• am
  • ru
  • en
Версия для печати
23.11.2006

ՆԱՏՕ -ի գործոնը

EnglishРуский

   

Գագիկ Հարությունյան, Կարեն Վերանյան

Ռազմական-քաղաքական դաշինքների հետ հարաբերությունների կառուցումը, հաշվի առնելով ներկայիս քաղաքական գործընթացների փոփոխական դինամիկան, ՀՀ ազգային անվտանգության կարևորագույն խնդիրներից է։ Ինչպես հայտնի է, այդ ոլորտում հիմնական շեշտադրումներն արված են Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցության վրա։ Սակայն ՀՀ-ՌԴ համագործակցությունը, ինչպես և մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ), հաշվի առնելով առաջինի բազմաշերտ քաղաքականությունը և երկրորդի կայացած չլինելը1, թերևս չեն կարող միանշանակ երաշխիքներ հանդիսանալ ՀՀ անվտանգության համար։

Նկատենք, որ ՀՀ քաղաքական ընտրանու «Եվրասիական-Արևելյան» կողմնորոշումներ ունեցողների շրջանակում այսօր հնչեցվում են կարծիքներ, թե ՀՀ անվտանգության երաշխիք կարող է հանդիսանալ Շանհայի համագործակցության կազմակերպությանն (ՇՀԿ) անդամագրվելը։ Այդ տեսակետն են պաշտպանում նաև Իրանի որոշ պաշտոնատարներ։ Սակայն նույն Իրանը, չնայած լիարժեք անդամ դառնալու մեծ ջանքերին, ՇՀԿ-ում ունի ընդամենը դիտորդի կարգավիճակ։ Ավելի քան կարևորելով ՀՀ-Չինաստան հարաբերությունները՝ պետք է, սակայն, փաստել, որ ՇՀԿ-ն նույնպես հեռու է կայացած լինելուց։ Նշենք նաև, որ ՇՀԿ-ն իր առաջնահերթ խնդիրները տեսնում է Կենտրոնական Ասիայում, որտեղ կոշտ մրցակցային պայքար է ընթանում ԱՄՆ-ի հետ։

Վերջին ժամանակներս ինտենսիվ տեղեկատվական շրջանառության մեջ է դրվել նաև ՀՀ-ՆԱՏՕ հարաբերությունների խնդիրը։ Դա գլխավորապես կապված է ռուս-վրացական զարգացումների համատեքստում Վրաստանի ՆԱՏՕ ընդունվելու հնարավորության, ինչպես նաև ԼՂՀ կարգավորման վերաբերյալ տարածաշրջան այցելած ՆԱՏՕ պաշտոնատարների հայտարարությունների հետ (հիշենք Ռոբերտ Սիմոնսի խոսքերը, թե ՆԱՏՕ-ն կարող է ստանձնել այդ խնդրի շուրջ ընդունված որոշումների կատարումը)։ Երևանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնի բացվելը2, իր հերթին, լրացուցիչ բարձրացնելու է այդ կազմակերպության ներկայությունը ՀՀ–ում (Անհատական գործընկերության գործողության ծրագրի (IPAP) շրջանակներում ՀՀ-ՆԱՏՕ պայմանագիրը տե՛ս տեղեկագրի վերջում՝ Հավելված 1-ում): Գաղտնիք չէ նաև, որ ազատական քաղաքական ուժերը որպես ՀՀ անվտանգության երաշխիք տեսնում են Հյուսիսատլանտյան դաշինքը՝ հիմնավորելով նրանով, որ ներկայումս այդ դաշինքը ամենահզորն է աշխարհում (տե՛ս տեղեկագրի վերջում՝ Հավելված 2): Սակայն հայտնի է նաև, որ ՆԱՏՕ-ն, ինչպես և վերը դիտարկված ՀԱՊԿ-ն ու ՇՀԿ-ն, ունի իր սեփական հիմնախնդիրները և ներկայումս նույնպես գտնվում է ոչ միանշանակ բարվոք իրավիճակում։

ՆԱՏՕ-ի ձևաչափը ժամանակին ստեղծվել էր «երկբևեռ»` ԱՄՆ-ԽՍՀՄ (կամ ավելի ընդհանուր` Արևմուտք-Արևելք) հակամարտության ռազմական խնդիրները լուծելու համար։ Ներկայումս, երբ Արևմուտք և Արևելք հասկացությունները կորցրել են իրենց՝ նախկինում միասնական աշխարհագաղափարախոսական և աշխարհաքաղաքական բովանդակությունները (ԱՄՆ-Եվրոպա հարաբերություններն այսօր ավելի քան երկիմաստ են, իսկ մաքուր սոցիալիզմից հրաժարվել են անգամ չինացիները), ՆԱՏՕ-ի առջև վերափոխման (տրանսֆորմացիայի) լուրջ խնդիրներ են ծագել։ Հատկանշական է, որ 90-ականների սկզբին որոշ ամերիկյան քաղաքական գործիչներ (որոնց թվում ՀՀ քաղաքական ընտրանուն քաջ հայտնի Սթրոբ Թելբոթը) և վերլուծաբաններ գտնում էին, որ ՆԱՏՕ-ն հետխորհրդային դարաշրջանում անելիք չունի այլևս։ Սակայն հետագա զարգացումները ժխտեցին նման մոտեցումները։

Ներկայումս ՆԱՏՕ-ի զարգացման երկարաժամկետ հեռանկարն այն է, որպեսզի կազմակերպության շարքերը լայնացվեն ի հաշիվ ոչ եվրոպական երկրների (hամաձայն ՆԱՏՕ-ի գործող կանոնադրության 10-րդ կետի՝ կազմակերպության անդամներ կարող են լինել միայն եվրոպական երկրները, իսկ 6-րդ կետը սահմանափակումներ է մտցնում ՆԱՏՕ-ի հնարավոր գործողությունների աշխարհագրությունում)։ Նման մոտեցումը, համաձայն ՆԱՏՕ-ի ստրատեգների, թույլ կտա լուծել ավելի գլոբալ ռազմաքաղաքական խնդիրներ։ Այս համատեքստում պետք է դիտարկել այն հանգամանքը, որ տեղեկատվական դաշտում երբեմն դիտարկվում են նաև ՆԱՏՕ-Իսրայել համագործակցության խնդիրները։

Մասնավորապես՝ Ռիգայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովում պետք է դիտարկվեն Ավստրալիայի, Նոր Զելանդիայի3, ինչպես նաև Ճապոնիայի4 հետ ավելի սերտ համագործակցելու հարցերը։ Քննարկվելու է նաև Վրաստանին վերաբերող խնդիրների համախումբը։ Սակայն հայտնի է, որ Գերմանիան և Ֆրանսիան (որոնք ոչ միայն էներգետիկ և տնտեսական համատեղ խնդիրներ ունեն Ռուսաստանի հետ, այլև երբեմն վերջինիս օգտագործում են որպես հակակշիռ ԱՄՆ-ի դեմ և այդ պատճառով չեն շտապում հանուն ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի շահերի բարդացնել իրենց հարաբերություններն այդ տերության հետ) առայսօր դեմ են արտահայտվում ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցելուն։

Ակնհայտ է, որ գլոբալ բնույթի խնդիրներն ավելի հրատապ են կայսերական հավակնություններ ունեցող ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի, բայց ոչ, օրինակ, Գերմանիայի կամ Ֆրանսիայի համար։ Այդ իսկ պատճառով քաղաքական, գաղափարական և տնտեսական հակասություններն այսպես կոչված «ատլանտյան» ու «եվրակենտրոն» կողմնորոշումներ ունեցող ՆԱՏՕ-ի անդամ երկրների միջև խորանալու միտում ունեն։ Այդ օրինաչափության արտահայտություններից են Իրաքի, Իրանի հայտնի խնդիրների, ինչպես նաև Ռուսաստանի հետ հատկապես էներգետիկ ոլորտում համագործակցության վերաբերյալ տարաձայնությունները։

Միևնույն ժամանակ, ՆԱՏՕ-ն այսօր ավելի ու ավելի ինտենսիվորեն է դառնում այն հիմնական կառույցը, որն ինչ-որ չափով շաղկապում է անգլոսաքսերին և եվրոպացիներին, թույլ է տալիս նրանց միավորվել ու համատեղ լուծել իրենց առջև դրված ընդհանուր խնդիրները ռազմաքաղաքական ոլորտում (օրինակ` Ռուսաստանի քաղաքական հավակնությունների սահմանափակման և նրա ռեսուրսներին տիրապետելու հարցերը կամ արևմտյան ներկայության ապահովումը Կենտրոնական Ասիայում)։ Պետք է ընդունել, որ ՆԱՏՕ-ի կարևորությունն այդ հարթությունում ընկալում են ոչ միայն ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան, այլև «իսկական» Եվրոպան։

Հայտնի է, որ այսօր Հյուսիսատլանտյան դաշինքի կենսունակությունը որոշակիորեն ապահովվում է նաև Արևելյան Եվրոպայի երկրների կողմնորոշումներով, որտեղ քաղաքական էլիտաները ձևավորվել են 90-ականների սկզբներին ամերիկացիների կողմից և որոնք ավանդաբար զգուշանում են Ռուսաստանի հզորացումից։ Սակայն ակնհայտ է նաև, որ ԱՄՆ վարկանիշի նվազման ներկայիս գործընթացի պահպանման դեպքում (ինչը ձեռք է բերել շարունակական բնույթ) վաղ թե ուշ Արևելյան Եվրոպան ԱՄՆ-ից շրջվելու է դեպի մշակութային առումով իրենց ավելի հոգեհարազատ հարևանների` եվրոպական գերտերություններ Ֆրանսիայի և Գերմանիայի, իսկ տնտեսական ոլորտում` մասամբ նաև Ռուսաստանի կողմը։ Համաձայն որոշ դիտորդների՝ այս վերջին գործոնի առումով արդեն առկա են որոշ միտումներ, որոնք, մասնավորապես, իրենց զգալ են տալիս Հունգարիայում5։

Այսպիսով, ՆԱՏՕ-ն այսօր ներկայանում է որպես մի կառույց, որտեղ զուգահեռաբար ընթանում են երկու հակասական գործընթացներ.

  • ՆԱՏՕ-ն` «լայնացնելով» իր ներկայացուցչական կազմը և ներկայության աշխարհագրությունը, հզորանում է և վերածվում գլոբալ մակարդակի կազմակերպության, որն առայժմ չունի հավասարազոր մրցակիցներ։
  • ՆԱՏՕ-ն «խարխլվում» է, քանի որ ներկայիս միաբևեռ համակարգի կազմալուծմանը համընթաց աճում են այդ կազմակերպության անդամ երկրների (որոնց թիվը, ի լրումն, աճում է) միջև հակասությունները քաղաքակրթական-գաղափարախոսական և քաղաքական-տնտեսական ոլորտներում։
Թե վերոնշյալ միտումներից որը կգերակայի, այսօր դժվար է կռահել։ Այդ խնդրում որոշիչ գործոն է հանդիսանում ԱՄՆ-ի մենատիրական կարգավիճակի հնարավոր փոխակերպումը։ Բոլոր պարագաներում հակասական գործոնների այս համախումբը դժվարացնում է երկարաժամկետ հեռանկարում ՀՀ-ՆԱՏՕ հարաբերությունների զարգացման վերաբերյալ կանխատեսումներ կատարելը։

1 Այդ առումով բնորոշ է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Միք.Հարությունյանի հայտարարությունը օրերս Մոսկվայում կայացած ՀԱՊԿ անդամ երկրների ԳՇ պետերի խորհրդակցության ժամանակ. նա դժգոհություն էր հայտնել ՀԱՊԿ անդամ երկրների կողմից այլ երկրներին (նկատի ունենալով Ադրբեջանին) տրվող ռազմական աջակցության առիթով։ Ավելացնենք, որ ՀՀ-ի նկատմամբ դաշնակցային պարտավորությունները հաճախակի խախտվում են նաև ՄԱԿ-ում ընթացող քվեարկությունների ժամանակ։

2 Կենտրոնը պետք է բացվեր նոյեմբերի 1-ին, սակայն տեխնիկական պատճառներով գործելու է նոյեմբերի 20-ից հետո։

3 Ռազմական ոլորտում «հոգեպես մոտիկ» անգլոսաքսոնյան երկրների վրա հենվելն ամերիկյան պաշտոնական քաղաքականության մասն է կազմում։ Գործնական հարթությունում այն արտահայտվում է Երկրորդ համաշխարհայինից հետո ձևավորված Պենտագոնի «Ցամաքային ուժերի ստանդարտացման» ծրագրի և «ԷՇԵԼՈՆ» գլոբալ ռադիոէլեկտրոնային հետախուզության համակարգի ձևաչափերի տեսքով, որտեղ ընդգրկված են միայն անգլիախոս երկրները։ Նկատենք, որ 2001թ. սեպտեմբերի 11-ի դեպքերից հետո աֆղանական ռազմական կամպանիայի ընթացքում, չնայած այն իրագործվում է ՆԱՏՕ-ի հետ համատեղ, ամերիկացիները մշտապես ձգտում են «դուրս մղել» այդ երկրից ոչ անգլոսաքսյան երկրներին պատկանող զինված ուժերը։

4 Որոշ փորձագետներ կարծում են, թե Հյուսիսային Կորեայի միջուկային փորձարկումներն արդյունք են ամերիկյան այն սադրիչ քաղաքականության (դրա մասնավոր արտահայտություններից է այն, որ նախագահ Ջորջ Բուշը բազմիցս Կիմ Չեն Իրին անվանել է «գաճաճ», տվել այլ վիրավորական որակումներ, ինչն այդ տարածաշրջանում համարվում է մահացու վիրավորանք), որի նպատակն էր այդպիսով կենտրոնախույս միտումներ ցուցաբերող Ճապոնիային ավելի ամուր «կապել» ԱՄՆ-ի հետ։

5 Բուդապեշտում ծավալված վերջին անկարգությունները երբեմն մեկնաբանվում են որպես հետևանք այն բանի, որ ներկայիս սոցիալիստական կառավարությունը խորացնում է տնտեսական համագործակցությունը Ռուսաստանի հետ։


Հավելված 1 քաշել .pdf ֆայլ


Հավելված 2 քաշել .pdf ֆայլ







դեպի ետ