Արդի գլոբալացման մասին (հատված «Ռուսաստանը և գլոբալացումը» հոդվածից)
Արդի գլոբալացման առանձնահատկությունները
Ներկայիս գլոբալացման և պանամերիկանիզմի միջև միանգամայն տեղին է հավասարության նշան դնելը. գլոբալիզացիոն համակարգի կառուցման լոկոմոտիվն այսօր Միացյալ Նահանգներն է:
Ամերիկայի գլոբալ-կայսերական հավակնությունների գաղափարախոսական հենքը (նախագահ Վուդրո Վիլսոնի ժամանակներից սկսած) ԱՄՆ քաղաքակրթիչ բացառիկ առաքելության փրկչական (մեսիական) գաղափարն է, որը ենթադրում է «Pax Americana»-ի (ամերիկյան աշխարհի-խմբ.) կառուցում: Պրովիդենցիալ (նախախնամությամբ տրված) այս գաղափարն այսօր տիրում է համաշխարհային կայսրության ամերիկյան ճարտարապետների մտքերին:
1990-ականներից Միացյալ Նահանգների վարչակազմը բռնեց գլոբալ ռազմաստրատեգիական գերակշռության բացահայտ ուղի:
Ինչ վերաբերում է առևտրաֆինանսական գլոբալացմանը, ապա այստեղ Վաշինգտոնի քաղաքականությունը որոշվում է ԱՄՆ խոշոր կապիտալի տնտեսական շահերով: Ընդ որում, նման գլոբալացման բոլոր իրական «հաջողությունները» գործնականում կենտրոնացած են տնտեսական էքսպանսիոնիզմի ոլորտում (միջազգային առևտուր, ֆինանսական տրանսֆերտներ և ներդրումներ ևն):
Նույնիսկ, այսպես կոչված, մշակութային գլոբալացումն, ըստ էության, ավելին չէ, քան առևտրային էքսպանսիայի լուսանցքային արդյունք. ընդ որում, զանգվածային մշակույթի գլոբալ տարածման շարժիչ ուժը Միացյալ Նահանգների մշակութային ինդուստրիան է:
Գլոբալացման սոցիալական բաղադրիչը բացասական է գնահատվում: Իլինոյսի համալսարանի (ԱՄՆ) պրոֆեսոր Ռոբերտ Մաքչեսնիի խոսքերով` «գլոբալացման քաղաքականությունը հանգեցրել է սոցիալական և տնտեսական անհավասարության զգալի աճի, աշխարհի ամենաաղքատ ազգերի ու ժողովուրդների կացության Էլ ավելի վատթարացման...»: «United States Command, Vision for 2020»-ի ծրագրային փաստաթղթում նշվում է, որ «համաշխարհային տնտեսության գլոբալացումը շարունակվում է, իսկ «ունևորների» և «չքավորների» միջև վիհը` մեծանում»: Այդ վիհն էլ հենց հանդիսանում է հանցագործությունը, ահաբեկչությունը, թմրամոլությունն ու նման արատները սնող միջավայր: Սակայն այս իրավիճակի շտկման համար ոչինչ չի արվում:
Գլոբալացումը կործանարար ազդեցություն է թողնում նաև շրջակա միջավայրի վրա: Անգամ մթնոլորտի աղտոտվածությունը բազմակողմ հիմքի վրա սահմանափակելու համեստ փորձը (1997թ. Կիոտոյի արձանագրությունը, որը մասնակից երկրների համար նախատեսում է ջերմոցային գազերի արտանետման վրա քվոտաների սահմանում) աջակցություն չստացավ ամենագլխավոր «աղտոտողների»` Միացյալ Նահանգների ու Չինաստանի կողմից:
Արդի գլոբալացման կարևորագույն համակարգակազմիչ առանձնահատկությունը նրա վառ արտահայտված կառավարելիությունն է: Թեև գլոբալացման գործընթացներն օբյեկտիվորեն պայմանավորված են երկրագնդի վրա կյանքի ընդհանուր ինտերնացիոնալացմամբ և, թվում է, թե տարերայնորեն են, սակայն իրականում դրանք հմտորեն ուղղորդվում են դեպի շուկայական տնտեսության հուն` նրա հայեցակարգորեն կապիտալիստական, նեոազատական մոդելի շրջանակներում: Գլխավոր ղեկավարող ուժն, անշուշտ, ԱՄՆ-ն է` միջազգային մեգակապիտալի պատվարը:
Կառավարման առավել գործուն և հուսալի մեթոդը իրավունքն է: Սակայն գլոբալացումը` որպես այդպիսին, չի կարող անմիջականորեն ձևավորել իրավունք, քանզի վերջինս պետական կամքի դրսևորում է, իսկ միջազգային իրավունքը (այդ թվում` տնտեսական ոլորտում) արտահայտում է պետությունների համաձայնեցված կամքերը: Ժամանակակից աշխարհում նման համաձայնությունը կայանում է բանակցությունների ընթացքում, առաջին հերթին` միջազգային կազմակերպությունների անդամ երկրների միջև, իսկ առևտրատնտեսական գլոբալիզացիոն հարաբերությունները կարգավորվում են Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) շրջանակներում:
Ինչ վերաբերում է արժութա-ֆինանսական հարաբերություններին, ապա Բրեթոն-Վուդի համակարգի փլուզման հետ (1972թ.)` արժութային փոխարժեքները, կապիտալի վերազգային տրանսֆերտները միջազգային իրավական բազմակողմ մակարդակում էականորեն չեն կարգավորվում:
Դա վերաբերում է նաև արտադրության ոլորտին: Ինչպես գրում են անգլիացի հեղինակավոր հետազոտողները, այսօր «արտադրության գլոբալացումը զգալի չափով իրականացնում են վերազգային կորպորացիաները, որոնք մնում են արդի համաշխարհային տնտեսության միջուկը»: Բոլոր խոշորագույն վերազգային կորպորացիաների (ՎԱԿ) շուրջ 25%-ը տեղակայված է Միացյալ Նահանգներում: ՎԱԿ-երի համար, բնականաբար, պետական կամ միջպետական որևէ միջամտություն իրենց գործունեությանն ամենևին էլ ցանկալի չէ: Սակայն, այսպես կոչված ոչ առևտրային (քաղաքական) ռիսկերով երկրներում հույժ կարևոր է ուղղակի ներդրումների պաշտպանությունը դրանցից, և այն հիմնականում իրականացվում է ներդրումների խրախուսման ու պաշտպանության մասին միջազգային երկկողմ համաձայնագրերի շրջանակներում, ինչպես նաև Ներդրումային երաշխիքների բազմակողմ գործակալության (MIGA) միջոցով:
Կողմնակիցները, հակառակորդները և գաղափարական ոգեշնչողները
Գլոբալացման էությունն ու հեռանկարները գիտնականների կողմից տարբեր կերպ են գնահատվում:
Ուղղափառ գլոբալիստները (հիպերգլոբալիստներ) գլոբալացումը դիտում են որպես գլոբալ քաղաքակրթության նոր դարաշրջան, որի շարժիչ ուժերն են կապիտալիզմը և նոր տեխնոլոգիաները: Ազգային պետություններն անկում են ապրում, իսկ մարդկային ճակատագրերն ամբողջովին կախված են միջազգային շուկայում տիրող կարգերից:
Վերափոխիչների (տրանսֆորմիստներ) կարծիքով, գլոբալացումը խորապես ձևափոխում է համաշխարհային քաղաքականությունը, պետական իշխանությունն ու հասարակությունը, որոնք փորձում են ադապտացվել առավել փոխկապակցված և արագ փոփոխվող աշխարհում: Սակայն, քանզի ինտեգրացմանն ուղեկցում է հատվածականությունը, ապա գլոբալացման հետագա զարգացման կայունությունն այդ գիտնականների կողմից կասկածի տակ է դրվում:
Թերահավատները համարում են, որ գլոբալացումը միֆ է: Խոսք կարող է գնալ սոսկ տարածաշրջանային երեք հիմնական դաշինքների, քաղաքակրթությունների բախման և Հարավի լուսանցքայնացման մասին: Ազգային կառավարությունների իշխանությունը մնում է անփոփոխ և չափազանց հզոր, ինտերնացիոնալացումը կախված է պետությունների միջև համաձայնությունից: Աշխարհն այսօր նույնիսկ ավելի քիչ է փոխկախվածության մեջ, քան 19-րդ դարի 90-ականներին:
Հակագլոբալիստները, որոնցից ոմանք իրենց կոչում են ալտերգլոբալիստներ, գործնականում հանդես են գալիս ոչ թե ինքնին գլոբալացման գործընթացի, այլ նրա նպատակների ու մեթոդների դեմ: Դիմակայությունն արդի միակողմանի գլոբալացմանը - «համընդհանուր ապրանքայնացմանը և աշխարհի մասնավորեցմանը» - իրականացվում է ինտերնացիոնալ, այսինքն` գլոբալ մասշտաբով. ճիշտ է, երբեմն նաև փողոցային անկարգությունների ձևով:
Շուկայական գլոբալացման գաղափարական հենքը նեոազատականությունն է: Նրա հետևորդների կարծիքով, ազատ շուկային այլընտրանք չկա: Ինչպես իր «Կապիտալիզմ և ազատություն» գրքում նշում է նեոազատական գուրու Միլթոն Ֆրիդմանը, քանի որ շահույթ ստանալը հենց ժողովրդավարության էությունն է, ուստի ցանկացած կառավարություն, որն անցկացնում է հակաշուկայական քաղաքականություն` հակաժողովրդավարական է:
Լինելով յուրատեսակ դավանաբանություն` նեոազատականությունը պատված է սրբազան լուսապսակով. այս հավատքի աստվածը Կապիտալն է, տաճարը` Ազատ շուկան: Ունի նաև իր ավետարանը, այսպես կոչված` «Վաշինգտոնյան համաձայնությունը» (երկրներին առաջարկված միջոցառումների համալիր` նրանց տնտեսությունը բարեփոխելու համար-խմբ.): Այս եզրը, որ քաղաքական առօրյա մտցվեց անցած դարի վերջին` տնտեսագետ Ջոն Ուիլյամսի կողմից, կոչված է ընդամենը այս աշխարհի մեծերի վիրտուալ համաձայնությունն ուրվագծելու, որոնք առավել խոցելի երկրների ու ընկերակցությունների վերաբերյալ ընդունում են կարևորագույն որոշումներ և դրանք կենսագործում միջազգային` հիմնականում Միացյալ Նահանգների կողմից վերահսկվող հաստատությունների միջոցով:
Մինչդեռ, գլոբալացման` այսօր գերակշռող նեոազատական հայեցակարգային մոդելն այնքան էլ անվնաս չէ, ինչպես կարծում են նրա ջերմ կողմնակիցներից շատերը: Երկրորդ աշխարհամարտից հետո ազատականացումն ազատ մրցակցության դրոշի ներքո, որպես համադարման բոլոր չարիքների, դարձավ Տարիֆների և առևտրի մասին գլխավոր համաձայնագրի (ՏԱԳՀ) առանցքը. այդ դրոշը մինչ օրս էլ ծածանվում է ԱՀԿ գլխին: Սակայն, ինչպես վկայում է Մասաչուսեթսի համալսարանի (ԱՄՆ) պրոֆեսոր Նոամ Հոմսկին, «շուկաներում մրցակցությունը բավական հազվադեպ է պատահում: Տնտեսության մեծ մասը վերահսկվում է խոշոր կորպորացիաների կողմից, որոնք լիովին իշխում են իրենց շուկաներում»:
Արդյունքում` ՏԱԳՀ հովանու ներքո և, ըստ էության, ողջ կապիտալիստական աշխարհի շրջանակներում իրականացվեց արդյունաբերական ապրանքների ներմուծման մաքսային տարիֆների իրավական ազատականացման տպավորիչ ծրագիր: Նրանց վրա ներմուծման տուրքերի միջին մակարդակը ՏԱԳՀ մասնակից երկրների համար իջեցվեց 40%-ից (1948թ.) մինչև 4% (1990թ.): Սակայն ազատականացումը, որն ի սկզբանե հռչակել է Laisser faire, laisser passer («մի՛ խանգարեք գործարար ակտիվությանը, մի՛ խանգարեք սահմանները հատելուն») սկզբունքը, ընդունեց խիստ միակողմանի բնույթ, քանզի ենթադրում է, որ աղքատ ու թույլ երկրները պետք է բացեն իրենց շուկաները հարուստ և հզոր պետությունների արդյունաբերական ապրանքների համար, իսկ վերջիններս էլ իրենց իրավունք են վերապահում թույլ երկրների գյուղատնտեսական, տեքստիլ և այլ ներմուծումներից հովանավորչական պաշտպանություն ունենալ: Նման մոդելը կարելի է անվանել էքստրավերտիվ (դեպի արտաքին աշխարհ ուղղված) ազատականություն, որը միտված է ոչ թե սեփական, այլ արտասահմանյան շուկայի ազատականացմանը: Այլ կերպ ասած` ի հայտ է գալիս արտասահմանյան շուկաներ սեփական արտադրանքի արտահանման առանձնահատուկ հովանավորչություն:
Բայց ինչո՞ւ առավել թույլ երկրները գնացին նման անհավասարազոր` միաժամանակ իրավաբանորեն ամրագրված համագործակցության: Որպեսզի դա նրանց հարկադրեն, գործի դրվեցին տնտեսական ու քաղաքական բազում լծակներ. օրինակ` վարկերից, ֆինանսական և մարդասիրական օգնություններից զրկելու սպառնալիքները: «Զարգացող երկրների պարտքերն Արժույթի միջազգային հիմնադրամի ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի համար լծակ ծառայեցին` ստիպելու Երրորդ աշխարհի երկրների կառավարություններին` 1980-ականներին ընդունել «կառուցվածքային կարգավորման» նեոազատական ծրագրերը, իսկ կոմունիզմի կրախն ԱՄՆ-ին թույլ տվեց օժանդակել Արևելյան Եվրոպայի ու նախկին ԽՍՀՄ երկրներին` «շոկային թերապիայի» անցկացման գործում» (Ուոլդեն Բելո): Եվ բացի այդ` լավ է խաղալ երկրորդական դերեր, քան լինել հետնապահ կամ, որ ավելի վատ է` լուսանցքային երկիր:
դեպի ետ