Նոր «Սառը պատերազմ» և «զսպման ռազմավարության» վերափոխումը

Այսօր Միացյալ Նահանգներ-Ռուսաստան հարաբերությունների բնույթը երբեմն նմանեցվում է նրան, ինչ գոյություն ուներ 20-րդ դարի երկրորդ կեսին ընթացող Առաջին «Սառը պատերազմի» (ՍՊ) (այս բառակապակցության եզրաբանության մասին տե՛ս հավելվածը) դարաշրջանում։ Այդ պատերազմը կոշտ հակամարտություն էր երկու աշխարհագաղափարախոսական հայեցակարգերի և աշխարհաքաղաքական նախագծերի միջև, որոնց համակիրները (երբեմն` իրենց կամքին հակառակ) համախմբվել էին գլխավոր դերակատարների` ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի շուրջ։ Հարկ է նկատել, որ վերոնշյալ տերությունների մրցակցությունը սկիզբ էր առել դեռևս Երկրորդ համաշխարհայինի տարիներին. այն ժամանակվա «դաշնակիցները» պայքարում էին ոչ միայն ընդհանուր թշնամի Գերմանիայի, այլև հաճախ նույն եռանդով` միմյանց դեմ։ Այսինքն՝ ԱՄՆ-ԽՍՀՄ «դաշնակցային» փուլի հարաբերություններն արդեն պարունակում էին ապագա դասական Սառը պատերազմի բաղադրիչների մի զգալի մասը։
Նման իրավիճակը կարելի է օրինաչափ համարել, քանի որ Երկրորդ համաշխարհայինում ԽՍՀՄ-Գերմանիա առճակատումը և ԽՍՀՄ-ԱՄՆ-Մեծ Բրիտանիա դաշինքը կարելի է գնահատել որպես ինչ-որ չափով «քաղաքական անոմալիա»։ Աշխարհաքաղաքական և գաղափարախոսական տեսանկյուններից ԽՍՀՄ-ը և Գերմանիան ունեին խորքային ընդհանուր շահեր, որոնք գրեթե բացակայում էին ԽՍՀՄ-ԱՄՆ-Մեծ Բրիտանիա պրագմատիկ, ստեղծված իրադրությունից բխող հարաբերություններում։ Ըստ էության սկզբունքային հակասություններն առկա էին Գերմանիայի և ԱՄՆ-Մեծ Բրիտանիայի միջև։ Այս համատեքստում ԽՍՀՄ-Գերմանիա առճակատումը կարելի է գնահատել որպես անգլո-ամերիկյան դիվանագիտության հաղթանակ։ Այս իրողության ընկալումը խիստ կարևոր է արդի քաղաքական գործընթացները համարժեք գնահատելու համար։
Վերադառնալով այսօրվա իրողություններին՝ փորձենք հաշվի առնել այն սկզբունքային վերափոխումները, որոնք տեղի են ունեցել աշխարհում ԽՍՀՄ փլուզումից հետո։ Ներկա ժամանակաշրջանը սահմանվում է որպես միաբևեռ համակարգից բազմաբևեռի անցում, և այդ «անցումային» փուլում զուգահեռաբար ընթանում են երկու գործընթացներ.
- Տեղի է ունենում այն հիմնական աշխարհաքաղաքական միավորների ռազմաքաղաքական, տնտեսական և գաղափարախոսական կայացումը, որոնք արդեն պայմանավորում են կամ մոտ ապագայում պետք է պայմանավորեն միջազգային հարաբերությունների բազմաբևեռ տրամաբանությունը։
- Նկատվում է Միացյալ Նահանգների գերակայության նվազում. այսօր ոչ միայն այլոց, այլև ամերիկյան քաղաքական ընտրանին ընդունում է, որ անգամ ԱՄՆ-ի նման գերհզոր տերությունն ի զորու չէ միայնակ «ղեկավարել» աշխարհը և արդեն մշակում է «կազմակերպված նահանջի» սցենարներ (նման մոտեցման մասին են վկայում Իրաքից ամերիկյան զինուժի դուրսբերման վերաբերյալ արդեն հաճախակի դարձած քննարկումները քաղաքական և փորձագիտական հարթություններում)։
Վերոնշյալ իրողություններն ուրվագծում են այն բազմաբևեռ համակարգը, որն արդեն ինչ-որ չափով առկա է և որում միջազգային հարաբերությունների «սառըպատերազմյան» տրամաբանությունը գործում է արդեն այսօր։ Միևնույն ժամանակ պետք է արձանագրել, որ Առաջին և ներկայումս ընթացող Երկրորդ սառը պատերազմներն ունեն ինչպես ընդհանրություններ, այնպես էլ սկզբունքային տարբերություններ։ Փորձենք համառոտ ներկայացնել այդ նմանությունները և տարբերությունները։
Սինթետիկ` քաղաքակրթական կամ ազգային բաղադրիչներով գաղափարախոսություններ և տնտեսական համակարգեր. Առաջին ՍՊ-ն տրամագծորեն հակադիր, ունիվերսալ կոչվելու հավակնություններ ունեցող, երկու տնտեսական-գաղափարախոսական մոդելների` «ազատական ժողովրդավարական» և «կոմունիստական-տոտալիտար», հակամարտություն էր։ Ներկայումս պատկերն այլ է։
Առաջին հայացքից կարող է թվալ, թե ԽՍՀՄ փլուզումից հետո գլոբալ հարթությունում գերակայում է ազատական տնտեսական մոդելը։ Սակայն այդ մոդելը միանգամայն այլ բովանդակություն և ձև է ստանում տարբեր քաղաքակրթական գոտիներում ու առանձին երկրներում1։ Նշենք նաև, որ ի տարբերություն նախկինի, այսօր համաշխարհային տնտեսական դերակատարների թվին են դասվում նաև վերազգային կորպորացիաները, որոնց կառուցվածքը և գործելաձևը հաճախ տոտալիտար բնույթ են կրում և որոնց սեփական շահերը երբեմն գերակայում են իրենց «գրանցման երկրի» ազգային շահերի նկատմամբ։
Նույնը կարելի է պնդել նաև գաղափարախոսական հայեցակարգերի մասին։ Աշխարհում կարծես թե իշխում է ժողովրդավարությունը. «մաքուր կոմունիզմին» հավատարիմ են մնացել թերևս միայն Հյուսիսային Կորեան և որոշակի մոտավորությամբ` Կուբան։ Այսօր անգամ «սոցիալիստական» Չինաստանը հրաժարվել է «դասակարգային պայքարի» և կոմունիստական գաղափարախոսության էությունը հանդիսացող այլ կարգախոսներից և կառուցում է «հարմոնիկ հասարակարգ», իսկ Արևելքի «թագավորական տներին» կից գործում են պառլամենտներ և ժողովրդավարական այլ ինստիտուտներ։ Միևնույն ժամանակ, «հաղթած ունիվերսալ ժողովրդավարական մոդելի» մասին խոսելը հիմնավորված չէ, քանի որ «ժողովրդավարություն» հասկացությունը տարբեր քաղաքակրթական գոտիներում և երկրներում ընկալվում ու կիրառվում է հաճախ միանգամայն տարբեր ձևերով և բովանդակությամբ։ Այդ առումով հատկանշական է, որ անգամ «մաքուր», «ունիվերսալ» ժողովրդավարության և ազատականության գլխավոր ջատագովները` ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան, իրենց նախկին հակառակորդ կոմունիստական մոդելից փոխառել են որոշ տոտալիտար բաղադրիչներ և, ի լրումն, գաղափարախոսական ոլորտում ձեռք են բերել գերազգային` այսպես կոչված «ուլտրանացիոնալիստական» երանգներ։
Վերոնշյալ իրողությունները վկայում են այն մասին որ գլոբալ հարթությունում «ունիվերսալ և մաքուր» ազատական տնտեսական մոդելները և ժողովրդավարական գաղափարախոսական հայեցակարգերը, չնայած ՍՊ-ում տարած հաղթանակին, չեն գերակայում։ Դրանց փոխարեն գործում են այդ մոդելների մոդիֆիկացված, որոշակի առումներով` սինթետիկ, քաղաքակրթական և ազգային արժեքներ արտահայտող գաղափարախոսություններ2 ու տնտեսական մոտեցումներ։ Արդյունքում՝ այսօր աշխարհում գործող գաղափարախոսական և տնտեսական համակարգերն ունեն և՛ ընդհանրություններ, և՛ սկզբունքային հակասություններ։ Այդ քաղաքակրթական և ազգային բնույթի հակասությունների համախումբը թելադրում է արդի միջազգային հարաբերությունների «սառըպատերազմյան» տրամաբանությունը։
«Զսպման քաղաքականություն-2». Ինչպես հայտնի է, ամերիկյան քաղաքականությունը Առաջին ՍՊ-ի տարիներին առաջնորդվում էր «զսպման ռազմավարության» հայեցակարգով3։ Նման ռազմավարությունն արդարացված էր և ուներ օբյեկտիվ հիմնավորումներ։ Երկրորդ համաշխարհայինում ԽՍՀՄ-ը բացարձակ ռազմական հաղթանակ էր նվաճել։ Արդյունքում՝ ստեղծվել էր տարածքային առումով նախադեպը չունեցող «կոմունիստական կայսրություն», որի սահմանները ձգվում էին Պեկինից մինչև Բեռլին։ Այդ կայսրությունը զինված էր հարձակողական գաղափարախոսությամբ, ուներ պատերազմում թրծված հսկայական զինված ուժեր, որպես ֆաշիզմին հաղթած երկիր ուներ բարձր միջազգային հեղինակություն և չնայած պատերազմում կրած մարդկային ու նյութական մեծ կորուստներին` արագորեն վերականգնում էր իր տնտեսությունը։ Միևնույն ժամանակ, ԽՍՀՄ քաղաքական ղեկավարությունը բավարարված չէր պատերազմի արդյունքներից. համարվում էր, որ աշխարհաքաղաքական ձեռքբերումները հատկապես արևմտյան և հարավային ուղղություններով կարող էին և ավելի մեծ լինել։
Վերոնշյալի համատեքստում միացյալ Արևմուտքը և նրա առաջատար Միացյալ Նահանգները, բնականորեն, պետք է համախմբեին իրենց ռեսուրսները նման գերհզոր տերության էքսպանսիան զսպելու նպատակով։ Նման ռազմավարություն վարելու համար որպես հիմնական ռազմական գործիք կիրառվեց միջուկային զենքը։ Վերջինիս մենատիրական տիրապետումը ԱՄՆ-ի կողմից ՍՊ-ի առաջին փուլում միակ արգելանքն էր, որը զսպեց ԽՍՀՄ հավակնությունները, օրինակ, Իրանի և Թուրքիայի նկատմամբ։ Հետագայում հավասարակշռությունը միջուկային սպառազինության ոլորտում գործնականում բացառեց ԱՄՆ-ԽՍՀՄ անմիջական առճակատումը։
Ներկայումս պատկերը տրամագծորեն փոխվել է։ Որպես հարձակողական, ռազմական բացարձակ գերակայություն ունեցող տերություն հանդես է գալիս ԱՄՆ-ը։ Այդ գերտերության քաղաքական ղեկավարությունը նույնպես չբավարարվեց Առաջին ՍՊ-ում տարած իր բացարձակ հաղթանակով, որի արդյունքում գլոբալ հարթությունում հաստատվեց Միացյալ Նահանգների քաղաքական առաջատարությունը։ 2001թ. սեպտեմբերի 11-ին սկսված «հակաահաբեկչական պատերազմը» և դրա բաղադրիչները՝ տարաբնույթ «սև ցուցակներ» և «չարի առանցքներ» հրապարակելը, Աֆղանստանի և Իրաքի դեմ իրագործած հարձակումները հավակնում էին գլոբալ մակարդակով վերահսկողություն հաստատել հումքային և մարդկային ռեսուրսների վրա։ Ներկայումս այլ քաղաքական դերակատարների ջանքերն ուղղված են «զսպելու» այդ գերտերության հավակնությունները և պահպանելու սեփական ինքնիշխանությունը, այսինքն՝ «զսպման քաղաքականությունը» այսօր վարվում է ԱՄՆ-ի դեմ։ Կարելի է ամրագրել, որ ԱՄՆ-ի դեմ մղվող արդի Սառը պատերազմը, փաստորեն, պայքար է քաղաքակրթական կամ ազգային ինքնիշխանության համար։
Հատկանշական է, որ ինչպես և նախկինում, այսօր էլ միջուկային զենքը «զսպման» գլխավոր գործիքներից մեկն է։ Համաձայն փորձագիտական հանրության մոտեցումների՝ դեռևս ոչ վաղ անցյալում` իննսունական թվականներին, Ռուսաստանի միջուկային ներուժը միակ գործոնն էր, որը պահպանեց այդ տերության ինքնիշխանությունը։ Այս կամ այն չափով նույն իմաստն ունեն Իրանի, Հյուսիսային Կորեայի (վերջինիս պարագայում` խեղաթյուրված տեսքով) և նրանց օրինակին հետևել փորձող այլ երկրների (որոնց թիվն անընդհատ մեծանում է) միջուկային ծրագրերը։
Միևնույն ժամանակ, «միջուկային զսպման» ռազմավարությունը (որի գլխավոր տեսաբաններից է եղել Հենրի Քիսինջերը) նույն Իրանի կամ Հյուսիսային Կորեայի պարագայում, գոնե առայժմ, այն «սիմետրիկ զսպման» մեխանիզմը չէ, որը գոյություն ուներ ԱՄՆ-ԽՍՀՄ սպառազինությունների մրցավազքի դարաշրջանում4։ Այդ փուլում ենթադրվում էր, որ միջուկային հարվածի արդյունքում կողմերը ջախջախիչ հարվածներ և անվերականգնելի կորուստներ են հասցնելու միմյանց։ Ներկայումս միջուկային երկրների մոտեցումներն ավելի շուտ կրում են ասիմետրիկ բնույթ և հանգում են «մասնակի հատուցման» հարվածին, որի հետևանքով կարող են խոշոր կորուստներ կրել ԱՄՆ ռազմական բազաները կամ դաշնակիցները, իսկ որոշ պարագաներում` ուղղակի շրջակա միջավայրը։
1 Տե՛ս, օրինակ, Стивен Роузфилд, «Сравнительная экономика стран мира», РОССПЕН, Москва, 2004.
2 Այս համատեքստում ուշադրության արժանի է վերջերս Ռուսաստանում տարածում գտած «ինքնիշխան ժողովրդավարության» վերաբերյալ գաղափարախոսական թեզը։
3 Նկատենք, այդ քաղաքականությունը բնորոշ էր ԱՄՆ-ԽՍՀՄ հարաբերությունների առաջին փուլին. 70-ականներից ռազմավարական նախաձեռնությանը տիրապետում էին արդեն ամերիկացիները, և «զսպման քաղաքականություն» եզրն այդուհետ ավելի շուտ քարոզչական բնույթ էր կրում։
4 Առաջին ՍՊ-ի ընթացքում, հատկապես Մոսկվայի կողմից, երբեմն նույնպես հնչեցվում էր ԱՄՆ սպառնալիքներին «ասիմետրիկ» պատասխան տալու պատրաստակամությունը։ Սակայն այդ «ասիմետրիան» տեխնիկական իմաստ ուներ և չէր խախտում «սպառազինությունների մրցավազքի» «սիմետրիկ» զարգացումը։
Հավելված
«Սառը պատերազմ» բառակապակցության եզրաբանության վերաբերյալ
«Սառը պատերազմ» բառակապակցության ծագման վերաբերյալ հետազոտողների մեկնությունները երբեմն տարբեր են։ Նախկինում գրեթե բոլոր աղբյուրներում մատնանշվում էր, որ ՍՊ արտահայտությունն առաջին անգամ օգտագործել է ամերիկյան ձեռնարկատեր և քաղաքական գործիչ Բեռնարդ Բարուխը 1947թ. Սենատում ունեցած իր ելույթում։ Սակայն վերջերս ԱՄՆ Պետդեպարտամենտը սպասարկող կայքում (Washington ProFile, #89(720), 29.10.2006) զետեղված տեղեկության համաձայն, այդ եզրի հեղինակությունը տրվում է անգլիացի հանրահայտ գրող և հրապարակախոս Ջորջ Օրուելլին, որն օգտագործել էր այդ բառակապակցությունը դեռևս 1945թ. հոկտեմբերի 19-ի «Tribune»-ում հրապարակած իր էսսեում, որից հետո այն մտել է տեղեկատվական շրջանառության մեջ։
ՍՊ-ի դարաշրջանը բնորոշող այլ արտահայտությունների արմատները տանում են դեպի Ուինսթոն Չերչիլի Ֆուլտոնում (ԱՄՆ) 1946թ. մարտի 5-ին արտասանած հայտնի ճառը, երբ նա շրջանառության մեջ դրեց «երկաթե վարագույր» բառակապակցությունը։ Այս առիթով նկատենք, որ անհամեմատ ավելի նվազ տեղեկատվական տարածում գտան այդ ճառում Չերչիլի խոսքերն այն մասին, թե` «անգլերեն խոսող» եղբայրական ժողովուրդները պետք է միավորվեն բռնապետության դեմ պայքարելու նպատակով, ինչը փաստորեն «էթնոկրատիկ» մոտեցում էր ծագած խնդիրների նկատմամբ։
ՍՊ-ի ընթացքում ԽՍՀՄ-ի դեմ ԱՄՆ ռազմավարությունը բնորոշող «զսպման քաղաքականություն» եզրի հեղինակն է Մոսկվայում ամերիկյան դեսպանատան աշխատակից Ջորջ Քենանը, որը 1946թ. Վաշինգտոն ուղղված իր զեկույցներում (դրանք ստացան «երկար հեռագիր» անվանումը) շարադրել էր «խորհրդային էքսպանսիայի» վերաբերյալ իր պատկերացումները (հատկանշական է, որ Ջ.Քենանը 1947-ին «Foreign Affairs» հանդեսում զետեղված իր հոդվածում կանխատեսել էր կոմունիստական համակարգի անկումը)։
Վերոնշյալ եզրերը, անշուշտ, ընդամենը սահմանումներ էին, որոնք այս կամ այն ճշտությամբ (ՍՊ եզրից ձևականորեն դուրս են գտնվում, օրինակ, Կորեական, Վիետնամական և Աֆղանական պատերազմները, որոնցում կողմերն ավելի քան «տաք» պայքար էին մղում միմյանց դեմ) արտահայտում էին «կապիտալիստական» և «սոցիալիստական» «ճամբարների» առճակատումը Երկրորդ համաշխարհայինից հետո։ Միևնույն ժամանակ, «սառըպատերազմյան» եզրաբանությունը բնութագրում է այն տեղեկատվական-հոգեբանական միջավայրը, որում գրեթե կես դար գործում էին մրցակցող կողմերը։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԴԵՆ ՍՅԱՈՊԻՆ ԵՎ «ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆ»[27.12.2018]
- ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԽՆԴԻՐԸ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ[10.12.2018]
- ՄՈՍԿՎԱ-ԵՐԵՎԱՆ ՏԵՍԱԿԱՄՈՒՐՋ՝ «ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՄԱՐԱԹՈՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՏԱՊ ՀԱՐՑԵՐԸ»[27.11.2018]
- «ԳԱՂՈՒԹՆԵՐ», «ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ[20.11.2018]
- ԱՊԱԳԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵԼՈՒ ԽՆԴԻՐԸ[08.10.2018]
- «ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ԱԴԵԿՎԱՏ ԸՆԿԱԼԵԼՈՒ ՀՐԱՏԱՊՈՒԹՅՈՒՆԸ[06.08.2018]
- ՀՈԳԵՎՈՐ-ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ ԵՎ ԴԱՇՆԱԿՑԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԸ ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ[23.07.2018]
- «ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ԱԴԵԿՎԱՏ ԸՆԿԱԼՈՒՄԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ[09.07.2018]
- «ՉԻՆԱԿԱՆ ՇԱԽՄԱՏ»[23.05.2018]
- ՖՐԱԳՄԵՆՏԱՑՎԱԾ ԿԱՄ «ՄԻՆՉՎԵՍՏՖԱԼՅԱՆ» ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ[28.03.2018]
- ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «ԿԱՌԱՎԱՐԵԼԻ ՔԱՈՍԸ» ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ԿՐՈՆԱԿԱՆ ԵՐԱՆԳԱՎՈՐՈՒՄԸ ՓՈԽՈՒՄ Է ԷԹՆԻԿԱԿԱՆԻ[22.01.2018]