«Ութնյակի» հանդիպման շուրջ

Մեծ տերությունների ղեկավարների վեհաժողովները երբեմն ընկալվում են որպես «համաշխարհային կառավարության» նիստեր, որոնք կանխորոշում են գլոբալ զարգացումները։ Անշուշտ, նման մոտեցումը չափազանցություն է։ Ավելին, փորձագետների հաշվարկների համաձայն` իրագործվում է ընդունված որոշումների ընդամենը մի մասը։ Սակայն պետք է ընդունել, որ վեհաժողովների ընթացքում քննարկվում են ռազմավարական հրատապ խնդիրներ, ամրագրվում են կողմերի դիրքորոշումները, ձևավորվում են քաղաքական «խաղի կանոնները»։
Պատմական ակնարկ
Վեհաժողովներն ունեն ավելի քան 30-ամյա պատմություն, և պետերբուրգյան հանդիպումն էլ 32-րդն է։ Առաջինը կայացել է 1975թ., երբ Ֆրանսիայի նախագահ Վալերի Ժիսկար դ’Էստենն իր նստավայր Ռամբույեի ամրոց հրավիրեց ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության, Ճապոնիայի և Իտալիայի ղեկավարներին։ Այսպիսով, վեհաժողովների կնքահայրը փայլուն քաղաքական գործիչ Ժիսկար դ’Էստենն է, որին ներկայումս ավելի շուտ ճանաչում են որպես Եվրասահմանադրության հեղինակի։ Նախատեսվում էր, որ Ռամբույեում կողմերը ոչ պաշտոնական մակարդակով պիտի քննարկեն համաշխարհային տնտեսության վիճակը (որն, ի դեպ, նոր էր վերականգնվում 1973թ. Արաբա-իսրայելյան պատերազմից հետո նավթի գների կտրուկ բարձրացմանը հետևած ճգնաժամից)։ Վեհաժողովի մասնակիցներին հրապուրեցին հանդիպման գաղափարն ու ձևաչափը, և որոշում ընդունվեց կանոնավոր կերպով նման հանդիպումներ գումարել՝ ամեն տարի, մայիս-հուլիս ժամանակահատվածում։ Արդեն հաջորդ՝ 1976թ. ԱՄՆ առաջարկությամբ այդ «գերակումբին» միացավ Կանադան՝ ձևավորելով հանրահայտ «յոթնյակը»։
1986թ., «պերեստրոյկայի» տարիներին, ԽՍՀՄ-ը, հանձին Միխայիլ Գորբաչովի, ջանում էր անդամագրվել «յոթնյակին»։ Սակայն դա տեղի ունեցավ միայն 1992-ին` Մյունխենում, երբ որպես ոչ լիիրավ անդամ՝ վեհաժողով հրավիրվեց արդեն Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինը։ Միայն 1998-ին այդ տերությունը դարձավ հեղինակավոր ակումբի անդամ, և «յոթնյակը» վերածվեց «ութնյակի»։ Այս տարվա հանդիպումն առաջինն է, որ տեղի է ունենում Ռուսաստանում և որում նախագահում է Վ.Պուտինը։ Աշխատանքներին հրավիրվել են նաև ՄԱԿ-ի, Եվրախորհրդի, այլ միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև տվյալ հանդիպման ուշադրության կենտրոնում գտնվող երկրների ղեկավարներ։
Վերջին տարիներին գլոբալ քաղաքական և տնտեսական հարթությունում ի հայտ են եկել նոր դերակատարներ (օրինակ` Չինաստանը, որի տնտեսությունը, համաձայն տարբեր գնահատականների, գրավում է աշխարհում նվազագույնը 4-րդ տեղը)։ Այդ պատճառով «ութի» ձևաչափը որոշակիորեն կորցրել է իր ներկայացուցչականությունը։ Մասնավորապես՝ Թոնի Բլերն առաջարկում է վեհաժողովին անդամագրել Չինաստանը, Հնդկաստանը, Բրազիլիան, Մեքսիկան և Հարավաֆրիկյան Միությունը։
Կարգավիճակը և աշխատաոճը
Վեհաժողովն առայսօր չունի միջազգային կազմակերպության կարգավիճակ, այն գրանցված չէ ՄԱԿ-ում և չունի մշտական գործող մարմիններ։ Հանդիպմանը նախորդող ժամանակահատվածում տեղի են ունենում բազմաթիվ «ենթավեհաժողովներ»։ Դրանցից մի քանիսը, օրինակ՝ անդամ երկրների արտաքին գործերի և ֆինանսների նախարարների հանդիպումները, գործնական նշանակություն ունեն, քանի որ նախապատրաստում են օրակարգի հարցերը։ Դրան զուգահեռ՝ մինչվեհաժողովային հավաքներ սկսել են գումարել նաև տարբեր հասարակական կազմակերպություններ, որոնք այդպիսով փորձում են ուշադրություն հրավիրել այս կամ այն հրատապ հարցի վրա։ Պետերբուրգյան հանդիպման «ենթավեհաժողվներից» ամենաուշագրավը Մոսկվայում Ռուսական Ուղղափառ եկեղեցու նախաձեռնած տարբեր կրոնական դավանանքների ներկայացուցիչների համաժողովն էր, որի նպատակն էր վիճարկել «ունիվերսալ ժողովրդավարության» ամերիկյան դրույթը։
Վեհաժողովների պաշտոնական օրակարգը հաստատում է հյուրընկալող կողմը. այս տարի մասնակիցները քննարկել են էներգաանվտանգության, ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման և կրթության խնդիրները։ Սակայն ոչ պաշտոնական հանդիպումներում «ութնյակի» ղեկավարները քննարկում են գլոբալ քաղաքականության, գաղափարախոսության և տնտեսության հրատապ խնդիրները։
ԱՄՆ-Եվրոպա, Ճապոնիա
Պետերբուրգյան վեհաժողովում, ի տարբերություն վերջին տարիների հանդիպումների, չափազանց մեծ է այն խնդիրների ցանկը, որոնցում կողմերի դիրքորոշումները սկզբունքորեն տարբերվում են։ Դա արտահայտվում է նաև ԱՄՆ-ի և եվրոպական երկրների (Ֆրանսիա, Գերմանիա, Ռոմանո Պրոդիի իշխանության գալուց հետո` նաև Իտալիա) միջև տարաձայնություններով՝ Իրաքի, Իրանի միջուկային ծրագրի, Իսրայելի և «ՀԱՄԱԶ»-ի, «ՀԶԲՈԼԼԱՀ»-ի, Լիբանանի միջև ընթացող ռազմական գործողությունների շուրջ։ Այսպիսով, կարելի է ամրագրել, որ արևմտյան տերությունների միջև եղած նախկին համերաշխությունը զգալիորեն խախտվել է։
Հատկանշական է, որ ԱՄՆ-Ճապոնիա հարաբերություններում, չնայած ընդհանուր շահերի առկայությանը (Հյուսիսային Կորեայի հիմնախնդիրը և Չինաստանի տարածաշրջանային գերակայության հետ կապված հարցերը), ներկայումս նկատվում է որոշակի լարվածություն։
Հակասությունները ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև
Աշխարհաքաղաքական մրցակցությունը ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ընդունել է աննախադեպ սուր բնույթ, և դա առավել չափով արտահայտվում է Ուկրաինայում, որտեղ Մոսկվան ներկա փուլում խլել է նախաձեռնությունն արևմտյան կողմնորոշում ունեցող «նարնջագույններից»։ Միևնույն ժամանակ, քաղաքական ուժերի միջև անհանդուրժողականությունն այնքան մեծ է, որ Յուլյա Տիմոշենկոյի կազմակերպությունը, համաձայն ԶԼՄ-ի, փորձում է զինել Արևմտյան Ուկրաինայի իր համախոհներին. այդ նպատակով, մասնավորապես, տրամադրվել է $12մլն։ Բարդ իրադրություն է ձևավորվել Ուկրաինայի և Մոլդովայի կողմից շրջափակված Մերձդնեստրում (որտեղ սեպտեմբերի 17-ին սպասվում է անկախության հանրաքվեի անցկացում)։ Այդ չճանաչված հանրապետության հիմնախնդրի՝ Մոսկվայի համար ընդունելի լուծումները նույնպես ռուս-ուկրաինական հարաբերությունների հարթությունում են։
Իրադրությունը սրվել է նաև վրաց-օսական հակամարտության գոտում (վեհաժողովի նախօրեին Ցխինվալում տեղի ունեցած ահաբեկչություններին և ռուսաստանյան դիվանագետների նկատմամբ սադրանքներին Ռուսաստանը պատասխանեց Հյուսիսկովկասյան ռազմական օկրուգի և 58-րդ բանակի լայնածավալ զինավարժություններով)։ Պետք է նշել, որ «վրացական հարցը» տեղափոխվել է ռուս-ամերիկյան հարաբերությունների հարթություն, որտեղ կողմերը բավական անզիջում դիրքեր են գրավել (տես կցված «Մեծ ութնյակի» 2006թ. գագաթաժողովը և «վրացական հարցը» հոդվածը)։ Չնայած ԵԱՀԿ ձևաչափում թվացյալ համաձայնեցված քայլերին` ԱՄՆ-ի և Ռուսաստանի մոտեցումները ԼՂՀ խնդրում սկզբունքորեն տարբեր են։
Կողմերը խնդիրներ ունեն նաև տնտեսական ոլորտում, և Ռուսաստանին Առևտրի համաշխարհային կազմակերպություն ընդունելու շարունակական ձգձգումը (այդ հարցում ԱՄՆ-ի հետ համերաշխ գործում է Վրաստանը) դրա ապացույցն է։ Տարաձայնություններ կան նաև Էներգետիկայի ոլորտում, չնայած վեհաժողովի էներգետիկ անվտանգության վերաբերյալ ընդունված փաստաթղթում տեղ է գտել էներգակիրների տարանցումն ապահովող երկրների պատասխանատվության մասին բանաձևը։ Դա համարվում է ռուսաստանյան դիվանագիտության հաղթանակ՝ հաշվի առնելով Ուկրաինայով անցնող խողովակաշարից գազի շորթման հետ կապված խնդիրները)։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ը և նրա դաշնակիցներն Արևելյան Եվրոպայում հետևողականորեն պայքարում են գազի ոլորտում Ռուսաստանի ունեցած գերակայության դեմ։ Էներգետիկայի համատեքստում տեղին է նշել, որ Ռուսաստանը հիմնել է հումքային բորսա, որտեղ նավթի և ոսկու գները ձևավորվում են ռուսական ռուբլով, ինչը մարտահրավեր է այդ ոլորտում գլոբալ տնտեսական մենատեր հանդիսացող ԱՄՆ-ին։ Հատկանշական է, որ նավթային բորսա է բացել նաև Իրանը, որտեղ առքը և վաճառքը կատարվում են եվրոյով, այլ ոչ թե դոլարով, ինչը նույնպես հարվածում է ռեզերվային արտարժույթ հանդիսացող դոլարի մենատիրական կարգավիճակին (տես «Աշխարհատնտեսական մրցակցություն» հոդվածը)։
ԱՄՆ-ի և Ռուսաստանի տարաձայնությունները սկզբունքային բնույթ են կրում նաև գաղափարախոսական ոլորտում։ Կողմերը ձևականորեն գտնվում են նույն գաղափարախոսական դաշտում, սակայն յուրովի են մեկնաբանում ժողովրդավարության դրույթները և անգամ այդ հասկացությունը։ Համաձայն ամերիկյան մոտեցման՝ դեմոկրատիան ունիվերսալ բնույթ է կրում, և բոլոր ազգերը պետք է այն ընդունեն նույնաբար, իսկ ռուսական կողմն առաջ է քաշել «ինքնիշխան ժողովրդավարության» վերաբերյալ թեզը, որը ենթադրում է ազգային պետության գործոնի կարևորումը ժողովրդավարական համակարգում։ Անշուշտ, ժողովրդավարության նման տարբեր մեկնաբանումները, ըստ էության, արտահայտում են կողմերի տարբեր աշխարհայացքներն ու ազգային շահերը (տես «Գաղափարախոսական գործոնի վերարժեքավորում» հոդվածը)։
«Ժողովրդավարական սկզբունքներից» հեռանալու մասին դրույթը տեղ է գտել ռուսաստանյան քաղաքականության վերաբերյալ ԱՄՆ պաշտոնական փաստաթղթերում և, որպես հետևանք, այսօր Ռուսաստանը ենթարկվում է արևմտյան ԶԼՄ զանգվածային տեղեկատվական հարձակմանը։ Հատկանշական է, որ մինչպետերբուրգյան վեհաժողովը սենատորներ Լիբերմանը և Մակքեյնը հարց էին բարձրացրել Ռուսաստանին «ութնյակից» վտարելու մասին։ Այդ համատեքստում պատահական չէ, որ նախագահ Բուշը Սանկտ Պետերբուրգում առաջին հերթին հանդիպեց Պուտինի վարչակազմի նկատմամբ ընդդիմադիր հասարակական կազմակերպությունների հետ։
Հակասություններն ԱՄՆ-ի և ՇՀԿ անդամ երկրների միջև
Գլոբալ քաղաքական դերակատարների միջև հակասությունների մի մասն այսօր ընկած է ԱՄՆ-ՇՀԿ հարթությունում։ Նշենք դրանցից մի քանիսը.
- Միջին Ասիայում աճում է ՇՀԿ ազդեցությունը, և որպես հետևանք՝ շարունակվում է ԱՄՆ-ին տարածաշրջանից դուրս մղելու գործընթացը։ Այդ համատեքստում հատկանշական է ոչ միայն Ուզբեկստանի անդամագրվելը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, այլև Կիրգիզիայի իշխանությունների գործողությունները։ Օրերս Բիշքեքից վտարվեցին երկու ամերիկյան դիվանագետներ, իսկ Մանասի ամերիկյան ռազմաօդային բազայի շուրջ ընթացող բանակցություններում կիրգիզները գրավել են ավելի քան կոշտ դիրքորոշում (մասնավորապես՝ վարձակալման ներկայիս գինը՝ $2.7 մլն, բարձրացնել մինչև $200 մլն)։
- Հյուսիսային Կորեան, չնայած ՄԱԿ-ի ընդունած փոքր-ինչ պայմանական պատժամիջոցներին (արգելվել է այդ պետություն ներկրել հրթիռամիջուկային տեխնոլոգիաներ), չի հրաժարվում իրագործել իր հրթիռամիջուկային ծրագիրը։ ԱՄՆ-ի կոշտ դիրքորոշմանն այդ խնդրում Ռուսաստանը և Չինաստանը (որը, համաձայն որոշ փորձագետների, անուղղակիորեն օգտագործում է ԱՄՆ-ի դեմ կորեական միջուկահրթիռային «խաղաթուղթը») հակադրում են դիվանագիտական միջոցներով խնդրի լուծման իրենց մոտեցումները։
- ՇՀԿ աջակցությունից օգտվում է նաև Իրանը։ Այդ երկիրը, չնայած, այսպես կոչված, վեցյակի (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) կողմից Վիեննայում մշակված և Իրանին առաջարկված (թվում է, թե շահավետ) ծրագրին, չի հրաժարվում իր միջուկային ծրագրից։ Համաձայն փորձագետների, Իրանի ակտիվ մասնակցությունը Մերձավոր Արևելքում ընթացող իսրայելա-պաղեստինյան ռազմական գործողություններին կասկած չի հարուցում։ Այսօր կան բոլոր նախադրյալները պնդելու, որ այդ երկիրը ձգտում է գերակայել տարածաշրջանում և դառնալ իսլամական աշխարհի առաջատարը (տես «Իրանի միջուկային ծրագիրը «Մեծ ութնյակի» գագաթաժողովի համատեքստում և իսրայելա-լիբանանյան հակամարտությունը» և «Մերձավորարևելյան ճգնաժամ. երկու նպատակ» հոդվածները):
Որոշ հետևություններ
Ներկայացված քաղաքական պատկերը վկայում է, որ այսօր աշխարհաքաղաքական հիմնական դերակատարների միջև տևական, երկարաժամկետ համաձայնությունների ձեռք բերումը խիստ դժվարեցված է, քանի որ նրանց միջև առկա են քաղաքական, տնտեսական և գաղափարախոսական բնույթի սկզբունքային հակասություններ։ Կարելի է փաստել նաև, որ պետերբուրգյան վեհաժողովը թերևս ամրագրեց ԱՄՆ համաշխարհային բացարձակ գերակայության ավարտը և ՇՀԿ ձևաչափի երկրների գլոբալ հարթությունում հավակնությունների առկայությունը։
Միևնույն ժամանակ խոսել հստակ բազմաբևեռ համակարգի մասին փոքր ինչ վաղ է։ Ներկա փուլը կրում է անցումային բնույթ և ԱՄՆ ռազմաքաղաքական (հատկապես` ռազմական) հզորությունը դեռևս գերազանցում է ամեն մի առանձին աշխարհաքաղաքական դերակատարի ռեսուրսները։ Անցումային փուլում գրեթե բոլոր երկրները այս կամ այն չափով փորձում են հետամուտ լինել կոնկրետ իրադրություններից բխող կարճաժամկետ սեփական շահերին։ Նման տրամաբանությունը հանգեցնում մի վիճակի, երբ քաղաքական դերակատարները կարող են միմյանց հետ միավորվել առանձին խնդիրների շուրջ և միևնույն ժամանակ պայքարել միմյանց դեմ այլ ոլորտներում։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԴԵՆ ՍՅԱՈՊԻՆ ԵՎ «ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆ»[27.12.2018]
- ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԽՆԴԻՐԸ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ[10.12.2018]
- ՄՈՍԿՎԱ-ԵՐԵՎԱՆ ՏԵՍԱԿԱՄՈՒՐՋ՝ «ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՄԱՐԱԹՈՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՏԱՊ ՀԱՐՑԵՐԸ»[27.11.2018]
- «ԳԱՂՈՒԹՆԵՐ», «ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ[20.11.2018]
- ԱՊԱԳԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵԼՈՒ ԽՆԴԻՐԸ[08.10.2018]
- «ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ԱԴԵԿՎԱՏ ԸՆԿԱԼԵԼՈՒ ՀՐԱՏԱՊՈՒԹՅՈՒՆԸ[06.08.2018]
- ՀՈԳԵՎՈՐ-ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ ԵՎ ԴԱՇՆԱԿՑԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԸ ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ[23.07.2018]
- «ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ԱԴԵԿՎԱՏ ԸՆԿԱԼՈՒՄԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ[09.07.2018]
- «ՉԻՆԱԿԱՆ ՇԱԽՄԱՏ»[23.05.2018]
- ՖՐԱԳՄԵՆՏԱՑՎԱԾ ԿԱՄ «ՄԻՆՉՎԵՍՏՖԱԼՅԱՆ» ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ[28.03.2018]
- ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «ԿԱՌԱՎԱՐԵԼԻ ՔԱՈՍԸ» ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ԿՐՈՆԱԿԱՆ ԵՐԱՆԳԱՎՈՐՈՒՄԸ ՓՈԽՈՒՄ Է ԷԹՆԻԿԱԿԱՆԻ[22.01.2018]