• am
  • ru
  • en
Версия для печати
19.10.2006

Ռուսաստան-Միացյալ Նահանգներ. հարաբերությունների նոր փուլ

EnglishРуский

   

Գագիկ Հարությունյան

ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները թևակոխել են որակապես նոր փուլ։ Դրա առանձնահատկություններից է այն, որ եթե նախկինում Ռուսաստանն առկա հակասությունները փորձում էր ներկայացնել որպես մարտավարական, ժամանակավոր բնույթի անհարթություններ, ապա ներկայումս դիվանագիտական պայմանականություններն անտեսվում են. ԱՄՆ-ը ընդունվում է որպես աշխարհառազմավարական հակառակորդ՝ այդտեղից բխող գաղափարախոսական-քարոզչական առճակատումով։ Դրա վկայությունն է ռուս-վրացական հարաբերությունների վերջին սրացումը, որի ընթացքում տեղեկատվական դաշտում շեշտը դրվում էր ոչ այնքան Վրաստանի գործողությունների, որքան նրա «թիկունքին կանգնած» ԱՄՆ քաղաքականության վրա։ Այդ համատեքստում հատկանշական է Պուտին-Բուշ հեռախոսազրույցի մասին Կրեմլի մամլո հաղորդագրության տոնը. «Վրաստանի վերաբերյալ ռուսաստանյան կողմը շեշտել է, որ երրորդ երկրների ցանկացած գործողությունները, որոնք կարող են մեկնաբանվել վրացական ղեկավարության կողմից որպես իրենց ապակառուցողական քաղաքականության քաջալերում, անընդունելի են և վտանգ են ներկայացնում տարածաշրջանի խաղաղության և կայունության համար»։ Նման կոշտ երանգ երկու երկրների «նախագահական մակարդակում» հետխորհրդային ժամանակահատվածում արձանագրվում է առաջին անգամ։ Ուշադրության արժանի է նաև այն, որ համաձայն լրահոսի՝ ռուս սպաների ազատումը պայմանավորում են ամերիկյան միջնորդությամբ, սակայն դա չի մեղմել Վրաստանի հանդեպ Մոսկվայի ընդունած պատժամիջոցները։

Հարաբերությունների նման սրացումը սպասելի էր. այն բխում է երկու տերությունների միջև քաղաքական, տնտեսական և գաղափարական ոլորտներում ընթացող հակամարտության տրամաբանությունից։ Միևնույն ժամանակ, ներկա իրավիճակը ձևավորվել է ոչ մեկ օրում. ԱՄՆ-ՌԴ հարաբերություններն ունեցել են էական փոխակերպումներ, և դրանք պայմանականորեն կարելի է դասակարգել հետևյալ տեսքով։

1991-1999թթ.՝ «Կաթվածահարության փուլ»։ Այս ժամանակահատվածում Ռուսաստանի նկատմամբ ամերիկյան քաղաքականությունը կարելի է սխեմատիկորեն բնութագրել որպես պատերազմում հաղթած տերության գործողություններ պարտվածի հանդեպ։ Արդյունքում՝ Ռուսաստանի ազդեցությունից դուրս եկան Արևելյան Եվրոպան (ամբողջովին) և նախկին ԽՍՀՄ հանրապետությունների զգալի մասը։ Վիճահարույց էր բուն Ռուսաստանի ամբողջականությունը։ Դա վերաբերում էր ոչ միայն Հյուսիսային Կովկասին, որը գործնականում դուրս էր եկել վերահսկողությունից. լրջորեն քննարկվում էին ՌԴ-ն մի քանի (որոշ նախագծերում` մինչև ութ) ինքնիշխան հանրապետությունների մասնատման սցենարները։

Պատմական այս փուլի առանձնահատկությունն այն էր, որ ԱՄՆ գործողությունները գաղափարական, քաղաքական և տնտեսական ոլորտներում կաթվածահար Ռուսաստանի կողմից որևէ լուրջ հակազդեցության չէին հանդիպում։ Հարավսլավական իրադարձությունների ընթացքում արտգործնախարար Ե.Պրիմակովի «ինքնաթիռային դիվանագիտությունը» կամ ռուս դեսանտայինների «կոսովյան երթը» զգացմունքային բնույթ էին կրում ու որևէ շոշափելի հետևանք չէին կարող ունենալ և չունեցան։ Հարաբերական հաջողությունները վրաց-աբխազական և վրաց-օսական հակամարտությունների գոտում բրիտանական ռազմական փորձագետներն արդարացիորեն վերագրում են ավելի շուտ «ինքնուրույն գործող ռուս գեներալներին», քան պաշտոնական Մոսկվայի նպատակաուղղված քայլերին։

2000-2005թթ.`««պասիվ դիմադրության» կամ «լատենտային» (թաքնված) «սառը պատերազմ»-ի փուլ»։ Բնորոշ է, որ 1999թ. վարչապետ նշանակված և Չեչնիայում ռազմական գործողություններ ծավալած Վ.Պուտինը Ռուսաստանի ներքին իրադրության վերաբերյալ իրեն ուղղված հարցին պատասխանել էր, թե «ամենուր Չեչնիա է»։ Միևնույն ժամանակ, Չեչնիայում ընթացող ռազմական գործողություններին ԱՄՆ-ը բացասաբար արձագանքեց՝ դրանք որպես մարտահրավեր ընկալելով։ 2001թ. սեպտեմբերի 11-ին կարծես թե հաջորդեց ԱՄՆ-ՌԴ հարաբերությունների ջերմացում «հակաահաբեկչական կոալիցիայի» ձևաչափում։ Սակայն միջինասիական հանրապետություններում ամերիկյան «ժամանակավոր» ռազմակայանների տեղակայումը և դրանց դուրսբերման վերաբերյալ նախնական պայմանավորվածությունների խախտումը, ամերիկյան զինվորական ստորաբաժանման ժամանումը Վրաստան, ՆԱՏՕ և ԵՄ «տարածման» գործընթացները բավական արագ ցրեցին Կրեմլի ղեկավարության պատրանքները ԱՄՆ-ՌԴ ռազմավարական գործընկերության հնարավորության վերաբերյալ։ Իր հերթին՝ Վաշինգտոնը, հաշվարկելով և կանխատեսելով Ռուսաստանի հնարավոր վերականգնումը, փորձում էր առավել արագ իրագործել իր ծրագրերը։ Հենց այս ժամանակահատվածում էր, որ ԱՄՆ-ը, վերականգնելով «սառը պատերազմի» տրամաբանությունը, զուգակցելով «հակաահաբեկչական կանխարգելիչ պատերազմի» ռազմական և ամենուր «ունիվերսալ դեմոկրատական համակարգ հաստատելու» գաղափարախոսական (որի շրջանակներում տեղեկատվական դաշտում ձևավորվում էր Ռուսաստանի` որպես չկայացած երկրի, կերպարը) ռազմավարությունները, հաջողվեց հասնել տպավորիչ հաջողությունների։ Դրանցից, մասնավորապես, նշենք հետևյալները.

  • Բեկանվեց Մերձդնեստրյան հակամարտության կարգավորման՝ նախապես բոլոր կողմերի համար ընդունելի (ենթադրվում էր Մոլդովայի Հանրապետության ֆեդերալացում, որի կազմում կլիներ նաև Մերձդնեստրը), այսպես կոչված, «Կոզակի ծրագիրը». այդպիսով Մոլդովան փաստորեն դուրս բերվեց Ռուսաստանի ազդեցության գոտուց։
  • Վրաստանում և Ուկրաինայում «գունավոր» հեղաշրջումների արդյունքում ձևավորվեցին հստակ արևմտամետ և հակառուսաստանյան ուղղվածություն ունեցող վարչախմբեր։
  • Մերձբալթիկան և Արևելյան Եվրոպայի գրեթե բոլոր երկրներն ընդունվեցին (կամ հաստատվեցին նրանց ընդունվելու ժամկետները) ՆԱՏՕ. այդ երկրների իշխանությունները զրավեցին ամերիկամետ, որպես կանոն՝ հակաեվրոպակենտրոն, և հստակ հակառուսական` հատկապես բալթյան հանրապետությունները և Լեհաստանը, դիրքորոշում։
  • ԱՄՆ-ը, իրեն ձեռնտու տարբերակով, միակողմանիորեն դուրս եկավ Հակահարթիռային պաշտպանության պայմանագրից. այդպիսով փաստորեն խախտվեց երկու երկրների միջև ձևավորված հրթիռամիջուկային հավասարակշռությունը։

Ի տարբերություն նախկինի, այս փուլում Պուտինի վարչակազմը փորձում էր իր ունեցած հնարավորությունների չափով հակազդել ԱՄՆ և նրա եվրոպական դաշնակիցների գործողություններին։ Ըստ էության, Մոսկվայի քայլերը նույնպես ենթարկվում էին «սառը պատերազմի» տրամաբանությանը, սակայն կրում էին «թաքնված»` լատենտային բնույթ, և անհամաձայնությունները դիվանագիտական հարթություններում ու տեղեկատվական դաշտում ավելի քան զուսպ էին ներկայացվում. դեռևս թույլ Ռուսաստանը չուներ անհրաժեշտ ռեսուրսներ արդյունավետ դիմակայության համար։

Միևնույն ժամանակ, հենց այդ փուլում Ռուսաստանին հաջողվեց վերականգնել երկրի կառավարելիությունը, զարգացնել տնտեսությունը (առանցքային նշանակություն ունեցավ էներգետիկ ռեսուրսների վրա պետական վերահսկողության սահմանումը. հիշենք «Յուկոսի» գործը), բարելավել զինված ուժերի վիճակը։ Արտաքին ոլորտում Ռուսաստանը կարողացավ այս կամ այն չափով արդյունավետ քաղաքականության վարել արևմտաեվրոպական (Մոսկվա-Բեռլին-Փարիզ), արևելյան (Մոսկվա-Պեկին) և հարավային (Մոսկվա-Թեհրան) աշխարհաքաղաքական ուղղություններով, որոշակիորեն վերականգնվեց այդ երկրի հեղինակությունը ԱՊՀ հանրապետություններում։

2005թ. և այդուհետ` «դասական սառը պատերազմ»։ Այս փուլի գլխավոր հատկանիշը ԱՄՆ բացարձակ գերակայության ավարտն է և գլոբալ քաղաքական հարթությունում նրան համակարգված կերպով հակազդող դերակատարների, ներառյալ Ռուսաստանի, ի հայտ գալը։ Այս նոր, անցումային, փուլի սկիզբ կարելի է ընդունել 2005թ. հուլիսի 1-ը, երբ Չինաստանը և Ռուսաստանը ստորագրեցին համատեղ հռչակագիր, որի դրույթներն ուղղակիորեն դեմ էին ԱՄՆ-ի կողմից կիրառվող գաղափարախոսական-ռազմավարական դոկտրիններին (այս առիթով տեղին է հիշել նախագահ Ջ.Բուշի օրերս կատարած՝ ոչ այնքան դիվանագիտական հայտարարություններից մեկը, թե ՇՀԿ-ն պետք է զբաղվի ոչ թե «քաղաքականությամբ, այլ տնտեսական խնդիրներով»)։

Հռչակագրի ի հայտ գալը վկայությունն է այն իրողության, որ այդ երկու տերություններն արդեն իսկ տիրապետում էին անհրաժեշտ ռազմաքաղաքական, տնտեսական և կազմակերպչական (ՌԴ-ՉԺՀ համագործակցությունն ընթանում է ՇՀԿ ձևաչափում, որի ընդհանուր ՀՆԱ-ն (մոտ $10.6 տրիլիոն) համեմատելի է ԱՄՆ և ԵՄ ՀՆԱ-ների հետ և որի մեջ այս կամ այն կարգավիճակով ներգրավվել են 5 միջուկային տերություններ) ներուժի, որպեսզի հանդես գան ԱՄՆ գերակայության դեմ։ Ձեռք բերած հնարավորությունների արտահայտություններն էին նույն 2005-ին Ուզբեկստանում «գունավոր», ծայրահեղական իսլամի երանգ ունեցող հեղաշրջման ամերիկյան սցենարի տապալումը և դրան հաջորդած՝ ԱՄՆ օդային ռազմակայանի դուրսբերումն այդ երկրից։ Այդպիսով սկիզբ դրվեց Կենտրոնական Ասիայից Միացյալ Նահանգների ազդեցության թուլացման և «դուրսմղման» գործընթացին։ Ռուսաստանին հաջողվեց մասնակիորեն «կոտրել» իր համար անբարենպաստ իրավիճակը նաև Ուկրաինայում, որտեղ 2006թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորվեց մոսկովյան կողմնորոշում ունեցող կառավարություն։

Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունների համար առանցքային նշանակություն ունեցան Իրանի միջուկային ծրագրի շուրջ ընթացող զարգացումները։ Այդ խնդրում Մոսկվայի ընդունած ճկուն, բայց հայտնի սկզբունքային դիրքորոշումը համահունչ էր Պեկինի, իսկ որոշ կետերում` ֆրանսիական և գերմանական մոտեցումներին. այն փաստորեն ընդունվեց միջազգային հանրության կողմից և ստիպեց ԱՄՆ-ին կարճաժամկետ հեռանկարում զիջել իր դիրքերը (այս խնդրում կարևոր դերակատարում ունեցավ նաև մերձավորարևելյան վերջին պատերազմը, որի արդյունքները բարենպաստ էին Ռուսաստանի համար)։

Վերոնշյալ գործընթացները Ռուսաստանում ուղեկցվում են նոր գաղափարախոսության ձևավորմանը զուգընթաց, որը ենթադրում է համապատասխան քարոզչական գործունեության ծավալում։ Ռուսաստանյան ԶԼՄ մի հատվածն անհամեմատ ավելի բարձր պրոֆեսիոնալ մակարդակով, քան դա կատարվում էր խորհրդային տարիներին, փորձում է ձևավորել ԱՄՆ ոչ շահեկան կերպարը, ինչը նպաստում է հակաամերիկյան տրամադրությունների առաջացմանը։ «Ամերիկյան վտանգի» վերաբերյալ տեսակետը դարձել է քաղաքական կուրսի բաղադրիչ, և դրա վկայությունն է վերջերս Պետական դումայում ներկայացված Վալենտին Ֆալինի և Գենադի Եվստաֆևի զեկույցը՝ նվիրված ռուս-ամերիկյան հարաբերություններին։ Համաձայն այդ վերլուծության (որը յուրովի պատասխան է այս գարնանը ԱՄՆ-ում «Միջազգային հարաբերությունների խորհրդի» կողմից պատրաստված «Ռուսաստանի սխալ ճանապարհը» փաստաթղթի)՝ ԱՄՆ հիմնական նպատակը Ռուսաստանի քաղաքական կուրսը փոխելն է. այլ խոսքերով՝ ամրագրվում է, որ ԱՄՆ-ը Ռուսաստանն ընկալում է որպես հակառակորդ՝ այստեղից բխող առաջին հերթին Մոսկվայի համար բոլոր հետևություններով։ Այս համատեքստում տեղին է հիշել ամերիկյան Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Ռիչարդ Լուգարի հայտարարությունը, թե Ռուսաստանը, Իրանի և Վենեսուելայի հետ միասին, ԱՄՆ-ին թշնամի երկիր է հանդիսանում։ Նկատենք, որ դա սոսկ քարոզչական հայտարարություն չէ. օրերս ամերիկյան ԶԼՄ-ում հայտնվեց հաղորդագրություն այն մասին, թե Պենտագոնը ս.թ. դեկտեմբերին պլանավորում է անցկացնել շտաբային զինավարժություն, որի ընթացքում մշակվելու են ԱՄՆ-ՌԴ լոկալ միջուկային պատերազմի սցենարները` Իրանի իր ռազմական միջուկային ծրագրի իրագործման համատեքստում։

Ակնհայտ է, որ ԱՄՆ-ՌԴ հակասությունները չեն սահմանափակվում վերոնշյալ հանգամանքներով։ Անողոք պայքար է գնում էներգակիրների շուկայում, որտեղ ամերիկյան (Բաքու-Ջեյհան նավթամուղ, Բաքու-Էրզրում գազամուղ) և ռուսաստանյան (Բուրգաս-Ալեքսանդրապոլիս նավթամուղ, Հյուսիսեվրոպական գազամուղ) նախագծերն աշխարհատնտեսական առումով հակամարտող բնույթ են կրում։ Գրեթե նման իրավիճակ է տիրում նաև այլ ոլորտներում։ Հակասությունների այս համախումբը և դրանց շուրջ ծավալված գաղափարախոսական և տնտեսական առճակատումը ենթարկվում են (չնայած հայտնի տարբերություններին) գրեթե նույն օրինաչափություններին, ինչ նախորդ դարում տեղի ունեցած «սառը պատերազմը»։

Հաշվի առնելով հակամարտությունը Վրաստանում և տևական բնույթ ձեռք բերած լարվածությունը Մերձավոր և Միջին Արևելքում՝ պետք է փաստել, որ ԱՄՆ-ՌԴ առճակատումների «գծերն» անցնում են ՀՀ հարևանությամբ։ Նման իրողությունն ինքնին դեռևս բացասական չէ ՀՀ-ի համար, սակայն ենթադրում է այդ իրավիճակին համարժեք մոտեցումների և գործողությունների մշակում։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր