ՌԴ նախագահ Պուտինի ուղերձը

Ապրիլի 26-ին Վ.Վ.Պուտինը Դաշնային ժողովին ներկայացրեց իր 8-րդ նախագահական ուղերձը: Այն գրեթե բոլոր մեկնաբանների կողմից արժանացավ բարձր գնահատականի: Հայտնի է, որ Պուտինի ՊԻԱՌ-ծառայությունն ակտիվ է գործում, և հաճախ նրա շարքային ելույթներն անգամ ներկայացվում են հանրությանը որպես հայտնություն: Սակայն պետք է ընդունել, որ այդ ելույթի դրույթներն իրենց բովանդակությամբ և մասշտաբով գերազանցում են Պուտինի նախորդ ուղերձներում առաջարկվածներին (տե՛ս www.kremlin.ru/text/appears/2007/04/125401.shtml, www.kremlin.ru/text/appears/2006/05/105546.shtml):
Հատկանշական է, որ նախագահի ելույթի մի զգալի մասը նվիրված է հոգևոր-մշակութային խնդիրներին, և որպես ելակետ օգտագործվում են Դ.Լիխաչևի՝ «պետական ինքնիշխանությունը պայմանավորված է նաև մշակութային չափանիշներով» խոսքերը: Այդ բաժնում հատուկ ուշադրություն է դարձվում ռուսաց լեզվի ազգային հիմնադրամի ձևավորման, մշակույթի ոլորտում դրամաշնորհների համակարգի ամրապնդման և Համառուսաստանյան գրադարանային ցանցի և Նախագահական գրադարանի (Ելցինի անվան) ստեղծման խնդիրների վրա: Նշենք նաև, որ ուղերձի՝ այլ ոլորտներին վերաբերող մասերում նույնպես Պուտինը հաճախ է ընդգծում ռուսական մշակութային գործոնի կարևորությունը:
Անդրադառնալով ազգային 4 ծրագրերի կատարմանը և առանձնակի չմանրամասնելով «Առողջություն» և «Գյուղատնտեսություն» ոլորտները՝ շեշտադրում է կատարվում «Բնակարանաշինություն» ծրագրի վրա: Խնդիր է դրվում տարեկան 100-130 մլն մ2 բնակարան կառուցել և վերանորոգել վթարային բնակֆոնդը: Եթե նախկինում դաշնային բյուջեից վերջինի վրա ծախսվում էր ընդամենը $40 մլն, ապա ներկայումս այդ նպատակների համար ստեղծվում է հատուկ ֆոնդ՝ մոտ $10 մլրդ ակտիվով1:
Ուղերձում հատուկ ուշադրության են արժանացել նավթագազային ոլորտի գերշահույթներից ձևավորված «Ստաբիլիզացիոն ֆոնդի» տնօրինման հարցերը2: Այն որոշվել է բաժանել երեք մասի: «Պահուստային» ֆոնդը կատարելու է «Ստաբֆոնդի» նախկին գործառույթները, այսինքն՝ երաշխիք է հանդիսանալու բյուջետային պարտավորությունների կատարման և ինֆլյացիայի մեղմման համար: Երկրորդ մասն ուղղվելու է սոցիալական ծրագրերի իրագործմանը: «Ստաբֆոնդի» երրորդ մասը կոչվելու է «Ապագա սերունդների ֆոնդ» և ուղղվելու է մարդկային «կյանքի որակը» բարձրացնելուն: Մասնավորպես, ենթադրվում է 2007-2009թթ. կենսաթոշակները բարձրացնել 65% և էապես բարելավել սոցիալական ոլորտը: Միևնույն ժամանակ, այդ ֆոնդի միջոցներով պլանավորվում է կատարելագործել երկրի ենթակառուցվածքը, բարձրացնել բնական ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը, զարգացնել փոքր բիզնեսը և արդիականացնել բարձր տեխնոլոգիաների բնագավառը:
Վերոնշյալի համատեքստում որպես Ռուսաստանի զարգացման համար առաջնային խնդիրներ ընդունվում են.
- Էլեկտրաէներգետիկայի զարգացումը: Մասնավորապես, մինչև 2020թ. ենթադրվում է 2/3 ավելացնել էլեկտրաէներգիայի արտադրանքը, մոտ $450 մլրդ (մասնավոր ընկերությունների հետ համատեղ) ներդնել այդ ոլորտում և կառուցել 26 ատոմային էլեկտրակայան (խորհրդային տարիներին կառուցվել է ընդամենը 30 ԱԷԿ): Հաղորդակցական ուղիների զարգացումը: Պլանավորվում է լրացուցիչ ավելի քան $3 մլրդ ներդնել ավտոճանապարհաշինության ոլորտում, կառուցել Վոլգա-Դոն երկրորդ ջրանցքը, բարելավել նավահանգիստների ենթակառուցվածքը:
- Աէրոտիեզերական ոլորտի զարգացումը:
- Գիտական ոլորտի զարգացումը: Պլանավորվում է ընդհանուր առմամբ ավելի քան $3 մլրդ ուղղել հիմնարար գիտության կարիքներին և հատուկ ուշադրություն դարձնել նանոտեխնոլոգիաների զարգացմանը, որի համար ընդհանուր առմամբ հատկացվելու է ավելի քան $7 մլրդ: (Այս ծրագրի վերաբերյալ նշենք, որ գիտության ոլորտը ՌԴ-ում դեռևս հեռու է խորհրդային շրջանում ունեցած մակարդակից, սակայն, համաձայն մի շարք վկայությունների, առկա են ոլորտի վերակենդանացման բոլոր նախադրյալները: Նկատենք նաև, որ նանոտեխնոլոգիաների զարգացման ծրագիրը ենթադրում է ԱՊՀ երկրների մասնակցությունը, ինչը պետք է որ վերաբերվի նաև Հայաստանին):
Դիտարկվող ուղերձում, ինչպես և 2006թ. համանման ելույթում, բավական մեծ տեղ է հատկացվել պաշտպանական-ռազմական ոլորտին վերաբերող խնդիրներին: Միևնույն ժամանակ, թերևս, առաջին անգամ Պուտինը ոչ միայն դժգոհեց ՆԱՏՕ առաջխաղացման գործընթացներից կամ ԱՄՆ ռազմական ծրագրերից, այլև կամային առաջարկություն կատարեց «մորատորիում» հայտարարել 1990թ. կնքված Եվրոպայում ընդհանուր զինված ուժերի վերաբերյալ պայմանագրին (ДОВСЕ):
Վերոնշյալի առիթով նկատենք, որ որպես նման որոշման դրդապատճառ բերվում են այն փաստարկները, թե Ռուսաստանի հյուսիս-արևմուտքում չեն մնացել անգամ կորպուսի չափի զորամիավորումներ և որ ՆԱՏՕ երկրների կողմից այդ պայմանագիրը չի վավերացվել ու շարունակաբար խախտվում է: Միևնույն ժամանակ, այդ խնդրում պետք է կարևորել նաև Լեհաստանում և Չեխիայում ամերիկյան հակահրթիռային համակարգերի (ՀՀՀ) տեղադրումը: Թվում է, թե քաղաքական տրամաբանությունը պահանջում է, մասնավորապես՝ ս.թ. փետրվարի 10-ին Պուտինի Մյունխենում ունեցած հայտնի ելույթից հետո3, որպեսզի ՌԴ-ն դուրս գա 1987թ. Վաշինգտոնում կնքած Միջին հեռահարության հրթիռների պայմանագրից: Այս միտքը հանրային ձևաչափով առաջինը հնչեցրեց ՌԴ Գլխ. շտաբի պետ Յու. Բալուևսկին, որից հետո խնդրի շուրջ ռուսաստանյան ԶԼՄ-ում ծավալվեցին լայն քննարկումներ: Սակայն տպավորությունն այնպիսին է, որ Արևելյան Եվրոպայում իրենց ՀՀՀ-ն տեղադրելով՝ ամերիկացիները փորձում են անվստահություն սերմանել ՌԴ-ի և Եվրոպայի միջև և խոչընդոտել ինտեգրացիոն գործընթացներին, որոնցում ՌԴ հիմնական գործընկերներն են Գերմանիան և Ֆրանսիան: Այդ տեսակետից Միջին հեռահարության հրթիռների պայմանագրից ՌԴ դուրս գալը գուցե այնքան էլ նպատակահարմար չլինի, քանի որ այդպիսով լիովին կարդարացվի ԱՄՆ ներկայիս ռազմավարությունը և կվերականգնվի ԽՍՀՄ-Եվրոպա հարաբերությունների 1970-1980թթ. հակամարտային իրավիճակը:
Որոշ հետևություններ. Ինչպես հայտնի է, Պուտինի նախագահական ուղերձները կրկնում են ԱՄՆ-ում գոյություն ունեցող համապատասխան քաղաքական ավանդույթը: Պետք է ընդունել, որ նման «հանրային քաղաքականության» տեխնոլոգիան բավական արդյունավետ է և դրական ազդեցություն է գործում քաղաքական ընտրանու և հասարակության վրա: Նկատենք նաև, որ ինչ-որ չափով ամերիկյան «փոխառություն» պետք է համարել նաև ՌԴ Ազգային ծրագրերի4 ձևավորումը և իրագործումը: Հայտնի է, որ այսօր տարաբնույթ ազգային ծրագրեր են իրականացնում ոչ միայն արևմտյան երկրները, այլև Չինաստանը և Իրանը (որոնց առաջընթացը փորձագետները հիմնավորում են հենց այդպիսի ծրագրերի առկայությամբ): Նշենք, որ նման ծրագրեր այսօր փորձում են ձևավորել նաև Ադրբեջանում: Այս ամենը վկայում է այն մասին, որ, թերևս, կարելի է դիտարկել նման քաղաքական-տնտեսական տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունը Հայաստանի քաղաքական ընտրանու կողմից:
1 Այդ միջոցների մի մասն առաջարկվում է ստանալ պետական սեփականության մասնավորեցումից և, որպես օրինակ, «ՅՈՒԿՈՍ»-ի վերավաճառումից ստացված գումարներից:
2 Նկատենք, որ այդ ֆոնդում կուտակված գումարների (մոտ $90 մլրդ առ 1 հունվարի 2007թ.) տնօրինության խնդիրը դարձել էր ռուսաստանյան քաղաքական ընտրանու (ընդդիմադիր հատվածի, կառավարության անդամների, հատկապես՝ Կուդրինի) ակտիվ քննարկման առարկա, և նախկինում ամենաբարձր մակարդակով առաջարկվում էին այդ գումարի ծախսման ամենազանազան տարբերակներ: Ուղերձում այդ հարցը կարծես թե լուծում է գտնում:
3 Բնորոշ է, որ գերմանական հանրության 65%-ը, հեղինակավոր EMIND ինստիտուտի հարցման համաձայն, դրական մոտեցում ցուցաբերեց ԱՄՆ-ի դեմ ուղղված Պուտինի մյունխենյան հայտարարություններին, որոնք, փաստորեն, ամրագրում են Նոր սառը պատերազմի (համաձայն ԱՄՆ ՊՆ նախարար Ռ.Գեյթսի արտահայտության) առկայությունը:
4 Նմանատիպ «բաց» և «փակ» ծրագրեր գոյություն ունեին նաև ԽՍՀՄ-ում, որոնք ընդունվում էին Քաղբյուրոյի մակարդակով:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԴԵՆ ՍՅԱՈՊԻՆ ԵՎ «ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆ»[27.12.2018]
- ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԽՆԴԻՐԸ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ[10.12.2018]
- ՄՈՍԿՎԱ-ԵՐԵՎԱՆ ՏԵՍԱԿԱՄՈՒՐՋ՝ «ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՄԱՐԱԹՈՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՏԱՊ ՀԱՐՑԵՐԸ»[27.11.2018]
- «ԳԱՂՈՒԹՆԵՐ», «ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ[20.11.2018]
- ԱՊԱԳԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵԼՈՒ ԽՆԴԻՐԸ[08.10.2018]
- «ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ԱԴԵԿՎԱՏ ԸՆԿԱԼԵԼՈՒ ՀՐԱՏԱՊՈՒԹՅՈՒՆԸ[06.08.2018]
- ՀՈԳԵՎՈՐ-ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ ԵՎ ԴԱՇՆԱԿՑԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԸ ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ[23.07.2018]
- «ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ԱԴԵԿՎԱՏ ԸՆԿԱԼՈՒՄԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ[09.07.2018]
- «ՉԻՆԱԿԱՆ ՇԱԽՄԱՏ»[23.05.2018]
- ՖՐԱԳՄԵՆՏԱՑՎԱԾ ԿԱՄ «ՄԻՆՉՎԵՍՏՖԱԼՅԱՆ» ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ[28.03.2018]
- ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «ԿԱՌԱՎԱՐԵԼԻ ՔԱՈՍԸ» ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ԿՐՈՆԱԿԱՆ ԵՐԱՆԳԱՎՈՐՈՒՄԸ ՓՈԽՈՒՄ Է ԷԹՆԻԿԱԿԱՆԻ[22.01.2018]