ԱՄՆ - Իրան. հնարավոր զարգացումներ

Արդեն մոտ երեք տասնամյակ տևող ԱՄՆ-Իրան առճակատումը թևակոխում է նոր փուլ, և սպասվող զարգացումները, համաձայն վերլուծաբանական հանրության կարծիքի, կարող են հանգեցնել անգամ աշխարհակարգային բնույթի փոփոխությունների։
Ինչպես հայտնի է, ամերիկյան կողմը հետևողականորեն մեղադրում է Իրանին, թե վերջինս անմիջական օգնություն է ցուցաբերում Իրաքում գործող ահաբեկիչներին։ Նման տեղեկատվական քաղաքականությունն ուրվագծում է ԱՄՆ գլխավոր թշնամու` Իրանի կերպարը և միաժամանակ Իրաքում ԱՄՆ կրած անհաջողությունների պատասխանատվությունը կարծես փոխանցում է այդ երկրին1։ Տեղեկատվական-հոգեբանական ճնշումն Իրանի վրա արտահայտվում է նաև նրանով, որ ԶԼՄ-ում կարելի է հանդիպել բազմաթիվ տեղեկությունների և վերլուծությունների, թե այս գարնան առաջին ամիսներին ԱՄՆ-ը կարող է օդային (նվազագույնը) հարված հասցնել Իրանին։ Սակայն «Իրանի խնդիրը» միայն տեղեկատվական բնույթ չի կրում։
Այսօր հայտնի պաշտոնական և ոչ պաշտոնական տեղեկատվությունը, և որ հիմնականն է` քաղաքական զարգացումների տրամաբանությունը, վկայում են այն մասին, որ Մերձավոր և Միջին Արևելքին (ՄՄԱ) վերաբերվող ամերիկյան նախկին և ներկա բոլոր ծրագրերը ենթադրում են նվազագույնը Իրանի թեոկրատիկ վարչակարգի տապալում և, հնարավորության պարագայում, անգամ այդ երկրի մասնատում ըստ էթնիկ-կրոնական հատկանիշների։ ԱՄՆ-Իրան ռազմական բախման խնդիրն առավել հրատապ դարձավ սկսած 2003 թվականից, երբ օկուպացվեց Իրաքը։ Մասնավորապես 2006-ի սկզբին, ինչպես և այսօր, ամերիկյան գարնանային ռազմական հարձակման հնարավորությունը նույնպես աշխուժորեն քննարկվում էր ԶԼՄ-ում և վերլուծական պարբերականներում։ Նկատենք, որ նախորդ և այս տարվա իրավիճակների միջև կան ինչպես նմանություններ, այնպես էլ էական տարբերություններ։
Նմանություններն առաջին հերթին վերաբերում են ընդհանուր քաղաքական իրադրությանը և հնարավոր պատերազմի ժամկետներին. իրավիճակն Իրաքում 2006-ին սկզբունքորեն շատ չի տարբերվում նրանից, ինչ կա այսօր, իսկ ժամկետների նմանությունը պայմանավորված է զուտ տեխնիկական-օդերևութաբանական հանգամանքներով. գարնանային ժամանակահատվածն այդ տարածաշրջանում ամենանպաստավորն է օդուժի և թևավոր հրթիռների կիրառման տեսակետից։ Սակայն 2006-ին ԱՄՆ հանրապետական վարչակազմը, հաշվի առնելով 2006թ. աշնանը Կոնգրեսի ընտրությունների գործոնը և երկյուղելով, որ իրանյան կամպանիայի հնարավոր անհաջողությունը կհանգեցնի պարտության ընտրություններում, որոշեց չդիմել ռիսկի։ Սպիտակ տունը «մեծ պատերազմի» փոխարեն իր դաշնակից Իսրայելի հետ ձեռնարկեց «լոկալ», պատժիչ պատերազմ Հիզբալլահ կազմակերպության դեմ, որը քաղաքական առումով նույնացվում է Իրանի հետ։ Հաշվարկը կատարվել էր՝ ելնելով նրանից, որ հաղթական և արագընթաց ռազմական գործողությունները կբարձրացնեն ԱՄՆ և Իսրայելի վարկը և կցուցադրեն ամերիկյան մերձավորարևելյան ռազմավարության արդյունավետությունը։ Սակայն տևական և ոչ միանշանակ արդյունքով ավարտված ռազմական գործողությունները միջազգային հանրության կողմից ընկալվեցին որպես ամերիկացիների հերթական անհաջողություն։ Դա իր հերթին նպաստեց այն բանին, որ ընտրություններում ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներում էլ դեմոկրատները մեծամասնություն նվաճեցին։
Հիզբալլահի դեմ ոչ այնքան հաջող ռազմական գործողությունները որոշ վերլուծաբանների հիմք տվեց մտածելու, որ այդ պատերազմը դեռևս «միջանկյալ» բնույթ էր կրում, և «մեծ պատերազմը» ՄՄԱ-ում, որը պետք է վերջնականապես հստակեցնի իրավիճակը և պատասխանի «ով ով է ՄՄԱ տարածաշրջանում» հարցին, դեռևս առջևում է։ Կարելի է ենթադրել, որ եթե Իսրայելը (ԱՄՆ-ը) միանշանակ հաղթեր Հիզբալահին (Իրանին) այդ «միջանկյալ» պատերազմում, ապա դա գուցե բավարար կլիներ Միացյալ Նահանգներին «իր դեմքը պահպանելու» համար, ինչը, թերևս, կնվազեցներ «մեծ պատերազմի» հավանականությունը։
Միևնույն ժամանակ, 2007թ. իրավիճակը զգալիորեն տարբերվում է նախորդ տարիներից։ Այս տարի ԱՄՆ հանրապետական վարչակազմը կաշկանդված չէ ներքաղաքական խնդիրներով, և 2007-ը ամենահարմարն է խոշոր գործողություններ ձեռնարկելու համար։ Համաձայն ամերիկյան քաղաքական ավանդույթի՝ «հեռացող» նախագահն իր իրավասությունների վերջին տարում, այսինքն` 2008-ին, չի կատարում «անհակադարձելի» քայլեր, որոնք սկզբունքորեն կկաշկանդեին նորընտիր վարչակազմին (անկախ այն բանից՝ նրանք հանրապետականներ են թե դեմոկրատներ) իրագործել սեփական ծրագրերը։ Ավելին, տպավորությունն այնպիսին է, որ նախագահական ընտրություններում հանրապետականների հաջողության հասնելու միակ հնարավորությունը հաղթական պատերազմն է ՄՄԱ-ում2։ Միևնույն ժամանակ, խնդիրը ոչ միայն այս կամ այն կուսակցության հաղթանակն է ընտրություններում։ Հարցադրումը ենթադրում է ավելի բարձր քաղաքական մակարդակ, քանի որ կարծես թե հենց ՄՄԱ-ում է որոշվում ամերիկյան գլոբալ գերակայության հետագա ճակատագիրը։ Մինչդեռ զարգացումներն այդ տարածաշրջանում առայժմ մեծ լավատեսություն չեն ներշնչում ամերիկացիներին։
Այսօր առավել, քան նախկինում, լրջացել են Իրանի կողմից նետված մարտահրավերները։ Հաջողության հասնելով «միջանկյալ» պատերազմում՝ այդ երկիրը մեծացրել է ազդեցությունը ՄՄԱ-ում և անշեղորեն իրագործում է իր միջուկային ծրագիրը։ Դա կարող է փոխել ոչ միայն տարածաշրջանային, այլև գլոբալ ռազմաքաղաքական պատկերը։ Նկատենք, որ Իրանը որոշ արևմտյան քաղաքագետների կողմից արդեն այսօր ընկալվում է որպես «տարածաշրջանային գերտերություն»։
Իր հերթին՝ ԱՄՆ շահերի տեսակետից գործընթացներն այդ տարածաշրջանում երկակի մեկնաբանությունների առիթ են տալիս։ Հարվածելով Իրաքին և մասնատելով կամային հատկություններով օժտված ղեկավարություն ունեցող արաբական երկիրը՝ ԱՄՆ-ը կարծես թե լուծեց մի շարք ռազմավարական խնդիրներ։ Սակայն զուգահեռ ծագեցին նոր հիմնախնդիրներ։ Իրաքյան Քրդստանի հետ կապված հայտնի զարգացումները խարխլեցին ԱՄՆ և Իսրայելի հարաբերությունները Թուրքիայի հետ, որը նախկինում համարվում էր այդ երկրների հիմնական ռազմավարական գործընկերը։
Քրդստանի փաստացի անկախության ձեռքբերումն իր հերթին նույնպես դժվար է անվերապահորեն հաջող համարել։ Քրդերի աջակցությունը Միացյալ Նահանգներին, անշուշտ, լուրջ մարտավարական նշանակություն ունի։ Սակայն քրդական գործոնը մշտապես անորոշություն է պարունակում, և երկարաժամկետ հեռանկարում զարգացումները կարող են և նպաստավոր չլինել ԱՄՆ-ի համար։
Իրաքի մասնատումն առաջացրել է նաև մեկ այլ, գուցե և ավելի կարևոր հիմնախնդիր։ Շիաների իշխանության գալը զգալիորեն մեծացրել է Իրանի ազդեցությունն այդ երկրում։ Այսինքն՝ դեռ վաղ է միանշանակ գնահատական տալ, թե որ սցենարն էր ավելի նպաստավոր ԱՄՆ-ի և Իսրայելի համար. սուննիների իշխանության տակ գտնվող և Իրանի հետ առճակատման մեջ գտնվող միասնակա՞ն, թե՞ մասնատված, սակայն Իրանի ակնհայտ ազդեցության տակ գտնվող և փաստացի շիական ինքնավարություն ունեցող Իրաքը։
Այսպիսով, ՄՄԱ-ում ամերիկյան ռազմավարությունը, որի հենքում, մասնավորապես, ընկած է տարբեր էթնիկական, կրոնական խմբերի և կազմակերպությունների (օրինակ՝ Համասի և ՖԱԹՀ-ի) միջև հակամարտությունների հրահրումը3, կարելի է երկակի գնահատել։ Ակնհայտ է, որ որոշ հարցերում ամերիկացիները հասել են անժխտելի հաջողությունների. այսօր տարածաշրջանում ընթանում են միջէթնիկ և միջկրոնական պատերազմներ (որոնք անհասկանալի պատճառներով անվանվում են քաղաքացիական պատերազմ)։ Անշուշտ, նման պատերազմը կազմալուծում է ՄՄԱ-ն, փոշիացնում է մարդկային, քաղաքական և տնտեսական ռեսուրսները և այդպիսով ԱՄՆ-ի կողմից ավելի վերահսկելի դարձնում այդ աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական առումով կարևոր տարածաշրջանը։ Սակայն վերոնշյալ զարգացումներն առաջացնում են նույնքան կարևոր հիմնախնդիրներ, որոնց լուծումը պահանջում է ոչ պակաս ռեսուրսներ։
Նկատենք նաև, որ կազմալուծմանը զուգահեռ՝ տարածաշրջանում ընթանում են բյուրեղացման գործընթացներ. մասնավորապես 2006թ. պատերազմից հետո տեղի է ունենում իսլամական աշխարհի որոշակի համախմբում և Իրանի` որպես ուժի կենտրոնի, ձևավորում։
ՄՄԱ գործընթացներին, ոչ ի նպաստ ԱՄՆ-ի, արձագանքում են նաև այլ աշխարհաքաղաքական դերակատարներ, որոնցից առանձնացնենք Չինաստանը և Ռուսաստանը։ Հատկանշական է, որ արդեն ոչ թե առանձին ամերիկյան գործիչների, այլ Միացյալ Նահանգների ՊՆ նախարարի մակարդակով այդ տերությունները, ինչպես և Սառը պատերազմի տարիներին, ընդունվում են որպես հակառակորդներ, որոնց հետ հնարավոր է ռազմական հակամարտություն։ Նման հայտարարությունները հիմնավորվում են գործնական քայլերով, որոնցից է Ռուսաստանի արևմտյան և արևելյան սահմանների մոտ հակահրթիռային համակարգերի տեղակայումը, ինչը համապատասխանում է նոր` բազմաբևեռ սառը պատերազմի տրամաբանությանը։
Այս ամենի համատեքստում ամենակարևոր և ամենավիճահարույց հարցն այն է, թե արդյոք ԱՄՆ ռեսուրսները կբավականացնեն հաղթելու այս նոր պատերազմում։ Աշխարհաքաղաքական «մեծ խաղում» ԱՄՆ հիմնական խաղաթղթերն են համալիր քաղաքականություն վարելու կարողությունը և տեխնոլոգիական-ռազմական, թերևս, բացարձակ գերակայությունը4։ Հատկանշական է, որ ռազմական ոլորտում ԱՄՆ-ը վերջերս իրագործեց վճռական քայլեր։ Մասնավորապես որոշում ընդունվեց Իրաք ուղարկել լրացուցիչ 21.500 զինծառայող և Պարսից ծոց տեղափոխել (ի լրումն այնտեղ գտնվող «Էյզենհաուեր» ավիակրի) ավելի քան 70 ինքնաթիռ ունեցող «Ջոն Սթենիս» ավիակիրը և նրան ուղեկցող 5 ռազմանավեր։ Վերջապես նախագահ Բուշը դիմեց Կոնգրեսին ռազմական կարիքների համար աննախադեպ մեծ գումարներ (մոտ $760 մլրդ) տրամադրելու առաջարկությամբ։
Կատարվեցին նաև ուշադրության արժանի կադրային նշանակումներ։ Ինչպես հայտնի է, իրաքյան և աֆղանական ռազմական գործողությունների թատերաբեմի պատասխանատուն ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունն է (ԿՀ)։ Վերջերս ԿՀ հրամանատար նշանակվեց Իրանի հանդեպ հարձակողական տրամադրություն ունեցող ծովակալ Ուիլյամ Ֆալոնը, որը փոխարինեց ծագումով լիբանանցի գեներալ Ջոն Աբիզայդին։ Նշենք նաև, որ ԱՄՆ նոր ՊՆ նախարար Ռոբերտ Գեյթսի նշանակումը հաճախ մեկնաբանվում է որպես «բազե» Ռամսֆելդին Իրանի հետ բանակցություններ վարելու կողմնակից անձով փոխարինում։ Սակայն այս «փոխատեղումը» կարելի է երկակի գնահատել։ Գեյթսը մինչև նոր նշանակումը ԿՀՎ տնօրենն էր և, թերևս, լավագույն ձևով է իրազեկ ՄՄԱ անցուդարձին։ Ամերիկյան ռազմական համակարգը, ինչպես հայտնի է, գործում է գրեթե անխափան, և Ռամսֆելդի խնդիրը Պենտագոնի քաղաքական ուղղորդումն էր։ Արևելյան «նրբությունների» մասին պրոֆեսիոնալ մակարդակով տեղեկացված Գեյթսի խնդիրը կարող է լինել ամերիկյան ռազմական մեքենայի՝ մերձավորարևելյան իրողություններին համարժեք և այդպիսով ավելի արդյունավետ կիրառումը։
Փաստերի այս համախումբը վկայում է, որ Միացյալ Նահանգների զինուժը Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու բարձր պատրաստվածություն է ձեռք բերել։ Նույնը կարելի է ասել շարունակաբար նոր զինտեխնիկայի օգտագործմամբ զինավարժություններ անցկացնող Իրանի մասին5։ Ստեղծված իրադրությունում հնարավոր են հետագա զարգացման մի շարք տարբերակներ և սցենարներ.
- ԱՄՆ գործողությունները ենթարկվում են «սպառնալիքն ավելի գործուն է, քան նրա իրագործումը» ռազմավարական սկզբունքին և նպատակ ունեն ռազմական-քաղաքական և տեղեկատվական-հոգեբանական ճնշումների միջոցով ստիպել Իրանի իշխանություններին որոշակի զիջումների գնալ։ Դա թույլ կտա ԱՄՆ-ին պահպանել իր վարկանիշը և գոնե մասնավորապես լուծել տարածաշրջանային խնդիրները։
- Իրանը չի գնում զիջումների, իսկ ամերիկյան վարչակազմը, ելնելով ներքաղաքական (ճնշումներ դեմոկրատական կուսակցության կողմից), արտաքին քաղաքական (միջազգային հանրության հնարավոր կտրուկ արձագանքը), կամ էլ զուտ ռազմական (իրանական ՀՕՊ համակարգի էֆեկտիվությունը, պատասխան ասիմետրիկ հարվածի, այդ թվում՝ միջուկային զենքի կիրառումով, հնարավորությունը) նկատառումներից, չի գնում ռազմական առճակատման։ Դա կարող է ընկալվել որպես ԱՄՆ թուլություն ոչ միայն ՄՄԱ տարածաշրջանում, այլև ԱՄՆ գերակայության մասնավոր կորուստ գլոբալ հարթությունում։
- ԱՄՆ-ը կարճաժամկետ օդային հարված է հասցնում Իրանին՝ առանց վերջնագրեր ներկայացնելու։ Այդ գործողությունները նպատակ չունեն տապալել Իրանի վարչակազմը կամ երկրում միջէթնիկական և միջկրոնական բախումներ հրահրել, այլ լուծում են որոշակի` միջուկային օբյեկտների ոչնչացման մարտավարական խնդիր։ Նման սցենարը թույլ կտա ԱՄՆ-ին համեմատաբար պատվով լքել տարածաշրջանը և պահպանել իր միջազգային հեղինակության զգալի մասը։
- ԱՄՆ-ը իրականացնում է «հարավսլավական տարբերակը», երբ օդային հարվածները ժամանակային սահմանափակումներ չունեն և շարունակվում են, մինչև Իրանի կողմից որոշակի վերջնագրի ընդունումը։ Երկարատև օդային հարվածները, որոնք զուգորդվում են հատուկ նշանակության գործողություններով, կարող են հանգեցնել միջէթնիկական և միջկրոնական բախումների և, ի վերջո, Իրանի կազմալուծմանն իրաքյան սցենարով։ Նման զարգացումը կստեղծի քաոսային իրադրություն տարածաշրջանում, որի հետևանքներն էապես կազդեն ոչ միայն տարածաշրջանային, այլև գլոբալ հարթությունում ընթացող գործընթացների վրա։
1 Հայտնի է, որ Բեն Լադենը և Ալ-Քաիդան կորցրել են «թշնամու կերպարի» իրենց տեղեկատվական գրավչությունը, իսկ այսօր Իրաքում գործող ահաբեկիչները պատկանում են ամենատարաբնույթ կազմակերպությունների, որոնց թիվը, ի լրումն, օրավուր աճում է։ Այդպիսով, «թշնամին» Իրաքում անձնավորված չէ, ինչը տեղեկատվական հարթությունում լուրջ թերացում է։ Այս ամենի համատեքստում ամերիկացիների կողմից Իրանի՝ «իրաքյան թշնամու կերպարի» ձևավորումը տեղեկատվական-հոգեբանական հատուկ գործողությունների տեսանկյունից հիմնավորված է և շահեկան։
2 2003թ. իրաքյան պատերազմը ձեռնարկվեց ընտրությունների նախորդ տարում և էապես նպաստեց Ջ.Բուշի վերընտրման գործին։
3 Այդ հայեցակարգը կոչվում է ամերիկյան արևելագետ-քաղաքագետ Բեռնարդ Լյուիսի անունով։
4 Այդ տերության սպառազինության տեխնիկայի և ռազմավարական մտքի մակարդակը բազմապատիկ գերազանցում է ոչ միայն առանձին վերցրած տերությունների, այլև նրանց ընդհանրացված համապատասխան ցուցանիշները։
5 Այդ երկիրը ոչ միայն ներկրում է սպառազինություն (ինչպես ռուսաստանյան հակաօդային տակտիկական օպերատիվ հրթիռային (ТОР) համակարգերը), այլև ինքն է արտադրում ռազմական նորագույն տեխնիկա. օրինակ՝ Իրանը սկսել է արտադրել ռադարների համար անորսալի (ՍԹԵԼՍ տեխնոլոգիայով) անօդաչու օդանավեր։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԴԵՆ ՍՅԱՈՊԻՆ ԵՎ «ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆ»[27.12.2018]
- ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԽՆԴԻՐԸ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ[10.12.2018]
- ՄՈՍԿՎԱ-ԵՐԵՎԱՆ ՏԵՍԱԿԱՄՈՒՐՋ՝ «ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՄԱՐԱԹՈՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՏԱՊ ՀԱՐՑԵՐԸ»[27.11.2018]
- «ԳԱՂՈՒԹՆԵՐ», «ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ[20.11.2018]
- ԱՊԱԳԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵԼՈՒ ԽՆԴԻՐԸ[08.10.2018]
- «ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ԱԴԵԿՎԱՏ ԸՆԿԱԼԵԼՈՒ ՀՐԱՏԱՊՈՒԹՅՈՒՆԸ[06.08.2018]
- ՀՈԳԵՎՈՐ-ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ ԵՎ ԴԱՇՆԱԿՑԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԸ ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ[23.07.2018]
- «ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ԱԴԵԿՎԱՏ ԸՆԿԱԼՈՒՄԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ[09.07.2018]
- «ՉԻՆԱԿԱՆ ՇԱԽՄԱՏ»[23.05.2018]
- ՖՐԱԳՄԵՆՏԱՑՎԱԾ ԿԱՄ «ՄԻՆՉՎԵՍՏՖԱԼՅԱՆ» ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ[28.03.2018]
- ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «ԿԱՌԱՎԱՐԵԼԻ ՔԱՈՍԸ» ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ԿՐՈՆԱԿԱՆ ԵՐԱՆԳԱՎՈՐՈՒՄԸ ՓՈԽՈՒՄ Է ԷԹՆԻԿԱԿԱՆԻ[22.01.2018]