• am
  • ru
  • en
Версия для печати
12.02.2007

Ռուսաստան–Բելառուս. հարաբերությունների ճգնաժամ

   

Սևակ Սարուխանյան

Ռուսական ընկերությունների` Բելառուսին մատակարարվող գազի գները վերանայելու մասին որոշումը հանգեցրեց Ռուսաստան–Բելառուս հարաբերությունների ամենանշանակալի ճգնաժամին: Այս ճգնաժամն, իր բոլոր դրսեւորումներով, ՌԴ ղեկավարության` Բելառուսի նկատմամբ վարվող քաղաքական նոր գծի իրագործման արդյունք է:

Բելառուսի նկատմամբ ռուսական նոր գծի իրագործումը, հիմնականում, Մինսկի հետ միասնական պետության կառուցման քաղաքականության տապալման հետեւանք է։ Սա բավական կարեւոր է, քանի որ հենց այս հիմնախնդիրն է տարբերում Բելառուսի նկատմամբ Ռուսաստանի էներգետիկ քաղաքականության նպատակներն այն նպատակներից, որոնք տեղ էին գտել Ուկրաինայի, Մոլդովայի, Ադրբեջանի, Վրաստանի եւ մասամբ Հայաստանի հետ Ռուսաստանի հարաբերություններում։ Փաստորեն, Ռուսաստանի «էներգետիկ դիվանագիտության» թիրախ դարձավ մի պետություն, որը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, նրա ռազմավարական դաշնակիցն է եւ արտաքին քաղաքական դաշտում ունի ակնհայտ ռուսամետ դիրքորոշում։

Բելառուսն առաջին պետությունն է, ում նկատմամբ կիրառվող «էներգետիկ դիվանագիտությունը» բացարձակապես կախված չէր ռուսական գազ գնող պետության արտաքին քաղաքականությունից, ինչը նկատվել էր ՌԴ–Ուկրաինա, ՌԴ–Վրաստան, ՌԴ–Հայաստան (Հայաստանի պարագայում ՌԴ-ի հետ ռազմավարական դաշինքը համեմատաբար ցածր մակարդակի վրա պահեց գազի գները) հարաբերություններում։ Ռուս-բելառուսական էներգետիկ ճգնաժամը նոր երեւույթ է ռուսական արտաքին քաղաքականության մեջ, որը կարելի է մեկնաբանել Ռուսաստանի` որպես համաշխարհային քաղաքականություն «գերտերության» վերադարձի գործընթացի տերմիններով։ Ռուսաստան-«գերտերության»` նախկին ԽՍՀՄ տարածաշրջանում վարվող քաղաքականության հիմնական բաղադրատարրերը պայմանականորեն հանդիսանում են.

  • անհնազանդներին եւ «օտարամոլներին» պատժելը (Ուկրաինա, Մոլդովա, Վրաստան, Ադրբեջան),
  • ռազմավարական դաշնակիցների տարածաշրջանային կամ գլոբալ նշանակության ձեռնարկությունների, հիմնականում` էներգետիկ, նկատմամբ բացարձակ վերահսկողություն հաստատելը (էներգետիկ ակտիվներ Բելառուսում եւ Հայաստանում, ուրանի հանքեր Ղրղըզստանում, գազի պաշարներ Ուզբեկստանում)։

Դժվար է ասել, թե ինչի կհանգեցնի «անհնազանդների» նկատմամբ վարվող քաղաքականությունը, սակայն երկրորդ խմբի պետությունների նկատմամբ իրագործվող քաղաքական գիծն առաջին հերթին պետք է որ հանգեցնի դրանց տնտեսաքաղաքական կախվածությանը Ռուսաստանից։ Սակայն նման եզրակացությունն անվիճելի համարվել չի կարող, եւ այս դեպքում բավական կարեւոր է հենց Բելառուսի օրինակը։

ՌԴ «դաշնակցի» եւ «զոհի» արանքում

Միայն տեղեկատվական դաշտում տեղ գտած վերլուծություններն ու գնահատականները բավական են` հասկանալու համար, որ Բելառուսն ավելի քան շռայլորեն է օգտվում ՌԴ-ից ներկրվող էներգակիրներից եւ դրանց ցածր գներից: Միայն ռուսական նավթի վերամշակման արդյունքում Բելառուսը տարեկան ստանում է ավելի քան $1 մլրդ-ի շահույթ: Ի դեպ, անցած տարվա ռուս-ուկրաինական «գազային պատերազմի» ժամանակ Մինսկը ցածր գներով գնվող ռուսական գազը մասամբ ուղղում էր դեպի Ուկրաինա` փաստորեն հակասելով իր ռազմավարական դաշնակցի շահերին:

Ակնհայտ է, որ ընդհանուր պետության կառուցման հայեցակարգը վերջին տասնամյակի ընթացքում բելառուսական կողմը հաջողությամբ օգտագործել է ՌԴ-ից համապատասխան տնտեսական արտոնություններ ստանալու համար: Բելառուսի ինքնիշխանության սահմանափակման հաշվին Ռուսաստանն ու Բելառուսը վերամիավորելու Ա.Լուկաշենկոյի պատրաստակամությունից գրեթե ոչինչ այսօր չի մնացել: Այս պատրաստակամության թուլացումն ակնհայտ էր արդեն յոթ տարի առաջ, երբ ելցինյան քաոսային իշխանությունը փոխարինվեց պուտինյան ուժեղ վարչակազմով` դրանով իսկ զրոյացնելով Ա.Լուկաշենկոյի` միավորված Ռուսաստանի եւ Բելառուսի նախագահ դառնալու շանսերը: Հենց այդ պահից ռուս-բելառուսական դաշինքը առաջին ճեղքվածքը տվեց` դառնալով ընդամենը Ռուսաստանից տնտեսական հատուկ պայմանների կորզման բարոյահոգեբանական հիմք:

Միակ ուղղությունը, որով ակտիվորեն զարգանում է ռուս-բելառուսական համագործակցությունը, ռազմական ոլորտն է: Վիճելի կարելի է համարել այն թեզը, որ այդ համագործակցությունն ավելի կարեւոր է Ռուսաստանի, քան Բելառուսի համար: ՌԴ-ի հետ ռազմական համագործակցությունը մասամբ բխում է Արեւմուտքի հետ Մինսկի լարված հարաբերություններից: ՌԴ-ի հետ ռազմական դաշինքը կարեւոր գործոն է Բելառուսի ներքաղաքական դաշտում. ռուս-բելառուսական ռազմաքաղաքական դաշինքը Արեւմուտքին թույլ չի տա ներգրավվել եւ ազդել ներբելառուսական քաղաքական գործընթացների վրա ոչ ավելի, քան քաղաքական կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների ֆինանսավորումն է կամ ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությունները Ա.Լուկաշենկոյի ոչ ժողովրդավարական քաղաքականության մասին:

Բելառուսի արտաքին քաղաքական անկախությունը, տնտեսական եւ սոցիալական կայունությունը, Ա.Լուկաշենկոյի վարչակազմի ամրությունն ու հզորությունը հիմնականում Ռուսաստանի կողմից Բելառուսին անուղղակի տնտեսական, քաղաքական աջակցության եւ օգնության արդյունք են: Իհարկե, այս ամենում մեծ է նաեւ Բելառուսի ղեկավարի քաղաքական հմտությունը:

Ինչ վերաբերում է Բելառուսի հետ դաշնային համագործակցությունից Ռուսաստանի ունեցած ակնկալիքներին, ապա այստեղ խնդիրներն ավելի շատ են: Նշենք հիմնականները.

1. Բելառուսը չի մտել ռուբլու գոտի,

2. երկիրն օգտագործում է Ռուսաստանի հետ սահմանի բացակայությունը տարանցման շահարկումների համար: Միայն անցած տարի Բելառուսից ավելի քան $1 մլրդ արժողությամբ վրացական եւ մոլդովական գինի է ներկրվել ՌԴ,

3. Բելառուսը մերժում է «Բելտրանսգազի» գնման մասին «Գազպրոմի» բոլոր առաջարկությունները,

4. ռուսական կապիտալի մուտքը Բելառուս, ըստ ՌԴ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության, սահմանափակված է։ Ռուսական ներդրումներն ավելի շատ ողջունվում են ԵՄ եւ ՆԱՏՕ անդամ երկրներ հանդիսացող Լատվիայում, Էստոնիայում, քան Բելառուսում:

Ինչեւէ, որոշ վերապահումներով կարելի է ասել, որ Ռուսաստան-Բելառուս դաշինքի ստեղծման արդյունքում Ռուսաստանը վերածվել է, այսպես ասած, «կթան կովի», ինչով էլ պայմանավորված են «տնտեսական հրաշքը» եւ ներքաղաքական աննախադեպ կայունությունը Բելառուսում:

Հավանաբար, հենց այս կարգավիճակի վերացմանն էր ուղղված Ռուսաստանի ղեկավարության որոշումը Բելառուսի նկատմամբ քաղաքականության ավելի կոշտ գծի անցնելու վերաբերյալ: Թե որքանով է գրագետ եւ խելացի այս նոր գծի իրագործման սկիզբը` արդեն ռուսական ներքաղաքական գործընթացին վերաբերող խնդիր է:

Բելառուսի հետ էներգետիկ ճգնաժամը, ռուսական նավթի` ԵՄ արտահանման կասեցումը եւ եվրոպական ղեկավարների կոշտ հայտարարություններն ակնհայտ դարձրին, որ ԵՄ-ի համար կարեւորը ոչ թե ավտորիտար Լուկաշենկոյի դիրքերի թուլացումն է, այլ սեփական էներգետիկ անվտանգությունը:

Ռուսաստան–Բելառուս հարաբերություններում նկատվող ճգնաժամը, փաստորեն, միջպետական հարաբերությունների ռացիոնալացման արդյունք է։ Այս գործընթացը վերացնելու է «Բելառուս` Ռուսաստանի դաշնակից» եւ «Բելառուս` Ռուսաստանի զոհ» գնահատականների հակասությունը եւ, հավանաբար, հանգեցնելու է ռուս-բելառուսական հարաբերությունների «ղազախականացման», ինչը ենթադրում է բարիդրացիական հարաբերություններ Մոսկվայի եւ Մինսկի միջեւ, բայց նաեւ Մինսկի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացում։ Իհարկե, Մինսկն այս գործընթացում այնպիսի հաջողություն չի ունենա, ինչպես նավթագազային հսկայական ռեսուրսների տիրապետող Աստանան։

Վերջաբանի փոխարեն

Հունվարի 14-ին Բելառուսի նախագահ Ա.Լուկաշենկոն մամուլի ասուլիսում հայտարարեց. «Թող Եվրոպան Բելառուսին ասի «շնորհակալություն»։ Նրանք շատ բան հասկացան այս հակամարտությունից հետո... Պետք է ասեմ, որ թե՛ ԱՄՆ-ը, թե՛ Եվրոպան իրենց շատ բարեկիրթ պահեցին այս իրավիճակում։ Նրանք մեզ առաջարկեցին օգնություն եւ աջակցություն, եթե դա պետք լինի բելառուսական ժողովրդին։ Մենք դա երբեք չենք մոռանա»։

Այս հայտարարությունը նոր խոսք է Բելառուս–Արեւմուտք հարաբերություններում։ Ե՛վ Արեւմուտքը, ե՛ւ Բելառուսը կարող են միմյանց համար նպաստավոր պայմաններ ստեղծել Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Սակայն, հաշվի առնելով Բելառուսի տնտեսության եւ էներգետիկայի գրեթե բացարձակ կախվածությունը Ռուսաստանից, դժվար թե կարելի է խոսել Բելառուսի մոտակա արեւմտականացման մասին։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր