Թուրքիան և Մերձավորարևելյան ճգնաժամի ներկա փուլը


2002թ. Թուրքիայում իշխանության եկած իսլամամետ Արդարություն ու զարգացում կուսակցության (ԱԶԿ) կառավարությունը վերակառուցեց երկրի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների այն հիերարխիան, որն առանց զգալի փոփոխությունների գործում էր վերջին հինգ տասնամյակների ընթացքում: Մասնավորապես, վերանայվեց մերձավորարևելյան ուղղության նշանակությունը, և այն համարվեց կարևորներից մեկը: Երկրի արտաքին գործերի գերատեսչության առջև նպատակ դրվեց բարելավել հարաբերություններն արաբական աշխարհի և Իրանի հետ` միաժամանակ որոշակիորեն սառեցնելով դաշնակցային հարաբերություններն Իսրայելի հետ: Համաձայն այդ նոր արտաքին քաղաքական ռազմավարության գլխավոր ճարտարապետ պրոֆ. Ա.Դավութօղլուի հաշվարկների, որը վարչապետ Ռ.Թ. Էրդողանի արտաքին քաղաքական հարցերով գլխավոր խորհրդականներից է, այդպիսով հնարավոր կլինի ապահովել Թուրքիայի համար միջնորդի դեր ինչպես մերձավորարևելյան հակամարտությունում, այնպես էլ տարածաշրջանի մի շարք պետությունների և Արևմուտքի միջև հակասություններով լի հարաբերություններում: Արդյունքում` Թուրքիան կդառնա տարածաշրջանի առանցքային պետությունը, ինչն իր հերթին կնպաստի նրա նշանակության բարձրացմանը Եվրամիության համար և կարագացնի այդ կառույցին անդամակցելու գործընթացը:
Անցած տարիների ընթացքում Թուրքիան փորձեց իրականացնել վերևում նշված տեսական դրույթները: Քայլեր ձեռնարկվեցին արաբական երկրների և Իրանի հետ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ, սուր քննադատության ենթարկվեց Իսրայելի քաղաքականությունը Պաղեստինի նկատմամբ: Սակայն Թուրքիայի իսլամամետ ղեկավարները չհամարձակվեցին լրջորեն վերանայել Իսրայելի հետ դաշնակցային հարաբերությունները, ինչը և կանխորոշեց նրանց մերձավորարևելյան քաղաքականության այդ նոր ռազմավարության անհաջողությունը:
Մերձավոր Արևելքում վերջին երկու ամիսների ընթացքում ծավալվող լուրջ ճգնաժամը հնարավորություն է տալիս վարչապետ Ռ.Թ. Էրդողանին և նրա թիմակիցներին մեկ անգամ ևս փորձելու իրականություն դարձնել աշխարհի այդ կարևոր տարածաշրջանում Թուրքիայի դերի և նշանակության կտրուկ աճի վերաբերյալ իրենց տեսական հաշվարկները: Այդ նպատակին հասնելու համար ընտրվեց «ակտիվ դիվանագիտության» տարբերակը, որը մշակվել էր դեռևս անցյալ դարի 90-ականների սկզբին նախագահ Թ.Օզալի կողմից` հետխորհրդային տարածքի թյուրքալեզու հանրապետություններում Թուրքիայի գերիշխող դերը հաստատելու նպատակով:
Թուրքիան և Իսրայել–ՀԱՄԱՍ հակամարտությունը
Մերձավորարևելյան ճգնաժամի սրացման ներկա փուլը տեղի է ունենում երկու` աշխարհագրական առումով առանձին, բայց և ներքուստ փոխկապակցված շրջաններում: Նրանցից առաջինը Գազայի շրջանն է, որտեղ ընթանում է Իսրայել–ՀԱՄԱՍ սուր հակամարտությունը: Այստեղ Թուրքիան, ըստ վերջին տարիներին արդեն ավանդույթ դարձած ձգտման, հենց սկզբից, կարծես թե վախենալով, որ իրենից կարող են առաջ ընկնել այլ պետություններ, փորձեց ստանձնել միջնորդի դեր: Սկզբնական շրջանում նա բացահայտորեն սիրաշահեց պաղեստինցիներին: Վարչապետ Էրդողանը հանդես եկավ պաղեստինամետ հայտարարությամբ` դատապարտելով Իսրայելին ռազմական գործողություններ սանձելու համար, իսկ ավելի ուշ արտգործնախարար Ա.Գյուլը, բնութագրելով Իսրայելի կողմից «այդքան մեծ թվով պաղեստինցիների սպանությունը ողջ աշխարհի աչքերի առջև» որպես «սարսափելի» գործողություն, պահանջեց, որ նա անհապաղ դադարեցնի հարձակումները պաղեստինցիների վրա: Միաժամանակ, Թուրքիան զգալի հումանիտար օգնություն ցույց տվեց պաղեստինցիներին և էլ ավելի մեծ օգնություն խոստացավ ցույց տալ մոտակա ապագայում:
Համարելով, որ պաղեստինցիների բարյացակամ վերաբերմունքն ապահովված է և ստանալով Իսրայելի համաձայնությունը, Թուրքիան պաշտոնապես հայտարարեց, որ ստանձնում է միջնորդ-խաղաղարարի դերը: Վարչապետ Էրդողանը հեռախոսազրույցներ ունեցավ ԱՄՆ նախագահ Ջ.Բուշի, Ռուսաստանի նախագահ Վ.Պուտինի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թ.Բլերի և ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Ք.Անանի հետ, որոնք գոհունակություն հայտնեցին Թուրքիայի այդ մտադրության կապակցությամբ: Դրանից հետո սկսվեցին բուն միջնորդական բանակցությունները: Էրդողանի խորհրդական պրոֆ. Ա.Դավութօղլուն` այդ քաղաքական գծի գլխավոր նախաձեռնողը, շտապ ուղարկվեց Դամասկոս համոզելու Սիրիային` ճնշում գործադրել ՀԱՄԱՍ-ի վրա և ստիպել նրան մեղմելու իր դիրքը: Սակայն Դամասկոսը Թուրքիայի խնդրանքին չարձագանքեց:
Թուրքիան ստիպված էր գործել ինքնուրույն: ՀԱՄԱՍ-ի կառավարության ղեկավար Ի. Հանիյահը հրավիրվեց Անկարա, բայց նույնպես հրաժարվեց կատարել Թուրքիայի խնդրանքը և մեղմել իր դիրքը: Թուրքական միջնորդության այդ անհաջող փորձին վերջին հարվածը հասցրեց իսրայելական ավիացիան` ցուցադրաբար գետնին հավասարեցնելով Գազայի Էրեզի շրջանում գտնվող արդյունաբերական օբյեկտները, որոնք կառուցում էին թուրքական շինարարական կազմակերպությունները` այդպիսով «պատասխանելով» Թուրքիայի ղեկավարների հակաիսրայելական հռետորական վարժանքներին:
Թուրքիայի ձեռնարկած միջնորդական առաքելությունը պսակվեց կատարյալ անհաջողությամբ, իսկ թուրքական դիվանագիտությունը Մերձավոր Արևելքում կրեց հերթական պարտությունը: Միաժամանակ պիտի նշել, որ Թուրքիայի քաղաքականությունը Իսրայել–ՀԱՄԱՍ հակամարտությունում ընդհանուր առմամբ դրական ընկալվեց երկրի ներսում: Թուրքիայի հասարակական կարծիքն անվերապահորեն սատարում է պաղեստինցիներին, և ԱԶԿ-ի կառավարության պաղեստինամետ հայտարարությունները, ինչպես նաև փորձերը` նպաստել կրակի շուտափույթ դադարեցմանը, նույնիսկ ձախողված, ընդունվեցին գոհունակությամբ: Էրդողանին հաջողվեց շեղել իսլամամետ շրջանակների ուշադրությունը այն հանգամանքից, որ թուրք-իսրայելական դաշնակցային հարաբերությունները, ըստ էության, մնացին անսասան:
Թուրքիան և Իսրայելի պատերազմը Լիբանանի դեմ
Մերձավորարևելյան ճգնաժամի ներկա փուլի հաջորդ թատերաբեմը Լիբանանն է: Հակազդելով «Հիզբալլահի» գործողություններին` Իսրայելը լայնածավալ ռազմական գործողություններ ձեռնարկեց այդ երկրի դեմ և ներխուժեց նրա հարավային շրջանները: Թուրքիայի ազգաբնակչությանը վերջին տարիներին հատուկ հակաիսրայելական տրամադրությունները հասան գագաթնակետին: Տեղի ունեցան հարյուր հազարանոց ցույցեր, քաղաքական շրջանակները դատապարտեցին Իսրայելին:
Ռ.Թ. Էրդողանը նույնպես դատապարտեց Իսրայելին, սակայն այս անգամ ավելի մեղմ, քան նախորդ դեպքում: Վարչապետը, փաստորեն հետևելով ԱՄՆ-ի օրինակին, քննադատեց Իսրայելին ոչ թե հարևան երկրի նկատմամբ ռազմական ագրեսիա կազմակերպելու, այլ «Հիզբալլահի» թշնամական գործողություններին անհամաչափ հակահարված հասցնելու համար: Պաշտոնական Թուրքիայի նման մոտեցումը վկայում էր, որ այս անգամ Անկարան, հաշվի առնելով իր բացառիկ բարենպաստ աշխարհաքաղաքական դիրքն ու հնարավորությունները, ինչպես նաև «պարզ» միջնորդության անհաջող փորձը, որոշել է կիրառել ավելի բարդ և բազմաբնույթ դիվանագիտական հնարքներ` ստեղծված իրադրությունից լավագույնս օգտվելու նպատակով:
Այդ հնարքներից էր, թերևս, Թուրքիայի ձգտումը ակտիվորեն ներգրավվել «գաղտնի դիվանագիտության» ոլորտում` քողարկված օգնություն ցույց տալով և՛ «Հիզբալլահին», և՛ Իսրայելին: Նույնիսկ հայտնի դարձած սակավաթիվ փաստերը հնարավորություն են տալիս գնահատել այդ ներգրավվածությունը որպես բավական լուրջ: Այսպես, օրինակ, Թուրքիան տրամադրեց իր տարածքը` «Հիզբալլահին» զենք ու զինամթերքի առաքման գաղտնի միջանցք կազմակերպելու համար և, միաժամանակ, թուրքական հետախուզությունը «Հիզբալլահի» մասին կարևոր տեղեկություններ էր տրամադրում իսրայելցիներին:
Թուրքիայի վարած ճկուն և բազմաշերտ քաղաքականությունը տվեց իր արդյունքները: Իսրայելը և նրա հովանավոր ԱՄՆ-ը սկսեցին դիտարկել Թուրքիան որպես ՄԱԿ-ի հովանու ներքո Լիբանանի հարավում տեղակայվելիք խաղաղապահ զինված ուժերի կարևոր բաղկացուցիչ: ՄԱԿ-ի համապատասխան առաջարկը գոհունակությամբ ընդունվեց և՛ Լիբանանի կառավարության, և՛ ԵՄ կողմից, որը գլխավորեց այդ խաղաղապահ առաքելությունն ու այդ պատճառով շահագրգռված էր մարտունակ և կարգապահ թուրք զորամիավորումների ներկայությամբ: Սիրիայի աջակցությունը կարողացավ ապահովել արտգործնախարար Ա.Գյուլը` այդ երկիր կատարած իր ուղևորության ընթացքում: Գաղտնի խողովակներով, որոնք կապում են իսլամամետ ԱԶԿ-ի ղեկավարությանը Մերձավոր Արևելքի արմատական իսլամական կազմակերպությունների հետ, ստացվեց նաև «Հիզբալլահի» համաձայնությունը:
Այսպիսով, Թուրքիայի համար ստեղծվեց բացառիկ բարենպաստ իրադրություն, որը սակայն պարունակում էր նաև ակնհայտ ու քողարկված վտանգների հնարավորություն: Տեղակայելով իր խաղաղապահներին հարավային Լիբանանում` Թուրքիան զգալիորեն ուժեղացնում է իր դիրքերը Մերձավոր Արևելքում և միաժամանակ հնարավորություն է ստանում ուղղակի առևտրի մեջ մտնելու ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հետ, քանի որ վերջիններս են գլխավոր շահագրգռված կողմերը: ԱՄՆ-ից Թուրքիան ակնկալում է աջակցություն Քրդական բանվորական կուսակցության (ՔԲԿ) դեմ պայքարում, ինչպես և` Հյուսիսային Իրաք ներխուժելու և ՔԲԿ-ի դեմ պատժիչ գործողություն կազմակերպելու թույլտվություն, իսկ ԵՄ-ից` դիրքորոշման մեղմացում այժմ ընթացող անդամակցության բանակցություններում: Թուրքիայի համար կարևոր է նաև ապահովել ՄԱԿ-ի ղեկավարության հնարավորինս բարյացակամ մոտեցումը իր նկատմամբ, քանի որ այդ կազմակերպությունն է Կիպրոսի հիմնահարցի կարգավորման բանակցություններում հիմնական միջնորդը:
Սակայն այդ առավելությունները կարող են մեկ վայրկյանում հօդս ցնդել, եթե տեղի ունենա ռազմական բախում թուրք խաղաղապահների և «Հիզբալլահի» միջև: Այն ոչ միայն կվտանգի Թուրքիայի տարիների ընթացքում այդքան մեծ ջանքերով կառուցված մերձավորարևելյան քաղաքականության փխրուն համակարգը, այլև հաջորդ տարի նախատեսված նախագահական ու խորհրդարանական ընտրություններից առաջ հղի է լուրջ ներքաղաքական բարդություններով, քանի որ ԱԶԿ-ի դեմ առաջին հերթին դուրս կգան նրա հենարանը կազմող իսլամամետ շրջանակները:
Որոշակի արկածախնդրությամբ և առանց երկար վարանելու կարևոր որոշումներ ընդունելու հատկությամբ օժտված վարչապետ և ԱԶԿ-ի առաջնորդ Ռ.Թ. Էրդողանն անտեսեց հնարավոր վտանգները և շատ արագ հայտարարեց Հարավային Լիբանան թուրք խաղաղապահներ ուղարկելու կառավարության որոշման մասին: Այդ որոշման վրա չազդեց նույնիսկ այն հանգամանքը, որ դրան դեմ էին ազգաբնակչության շուրջ 80%-ը, երկրի նախագահը, համարյա բոլոր քաղաքական ուժերը, ներառյալ ԱԶԿ-ի տեղական կազմակերպությունների մեծ մասը: Նախապատվությունը տրվեց հեռահար աշխարհաքաղաքական նպատակներին և կարճաժամկետ արտաքին քաղաքական հաշվարկներին:
Առանց մեծ դժվարության, Էրդողանի կառավարությանը հաջողվեց ապահովել երկրի խորհրդարանի համապատասխան դրական բանաձևը (քանի որ այստեղ ԱԶԿ-ն ունի բացարձակ մեծամասնություն) և այդպիսով հնարավորություն ստանալ իրականացնելու իր մերձավորարևելյան քաղաքականության ռազմավարական նպատակները: Սակայն ներկայումս թուրքական դիվանագիտությունն ավելի լծված է մարտավարական բնույթի խնդիրների լուծմանը. հնարավորինս քիչ քանակությամբ ցամաքային ուժեր ուղարկել Լիբանան և տեղադրել նրանց այնպիսի շրջանում, որտեղ կբացառվի ուղղակի շփումը «Հիզբալլահի» զինյալների հետ: Ք Անանի հետ արդեն տեղի ունեցած բանակցություններում Թուրքիան առաջին հարցում գնաց որոշակի զիջումների, սակայն ակնկալում է դրական մոտեցում երկրորդ` ավելի կարևոր հարցում: Նյու Յորք է ուղարկվել հատուկ պատվիրակություն, որը շարունակում է բանակցությունները ՄԱԿ-ի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ: Սակայն նույնիսկ դրական լուծելով այդ հարցը` Թուրքիային չի հաջողվի վերացնել բոլոր այն ռիսկերը, որոնցով հղի է նրա մերձավորարևելյան հավակնոտ քաղաքականությունը:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆՈՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ[29.09.2008]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ՊԱՅՔԱՐԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԴԵՄ (ներկա փուլի նոր միտումներ)[24.07.2008]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ[20.12.2007]
- Եվրամիություն, Թուրքիա և Հայաստան. պատմական աղերսներ և իրական շահեր[21.10.2005]