• am
  • ru
  • en
Версия для печати
03.07.2006

Թուրքիա. հարաբերությունները Ռուսաստանի և Իրանի հետ

   

Վերլուծություն։ ՀՀ-ի աշխարհաքաղաքական գլխավոր խնդիրը եղել և մնում է Թուրքիայի հետ կապված հարցերի համախումբը ու մասնավորապես այդ երկրի հարաբերությունները ՀՀ ռազմավարական գործընկերներ Ռուսաստանի և Իրանի հետ։

Այսօր Թուրքիան թևակոխել է շրջադարձային փուլ։ Լինելով ԱՄՆ և Իսրայելի ռազմավարական դաշնակիցը տարածաշրջանում՝ ներկայիս Թուրքիան կարծես թե սկսել է գործել ավելի ինքնուրույն։ Սակայն չպետք է մոռանալ, որ արդի Թուրքիայի «նախագծի» հեղինակը ամերիկյան նեոկոնսերվատորներն են, որոնք ստեղծել և զարգացնում են իրենց վերահսկողության տակ գտնվող «չափավոր իսլամական» շարժումը մահմեդական աշխարհում։ Այդ նախագծի դրդապատճառները կարելի էր և դրական համարել, քանի որ ենթադրվում է այդպիսով «փափկեցնել» իսլամական արմատականությունը։ Սակայն, այդպիսով ԱՄՆ-ը հետապնդում է նաև աշխարհաքաղաքական նպատակներ. նման ձևաչափի մեջ դնելով իր դաշնակից երկրներին (Թուրքիա, Արաբական Միացյալ Էմիրաթներ, Թունիս), ԱՄՆ-ը զուգահեռաբար փորձում է ծայրահեղականացնել մնացյալին (Իրան, Մալայզիա և այլն)։

Թուրքիա-Ռուսաստան. Որպես թուրքական «նոր քաղաքականության» օրինակ հաճախ բերվում է Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Դա արտահայտվում է հիմնականում տնտեսական հարցերում, և համագործակցությունն այդ ոլորտում իրոք տպավորիչ է. ապրանքաշրջանառությունը նրանց միջև 2001թ. կազմում էր $3.8մլրդ., իսկ 2005-ին այդ ցուցանիշը քառապատկվել է և հասել $15.2մլրդ.-ի։ Նշենք, որ միայն այս տարվա առաջին եռամսյակում Թուրքիայի ապրանքաշրջանառությունը Ռուսաստանի հետ 2005-ի նկատմամբ աճել է 34%։ Նշենք նաև, որ ռուս-թուրքական տնտեսական համագործակցությունը ընթանում է թուրքական ֆինանսական համակարգի համար ծանր պայմաններում։ Ինֆլյացիան այդ երկրում 2004թ. սկսած կազմում էր տարեկան 10%, սակայն այս տարի միայն հունիսին այդ ցուցանիշը կազմել է 9.9%, և Թուրքիայի Կենտրոնական Բանկը օրերս հայտարարել է, որ ի զորու չէ կանգնեցնելու այդ անցանկալի միտումը։ Ֆինանսական անբարվոք վիճակի մասին է խոսում նաև այն փաստը, որ թուրքական ֆոնդային բորսայի կապիտալիզացիան ընդհանուր առմամբ ընկել է 25%, իսկ թուրքական լիրան 17% արժեքազրկվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ։ Սակայն հայտնի է, որ որոշ պարագաներում ինֆլյացիոն գործընթացներն աշխուժացնում են տնտեսական կյանքը. դրա վկայությունն է, որ բյուջեի պրոֆիցիտը մայիսին հասել է $2.7 մլրդ.։

Պետք է ընդունել, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև տնտեսական համագործակցությունը որոշակի ծավալների հասնելուց հետո կարող է լուրջ գործոն հանդիսանալ ներկա պրագմատիկ ռուսաստանյան իշխանությունների համար` Թուրքիայի համատեքստում ՀՀ-ին առնչվող քաղաքական որոշումներ ընդունելիս։ Որպես նման զարգացման նախանշան, պետք է ընդունել Ռուսաստանի ԱԳՆ նախարար Լավրովի Անկարայում կատարած ակնարկը այն մասին, թե Ցեղասպանությունը պատմական խնդիր է և դրանով պետք է զբաղվեն թուրք և հայ պատմաբանները։

Միևնույն ժամանակ Ռուսաստանի և Թուրքիայի միջև առկա են հետևյալ լուրջ հակասությունները.

  • Հյուսիսային Կովկասում գործող չեչեն գրոհայինների և իսլամի գաղափարախոսների տեղակայանները շարունակում են մնալ Թուրքիայում, այդ երկրից աջակցություն են ստանում նաև Թաթարստանը և ռուսաստանյան մահմեդական մարզերը։ Այսպիսով, Թուրքիան շարունակում է Ռուսաստանի կողմից դիտարկվել որպես Կովկասը ապակայունացնող դերակատար;
  • Վրաստանի հակառուսական քաղաքականությունում թուրքական գործոնը զգալի տեղ է գրավում. թուրքերը մասնավորապես մարզում և վերազինում են վրացական բանակը և վերջինիս ՆԱՏՕ մտնելու պարագայում հանդիսանալու են նրանց ամենառեալ գործընկերը;
  • Ղրիմում թաթարական խժդժությունները սլավոնական բնակչության դեմ կազմակերպվում են թուրքական անմիջական աջակցությամբ (հատկանշական է, որ Յուշչենկոյի մոտեցումները այդ խնդրում ավելի քան երկիմաստ են. թվում է, թե նրան ավելի շատ ձեռք են տալիս թաթարները, քան ռուսական ներկայությունը):

Վերոհիշյալ հանգամանքները մոտ ապագայում պետք է որ պայմանավորեն Ռուսաստանի զգուշավորությունը Թուրքիայի նկատմամբ, ինչը պետք է առնվազն թույլ չտա հասնել Անկարայի հետ փոխպայմանավորվածությունների` ի հաշիվ ՀՀ-ի։

Թուրքիա-Իրան. Որոշակի փոխարկեպումներ են ապրում Թուրքիայի հարաբերությունները նաև Իրանի հետ։ Այդ հարաբերությունների հիմնական համատեքստը այսօր քրդական գործոնն է։ Մայիսին Անկարա էր ժամանել Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, որը բանակցություններ վարեց Թուրքիայի բարձրագույն իշխանությունների հետ։ Լարիջանին, մասնավորապես, թուրքերին ներկայացրեց հետախուզական փաստացի տեղեկություններ այն մասին, որ ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչները բանակցություններ են վարում Աշխատանքային քրդական կուսակցության (ԱՔԿ) հետ Մոսուլում և Քիրկուկում։ Լարիջանին այդ փաստը կապել է Թուրքիայի տարբեր շրջաններում տեղի ունեցան ահաբեկչությունների հետ։ Ըստ Լարիջանիի, ամերիկացիները ակտիվ աշխատանք են տանում նաև ԱՔԿ-ի իրանյան թևի հետ։ (Վերջինիս դեմ Իրանը ավելի քան կոշտ պայքար է մղում և այդ ոլորտում համագործակցում է թուրքերի հետ։ Բավական է նշել, որ իրանցիները, հենվելով թուրքական հետախուզության տվյալների վրա, կարողանում են պատժիչ գործողություններ իրականացնել անգամ Հյուսիսային Քրդստանում. վերջերս այնտեղ ոչնչացվեց ԱՔԿ-ի իրանական թևին պատկանող մի խոշոր ջոկատ)։

Այս ամենի համատեքստում նշենք, որ քրդական հարցում ԱՄՆ-ը վարում է ավելի քան կշռադատված քաղաքականություն։ Դատելով ԶԼՄ-ում հայտնված տեղեկատվություններից և Քոնդոլիզա Ռայսի Անկարայում կատարած հայտարարության ենթատեքստից, ԱՄՆ հատուկ ծառայությունները երբեմն իրենք են ուղղորդում թուրքերին, որպեսզի վերջիններս պատժիչ գործողություններ կատարեն քրդերի նկատմամբ։ Այսինքն ամերիկացիները, խոստանալով քրդերին պետություն ստեղծել Իրաքում, զուգահեռաբար զսպում են նրանց թուրքերի միջոցով, միևնույն ժամանակ նույն թուրքերի դեմ օգտագործելով քրդերին։

Սակայն, պետք է նկատել, որ ընդհանուր առմամբ, թուրք-իրանական հարաբերություններին բնորոշ են լուրջ հակասություններ: Թվարկենք դրանցից մի քանիսը.

  • Իրանական Ադրբեջանում ԱՄՆ հիմնականում գործում է թուրքական կազմակերպությունների, մասնավորապես «Գորշ գայլերի» միջոցով, ինչը հիվանդագին է ընկալվում Թեհրանի կողմից;
  • Իրանական գազի Եվրոպա տեղափոխման հարցում Թուրքիայի նկրտումները խիստ մեծ են (այդ երկիրը ցանկանում է գնել և վերավաճառել իրանական գազը, այլ ոչ թե ստանալ միայն տրանզիտային գումարները), ինչը նույնպես լրջորեն հակասում է Իրանի շահերին։

Այսպիսով, Իրան-Թուրքիա օբյեկտիվ բնույթի հակասությունները մոտ ապագայում թերևս թույլ չեն տա Իրանին գնալ ռազմավարական փոխհամաձայնությունների այդ երկրի հետ` ի հաշիվ ՀՀ-ի:

www.hhk.am
դեպի ետ