ՆԱՏՕ -ի Ռիգայի գագաթաժողովը (իրավիճակային վերլուծություն)

Թեև 2006թ. նոյեմբերի 28-29-ը Լատվիայի մայրաքաղաքում կայացած ՆԱՏՕ-ի 22-րդ գագաթաժողովի արդյունքում որևէ երկիր պաշտոնապես չհրավիրվեց անդամակցելու Հյուսիսատլանտյան դաշինքին1, սակայն Ռիգայի գագաթաժողովը հստակեցրեց ՆԱՏՕ-ի հետագա գործունեության երկու կարևոր բաղկացուցիչ.
- վերջնականապես ամրագրվեց այն միտքը, որ առաջիկայում ՆԱՏՕ-ն ստանձնելու է գլոբալ մասշտաբի առաքելություններ, և այդ առումով արդեն իսկ ստեղծված օպերացիոնալ հնարավորություններին զուգահեռ հիմնվում են նոր ռեսուրսներ ու մեխանիզմներ,
- աշխարհագրական ընդլայնման տեսանկյունից՝ միջնաժամկետ հեռանկարում ՆԱՏՕ-ի համար առաջնային նշանակություն է ստանում Հարավային Կովկաս-Կենտրոնական Ասիա հատվածը։
ՆԱՏՕ-ի ձևափոխումը
Համաձայն Ռիգայի գագաթաժողովում ընդունված «Համապարփակ քաղաքական ուղեցույցի»2՝ ներկայումս ՆԱՏՕ-ի անդամ երկրների նկատմամբ լայնածավալ կոնվենցիոնալ հարձակման հնարավորությունը չափազանց փոքր է, փոխարենը («ինչպես ցույց են տալիս 2001թ. ԱՄՆ նկատմամբ իրականացված հարձակումները») ապագա հարձակումները նախ և առաջ կրելու են ոչ կոնվենցիոնալ, ասիմետրիկ բնույթ և կարող են կազմակերպվել եվրաատլանտյան արեայից դուրս։
Վերոհիշյալ հետևությունն է ընկած ՆԱՏՕ-ի ձևափոխման հիմքում։ Եթե նախկինում Հյուսիսատլանտյան դաշինքը կոնկրետացնում էր իր գործունեության աշխարհագրական ոլորտը (Եվրոպա, Հյուսիսային Ամերիկա), ելնելով այդ թվում սպառնալիքի բնույթից3, ապա նոր մոտեցման հիմքում (հաշվի առնելով նաև տարածաշրջանային ճգնաժամերի ու հակամարտությունների հետևանքները, «չկայացած» երկրներից բխող անկայունությունը և կենսական նշանակության ռեսուրսների մատակարարման դադարեցման հավանականությունը), որպես գործունեության դաշտ է ներկայացվում ողջ աշխարհը։
Որպես ձևափոխման ռազմական բաղկացուցիչ ՆԱՏՕ-ում ընթանում է անդամ երկրների զինված ուժերի համակարգային փոփոխություն՝ շեշտը դնելով արշավային (էքսպեդիցիոն) տիպի գործողությունների վրա։ Խնդիր է դրված ՆԱՏՕ-ի երկրների ցամաքային ուժերի առնվազն 40%-ը նախապատրաստել արշավային գործողությունների իրականացմանը, իսկ 8%-ը՝ ցանկացած ժամանակ երկարատև ռազմական գործողությունների վարմանը։ Մինչդեռ, ըստ որոշ փորձագիտական գնահատականների, այսօր ՆԱՏՕ-ի անդամ երկրների մեծ մասի զինված ուժերի զգալի հատվածը դեռևս հարմարեցված է Եվրոպայում լայնածավալ (ավանդական) ռազմական գործողությունների վարմանը։
Անցած վեց տարիներին ՆԱՏՕ-ի նոր՝ ձևափոխման հրամանատարության և զանգվածային ոչնչացման զենքեր (ԶՈԶ) ունեցող հակառակորդների դեմ հատուկ գումարտակի կազմավորումից զատ, արդեն Ռիգայի գագաթաժողովում հայտարարվեց Արագ արձագանքման 25 հազարանոց զորամիավորման (NATO Response Forse) ստեղծման մասին, որն արդեն 2007թ. հունվարի 1-ից պատրաստ կլինի կատարել իր առջև դրված առաջադրանքները։ Նախատեսվում է, որ զորամիավորումը կօգտագործվի աշխարհի տարաբնույթ «թեժ կետերում»՝ կայունության վերահաստատման համար։ Զորամիավորման համար ուժեր են առանձնացրել ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Գերմանիան, Իսպանիան և Թուրքիան։
Գագաթաժողովի ընթացքում մեկնարկեցին ևս երկու ծրագրեր՝ ՆԱՏՕ-ի Հատուկ գործողությունների ուժերի նախաձեռնությունը (NATO Special Operations Forces Initiative), որը, փաստորեն, միտված է ընդլայնելու վերոհիշյալ 25 հազարանոց զորամիավորման հնարավորությունները, և Ռազմավարական օդափոխադրումների նախաձեռնությունը (Strategic Airlift Initiative)։ Վերջինիս շրջանակներում նախատեսվում է, որ ՆԱՏՕ-ի անդամ 15 երկիր և Շվեդիան պետք է համախումբ կազմավորեն հեռահար փոխադրումներ իրականացնող հատուկ ուժեր՝ այդ նպատակով ձեռք բերելով ամերիկյան C-17 տրանսպորտային առայժմ երեք ինքնաթիռ4։
Որպես Հյուսիսատլանտյան դաշինքի ձևափոխման քաղաքական բաղկացուցիչ պետք է դիտարկել գագաթաժողովում Գլոբալ համագործակացության Ռիգայի նախաձեռնության (Riga Global Partnership Initiative) մեկնարկի մասին հայտարարությունը։ Ծրագրվում է այդ նախաձեռնության շրջանակներում խորացնել Ավստրալիայի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Շվեդիայի ու Ֆինլանդիայի հետ ՆԱՏՕ-ի ունեցած հարաբերությունները՝ անցնելով համատեղ զորավարժությունների, թրեյնինգների և պաշտպանական պլանավորումների իրականացմանը։ Ռիգայում նաև հայտարարվեց Թրեյնինգի ոլորտում համագործակցության ՆԱՏՕ-ի նախաձեռնության (NATO Training Coopperation Initiative) մասին։ Այն ուղղված է մերձավորարևելյան երկրներին, և այդ երկրների զինված ուժերի հետ ՆԱՏՕ-ի մասնագետները պետք է անցկացնեն հակաահաբեկչական, ԶՈԶ տարածման դեմ պայքարի և կայունության հաստատման թրեյնինգներ։
Հակասություններ ՆԱՏՕ-ում
Ռիգայի գագաթաժողովի ընթացքում դաշինքի ներսում ի հայտ եկած հակասությունները հիմնականում կարելի է բաժանել երեք մասի.
- աֆղանական կամպանիա՝ Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան և Իսպանիան չեն ցանկանում իրենց զորքերը Աֆղանստանի հյուսիսային մասից տեղաշարժել հարավ՝ թալիբների դեմ ընթացող ռազմական գործողություններին մասնակցելու համար. մարտերին մասնակցում են գերազանցապես ամերիկյան, բրիտանական, կանադական և նիդեռլանդական զորամիավորումները,
- առնվազն Ֆրանսիան ու Գերմանիան դեմ են ՆԱՏՕ-ին Վրաստանի առաջիկա անդամակցությանը, ինչին սատարում են ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ում նրա դիրքորոշմանը մոտ կանգնած երկրները (նախ և առաջ՝ Մեծ Բրիտանիան, Լեհաստանը, Էստոնիան, Լատվիան և Լիտվան),
- Ֆրանսիան վերապահումով է մոտենում էներգետիկ անվտանգության ապահովման խնդիրը ՆԱՏՕ-ի գործունեության գերակայություն դարձնելու՝ առաջին հերթին ԱՄՆ-ի ու Լեհաստանի ձգտմանը։
Ռուսական ուղղությունը
ՆԱՏՕ-ի համար ռուսական ուղղությունը վերստին դառնում է գերակա։ Գագաթաժողովում անդամ երկրների մի մասի կողմից Մոսկվայի հանդեպ որդեգրած վերջին տարիների համար աննախադեպ բացասական դիրքորոշումը կարելի է բացատրել երկու հանգամանքով.
- կապված էներգետիկ անվտանգության հետ՝ Ռուսաստանն առնվազն ընկալվում է որպես մարտահրավեր,
- Ռուսաստանի նկատմամբ որդեգրած բացասական դիրքորոշումը պետք է դիտարկել վերջին շաբաթներին այդ երկրի ուղղությամբ տարվող դիվանագիտական-տեղեկատվական ճնշման համատեքստում։
Էներգետիկ աղբյուրների և էներգետիկ հոսքերի անխափան գործունեության անվտանգության ապահովումն աստիճանաբար դառնում է ՆԱՏՕ-ի առաջնային նպատակներից մեկը։
Թեև այդ առումով հայեցակարգային մշակումները դեռ ավարտված չեն, և հարցի առնչությամբ ՆԱՏՕ-ի ներսում կան որոշակի հակասություններ, սակայն արդեն իսկ բանակցությունների սեղանին են դրված մի քանի դրույթներ։ Վերջիններս տեղ էին գտել ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռիչարդ Լուգարի զեկույցում, որը նա ներկայացրեց մինչև գագաթաժողովը՝ նոյեմբերի 27-ին, Ռիգայում.
- առաջիկա տասնամյակներում եվրոպական թատերաբեմում ռազմական բախման ամենից հավանական պատճառ են հանդիսանալու էներգետիկ պակասորդը և մանիպուլյացիաներն այդ ոլորտում,
- հաշվի առնելով զարգացող մեծ երկրների (Չինաստան, Հնդկաստան) էներգետիկ կարիքների աճը՝ Արևմուտքում էներգետիկ անվտանգության հարցը ձեռք է բերում լրացուցիչ նշանակություն,
- սեփական էներգետիկ կարիքները հոգալու համար ՆԱՏՕ-ի անդամ երկրները տարեկան մի քանի հարյուր միլիարդ դոլար են փոխանցում աշխարհի ավտորիտար վարչակարգերին, որոնք այդ միջոցներն օգտագործում են տեղի ժողովրդավարական շարժումների դեմ և ապահովագրվում միջազգային ճնշումներից,
- վատագույն սցենարի համաձայն՝ այդ վարչակարգերը կօգտագործեն իրենց էներգետիկ կարողությունները՝ էներգիա ներմուծող երկրների նկատմամբ քաղաքական ճնշումներ բանեցնելու նպատակով,
- այդպիսի օրինակներ արդեն իսկ կան. Իրանը սպառնաց դադարեցնել սեփական նավթի առաքումը միջազգային շուկա, եթե իր նկատմամբ կիրառվեն պատժամիջոցներ՝ կապված սեփական միջուկային ծրագրի զարգացումների հետ, իսկ Ռուսաստանը դադարեցրեց բնական գազի մատակարարումը Ուկրաինային («ուկրաինական տնտեսությունը և ռազմական կարողությունը լրջորեն վնասվեցին՝ առանց անգամ մեկ կրակոցի, և նմանատիպ վտանգներն ու կորուստները [հավանականությունը] ՆԱՏՕ-ի անդամ որոշ երկրների պարագայում աճել են»),
- ՆԱՏՕ-ի գործունեության արդյունավետությունը ոչ այնքան հավանական ռազմական բախումներում հաղթելու կարողության, որքան այդ բախումները կանխարգելելու մեջ է,
- ՆԱՏՕ-ն պետք է հստակեցնի, թե ինչ քայլեր է ձեռնարկելու, եթե Լեհաստանը, Գերմանիան, Հունգարիան, Լատվիան կամ որևիցե այլ անդամ երկիր հայտնվի այն սպառնալիքի առջև, ինչ և Ուկրաինայի դեպքում էր, քանի որ էներգետիկ հարձակումների հետևանքով տուժում է տվյալ երկրի տնտեսությունը՝ հանգեցնելով մեծ կորուստների,
- դաշինքը պետք է ընդունի, որ իր անդամների նկատմամբ նման հարձակման դեպքում ուժի մեջ է մտնելու Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ հոդվածը, սակայն դա չի նշանակում, թե այդ պարագայում պետք է անպայման ռազմուժ կիրառվի, այլ ավելի շուտ նշանակում է, որ ՆԱՏՕ-ն պետք է նախապատրաստվի դիմագրավելու նման հարձակմանը և պատասխանի էներգիան որպես զենք օգտագործելու քայլերին։
2006թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներից սկսեց ի հայտ գալ ու աստիճանաբար ընդլայնվել Ռուսաստանի նկատմամբ Միացյալ Նահանգների ու եվրոպական ազդեցիկ երկրների գործադրած դիվանագիտական-տեղեկատվական ճնշումը5։ Ճնշման հիմնական տարրերն են.
- դիվանագիտական առումով. հոկտեմբերին Եվրամիությունը ճնշում բանեցրեց Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի վերջինս վավերացնի դեռևս 1991թ. ստորագրված Էներգետիկ խարտիան, ինչը հնարավորություն կտա Եվրամիությանը Ռուսաստանի գազամուղներով ազատորեն մուտք գործել գազի կենտրոնաասիական շուկա6, որպես հետևանք՝ առանց լուրջ արդյունքների ավարտվեց նոյեմբերի 24-ին Հելսինկիում կայացած ԵՄ-Ռուսաստան գագաթաժողովը, և վերջապես Ռիգայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ ռուսական թեման երևան եկավ վերջին տարիների համեմատ աննախադեպ բացասական ֆոնով,
- տեղեկատվական առումով Ռուսաստանի դեմ օգտագործվում են 2006թ. հոկտեմբերի 7-ին Մոսկվայում սպանված ռուս հայտնի լրագրող Աննա Պոլիտկովսկայայի, նոյեմբերի 24-ին Լոնդոնի հիվանդանոցներից մեկում պոլոնիում-210 նյութի թունավորումից մահկանացուն կնքած Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության նախկին աշխատակից Ալեքսանդր Լիտվինենկոյի և նույն օրը Դուբլինում առողջության կտրուկ վատթարացման պատճառով (հետագայում պարզվեց՝ նույնպես թունավորման արդյունքում) հիվանդանոց տեղափոխված Ռուսաստանի նախկին վարչապետ Եգոր Գայդարի «գործերը»7։
ՆԱՏՕ-Հարավային Կովկաս
Ռիգայի գագաթաժողովում արձանագրվեցին Հարավային Կովկասում Հյուսիսատլանտյան դաշինքի հետագա ներգրավման նպատակները։
Ռիգայի գագաթաժողովի հռչակագրի 43-րդ կետով ՆԱՏՕ-ն իր աջակցությունն է հայտնում Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տարածքային ամբողջականությանը, անկախությանը և ինքնիշխանությանը՝ միաժամանակ կոչ անելով առկա հակամարտությունները լուծել խաղաղ ճանապարհով։ Փաստորեն, առաջին անգամ հարավկովկասյան հարցերի նկատմամբ Հյուսիսատլանտյան դաշինքը որդեգրեց նման դիրքորոշում, ինչը բացակայում էր թե՛ 2002թ. Պրահայի և թե՛ 2004թ. Ստամբուլի գագաթաժողովների եզրափակիչ փաստաթղթերում։ Այդ հանգամանքը կարող է միայն վկայել տարածաշրջանում սեփական ազդեցությունը մեծացնելու ՆԱՏՕ-ում առկա ծրագրերի մասին։
Մյուս կողմից՝ հատուկ Վրաստանի կապակցությամբ հռչակագրում ընդգծվում է, թե դաշինքը պատրաստակամություն է հայտնում Թբիլիսիի հետ շարունակել Խորացված երկխոսությունը (Intensified Dialogue), որը ներառում է համագործակցության քաղաքական, ռազմական, ֆինանսական և անվտանգության կողմերը։
Հետևություններ
Ռիգայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովն ավելի շատ կենտրոնացավ դաշինքի ռազմական թևի ձևափոխման, քան նոր անդամների ներգրավման վրա։
Այդ հանգամանքը կարելի է բացատրել ինչպես նոր տիպի մարտահրավերների (էներգետիկ անվտանգություն) ի հայտ գալով, այնպես էլ դաշինքի ներսում ի հայտ եկած հակասություններով։
Սակայն հիմնական պատճառը պետք է տեսնել կազմակերպությանը նոր իմաստ (գլոբալ առաքելություններ) հաղորդելու, հետևաբար՝ համապատասխան գործառնական վերափոխումներ անցկացնելու մտադրության մեջ։ Այդ առումով պատահական չէ, որ Աֆղանստանում ընթացող ՆԱՏՕ-ի առաքելությանը տրվում է նման կարևորություն։ Այլ հարցերից զատ, դաշինքի աֆղանական կամպանիան դիտարկվում է որպես մոդել հետագա գործողությունների համար։
Դաշինքի հետագա ընդլայնումը Արևելք կփոքրացնի ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական խոշոր երկրների արտաքին քաղաքականության մանևրությունը, քանզի դեպի Արևելք հետագա ընդլայնումը լրացուցիչ լարվածություն է առաջացնելու նաև Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Այդ կերպ կարելի է բացատրել Վրաստանի հարցում Ֆրանսիայի ու Գերմանիայի որդեգրած դիրքորոշումները։
Էներգետիկ անվտանգության հարցը ՆԱՏՕ-ի օրակարգում ձեռք է բերել առաջնային նշանակություն։ Հետևաբար, առաջիկայում դաշինքի քաղաքականության մշակման վրա այդ գործոնի ազդեցությունը միայն աճելու է8։
Ռիգայի գագաթաժողովում Ռուսաստանի նկատմամբ ձևավորված բացասական մոտեցումն այսօր ԱՄՆ-ում ու Եվրոպայում Մոսկվայի ուղղությամբ տարվող ընդհանուր քաղաքականության մի մասն է և, ըստ ամենայնի, կրելու է միջնաժամկետ բնույթ։ Վերջինիս պատճառները հիմնականում երկուսն են.
- գերակա հանդիսացող էներգետիկ հարցում կողմերն ունեն լուրջ հակասություններ,
- հետխորհրդային գրեթե բոլոր երկրների և մերձավորարևելյան հարցերի (Իրան, Պաղեստին, Լիբանան) առնչությամբ առկա տարաձայնություններն աճել են։
Ընդհանուր առմամբ, վերոհիշյալը բավարար հիմք է ենթադրելու, թե առաջիկայում հետխորհրդային ուղղությունը առաջնային տեղ է զբաղեցնելու ՆԱՏՕ-ի գերակայությունների մեջ։
Մեծ է հավանականությունը, որ նախկին ԽՍՀՄ ուղղությամբ ՆԱՏՕ-ն առաջիկայում շոշափելի ձեռքբերումներ ունենա ոչ թե Մոլդովա-Ուկրաինա գծում, այլ Հարավային Կովկասում։ Նման ենթադրության հիմք է հանդիսանում Ուկրաինայում և Մոլդովայում Ռուսաստանի դիրքերի ամրապնդումը, իսկ մյուս կողմից՝ Վրաստանի նկատմամբ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ում նրա դիրքորոշմանը մոտ կանգնած երկրների (առնվազն՝ Մեծ Բրիտանիան, Լեհաստանը, Էստոնիան, Լատվիան և Լիտվան) կողմից տարվող քաղաքականությունը9։
Հարավկովկասյան ուղղությամբ ընթացող գործընթացը, սակայն, չի սահմանափակվում սոսկ Վրաստանով։ Ուշադրության է արժանի Ադրբեջանի որոշումը, ըստ որի 2007թ. հունվարի 1-ից իր զինված ուժերի Բաքվի կորպուսը (այն մարդուժի թվով կազմում է ադրբեջանական բանակի մոտ 20%-ը) պետք է ամբողջովին անցնի ՆԱՏՕ-ի չափանիշներին։ Նախատեսվում է նույնը իրականացնել նաև մյուս չորս կորպուսներում։ Արդյունքում՝ մինչը 2008թ. վերջ Ադրբեջանի ողջ զինված ուժերը պետք է անցնեն ՆԱՏՕ-ի չափանիշներին։
1 Ըստ Ռիգայի գագաթաժողովի հռչակագրի (Riga Summit Declaration) 30-րդ կետի՝ նման հրավեր լինելու է ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթաժողովում՝ 2008թ.։ Խոսքը, թերևս, վերաբերում է միայն Խորվաթիային, Ալբանիային և Մակեդոնիային։
2 Ռիգայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովում, բացի Ռիգայի գագաթաժողովի հռչակագրից, ընդունվել է նաև Համապարփակ քաղաքական ուղեցույց (Comprehensive Political Guidance) փաստաթուղթը։ Փաստորեն, վերջինս գալիս է լրացնելու դեռևս 1999թ. ընդունված ՆԱՏՕ-ի Ռազմավարական հայեցակարգը (Strategic Concept)՝ սահմանելով Հյուսիսատլանտյան դաշինքի գործառնության առաջնությունները։
3 Ըստ 1949թ. ապրիլի 4-ին Վաշինգտոնում կնքված Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ հոդվածի, «Կողմերը համաձայնվում են, որ Եվրոպայում կամ Հյուսիսային Ամերիկայում զինված հարձակումը նրանցից մեկի կամ մի քանիսի դեմ պետք է դիտարկվի որպես հարձակում նրանց բոլորի դեմ...»։
4 Ամերիկյան Boeing ընկերության արտադրած C-17 բեռնատար ինքնաթիռը, որի առաջին թռիչքը կայացել է 1991թ., կարող է մեկ չվերթի ընթացքում առավելագույնը 8.710կմ հեռավորության վրա փոխադրել առավելագույնը 78.108կգ բեռ։
5 Ճնշման նպատակներից է նաև ներգործել 2007թ. Ռուսաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների վրա։
6 Ռուսաստանը հրաժարվեց վավերացնել խարտիան։
7Պետք է նույն հարթության վրա դիտարկել նաև նոյեմբերի 28-ին Ուկրաինայի, իսկ դեկտեմբերի 6-ին Լեհաստանի խորհրդարանների կողմից ընդունված, համպատասխանաբար, օրենքն ու բանաձևը։ Վերջիններս ցեղասպանություն են բնութագրում 1932-1933թթ. Խորհրդային Ուկրաինայում տեղ գտած զանգվածային սովամահությունը (голодомор), ինչի հետևանքով, ըստ տարբեր գնահատականների, զոհվել է 5-10 միլիոն մարդ։ Պաշտոնական Մոսկվան հերքում է, թե ԽՍՀՄ-ում այդ սովամահությունը հատուկ էր կազմակերպվել։
8 Օրինակ, Ռիչարդ Լուգարի ներկայացրած նշյալ զեկույցում ընդգծվում է Ադրբեջանի և Ղազախստանի հետ հատուկ հարաբերություններ հաստատելու անհրաժեշտությունը՝ չբացառելով անգամ նրանց հետագա անդամակցությունը ՆԱՏՕ-ին։
9 Պատահական չէ, որ մինչև գագաթաժողով՝ նոյեմբերի 17-ին, ԱՄՆ Սենատն ընդունեց դեռևս հոկտեմբերի սկզբից շրջանառության մեջ գտնվող ՆԱՏՕ-ում ազատության համախմբման մասին 2006թ. ակտը։ Ըստ դրա՝ Միացյալ Նահանգները քաջալերում և անհրաժեշտ է համարում Խորվաթիայի, Ալբանիայի, Մակեդոնիայի ու Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին և այդ նպատակով հատկացնում է գրեթե $20 մլն. Վրաստանին՝ $10 մլն, Մակեդոնիային՝ $3.6 մլն, Ալբանիային՝ $3.2 մլն և Խորվաթիային $3 մլն։
դեպի ետ