• am
  • ru
  • en
Версия для печати
11.06.2007

ՌԴ նախագահ Վ.Պուտինի այցը Ղազախստան և Թուրքմենստան Նոր վերադասավորումներ տարածաշրջանի էներգետիկ քարտեզի վրա

English

   

Սևակ Սարուխանյան

russia_kazakhstan_turkmenistan (medium) Մայիսի 10-12-ը ՌԴ նախագահ Վ.Պուտինի Ղազախստան և Թուրքմենստան կատարած այցերի արդյունքում ձեռք բերվեցին մի շարք կարևոր պայմանավորվածություններ, որոնք հիմնականում առնչվում են էներգետիկ ոլորտում պետությունների միջև համագործակցության զարգացմանը: Ձեռք բերված պայմանավորվածություններն ունեն նաև կարևոր քաղաքական նշանակություն:

Հատուկ ընտրված պահ այցելության համար

Վերջին մեկ տարվա ընթացքում բավական հետաքրքրական համընկնումներ են տեղի ունենում նախկին ԽՍՀՄ տարածքում էներգետիկ նշանակության ծրագրերի իրականացման ոլորտում: Այսպես, օրինակ, Իրան-Հայաստան գազամուղի բացումը համընկավ Բաքու-Էրզրում գազատարի փաստացի բացման հետ: Բացի նրանից, որ այս երկու գազատարները կարևոր նշանակություն ունեն Հարավային Կովկասի էներգետիկ անվտանգության ապահովման տեսանկյունից, դրանք հանդիսանում են տարբեր աշխարհաքաղաքական և տարածաշրջանային նշանակություն և նպատակաուղղվածություն ունեցող ծրագրեր: Նույն կերպ ՌԴ նախագահի այցը Ղազախստան և կարևոր ռուս-ղազախական և ռուս-թուրքմենա-ղազախական համաձայնագրերի ստորագրումը համընկան Լեհաստանի Կրակով քաղաքում հրավիրված ոչ ֆորմալ էներգետիկ գագաթաժողովի աշխատանքների հետ, որի վեց մասնակիցներն էին, ավելի ճիշտ՝ մասնակիցները պետք է լինեին, Լեհաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Ղազախստանի, Վրաստանի և Լիտվայի նախագահները: Ինչպես կարելի է ենթադրել գագաթաժողովի մասնակից պետությունների զուտ աշխարհագրությունից, քննարկվող հիմնական հարցերից մեկը Ռուսաստանը շրջանցող Կենտրոնական Ասիա-Հարավային Կովկաս-Ուկրաինա-Արևելյան Եվրոպա էներգետիկ նախագծերի իրագործումն էր, որոնց կարևորագույն բաղկացուցիչը պետք է լինի նավթագազային ռեսուրսներով ամենահարուստ Ղազախստանը: Ռուսաստանի նախագահի այցը խափանեց Ն.Նազարբաևի մասնակցությունը նշված գագաթաժողովի աշխատանքներին, իսկ ստորագրված համաձայնագրերը, փաստորեն, ցույց տվեցին Կրակովյան և այլ նման հանդիպումների անարդյունավետությունը, քանի որ որպես Կենտրոնական Ասիայի գազի արտահանման ուղի վերահաստատվեց Ռուսաստանի տարածքը: Այս տեսանկյունից հատկանշական է, որ ՌԴ նախագահի Կենտրոնական Ասիա կատարած այցին նվիրված հոդվածներից մեկը ռուսական հեղինակավոր «Էքսպերտ» հանդեսում լույս տեսավ «Путин не пустил Назарбаева в Польшу» վերնագրով:

Հատկանշական է, որ Վ.Պուտինի այցը Աստանա կարելի է անվանել անսպասելի, քանի որ դեռ մայիսի սկզբին Ղազախստանի նախագահը հայտարարել էր, թե ինքն անպայման մասնակցելու է Կրակովյան գագաթաժողովին: Կարելի է ենթադրել, որ ռուս-թուրքմենա-ղազախական համաձայնագրերի ստորագրումը նույնպես վերջին շրջանի պայմանավորվածությունների արդյունք են, և այդ իսկ պատճառով դրանք անակնկալ են մատուցել, այսպես կոչված, Տրանսկասպյան գազամուղի կառուցման կողմնակիցներին և քաղաքական հովանավոր ԱՄՆ-ին: Այսպիսի հնարավորության մասին է խոսում, մասնավորապես, ԱՄՆ նախագահ Ջ.Բուշի չնախատեսված զանգը Աստանայում գտնով ՌԴ նախագահին՝ վերջինիս հետ երկկողմ հարաբերությունների զարգացման հարցերի քննարկման նպատակով: ՌԴ և ԱՄՆ նախագահների մամլո ծառայությունները սուղ տեղեկատվություն են հրապարակել խոսակցության թեմայի մասին: Մինչդեռ նույն հեղինակավոր «Էքսպերտ» ամսագրի կողմից հիմնված «Ռուսկի Ռեպորտյոր» ամսագրի առաջին համարում բավական հետաքրքիր մեջբերումներ են արված ինտերնետային մատյաններում (բլոգերում) խոսակցության հնարավոր թեմայի մեկնաբանություններից: Նշենք, որ վերջին տարիների ընթացքում բլոգերը բավական հաջող օգտագործվում են հատուկ հղումներ կատարելու համար ոչ պաշտոնական բնույթի տեղեկատվությանը, ինչը թույլ է տալիս կառավարություններին և լրատվամիջոցներին խուսափել նման տեղեկատվությունը ծանրակշիռ աղբյուրներով հավաստելուց և, համապատասխանաբար, հրատարակված նյութերի համար պատասխանատվությունից: Եվ այսպես, «Ռուսկի Ռեպորտյորը» մեջբերում է անում մի մատյանից, որտեղ ասվում է, որ Ջ.Բուշի զանգի հիմնական նպատակն է եղել համոզել ՌԴ նախագահին խուսափել Թուրքմենստանից դեպի Ղազախստան և ապա Ռուսաստան նոր գազատարի կառուցման մասին հռչակագրի ստորագրումից, մինչ այս հարցի քննարկումը ԱՄՆ-ՌԴ ձևաչափում, այդ թվում ԱՄՆ Պետքարտուղար Ք.Ռայսի Մոսկվա կատարած այցի շրջանակներում: Տվյալ մատյանից կատարված հաջորդ հղումը վերաբերում է նրան, որ նոր համաձայնագրերի ստորագրումը Աստանայում և Աշգաբադում Ռուսաստանի միայն առաջին հաղթանակն է, քանի որ դրանք վերաբերում են միայն գազի ոլորտին: Կենտրոնական Ասիայի նավթի արտահանման հեռանկարների առումով Ռուսաստանը դեռ շատ անելիք ունի, քանի որ Աքթաու-Բաքու նավթատարի կառուցման մասին ղազախա-ադրբեջանա-ամերիկյան պայմանավորվածությունները դեռևս ուժի մեջ են, չնայած Ղազախստանը կարող է միանալ Բուրգաս-Ալեքսանդրոպոլիս նավթատարի շահագործողներին:

Նշենք, որ Վ.Պուտինի այցելությունը տեղի ունեցավ ՌԴ-ԵՄ գագաթաժողովի նախօրեին, ինչը բավական լուրջ ազդեցություն թողեց ԵՄ՝ Կենտրոնական Ասիայի գազային պաշարներն առանց Ռուսաստանի միջնորդության ներկրման ակնկալիքների վրա:

Պայմանավորվածությունների մասին

Եվ այսպես, ՌԴ նախագահ Վ.Պուտինի Կենտրոնական Ասիա կատարած այցելության ընթացքում ձեռք բերվեցին մի շարք կարևոր պայմանավորվածություններ: Դրանք են.

  • Մայիսի 11-ին Ռուսաստանի, Ղազախստանի և Թուրքմենստանի նախագահները ստորագրեցին հռչակագիր Մերձկասպյան գազատարի կառուցման մասին: Նախագահները հանձնարարեցին իրենց կառավարություններին մինչև սեպտեմբեր պատրաստել և ստորագրել վերջնական համաձայնագիր գազատարի կառուցման պայմանների և ընթացքի մասին: Նոր խողովակաշարը պետք է Թուրքմենստանի Կասպիցի ափով ձգվի մինչ Ղազախստան և Ալեքսանդրով Գայ կոչված վայրում միանա Միջին Ասիա-Կենտրոն գազատարին, որը ձգվում է Ուզբեկստանից մինչև Ռուսաստան:
  • Արդեն իսկ Ուզբեկստանի նախագահի ստորագրությամբ ամրագրված երկրորդ հռչակագրի համաձայն՝ ընթացիկ տարում պետք է սկսվի 1967-ին կառուցված Միջին Ասիա-Կենտրոն գործող գազատարի արդիականացման ծրագիրը: Ըստ որոշ աղբյուրների` նոր ծրագրերի իրականացման արդյունքում Թուրքմենստանից Ռուսաստան ձգվող գազատարային հզորությունները կհասնեն 160 մլրդ մ3 մեկ տարվա ընթացքում, ինչն էականորեն գերազանցում է Թուրքմենստանի գազի արտադրման ծավալները: Հնարավոր է, որ կառուցվելիք գազատարը որոշակի շրջանում հիմք հանդիսանա մեկ էներգատրանսպորտային անոթով իրար կապել աշխարհի երկու խոշորագույն գազային տերությունները` Ռուսաստանը և Իրանը:
  • Միևնույն ժամանակ, Ղազախստանի նախագահը մի շարք կարևոր առաջարկություններ արեց, որոնք ընդունվեցին Ռուսաստանի և Թուրքմենստանի նախագահների կողմից: Խոսքը ղազախական Երալիևո կայարանից մինչև թուրքմենական Թուրքմենբաշի քաղաք երկաթգծի և ավտոճանապարհի կառուցման մասին է: Այս երկու տրանսպորտային ուղիները, փաստորեն, կմիավորեն մեկ երկաթգծային և ավտոճանապարհային առանցքում ռուսական Կալինինգրադից և իրանական Բենդեր Աբաս նավահանգիստ ձգվող տարածքը: Ծրագրերը կիրականացվեն «Հարավ-Հյուսիս» տրանսպորտային միջանցքի ստեղծման շրջանակներում, որին ակտիվ մասնակցություն է խոստացել թուրքմենական առաջնորդ Կ.Բերդիմուխամետովը:
  • Ռուսաստանի նախագահ Վ.Պուտինի հետ հանդիպման ընթացքում Թուրքմենստանի ղեկավարը հայտարարեց, որ պատրաստվում է բավական լուրջ ազատականացում մտցնել Թուրքմենստանի էներգետիկ ոլորտում և հրավիրեց ռուսական և ղազախական ընկերություններին համատեղ զարգացնել Կասպից ծովի թուրքմենական հատվածում գտնվող գազի հանքավայրերը:
  • Ղազախստանի հետ բանակցությունների համեմատական հաջողություն կարելի է համարել այն, որ Ն.Նազարբաևը հայտարարեց, թե Աստանան ցանկանում է միանալ Բուրգաս-Ալեքսանդրոպոլիս նավթատարի շահագործմանը, ինչի համար հարկավոր է ավելացնել Կասպյան նավթատարային կոնսորցիումի հզորությունը 17 մլն տոննայով: Չնայած Աստանայի լավատեսությանը՝ Պուտին-Նազարբաև հանդիպումից երկու օր անց ՌԴ փոխվարչապետ և էներգետիկայի նախարար Վ.Խրիստենկոն հայտարարեց, թե նավթատարի հզորացման առնչությամբ վաղ է խոսել Ռուսաստանի համաձայնության մասին:

Հարկ ենք համարում նշել, որ եռակողմ բանակցությունների ավարտից հետո Ռուսաստանի, Ղազախստանի և Թուրքմենստանի նախագահներին ուղղված հարցերից մեկը հնչում էր մոտավորապես այսպես. նշանակո՞ւմ է արդյոք, որ նոր եռակողմ համաձայնագրերի ստորագրումից հետո վերանում է Տրանսկասպյան գազատարի կառուցման հնարավորությունը Թուրքմենստանից Ադրբեջան: Այս հարցին թուրքմենական առաջնորդը տվեց բացասական պատասխան` ավելացնելով, որ Թուրքմենստանի գազի հսկայական պաշարները բավարար են տարբեր նախագծերի իրագործման համար: Ինչպես նշում է ռուսական «Վեդոմոստի» թերթի թղթակիցը, այսպիսի պատասխանից հետո ՌԴ նախագահ Վ.Պուտինի երեսին քմծիծաղ երևաց, ինչը, ըստ թղթակցի, հետևանքն էր այն գիտակցման, որ նոր գազատարի կառուցումից և շահագործման հանձնումից հետո դժվար թե Թուրքմենստանի համար հնարավոր լինի նոր խոշոր գազային նախագիծ իրականացնել:

Մերձկասպյան գազատարի կառուցումը, անկասկած, կնվազեցնի Տրանսկասպյան գազատարի կառուցման հնարավորությունը և մեծ հարված կհասցնի այս նախագծի հիմնական գաղափարախոս ԱՄՆ շահերին: Սակայն ռուս-թուրքմենա-ղազախական հռչակագրի ստորագրումը մատնանշում է Կենտրոնական Ասիայում Ռուսաստանի դիրքերի կտրուկ ամրապնդում նաև Չինաստանի էներգետիկ շահերի հաշվին:

Ներքաղաքական վերադասավորումներ Թուրքմենստանում և չինական էներգետիկ դիրքերի թուլացումը

Մայիսի 15-ին Associated Press-ը հաղորդում տարածեց, որ Թուրքմենստանի նախագահի հրամանով աշխատանքից ազատվել է նախագահի անվտանգության ծառայության պետ Ախմուրադ Ռեդջեբովը, որն այս պաշտոնը զբաղեցնում էր դեռ նախորդ նախագահ Թ.Նիյազովի օրոք: Ա.Ռեդջեբովը, բացի նրանից, որ Թ.Նիյազովի մահից հետո իր ազդեցությամբ երկրում երկրորդ մարդն էր, միևնույն ժամանակ նաև բացառիկ անձնավորություն էր կառավարման համակարգում, որը չէր հանդիսանում, այսպես կոչված, տիկինյան տարածքային կլանի (Թ.Նիյազովի օրոք այս կլանի ներկայացուցիչները կազմում էին կառավարության 2/3-ը) ներկայացուցիչ: Ա.Ռեդջեբովը փոքրաքանակ էռսարյան տարածքային կլանի ներկայացուցիչ է: Էռսարյան ցեղախմբի կենտրոնացման հիմնական վայրը Թուրքմենստանում Ուզբեկստանին սահմանակից Լեբափյան վելայաթն է, որտեղ էլ հենց գտնվում է Թուրքմենստանի չմշակված գազի հանքավայրերի մեծ մասը: Հենց այս հանքավայրերի շահագործման արդյունքում պետք է ստեղծվեր Թուրքմենստան-Ուզբեկստան-Չինաստան գազատարը, որի կառուցման հիմնական քարոզիչներից էր Ա.Ռեդջեբովը, որը (զբաղեցնելով նախագահի անվտանգության ծառայության պետի պաշտոնը), էներգետիկ ոլորտում համագործակցության հարցերի քննարկման համար սույն թվականի ապրիլին այցելել էր Պեկին: Նշենք, որ Կ.Բերդիմուխամետովը նախագահ դառնալուց հետո առաջին պաշտոնական հարցազրույցը տվել էր չինական «Սինխուա» տեղեկատվական գործակալությանը՝ նշելով էներգետիկ ոլորտում թուրքմենա-չինական համագործակցության զարգացման կարևորությունը:

Այստեղ կարևոր հանգամանք է հետևյալը. թուրքմենա-ղազախա-ռուսական նոր գազատարի կառուցման պարագայում այս խողովակաշարով ենթադրվում է, որ դեպի Ռուսաստան և ապա ԵՄ պետք է արտահանվի Լեբափյան վելայաթի գազը, որի արդյունահանումը կսկսվի մոտակա երկու տարիների ընթացքում: Սա նշանակում է, որ սեպտեմբերին նախատեսված թուրքմենա-չինական համաձայնագրի կնքումը Թուրքմենստան-Չինաստան գազատարի կառուցման վերաբերյալ կարող է տեղի չունենալ մեկ պարզ պատճառով. գազի պաշարների վերաբաշխումն այսօր արդեն իսկ կատարվել է, և այն չի ենթադրում դեպի Չինաստան տանող գազատարի կառուցում:

Ըստ մեզ մոտ կանգնած աղբյուրների՝ Ա.Ռեդջեբովի հեռացումն աշխատանքից, որն իրականում տեղի է ունեցել դեռ ապրիլի վերջին, կապված է եղել չինական գործոնի թուլացման և էռսերյան կլանի «գլխատման» նպատակով: Այս հեռացման արդյունքում նպատակ կա լիարժեք վերահսկողություն հաստատել Լեփաբյան վելայաթի վրա, որտեղ զարգացումները վերջին ամիսներին բավական անհանգստացնող էին դարձել թուրքմենական ղեկավարության համար1:

Հետևություններ

Վ.Պուտինի այցը Կենտրոնական Ասիա բավական կարևոր փոփոխությունների հիմք կարող է հանդիսանալ տարածաշրջանային էներգետիկ զարգացումներում: Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեն հետևյալ հանգամանքները.

  1. Մերձկասպյան գազատարի կառուցումը նվազեցնում է Տրանսկասպյան գազատարի կառուցման հնարավորությունը, ինչը կազդի Ադրբեջանի` որպես Կենտրոնական Ասիա գազի տարանցման կենտրոնական պետության վերածվելու հեռանկարի վրա:
  2. ՌԴ կողմից Կասպյան նավթատարային կոնսորցիումի նավթատարի հզորացմանը համաձայնելը և Ղազախստանի միացումը Բուրգաս-Ալեքսանդրոպոլիս նախագծին կավելացնի ղազախական նավթի արտահանումը Ռուսաստանի տարածքով և կսահմանափակի Աստանայի հեռանկարային կախվածությունը Բաքու-Ջեյհան նավթատարից:
  3. Թուրքմենստանից Ռուսաստան նոր նավթատարի կառուցումը և հին ուղիների հզորացումն ավելի սերտ կդարձնեն Ռւուսաստանի և Իրանի գազատարային համակարգերի կապը: Հաշվի առնելով Իրան-Հայաստան և Ռուսաստան-Վրաստան-Հայաստան գազատարերի առկայությունը՝ այդ կապվածությունը կդառնա արտատարածաշրջանային` Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններով:

Վերը նշված հանգամանքները խոսում են այն մասին, որ էներգետիկ համագործակցության ոլորտում զարգացումները թևակոխում են կարևոր և ակտիվ փուլ, ինչը ևս մեկ անգամ հուշում է այն մասին, որ արդեն իսկ հասունացել է ՀՀ էներգետիկ անվտանգության հայեցակարգի մշակման անհրաժեշտությունը:

1Ըստ նույն աղբյուրի՝ վերջին շրջանում խոսակցություններ էին պտտվում, թե Ա.Ռեդջեբովը Չինաստանի և Ուզբեկստանի օգնությամբ մտադրվել էր սկսել Լեփաբյան վելայաթի` Թուրքմենստանից անջատվելու փորձեր, որի արդյունքում պետք է ստեղծվեր կամ նոր պետություն, կամ էլ այս վելայաթը ինքնավարության կարգով պետք է միանար Ուզբեկստանին:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր