• am
  • ru
  • en
Версия для печати
25.01.2007

Եկեք խմենք աշխարհում սպասվելիք փոփոխությունների կենացը

   

Գեորգի Դերլուգյան

Գեորգի Դերլուգյանը ողջունում է հասարակագետներին, որոնք վերստին բացահայտում են մտավոր հեղափոխության ոգին՝ գրոհելով գիտելիքների գերագույն մակարդակը։

Ուզում եմ խմել հասարակագիտության հեղափոխության կենացը։ Միգուցե 2007-ին նույնպես այն կշարունակվի։

Շփոթվեցի՞ք։ Մի կողմից՝ տնտեսող ուղղափառությունը, մյուս կողմից՝ կասկածների պոստմոդեռնիստական լաբիրինթոսը, իսկ դրանց միջակայքում՝ ցածր վարձատրվող և գոյատևման համար ջանացող ակադեմիական շրջանակը. որևէ ակնարկ կա՞ այստեղ հեղափոխության մասին։ Բայց զսպիր քննադատողիդ մղումները, առողջությանդ կվնասես։ Բացահայտիր մեր մասնագիտության վերլուծական հնարքները։ Այս ոլորտում նման իրավիճակի հանգեցրած պատմական ուղիները կարող են մեզ օգնել ուրվագծել մեր ապագա հնարավորությունները։

Հասարակագիտական վերլուծություն կատարելը դարձել է շատ ժամանակակից մասնագիտություն։ Դա հնարավոր դարձավ այն ժամանակ, երբ լուսավորչական դարաշրջանում բացահայտվեց երկու հիմնական ճշմարտություն. մեր տիեզերքը ճանաչելի է բանականության սահմաններում և այն մշտական փոփոխությունների է ենթակա։ Հետևաբար՝ տիեզերքը փոփոխության է ենթակա բանականության սահմաններում։ Երկրներն ու տնտեսական ձեռնարկությունները բյուրոկրատացնելու համար միջոցներ հատկացվեցին, իսկ 19-րդ դարում այդ բեռը իրենց վրա վերցրին պրոֆեսորները, որոնք պետք է անձնակազմ վարժեցնեին և տային փորձագիտական խորհրդատվություն։ Սա լիբերալիզմի՝ քաղաքական գաղափարախոսության պատմությունն է, և այն պահանջում է, որ հասարակական գործերը գիտականորեն ղեկավարվեն։ Մարքսի ժամանակներից սկսած՝ գիտությունը եղել է հասարակական շարժման շարժիչ ուժը՝ ոգեշնչելով ապստամբ քաղաքականություններին և կրթելով սերունդներին։ Ավելին, ներկա հասարակական ծրագրերն ավելի լավ ապագա կերտելու նպատակի ծառայեցնելու լիբերալ պահանջները ծնունդ տվեցին զգայական էներգիայի հսկայական լիցքի, ինչը խթանեց մտավոր արտադրանքը՝ սկսած հումանիտար գիտություններից մինչև տնտեսագիտություն։ Հասարակագետները զգում էին, որ իրենք կարող են էապես փոխել գործի ընթացքը՝ միաժամանակ ձեռք բերելով հեղինակություն և վեր բարձրանալով հետզհետե բազմացող գիտական հաստատությունների ծառայողական աստիճաններով։

Այս առումով 1945 թվականը լավագույն ժամանակահատվածն էր։ Լիբերալիզմն ու սոցիալիզմը միացյալ ուժերով ոչնչացրին ֆաշիզմը և ձեռնամուխ եղան իրենց երկրների հիմքերն ամրապնդելու գործին՝ ընդդեմ տնտեսական և հասարակական աղետների։ Գիտության հարգը բարձրացնելուն ուղղված կառավարական ֆինանսական ռեսուրսները գերազանցեցին բոլոր սպասելիքները։ Աննախադեպ քանակությամբ նոր հետազոտական կենտրոններ ու համալսարաններ բացվեցին, որոնց գործն էր կրթել գործարանի աշխատողների, հանքափորների և (իմ պարագայում) հայ կոշկակարների ու կազակ գյուղացիների ժիր երեխաներին։ Վիթխարի հասարակական-քաղաքական փոխակերպումներ անցած դարաշրջանի ոգին իր արտահայտությունը գտավ արդիական տեսությունների և դրանց խորհրդային համարժեքը հանդիսացող գիտական կոմունիզմի մեջ։

Ի հեճուկս սառըպատերազմյան դրդապատճառների, հետազոտություններ կատարելու հնարավորությունը և ակադեմիական կրթություն ստանալու մեծ հեռանկարները հասարակագիտության մեջ ստեղծեցին նոր էմպիրիկ գիտելիքների աննախադեպ քանակ։

1960-ականների կեսերին, երբ նոր սերունդը մտավոր ինքնավարություն ձեռք բերեց և թելադրեց աշխատանքային ծրագրերի փոփոխության իր պայմանները, գաղափարախոսական երկու ճամբարներում էլ գործընթացը դուրս եկավ վերահսկողությունից։ Այդ խառնաշփոթի մեջ ձեռք բերվեցին մի շարք տեսական նվաճումներ, ինչը հանգեցրեց պարադիգմի փոփոխության։ Անսահման էությունն ուսումնասիրելու փոխարեն հասարակագիտությունն անցում կատարեց էվոլյուցիոն ոչգծային տոպոլոգիային, որտեղ համարժեք նկարագրությունը ներառում էր փոփոխվող հեռանկարների համապատասխանեցումը։ Այնտեղ, ուր ողջ պատմությունը պետք է հանգեր մի կետի, գաղափարական վերջնարդյունքը զրկված էր էությունից։

1970-ական թթ. նոր ձևակերպումների համախումբ ի հայտ եկավ՝ մեզ տալով պետության կառուցման մասին միանգամայն այլ պատկերացում. հեղափոխություններ ու ժողովրդավարացում (Չարլզ Թիլի), ազգայնականություն (Բենեդիկտ Անդերսոն և Մայքլ Մեն), համաշխարհային կապիտալիզմ (Մարշալ Շահլինս և Թիմոթի Էարլ) և սիմվոլիկ արտադրության քաղաքատնտեսություն (Պիեռ Բորդո և Ռանդոլ Քոլինս)։

1980-ականները, սակայն, իրենց հետ բերեցին «երկարատև ամլություն»։ Երբ կառավարությունն անցավ տնտեսման ռեժիմի, շատերը նրան մեղադրեցին ֆինանսավորումը զգալիորեն կրճատելու մեջ, չնայած 1945թ. գիտական ոլորտի համար նախատեսված ֆինանսավորումը շատ ավելի քիչ էր։ Ինչևէ, երբևէ գիտաշխատողներն այսքան մեծաթիվ չեն եղել։ Եվ բացառված չէ, որ դա կարող է խնդիրներ առաջացնել։

Գիտաշխատողների մեծ բանակը դեռ չի նշանակում, թե կատարվում են ավելի մեծ քանակությամբ ինքնատիպ գիտական աշխատանքներ։ Դա նշանակում է, որ ձևավորվում են գիտական համքարություններ, որոնք ինստիտուցիոնալ կառույցների, տեխնիկական պահանջների և անհատական ցանցերի միջոցով հովանավորում են ավելի փոքր տարածքներ։ Արդյունքում՝ ներքին կարգուկանոնը վերածվում է գերիլյուզիվ նպատակի։ Քանի դեռ հետազոտական հանրությունը հանդիսանում է իր սեփական արտադրանքի սպառողը, անհավանական մեծ կամ տեսականորեն հանդուգն թեմաներին անդրադառնալը կարող է վտանգել նրանց մասնագիտական կարգավիճակն ու աշխատանքը։

Միայն էմոցիոնալ էներգիան է, որ ինձ կարող է մղել ստեղծագործական աշխատանքի։

Մտավոր էներգիայի շարժիչ ուժը հանդիսացող այդ երկու գործոնները՝ հանդգնությունն ու ստեղծագործական հնարամտությունը, նահանջել են ոչ միայն հասարակագիտության մեջ, այլ նաև մշակույթում, որտեղ նույնպես նկատում ենք խմբային կանոններով գործելու և ստեղծագործելու հակվածություն։ Միակ ոգեշնչող միտքն այն է, որ ինչ-որ մեկի աշխատանքը կտարբերվի մյուսներից։ Ահա թե ինչի համար եմ ես ուզում բաժակ բարձրացնել։

Մենք սերունդներն ենք մի ժամանակաշրջանի, երբ բիզնես դպրոցները գերակշռում են համալսարաններին։ Միայն այլընտրանքի բացակայության պարագայում է այդ հաստատությունների տված սահմանափակ ուտիլիտար գիտելիքը խելամիտ թվում։

Ակնհայտ է, որ այս խնդիրը չափազանց շատ է ձգձգվում։

Այսպիսով, ժամանակն է վերսկսել 1970-ականներին սկիզբ առած շարժումը։ Արդեն իսկ բավականաչափ ծավալուն ներքին աշխատանք է կատարվել, չնայած «ամլության» պայմաններում այն հազվադեպ էր «աչքի համար տեսանելի»։

Սոցիալիզմի ավարտը վերջ դրեց արդիականության ևս մի գաղափարական բևեռի և ապացուցեց դրա հակառակը։ Արդեն ժամանակն է սովորել, թե ինչպես կարող են ամբողջանալ նախորդ սերունդների տեսական ձեռքբերումները և համադրվելով նոր մակարդակում՝ մեկնաբանել մարդկության որդեգրած և որդեգրելիք ուղիները։ Նպատակը շատ լուրջ, բայց և իրականանալի է։ Միակ բանը, որ անհրաժեշտ է, փոխադարձ քաջալերումն է։

Ահա թե ինչի համար եմ ուզում բարձրացնել իմ բաժակը։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր