են տալիս, որ Իրանի դեպքում հակաամերիկյան տրամադրություններն իրենց տեղը կզիջեն հակաամերիկյան գործողություններին, ինչը զգալիորեն կնվազեցնի Միացյալ Նահանգների հնարավորություններն աշխարհում ծավալված և աստիճանաբար ավելի ու ավելի սուր բնույթ ստացող մրցակցությունում:

«Զինվորական» թևը կողմնակից է անհապաղ շրջափակման և հեռահար օդային հարվածների, որոնց պետք է զուգորդեն Պարսից ծոցում ամերիկյան նավատորմի գործողությունները` իրանական ռազմածովային ուժերի ոչնչացման նպատակով: Միաժամանակ ամերիկյան ուժերը պետք է ոչնչացնեն իրանական կասպիական նավատորմը: Հայտնի է, որ ամերիկացիները, օգտագործելով նաև իսրայելական տեխնոլոգիաները, արդեն իսկ տեղադրել են ադրբեջանական տարածքում ռադիոտեղորոշիչ հզոր կայան, որը հնարավորություն է տալիս ամբողջովին ծածկել իրանական տարածքում տեղի ունեցող տեղաշարժերը: Առաջին իսկ հարվածներով պետք է խոցվեն բանակային ղեկավարման կայանները և միջուկային զենքի արտադրման համար նախատեսված գործարաններն ու հետազոտական կենտրոնները: Նրանց համոզմամբ, այդ գործողությունների համալիրը թույլ կտա առանց մեծ կորուստների արագորեն այնպիսի վիճակի մեջ գցել Իրանը, որ այն ներսից քայքայվի` այաթոլաների դեմ ապստամբություն, էթնիկական և կրոնական բախումներ և այլն:

Համալսարանական շրջանակները ներկայացնող վերլուծաբանները շատ մտահոգ են զինվորականների այս տիպի տրամադրություններից, սակայն նրանք կարծում են, որ Իրաքում ունեցած անհաջողությունների պատճառով «զինվորական» թևը զգալիորեն կորցրել է իր ազդեցությունը: Մյուս կողմից` նրանք նշում են, որ ԱՄՆ նախագահի 2008թ. ընտրություններից առաջ հանրապետականները ստիպված կլինեն ինչ-որ դրական արդյունքներ ներկայացնել հասարակությանը, այլապես տանուլ կտան (միաժամանակ նշվում է, որ դեմոկրատները շատ վատ վիճակում են գտնվում, և նրանց համար նույնպես դժվար կլինի միասնական գործողություններ ծավալել):

Համենայնդեպս, դեռևս ընդհանուր կարծիքն այն է, որ Իրանի դեմ գործողություններում շտապել պետք չէ (քանի դեռ նրանք միջուկային զենքի չեն տիրացել), բայց անհրաժեշտ է ապահովել միջազգային օժանդակություն ամերիկյան գործողություններին: Այստեղից էլ` ևս մեկ հարց, որը շատ է քննարկվում:

Դ. ՄԱԿ կառուցվածքի և գործառնության բարեփոխումների անհրաժեշտությունը կասկած չի հարուցում: Սրա մասին խոսում են որպես վերջնականապես որոշված հարցի, սակայն պարզ չէ, թե ինչպես պետք է իրականացվի բարեփոխումը: Միացյալ Նահանգների համար առաջնահերթ խնդիր է ՄԱԿ հանձնաժողովների խնդիրների վերանայումը, դրանց թվի ավելացումը, իսկ անդամների թվի` սահմանափակումը: Առաջնային փոփոխությունները պետք է իրականացվեն Մարդու իրավունքների հանձնաժողովում, ընդ որում` այդ փոփոխությունները ե՛ւ ձևին են վերաբերում, ե՛ւ բովանդակությանը: Վաշինգտոնը մտադրված է նորաստեղծ Մարդու իրավունքների խորհուրդը լուրջ աշխատանքային գործիք դարձնել այն երկրների դեմ, որոնք, ըստ ԱՄՆ-ի, այս ոլորտում չեն համապատասխանում իրենց չափանիշներին: Գլոբալ փոփոխությունների պետք է ենթարկվեն Գլխավոր ասամբլեայի կազմը և գործառույթները: ՄԱԿ-ը պետք է ավելի համարձակորեն միջամտի պետությունների ներքին գործերին` քաղաքացիական պատերազմները, մարդու իրավունքների ոտնահարման զանգվածային դրսևորումները և ցեղասպանությունները կանխելու նպատակով:

Ե. Կարևորագույն հիմնահարցերի և նույնիսկ մտահոգությունների թվին է պատկանում Չինաստանի հզորացման և վերջինիս հետ` գլոբալ մրցակցության խնդիրը: Ի դեպ, Իրանի հիմնախնդիրը կարևորվում է նաև այս պատճառով, քանի որ այն կարող է Չինաստանի համար միջանցք դառնալ դեպի Պարսից ծոց, ինչը կտրականապես ավելացնում է Չինաստանի մրցունակությունը և դիմադրողականությունը: Սակայն ամերիկյան մի շարք վերլուծաբաններ կարծում են, որ Չինաստանում հաջորդ երկու տասնամյակների ընթացքում լրջորեն սրվելու են ներքին հասարակական, միջէթնիկական և միջկոնֆեսիոնալ հարցերը, ինչը Պեկինին թույլ չի տա իրական մրցակցություն ծավալել համաշխարհային կառավարման վահանակին տիրանալու համար:

Ամերիկացիները մեծ խանդով և վիրավորվածության զգացումով են հետևում ԵՄ` ինքնուրույնության ձգտող գործողություններին: Նրանք անհեռատես են համարում եվրոպացիների` եվրոպական անվտանգության համակարգ ստեղծելու ձգտումը և համոզված են, որ ՆԱՏՕ-ին այլընտրանք չկա:


դեպի ետ