ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՐՑՆ ԱՐԱԲԱԿԱՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Աշխարհի ամենաքիչ ազատական երկրների ցանկում են Մերձավոր եւ Միջին Արեւելքի, այդ թվում` արաբական երկրները, որոնք շրջանցեցին ժողովրդավարացման այն ալիքը, որով անցան Արեւելյան Եվրոպայի, Ասիայի, Լատինական Ամերիկայի շատ երկրներ 1980– 1990-ականներին: Այս հանգամանքը, սակայն, որոշակիորեն նպաստում է արաբական երկրներում բարեփոխումների դիսկուրսի եւ այդ ուղղությամբ իրականացվող գործընթացների ձեւավորմանը:
Բարեփոխումների հարցն արաբական աշխարհում պայմանավորված է ներքին եւ արտաքին գործոններով։ Վերջինս կապված է ամերիկյան արտաքին քաղաքականության մերձավորարեւելյան ուղղության հետ։ Սեպտեմբերի 11-ից ի վեր ամերիկյան վարչակարգը շարունակում է հանդես գալ արաբական երկրներում ժողովրդավարացման պահանջով, ինչը, բնականաբար, պայմանավորված է տարածաշրջանում ԱՄՆ քաղաքական շահերով ու հետաքրքրություններով:
Արաբական աշխարհում կա բարեփոխումների ներդրման երեք հեռանկար: Առաջին դեպքում դրանք հնարավոր է իրականացնել լիբերալ ժողովրդավարական օրակարգի, երկրորդ` իսլամական ուղու եւ երրորդ` արաբական ավտորիտար վարչակարգերի միջոցով:
Բարեփոխումների անհրաժեշտության մասին միասնաբար խոսում են գրեթե բոլոր արաբական վարչակարգերը, սակայն հստակ չեն բարեփոխումների նրանց տեսլականները: Վերջիններս առաջ են քաշում պետության արդիականացման, քաղաքական, տնտեսական, կրթական, սոցիալական ոլորտներում բարեփոխումներ անցկացնելու գաղափարներ: Արաբական վարչակարգերը հայտարարում են, որ ներգրավված են ժողովրդավարական գործընթացների մեջ, սակայն իրականում այդ ուղղությամբ իրականացնում են մասնակի, ոչ արմատական քայլեր, որոնք շատ դեպքերում պարզապես փակուղի են մտնում։
Հատկանշական է, որ արաբական վարչակարգերը մերժում են ԱՄՆ-ից կամ Արեւմուտքից եկող ազատական գաղափարները` ժողովրդավարության սեփական եւ ուրույն ավանդույթներ ունենալու հիմնավորմամբ: Օրինակ, Եգիպտոսի արտգործնախարար Ահմադ Մահերի (2001–2004) համոզմամբ` Եգիպտոսը ժողովրդավարական պետության մոդել է, եւ իրենք որեւէ մեկի փորձը ներդնելու կարիք չունեն։ Արաբական վարչակարգերը, վերահսկելով իրավիճակն իրենց հասարակություններում, ավելի շատ ձգտում են ժամանակ շահել` պահպանելու ներկա ստատուս քվոն: Արաբական աշխարհում առկա տեսակետներից մեկի համաձայն` արաբական վարչակարգերը սպասում են ԱՄՆ 2008թ. նախագահական ընտրություններին, ինչի արդյունքում, կապված իրաքյան խնդրի հետ, կարող է որոշակիորեն վերափոխվել Միջին Արեւելքում ժողովրդավարացման ԱՄՆ արտաքին քաղաքական հայեցակարգը։
Մեկ այլ դեպքում, ինչպես նշում է եգիպտացի վերլուծաբան Ահմադ Աբդալլահը, արաբական վարչակարգերը վստահ են, որ Վաշինգտոնն իրենց աջակցության կարիքն ունի` հատկապես ահաբեկչության դեմ պայքարի հարցում, այդ իսկ պատճառով զերծ կմնա ճնշումներ գործադրելուց։ Հակառակ դեպքում կհանդիպի դիմակայության։ Բացի այդ, վարչակարգերը գիտակցում են, որ ժողովրդավարության արդյունքում կարող են իշխանության գալ ԱՄՆ-ի համար անցանկալի, ասենք` իսլամիստական վարչակարգեր (ինչն ապացուցվում է «Համաս»-ի օրինակով):
Բարեփոխումների պահանջով հանդես եկող իսլամական ուղու կողմնակիցների կարծիքով` արաբական աշխարհում առկա սոցիալ-քաղաքական բավական բարդ խնդիրներն առաջացել են «ճշմարիտ իսլամից» հեռանալու, հասարակական-քաղաքական կյանքում իսլամական հիմնարար սկզբունքները չներդնելու պատճառով: Նրանք արաբական աշխարհում արեւմտյան արժեքներ ներդնելը համարում են կործանարար, քանի որ արաբական աշխարհը զարգացման սեփական ուղի ունի, որ մատնանշված է Ղուրանում, մարգարեի սուննայում, իսլամական այլ աղբյուրներում:
Ինտելեկտուալ այլ հարթության մեջ են լիբերալ բարեփոխումների կողմնակիցները, որոնք առաջ են քաշում քաղաքացիական հասարակության, ժողովրդավարության, մարդու հիմնարար ազատությունների եւ իրավունքների պահանջներ։ Նրանք այս կուրսն առաջարկում են իրականացնել հիմնականում վարչակարգերի վերափոխման միջոցով: Ի տարբերություն իսլամականների, նրանք անհրաժեշտ են համարում ընդառաջ գնալ արեւմտյան ինստիտուտներին եւ արժեքներին, իսկ արաբական աշխարհի հետադիմության եւ առկա հիմնախնդիրների պատճառները կապում են ժամանակակից մտածողությունից նահանջ ապրելու հետ: Այս տեսանկյունից հետաքրքրական է լիբերալ ուղղվածությամբ արաբական կայքէջի (www.aafaq.org) հրապարակումներից մեկը, որտեղ նշված է. «Շատ են տեսակետներն այն մասին, թե արաբական հողը ծնում է միայն իսլամիստների կամ դիկտատոր վարչակարգերի: Մենք ասում ենք, որ կա երրորդ ճանապարհը` բարեփոխումների, լիբերալիզմի եւ դեմոկրատիայի ճանապարհը»: Հրապարակման մեջ արաբական հասարակությունները մեղադրվում են բարեփոխումների հնարավորություններն անժամկետ տանուլ տալու եւ իշխանություններին սատարելու մեջ:
Իրաքյան իրողությունների համատեքստում, ազատական բարեփոխումների կողմնակիցների շրջանում օրակարգային է դարձել ԱՄՆ-ի մասին ծավալվող դիսկուրսը։ Հատկանշական է, որ այս հարցում ռեֆորմիստների տեսակետները տարբեր են։ Նրանց մի մասը քննադատում է Մերձավոր Արեւելքում ԱՄՆ քաղաքականությունը, ժողովրդավարության տարածման ԱՄՆ երկակի չափանիշները` մատնանշելով իրաքյան օկուպացիան եւ այդ երկրում ժողովրդավարության ձախողված փորձը։ Միաժամանակ, նրանք համոզված են, որ արաբական երկրներում միայն ժողովրդավարության հաստատմամբ հնարավոր կլինի պայքարել ԱՄՆ գերիշխանության դեմ։
Մեկ այլ շրջանակ կոչ է անում վերանայել ԱՄՆ-ի մասին արաբական/իսլամական աշխարհում առկա կարծրատիպերը։ Նշվում է, որ ԱՄՆ-ի վերաբերյալ արաբների տեսական պատկերացումների եւ գործնական քայլերի միջեւ հակասություն կա: Ըստ նրանց` արաբները «պաշարում» են ամերիկյան դեսպանատները` մուտքի արտոնություն ստանալու համար, միեւնույն ժամանակ, քննադատում են այն երկիրը, որտեղ մահմեդականներն ազատ դավանում են իրենց կրոնը. արաբները ձգտում են ներդնել կրթական եւ այլ համակարգերի ամերիկյան մոդելները, բարձր տեխնոլոգիաների ամերիկյան փորձը, միեւնույն ժամանակ ԱՄՆ-ը դիտարկում են որպես թշնամի: Արաբներին բնորոշ է սխեմատիկ մտածողությունը եւ ժամանակի, այդ թվում` ԱՄՆ-ին վերաբերող իրողությունների ոչ ճիշտ եւ համարժեք ընկալումը: Մինչդեռ, արաբներն ամենից առաջ պետք է ճանաչեն ամերիկյան հասարակությունն ու ամերիկյան քաղաքական մշակույթը, իսկ սեփական դժվարությունների համար սովորեն պատասխանատվություն կրել:
«Աս-սիյասա ադ-դաուլիյա» եգիպտական թերթի փոխխմբագիր Ուսամա Ալ-Ղազալի Հարբը տարակուսանք է հայտնում, թե ինչու են արաբները մերժում Արեւմուտքից եկող ազատական պահանջները` գիտակցելով բարեփոխումների անհրաժեշտությունը, որը կապված է արաբական հասարակությունների արդիականացման, ժողովրդավարության զարգացման եւ արաբա-իսրայելական հակամարտության կարգավորման հետ: «Մի՞թե սա այն չէ, ինչ ցանկանում են եւ որի մասին միշտ խոսում են արաբները»,–նշում է Հարբը:
Ճիշտ է, նման մտայնությամբ ռեֆորմիստները քննադատում են Իրաքում ԱՄՆ քաղաքականությունը, սակայն, միեւնույն ժամանակ, ԱՄՆ-ը դիտարկում են մի ուժ, որը կարող է աջակցել արաբական աշխարհում ժողովրդավարացման գործընթացներին։
Ակնհայտ է, որ արաբական երկրներում կա բարեփոխումների հասարակական քննարկում: Արաբական աշխարհի արդիականացումը շատ դեպքերում կախված է քաղաքական եւ սոցիալ-տնտեսական ոլորտներում ազատական բարեփոխումներից, որոնք կարիք ունեն հասարակության աջակցության: Բացի այդ, արաբական հասարակություններին բնորոշ է պահպանողականությունը, այդ իսկ պատճառով բարեփոխումների համար ժամանակ է անհրաժեշտ։
Այս համատեքստում հստակ է, որ ամերիկյան դիսկուրսն ամենից շատ շահարկելու են արաբական վարչակարգերը եւ իսլամիստները, ովքեր արաբական/իսլամական հասարակություններում հակաամերիկյան տրամադրությունները կօգտագործեն ռեֆորմիստների դեմ պայքարում։ Իսկ ժողովրդավարությունն արաբական աշխարհում, լավագույն դեպքում, առնչվում է հեռավոր ապագային:
Միեւնույն ժամանակ, բարեփոխումների շուրջ ծավալված բանավեճերի եւ պահանջների արդյունքում արաբական երկրներում որոշակի առաջընթաց է գրանցվել` մասնավորապես, տնտեսության եւ սոցիալական ոլորտներում, ինչպես եւ որոշակի հրատապություն ունեցող թեմաների արգելքի նահանջի հարցում։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԻՐԻԱՅՈՒՄ ԵՎ ՍԻՐԻԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ[31.05.2011]
- ԱՐԱԲԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԸ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄՈԴԵԼԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋ[17.05.2011]
- ՍԻՐԻԱՆ ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՎՏԱՆԳԻ ԱՌՋԵՎ[15.04.2011]
- «ԱՐԱԲԱԿԱՆ ՍՑԵՆԱՐԻ» ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ[05.04.2011]
- ԻՍԼԱՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ ԵԳԻՊՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ[15.02.2011]
- ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԸ ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ԱՌՋԵՎ[21.01.2011]
- ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԻՐԱՔԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՏԵՆԱՊԵՏ ՊԱՐՈՒՅՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՀԵՏ[03.12.2010]
- ԻՍԼԱՄԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՈՐ ԱԼԻՔ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ[18.11.2010]
- ԻՐԱՔՅԱՆ ՔՈՒՐԴԻՍՏԱՆ[19.10.2010]
- ԻՐԱՔԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ԳՈՅԱՊԱՀՊԱՆՄԱՆ ԽՆԴՐԻ ԱՌԱՋ[22.09.2010]
- ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ ՄԻՋԻՆ ԱՐԵՎԵԼՔԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ[22.07.2010]