ԱՄՆ պաշտպանության նոր նախարարը և իրանական հիմնահարցը

Դոնալդ Ռամսֆելդի հեռացումը ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնից որոշակի փոփոխություններ կարող է մտցնել Իրան-ԱՄՆ հարաբերություններում։ Փաստորեն, ԱՄՆ ներկայիս վարչակազմից հեռացվեց մի անձնավորություն, որը բավական կոշտ վերաբերմունք ուներ Իրանի և նրա ներկայիս վարչակազմի նկատմամբ ու չնայած միշտ խուսափում էր կոշտ հայտարարություններից, այնուամենայնիվ, իրավացիորեն համարվում էր Իրանի դեմ պատերազմի կողմնակից։
Կենտրոնական հետախուզական վարչության նախկին ղեկավար Ռոբերտ Գեյթսի նշանակումը ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնում մատնանշում է, առնվազն Իրանի հետ հարաբերությունների կտրվածքով, ԱՄՆ բարձր մակարդակով նոր քաղաքական գծի ձևավորման մասին։
Ռոբերտ Գեյթսը և իրանական հիմնախնդիրը
Ռոբերտ Գեյթսը և Զբիգնև Բժեզինսկին իրենց «նոր մոտեցումը» ԱՄՆ-Իրան հարաբերությունների հիմնահարցին շարադրել են 2004թ. «Իրան. նոր մոտեցման ժամանակ» (Iran. Time for a New Approach) հետազոտության մեջ՝ պատրաստված Արտաքին հարաբերությունների խորհրդի (Council on Foreign Relations) հովանավորությամբ։
Գեյթսի, այսպես կոչված, «իրատեսական» մոտեցումն իրանական հիմնախնդրին միայն որոշակի վերապահումներով կարելի է անվանել «նոր»։ Այս քաղաքականության ակունքները գնում են դեռ 1998թ., երբ Բիլ Քլինթոնի դեմոկրատական վարչակազմի պետական քարտուղար Մադլեն Օլբրայթը հանդես եկավ Իրանի հետ հարաբերությունների կարգավորման հնարավորության մասին հայտարարությամբ։
Միևնույն ժամանակ, Բժեզինսկի-Գեյթս մոտեցումը, ի տարբերություն 1998թ. ամերիկյան հայտարարությունների, բավական համակարգված և հիմնավորված քաղաքական ռազմավարության տեսք է ստացել։ Սրա պատճառը, թերևս, այն է, որ ի տարբերություն 1998թ. Իրանն այլևս Աֆղանստանով և սադամյան Իրաքով սեղմված պետություն չէ, այլ վերածվել է տարածաշրջանային հզոր ուժի կենտրոնի, առանց որի մասնակցության հնարավոր չէ լուծել որևէ կարևոր քաղաքական հիմնախնդիր։
«Իրան. նոր մոտեցման ժամանակ» հետազոտության հիմնական գաղափարներ կարելի է համարել.
- Իրան-ԱՄՆ երկխոսության հաստատումը չպետք է սպասի բացարձակ ներդաշնակության հաստատման երկու պետությունների կառավարությունների միջև՝ «պատմության ընթացքում ԱՄՆ-ը ունեցել է նորմալ և կառուցողական հարաբերություններ այն պետությունների հետ, որոնց քաղաքականությունը և փիլիսոփայությունը (հեղինակները նկատի ունեն գաղափարախոսությունը- Ս.Ս.) չեն համընկել ամերիկյանի հետ»։
- ԱՄՆ-Իրան հարաբերությունները չեն կարող կարգավորվել, մինչև Իրանը հաշվի չնստի ամերիկյան մոտեցումների և շահերի հետ, այն է՝ հրաժարվել միջուկային զենքի ստեղծման ցանկություններից և դադարեցնել աջակցությունն ահաբեկչական կազմակերպություններին։ Միևնույն ժամանակ, սա «չի կարող նախապայման լինել երկխոսություններ սկսելու համար»1։
- Գործ ունենալով Իրանի հետ՝ Վաշինգտոնը պետք է հրաժարվի վարչակարգի փոփոխման քաղաքականությունից, քանի որ այն օգտակար չէ և ավելի է բարդացնում հարաբերությունները։
- ԱՄՆ-ը պետք է շարունակի կանխարգելիչ քաղաքականություն վարել Իրանի միջուկային պետության չվերածման ուղղությամբ։ Հետազոտության հեղինակների կարծիքով՝ Իրանին կարելի է համոզել չստեղծել միջուկային զենք հիմնականում մեկ ճանապարհով. ապացուցել, որ ԱՄՆ-ը չի սպառնում նրա ազգային շահերին։ Իրանի միջուկային ծրագրի հիմնախնդիրը պետք է լուծել խաղաղ ճանապարհով։ Հետաքրքրական է հետևյալ գաղափարը. «Հաշվի առնելով այն, որ Վաշինգտոնն ամեն դեպքում մեղավոր կճանաչվի, եթե անգամ Իսրայելը միակողմանի հարվածներ հասցնի Իրանին, պետք է Իսրայելին պարզ հասկացնել, որ այդպիսի քայլը կարող է ուղղակիորեն հարվածել ԱՄՆ շահերին»։
- Իրանին պետք է ներքաշել ներիրաքյան և ներաֆղանական կարգավորման գործընթացների մեջ։
Հարկ է նշել, որ Գեյթսի տեսակետը Իրանի հետ հարաբերությունների կարգավորման անհրաժեշտության մասին քիչ փոփոխվեց անգամ այն բանից հետո, երբ Իրանում նախագահական ընտրություններում հաղթանակ տարավ Մահմուդ Ահմադինեժադը, որը և շուտով աչքի ընկավ մի շարք հակաամերիկյան և հակաիսրայելական հայտարարություններով։ Հակառակը, «նոր մոտեցման» կողմնակիցները սկսեցին ԱՄՆ-ին անուղղակիորեն մեղադրել Իրանում ծայրահեղականների հաղթանակի մեջ, քանի որ ԱՄՆ հարձակվողական և հակաիրանական հայտարարություններն ավելի են արմատականացնում իրանական ներքաղաքական գործընթացը։
2005թ. ընթացքում Գեյթսը և Բժեզինսկին հանդես եկան առաջարկություններով, որպեսզի ԱՄՆ-ը ընդգրկվի Իրան-«եվրաեռյակ» բանակցային գործընթացի մեջ և միևնույն ժամանակ Իրանի համար տնտեսական տեսակետից որոշակի ձեռնտու քայլեր ձեռնարկի։ Ինչպես հայտնի է, 2006-ի ամռանից ԱՄՆ-ը ուղղակիորեն ներգրավվեց Իրանի հետ բանակցությունների մեջ, իսկ հոկտեմբերին ԱՄՆ-ը վերջապես կատարեց Իրանի երկարամյա պահանջը՝ վերսկսել ինքնաթիռների մասերի վաճառքը իրանական ավիաընկերություններին։
Այս առումով կարելի է նշել, որ ԱՄՆ քաղաքական ընտրանում, մանավանդ Ռոբերտ Գեյթսի պաշտպանության նախարար նշանակվելուց հետո, ուժեղացել են Իրանի հետ հարաբերությունների կարգավորման կողմնակիցների դիրքերը։
Սակայն կարելի՞ է, արդյոք, եզրակացնել, որ Գեյթսի նշանակումը ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնում կարող է հիմք հանդիսանալ Իրան-ԱՄՆ հարաբերությունների կարգավորման համար2։
Իրան - 2004 և Իրան - 2006
2004թ., երբ պատրաստվել էր ներկայիս ԱՄՆ պաշտպանության նախարարի զեկույցը Իրանի մասին, իսլամական հանրապետությունը գտնվում էր որակապես այլ իրավիճակում, քան ներկայումս։ Այդ իրավիճակի բաղադրիչներն էին.
- ԱՄՆ որոշակի հաջողությունները Իրաքում և դրանից բխող՝ Իրանի վրա հնարավոր հարձակման հեռանկարները,
- Իրանի ներքաղաքական դաշտում «բարեփոխիչների» դեռևս ամուր դիրքերը։
Այս պարագաներում իրանական ղեկավարությունը, հավանաբար, պատրաստակամորեն կգնար ԱՄՆ-ի հետ երկխոսության, ինչպես, օրինակ, արվեց ԵՄ «եռյակի» հետ միջուկային հիմնախնդրի հարցում։
2006թ. իրավիճակը միանգամայն այլ է։ Իրանական քաղաքական դաշտում գերակայում են «պահպանողականները», իրաքյան կառավարությունը հիմնականում բաղկացած է իրանամետ շիական քաղաքական ուժերի ներկայացուցիչներից3։ Ինչ վերաբերում է Իրանի վրա հարձակմանը, ապա դրա հնարավորությունը բավական նվազել է, ինչը Թեհրանին թույլ է տալիս ավելի ազատ և անվարան աշխատել միջուկային զենքի ստեղծման ուղղությամբ։ Միևնույն ժամանակ, ներկայումս իրանական իշխանական բուրգի վերևում գտնվող պահպանողականներն իրանա-ամերիկյան հարաբերությունների կարգավորմանն ունեն ոչ միանշանակ մոտեցում, քանի որ այդ հարաբերություններից է նաև կախված իրանական ներքաղաքական գործընթացների այս կամ այն ուղղությունը։ ԱՄՆ-ի հետ հակամարտությունը կարելի է համարել իրանական ծայրահեղականների իշխանության ղեկին գտնվելու հիմնական լեգիտիմացնող գործոններից։
Այսօր արդեն պարզ է, որ իրանական նախապայմանները ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կարգավորման համար բոլորովին այլ են լինելու։
Սա բավական բարդացնելու է ԱՄՆ քաղաքական դաշտում Իրանի հետ հարաբերությունների վերականգնման կողմնակիցների վիճակը, և սա վերաբերում է նաև ԱՄՆ նորանշանակ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսին։ Նրա «նոր մոտեցման» քաղաքականության տապալումը մեծ հարված կհասցնի «իրանամետների» դիրքերին՝ ամրապնդելով Իրանի դեմ ռազմական ուժ կիրառելու կողմնակիցների տեսակետը թե՛ նեոպահպանողականների և թե՛ դեմոկրատների ճամբարում։
1 Այս մոտեցումը կտրականապես տարբերվում է ներկայիս վարչակազմի մոտեցումներից, որոնք միջուկային հիմնախնդրի լուծումը համարում են անհրաժեշտ հիմք երկխոսության սկսման համար։
2 Գեյթս-Բժեզինսկու զեկույցում նշվում է, որ Իրանը դժվար թե դառնա ԱՄՆ դաշնակիցը, ինչպես եղել է մինչև 1979 թվականը։ «Հարաբերությունների կարգավորում» հասկացությունը հիմնականում մատնանշում է թշնամանքի վերացում, միջպետական երկխոսության վերահաստատում և տնտեսական համագործակցություն։ Այս մոտեցումը պայմանականորեն կարելի է անվանել իրանա-ամերիկյան հարաբերությունների «սաուդականացում»։
3 Օրերս Արտաքին հարաբերությունների խորհրդի փակ նիստում քննարկվել է Իրանի հետ ԱՄՆ բանակցությունների հարցը։ Քննարկմանը մասնակցել է Իրաքում ԱՄՆ դեսպան Զալմայ Խալիլզադը, որն ասել է, թե Բուշի հանձնարարականով վերջին մեկ տարվա ընթացքում աշխատել է կազմակերպել իրանա-ամերիկյան միջպետական գաղտնի բանակցություններ՝ նվիրված Իրաքի հիմնախնդրի կարգավորմանը (հիմնական հարցերից է եղել նաև Իրաքի բաժանումը շիական, սուննիական և քրդական մասերի. այս ծրագրի հիմնական հեղինակն ու լոբբիստն է ԱՄՆ նախկին պետքարտուղար, «հին պահպանողական» Ջեյմս Բեյքերը, որի ազդեցությունը հանրապետական կուսակցությունում վերջին մեկ տարվա ընթացքում զգալիորեն աճել է)։
Սակայն, ըստ Խալիլզադի, նա ստիպված է եղել դադարեցնել աշխատանքն իրանցիների հետ, քանի որ նրան զանգահարել և ԱՄՆ նախագահի անունից այդ մասին ասել է Ազգային անվտանգության գծով խորհրդական Սթեֆըն Հեդլին։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄԸ, ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ, ԳԻՏԵԼԻՔԸ, ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԸ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ. ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՓՈՐՁԸ[20.04.2015]
- ԻՐԱՆՆ ԱՐԴԵՆ ՇԱՀԵԼ Է ԱՄՆ-Ի ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ[15.04.2015]
- ԻՐԱՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ. «ՍԱՌԵՑՄԱՆ» ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ[02.02.2015]
- ՆՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ[26.05.2014]
- ԻՐԱՆ – ՀԱՅԱՍՏԱՆ ՏԱՐԱՆՑԻԿ ԳԱԶԱՄՈՒՂ (ԴԻՍԿՈՒՐՍԻ ՆԵՆԳԱՓՈԽՈՒՄ)[17.03.2014]
- ԻՐԱՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ[06.02.2014]
- «ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԿՀ ՓՈԽՏՆՕՐԵՆ ՍԵՎԱԿ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԸ` ԱՐՄՆՅՈՒԶ ԼՐԱՏՎԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԻ «ԲԱՆԱՁԵՎ» ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՀՅՈՒՐ [23.12.2013]
- ԷԺԱՆ ԻՐԱՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՄԻՖԵՐԸ[18.12.2013]
- Ս. ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ. ՌՈՒՍԱԿԱՆ ԷԺԱՆ ԳԱԶ ՆԵՐԿՐԵԼՈՒՆ ԵՎ ՀԱԷԿ-Ի ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆԸ ԶՈՒԳԱՀԵՌ ՊԵՏՔ Է ՄՏԱԾԵԼ ԱՅԼԸՆՏՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ[09.12.2013]
- ՍԵՎԱԿ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀ ԿԱ ՄԻԱՅՆ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ[09.12.2013]
- ՄՄ–ԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԿԱՐՈՂԱՆԱ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՑԱԾՐ ՍԱԿԱԳՆԵՐ ԱՊԱՀՈՎԵԼ. ՓՈՐՁԱԳԵՏ[12.09.2013]