• am
  • ru
  • en
Версия для печати
02.06.2006

Ռուս-վրացական հարաբերությունների շուրջ. հնարավոր հետևանքներ

   

Կարեն Վերանյան

Վերջին ամիսներին նոր լիցք ստացավ ռուս-վրացական հարաբերություններում օրեցօր խորացող քաղաքական ճգնաժամը, որն այս անգամ ուղեկցվեց տնտեսական հակասություններով։ Խոսքը, մասնավորապես, ռուսական կողմից վրացական գինիների, իսկ այնուհետև՝ «Բորժոմի» հանքային ջրերի՝ Ռուսաստան արտահանման արգելքի սահմանման մասին է։ Ի պատասխան՝ հաջորդեց Վրաստանի իշխանությունների հայտարարությունը Անկախ Պետությունների Համագործակցությունից Վրաստանի հնարավոր դուրս գալու վերաբերյալ։

Իհարկե, ներկայումս, թերևս, վաղ է խոսել ԱՊՀ-ից Վրաստանի դուրս գալու հնարավորության մասին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեպքերի նման զարգացման սցենարը վրացական կողմի համար քաղաքական ու տնտեսական լուրջ խնդիրներ կառաջացնի։

Սակայն միանշանակ է, որ ռուս-վրացական հարաբերությունների նոր սրացումը մեծ քաղաքականությունում կենթադրի նոր մարտահրավերներ՝ իրենց հնարավոր ու անկանխատեսելի հետևանքներով։

Երկկողմ հարաբերություններում գոյացած վերոնշյալ քաղաքական հակասություններն անհրաժեշտ է դիտարկել մի քանի հարթությունում.

1. Դժվար է չհամաձայնել, որ ռուս-վրացական քաղաքական հարաբերությունների սրացումը գերազանցապես պայմանավորված է ներկայիս գլոբալ աշխարհաքաղաքական գործընթացներով, որոնցում էապես բևեռացել ու կարծրացել են արտաքին շահերը։ Արտաքին դերակատարների միջև սկզբունքային հակասությունների խորացումն ուղեկցվում է նաև նախկին քաղաքական, ռազմաքաղաքական բլոկների ու դաշինքների վերաիմաստավորմամբ ու նմանատիպ նորաստեղծ կառույցների ակտիվացմամբ։

Բավական է նշել 2005թ. օգոստոսի 12-ին Ուկրաինայի ու Վրաստանի նախագահների համատեղ հայտարարությունը («Բորժոմի հռչակագիր»), որտեղ կոչ էր արվում միավորել ջանքերը «բալթյան-սևծովյան և կասպյան տարածաշրջաններում ժողովրդավարության, կայունության ու անվտանգության ապահովման նպատակներով»։

Այս տրամաբանության շարունակությունն էր ս.թ. մայիսի սկզբներին Վիլնյուսում կայացած բալթյան և սևծովյան տարածաշրջանների երկրների՝ «Համընդհանուր հարևանության միասնական տեսլական» խորագիրը կրող միջազգային գիտաժողովում ԱՄՆ փոխնախագահ Դիք Չեյնիի ելույթը՝ նվիրված Ռուսաստանում ժողովրդավարության տարածման, ինչպես նաև ԱՊՀ տարածքում Ռուսաստանի «անարդարացի» արտաքին քաղաքականության հարցերին։

Դ.Չեյնիի բավական կոշտ հակառուսական հայտարարության կապակցությամբ տարբեր լրատվամիջոցներում կրկին ակտիվացան խոսակցությունները հետխորհրդային տարածքում, Անկախ Պետությունների Համագործակցություն կազմակերպությանը որպես այլընտրանք, մեկ այլ տարածաշրջանային կառույցի ստեղծման շուրջ, որում, իհարկե, կարևորագույն դերակատարում են ունենալու Վրաստանն ու Ուկրաինան։

Հետխորհրդային տարածքում հակառուսական ուղղվածություն ունեցող քաղաքական, ռազմաքաղաքական ու տնտեսական ամերիկյան կառույցի հնարավոր ձևավորման հարցին զուգահեռ՝ նոր միտումներ են նկատվում նաև ՎՈՒԱՄ շրջանակներում։

Վրաստանում և Ուկրաինայում տեղի ունեցած «գունավոր» հեղափոխություններից հետո և, մասնավորապես, վերջին մեկուկես տարում բազմիցս խոսվում էր ՎՈՒԱՄ ակտիվացման ու դրա գործունեության որակապես նոր ձևաչափի հարցի շուրջ։ Սակայն, ըստ էության, կառույցի աշխատանքներում ոչ միայն դրական լուրջ տեղաշարժեր չեղան, այլև ս.թ. մարտի առաջին կեսին նախկին ՎՈՒՈՒԱՄ շրջանակներից դուրս գալու մասին հայտարարեց Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը։

Նշենք նաև, որ 2006թ. սկսած՝ ԱՊՀ տարածքում աշխարհաքաղաքական նոր մարտահրավերների և, մասնավորապես, Ռուսաստանի արտաքին կոշտ քաղաքականության հարցերի հետ կապված, ԱՄՆ անմիջական նախաձեռնությամբ ընթանում է բլոկի վերաիմաստավորման ակտիվ գործընթաց՝ ՎՈՒԱՄ գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով։

Դրանով է, թերևս, պայմանավորված մայիսի 22-23-ին Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում նախատեսվող ՎՈՒԱՄ անդամ պետությունների ղեկավարների հանդիպումը։ Այստեղ ծրագրվում է հաստատել կազմակերպության կանոնադրությունն ու համատեղ հայտարարությունը, ըստ որի՝ կազմակերպությունը վերանվանվելու է միջազգային «Ժողովրդավարության ու զարգացման կազմակերպություն - ՎՈՒԱՄ»։

Հարկ է փաստել, սակայն, որ ամերիկյան նախաձեռնությամբ ստեղծված նախկին քաղաքական բլոկների ու կազմակերպությունների գործունեության վերաիմաստավորումը նոր մարտահրավերներին համահունչ, ինչպես նաև նույնօրինակ նորաստեղծ կառույցների ակտիվացումը միանշանակորեն հակառուսական ուղղվածություն չունեն։

Խնդիրը վերաբերում է Միացյալ Նահանգների կողմից կիրառվող համալիր նպատակային ազգային ռազմավարությանը, որը, դոկտրինալ ձևակերպման համապատասխան, ենթադրում է նախատեսվող ծրագրի ցանցային կամ բազմավեկտոր նպատակաուղղվածություն։

Այս տեսանկյունից, ԱՄՆ անմիջական նախաձեռնությամբ քաղաքական, ռազմաքաղաքական բլոկների ակտիվացումը պայմանավորված է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) կողմից Միացյալ Նահանգներին նետված ռազմավարական մարտահրավերներով։ Մասնավորապես, Վաշինգտոնն այսօր մտահոգված է նրանով, որ առաջիկայում ՇՀԿ-ն կարող է նպաստել նոր աշխարհակարգում ինչպես Չինաստանի քաղաքական հզորացմանը, այնպես էլ Ռուսաստան-Չինաստան հակաամերիկյան երկյակի ձևավորմանն ու երկկողմ համագործակցության հետագա ռազմավարացմանը։

Մյուս կողմից՝ ներկայումս ՇՀԿ ղեկավարությունն ակտիվ աշխատանքներ է ծավալում նաև հարավասիական տերությունների և, մասնավորապես, Հնդկաստանի, Իրանի, ինչպես նաև Պակիստանի հետ, ինչը լուրջ նախադրյալ կարող է հանդիսանալ կազմակերպության շրջանակներում հակաամերիկյան ճակատի հետագա ընդլայնման համար։ Անհրաժեշտ է հիշատակել ևս մեկ խորհրդանշական փաստ. 2007թ. ՇՀԿ պատմության մեջ առաջին անգամ նախատեսվում է իրականացնել կազմակերպության անդամ պետությունների համատեղ հակաահաբեկչական զորավարժություններ, որոնք ծրագրվում է անցկացնել Ռուսաստանի Դաշնությունում։

2. Միևնույն ժամանակ, ռուս-վրացական հարաբերություններում վրացական գինիների շուրջ ստեղծված քաղաքական լարվածությունը կապվում է նաև ԱՊՀ երկրների նկատմամբ Ռուսաստանի վարած արտաքին քաղաքականության կարծրացման հետ, որն առավել բացահայտ դրսևորում ստացավ 2005թ. վերջերին ու հատկապես 2006թ. սկզբներից սկսած։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է հետխորհրդային տարածքում էներգետիկ անվտանգության հիմնախնդիրների համատեքստում Ռուսաստանի որդեգրած դիրքորոշման կարծրացմանը, ինչը լուրջ բացասական հետևանքներ ունեցավ, առաջին հերթին, ռուս-վրացական լարված հարաբերությունների և, ի վերջո, Ռուսաստան-ԱՊՀ ձևաչափի հետագա գործունեության վրա։

Իրատեսական պետք է համարել նաև այն, որ ԱՊՀ-ն և կազմակերպության շրջանակներում՝ ռուսական կողմի արտաքին քաղաքականությունը վկայում են կառույցի անարդյունավետության և դրա ձևաչափի վերափոխման հարցի անհրաժեշտության մասին։ Չնայած ռուսական կողմը հարցի ինստիտուցիոնալ ու հայեցակարգային կարգավորման լուրջ աշխատանքներ է տանում, այդուհանդերձ, էական արդյունքներ դեռևս չեն արձանագրվել։

Ի դեպ, ԱՊՀ ինստիտուցիոնալ ձևաչափի վերափոխման հարցը կարևորվում է ոչ միայն Ռուսաստան-ԱՊՀ երկրներ հարաբերությունների զարգացման, այլև Վաշինգտոնի անմիջական միջամտությամբ ՌԴ հարավային ու արևմտյան սահմանների երկայնքով ռազմաքաղաքական բլոկների տեսքով հակառուսական գոտու ձևավորման համատեքստում։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանի նախաձեռնությամբ ԱՊՀ կազմակերպության հնարավոր ձևաչափային վերաձևակերպումը կարևոր ռազմավարական նախադրյալ կարող է հանդիսանալ Չինաստանի գլխավորությամբ գործող ՇՀԿ-ին մրցունակ և համագործակից միավոր ներկայանալու տեսանկյունից ևս։

3. Մյուս կողմից՝ խնդիրն անուղղակիորեն վերաբերում է, մասնավորապես, ռուս-վրացական հարաբերություններին, որոնք խիստ սրվել են հատկապես 2003թ. Վրաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո։

Դժվար է չհամաձայնել, որ այդ իշխանափոխությունը լուրջ խթան հանդիսացավ հետխորհրդային տարածքում ինչպես ամերիկյան ու եվրոպական քաղաքական, ռազմաքաղաքական դիրքերի ամրապնդման համար, այնպես էլ էապես նպաստեց այստեղ ռուսական ազդեցության թուլացմանը։ Այս համատեքստում Ռուսաստան վրացական գինիների արտահանման արգելքի հարցն ուղղակիորեն պայմանավորված է ռուս-վրացական ներկայիս հարաբերություններում առկա սկզբունքային հարցերով և, առաջին հերթին, Վրաստանի տարածքից ռուսական ռազմակայանի դուրսբերմամբ։

Դժվար է միանշանակորեն ասել, թե ռուսական ռազմակայանի դուրսբերման փոխարեն, ռուսական ճնշումների ներքո, վրացական կողմն ինչ զիջումների կգնա կամ կգնա, արդյոք, բայց մի բան ակնհայտ է. իրադարձությունների հետագա բարդացումը կարող է դետոնատորի դեր կատարել հարավկովկասյան զարգացումների, ինչպես նաև մերձակա տարածաշրջանային առանցքային հիմնախնդիրների, տվյալ դեպքում՝ իրանական հարցի կարգավորման այս կամ այն հավանական սցենարների համար՝ կասկածի տակ դնելով տարածաշրջանի քաղաքացիական, քաղաքական ու ռազմաքաղաքական անվտանգությունը։

Այսպիսով, կարելի է ենթադրել, որ առաջիկա ամիսներին ռուս-վրացական հարաբերություններում առկա լարվածությունը կարևոր նախադրյալ կարող է հանդիսանալ հետխորհրդային տարածքում և, առաջին հերթին, Հարավային Կովկասում արտաքին շահերի մրցունակության ու տարածաշրջանային գործընթացների ակտիվացման համար։

Ռուս-վրացական քաղաքական հարաբերություններում օրեցօր հասունացող ճգնաժամը և դրա հանգուցալուծումը դետոնատորի գործառույթ կարող են ունենալ գլոբալ աշխարհառազմավարական կարճաժամկետ ու երկարաժամկետ սկզբունքային հիմնահարցերի (Իրանի միջուկային ծրագիր, ԱՄՆ-ռուս-չինական զույգ) նոր հստակեցումների համար։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր