ԻՍԼԱՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՍԻԱՅՈՒՄ
Կենտրոնական Ասիայի հիմնական կրոնն իսլամն է, որն այստեղ է ներթափանցել 7-8-րդ դարերում արաբների արշավանքների ժամանակ, ինչի արդյունքում տարածաշրջանի մի զգալի հատվածը մաս է կազմել արաբական խալիֆայության: Կենտրոնական Ասիան ավանդականորեն համարվել է իսլամական մշակույթի եւ գիտության կարեւորագույն կենտրոն:
ԽՍՀՄ փլուզումից հետո Կենտրոնական Ասիայում իսլամի արմատավորումն ընթացավ տեղական պայմաններին հատուկ հանգամանքներում՝ առանձին դեպքերում կրելով միջազգային իսլամական կենտրոնների եւ տարածաշրջանային բարդ գործընթացների ազդեցությունը:
Կենտրոնական Ասիայի հանրապետություններում իսլամը ներկայացված է հիմնականում սուննի ուղղությամբ, տարածված է նաեւ շիա, ինչպես նաեւ ժողովրդական իսլամը, ինչը նկատի է առնում սուֆիական եղբայրությունների գործունեությունը։
Տարածաշրջանի բնակչության մեծ մասն իրեն համարում է մահմեդական՝ չնայած սեփական կրոնի ոչ համապարփակ իմացությանը: Հատկանշական է, որ ցեղային ավանդույթն էապես նպաստել է տեղական իսլամի գործառույթին:
Ի դեպ, այսօր Կենտրոնական Ասիայում՝ կապված խորհրդային շրջանի կրոնական եւ ազգային քաղաքականության սահմանափակումների հետ, իսլամը հիմնականում պայմանավորում է հասարակության ավանդութային ու կենցաղային կողմերը եւ սոցիալ-քաղաքական կյանքում դեռեւս մեծ դերակատարում չունի:
Այդուհանդերձ, Կենտրոնական Ասիայում իսլամի վերածնունդը նոր իրողություններ մտցրեց տեղական հասարակությունների կյանքում: Շատ երիտասարդներ մեկնեցին իսլամական երկրներ՝ կրոնական կրթություն ստանալու, մեծ հետաքրքրություն առաջացավ արաբերենի նկատմամբ, ավելացավ մզկիթների, կրոնական դպրոցների՝ մեդրեսեների եւ իսլամական բարձրագույն համալսարանների թիվը, իրենց գործունեությունը սկսեցին ակտիվացնել իսլամական միսիոներները:
Անկախության ձեռքբերումից հետո կենտրոնաասիական հանրապետություններում աստիճանաբար սեփական հետաքրքրությունները սկսեցին հետապնդել տարածաշրջանային եւ միջազգային մի շարք ուժեր, այդ թվում՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Թուրքիան, Իրանը, Պակիստանը, Չինաստանը, Սաուդյան Արաբիան, Իսլամական կոնֆերանսի անդամ այլ երկրներ, ինչպես նաեւ առանձին եվրոպական պետություններ:
Հիշյալ խնդրի իրականացման համար կարեւորագույն գործոն էր հենց իսլամը: Այս համատեքստում տարածաշրջանի նկատմամբ հետաքրքրություն ունեցող պետություններն, ընդհանուր առմամբ, ներկայացնում էին երկու խումբ: Առաջին խումբը կողմ էր կենտրոնաասիական երկրների որոշակի իսլամականացմանը կամ սեփական մոդելի նմանությամբ զարգացմանը (Իրան, Թուրքիա, Սաուդյան Արաբիա, Պակիստան): Մինչդեռ մյուս խումբը՝ ԱՄՆ, եվրոպական երկրներ, Ռուսաստան, Չինաստան, Իսրայել, կողմ էր, որ տարածաշրջանի պետությունները զարգանան աշխարհիկ իսլամական մոդելով:
Անկախության հռչակման առաջին իսկ օրվանից կենտրոնաասիական երկրների ղեկավարները, որոնց մեծ մասի նախկին գործունեությունն առնչվում էր կոմունիստական շրջանի հետ, հայտարարեցին իրենց կապվածությունը զարգացման աշխարհիկ ուղուն, ինչը հետագայում ամրագրվեց այդ երկրների սահմանադրություններում:
Առհասարակ, կենտրոնաասիական կառավարությունները հետամուտ են երկու հիմնական խնդրի: Առաջին. վերահսկել քաղաքական իսլամի (չափավոր, թե արմատական) ընդլայնումը՝ պաշտոնական իսլամից դուրս իսլամի ցանկացած դրսեւորում դիտարկելով որպես սպառնալիք պետական համակարգին եւ անվտանգությանը: Երկրորդ. օգտագործել իսլամը` հիմնավորելու իշխանության լեգիտիմությունը, գաղափարներն ու ծրագրերը։
Սակայն այսօր էլ տարածաշրջանի պետությունների քաղաքական դաշտում գործում են ուժեր, որոնք կողմնորոշված են դեպի իսլամի քաղաքական գաղափարախոսությունը: Իսլամիստների առաջին լուրջ դրսեւորումը տեղի ունեցավ Ուզբեկստանում, որտեղ ենթարկվելով բռնությունների՝ նրանք տեղափոխվեցին Տաջիկստան, այնտեղից էլ՝ Աֆղանստան. այստեղ ձեւավորվեց Տալիբանի աջակցությունը վայելող «Ուզբեկստանի իսլամական շարժումը»: 1990-ականների սկզբներին Ուզբեկստանում իր գործունեությունը սկսեց ծավալել նաեւ Մերձավոր Արեւելքի արաբական մի շարք երկրներում գործող «Հիզբ ութ-թահրիր ալ-իսլամի» իսլամիստական կազմակերպության մասնաճյուղը, որն այդտեղից տարածվեց հարեւան երկրներ:
Իսլամական գործոնը զգալի դերակատարություն ունեցավ Տաջիկստանի քաղաքական կյանքում հատկապես քաղաքացիական պատերազմի (1992-1997) շրջանում: Ընդդիմությունը ղեկավարում էր «Իսլամական վերածննդի կուսակցությունը» (ԻՎԿ): Հատկանշական է, որ կուսակցությունն իր գործունեությունը սկսել էր դեռեւս գորբաչովյան շրջանում՝ 1980-ականներին, եւ նպատակ ուներ բարձրացնել խորհրդային մահմեդականների իսլամական ինքնությունը, մեկ միասնական դիրքորոշում մշակել կոմունիստական վարչակարգի դեմ։ 1997-ին կնքված հաշտության պայմանագրով, ճիշտ է, ԻՎԿ-ն լեգիտիմացվեց, սակայն զգալիորեն թուլացավ՝ հօգուտ նախագահ Է.Ռահմոնովի, ով ամրապնդեց իր դիրքերն իշխանական լծակներում: ԻՎԿ-ն Տաջիկստանում պաշտոնապես գրանցված է որպես իսլամական կուսակցություն, ինչը հազվադեպ երեւույթ է Կենտրոնական Ասիայի պարագայում:
Իսլամական գործոնի ազդեցությամբ Ղրղըզստանում եւ Ուզբեկստանում 1999-2000թթ. ռազմական գործողություններ իրականացրեց «Ուզբեկստանի իսլամական շարժումը», իսկ 2004թ. ահաբեկչական գործողություններ տեղի ունեցան Ուզբեկստանի մայրաքաղաքում:
Այսօր կենտրոնաասիական հանրապետությունների կառավարություններին կից գործում են կրոնական գործերով զբաղվող մարմիններ, որոնք պատասխանատու են կրոնական կազմակերպությունների եւ մզկիթների գրանցման ու գործունեության վերահսկման համար: Առանց հիշյալ կառույցի թույլտվության կրոնական գործունեությունը չի կարող օրինական լինել: Պետությունը գործուն դերակատարություն ունի նաեւ կրոնական առաջնորդների նշանակման հարցում եւ վերահսկում է նաեւ բարձրաստիճան հոգեւորականությանը եւ պաշտոնական իսլամի կառույցները։ Նման մոտեցումն առանձին դեպքերում համարժեք չի ընկալվում։ Կան իմամներ, ովքեր կառավարության միջամտությունը կրոնական գործերին ոչ միշտ են համարում ընդունելի եւ շատ դեպքերում ձգտում են ազատ գործունեության, ինչի համար հետապնդվում են: Մինչդեռ իշխանությունները նմանօրինակ քայլերը հիմնավորում են արմատական իսլամիզմի նկատմամբ վերահսկողություն հաստատելու անհրաժեշտությամբ։
Իսլամական կրթության եւ գիտելիքի մակարդակը տարածաշրջանի երկրներում, ընդհանուր առմամբ, ցածր է: Մեդրեսեները շատ դեպքերում անմխիթար վիճակում են, իսկ հոգեւոր սպասավորները՝ մասնավորապես մոլլաները, հիմնականում կիսագրագետ են: Այս համատեքստում ժողովրդականություն կարող են ունենալ միսիոներները, որոնց քարոզներն առավել համոզիչ են թվում:
Կան կանխատեսումներ, որ առաջիկայում տարածաշրջանում իսլամի քաղաքականացումը կարող է առավել ակտիվ փուլ մտնել, ինչը հիմնականում պայմանավորված կլինի ոչ այնքան քաղաքական, որքան սոցիալական եւ տնտեսական գործոններով, ինչպես նաեւ գլոբալացման գործընթացներով: Տեսակետներ կան նաեւ այն մասին, որ ահաբեկչական գործողությունների հնարավորությունը նույնպես մեծանալու է, քանի որ տեղի է ունենում ահաբեկչական ենթակառուցվածքների աստիճանական ձեւավորման գործընթաց:
Ներկայումս Կենտրոնական Ասիայում գործում են միջազգային ահաբեկչական կազմակերպությունների մի շարք մասնաճյուղեր եւ տեղական արմատական կառույցներ: Դրանցից են՝ «Ալ-կաիդան», «Հիզբ ութ-թահրիրը», «Ուզբեկստանի իսլամական շարժումը», «Արեւելյան Թուրքեստանի իսլամական կուսակցությունը», «Քրդական ազգային կոնգրեսը», «Ասբատ ալ-անսարը», «Մուսուլման եղբայրները», «Բոզ գուրդը», «Կենտրոնական Ասիայի մոջահիդների միությունը», «Լաշքարի թայբան», «Սոցիալական բարեփոխումների միությունը», «Տալիբանը», «Թաբլիղի ջամաաթը» եւ այլն, որոնց գործունեությունը որոշակիորեն ակտիվացավ սեպտեմբերի 11-ից հետո:
Առանձին փորձագետների համոզմամբ՝ շուրջ 55 միլիոն բնակչություն ունեցող տարածաշրջանում ամենավտանգավոր ընդհատակյա իսլամիստական կազմակերպությունը «Հիզբ ութ-թահրիրն» է, որի գաղափարախոսության հիմքում ընկած է աշխարհիկ վարչակարգերի տապալման ու իսլամական տիպի պետությունների ստեղծման գաղափարը՝ հանուն արդարության եւ բարեկեցության վերականգնման: Վերջնական նպատակը տարածաշրջանում իսլամական խալիֆայության ստեղծումն է: Կազմակերպության հռետորականության մեջ մեծ տեղ են զբաղեցնում հակաամերիկյան քարոզչությունը, Արեւմուտքի դեմ սրբազան պատերազմի կոչերը: Փորձագիտական տվյալների համաձայն՝ Կենտրոնական Ասիայում «Հիզբ ութ-թահրիր» շարժման անդամների թիվը 15-20.000 է: Նրա գործունեության հիմնական արեալը Ֆերգանայի հովիտն է:
Ուզբեկական իշխանությունները շարժումը մեղադրում են 2004թ. Տաշքենդի պայթյունների կազմակերպման եւ 2005թ. Անդիջանի հայտնի դեպքերին մասնակցություն ունենալու մեջ: Շարժումն ակտիվ գործունեություն է ծավալում նաեւ Ղրղըզստանում: Միայն 2006թ. շուրջ 3000 մարդ է հավատարմագրվել այդ կառույցին, որը, որպես կանոն, գործում է խիստ գաղտնի: Շարժումն ունի տպագրություն, և մեծ տպաքանակով գրականություն եւ թռուցիկներ են հրատարակվում։
Տարածաշրջանում իսլամիստական կազմակերպությունների գործունեությանն էապես նպաստում են մի շարք գործոններ՝ սոցիալական բեւեռացումը, գործազրկությունը, աղքատությունը, կոռուպցիան, սահմանների թափանցիկությունը, միջէթնիկ հակասությունները եւ, վերջապես, աշխարհաքաղաքական հարեւանությունը քաղաքական առումով ոչ կայուն տարածաշրջանների՝ Կովկասի, Աֆղանստանի, ույղուրական Սինցզյանի հետ: Այս հանգամանքները տարածաշրջանը դարձնում են ավելի խոցելի:
Իսլամիստական կազմակերպությունների գործունեության կարեւոր ասպեկտներից մեկը սոցիալական ուղղվածությունն է: Վերջիններս բարեգործական տարբեր ծրագրեր են իրականացնում անապահով շրջաններում, մասնավորապես գյուղական բնակավայրերում՝ առաջին հերթին ձգտելով աջակցել գործազուրկ եւ անապահով երիտասարդներին, այդպիսով շահելով զանգվածների համակրանքը:
Կենտրոնական Ասիայի հանրապետությունների վարչակարգերի ներքին քաղաքականության ամենաբնորոշ եւ ընդհանուր գծերից մեկը անողոք եւ անզիջում պայքարն է իսլամական արմատական ուժերի դեմ: Սակայն, չնայած շոշափելի արդյունքներին՝ իշխանություններին այդպես էլ չի հաջողվում արմատախիլ անել իսլամիստական այլախոհական շարժումները, ինչը կապված է մի շարք հանգամանքների հետ: Մի կողմից հենց բռնություններն են, որ նպաստում են շարժումների ընդլայնմանը եւ հետագա արմատականացմանը, մյուս կողմից՝ իշխանությունների սոցիալ-տնտեսական անհաջող քաղաքականությունը չի նպաստում այդ երեւույթի հաղթահարմանը:
2007թ. հունվարի 11-ին ԱՄՆ Ազգային հետախուզության ծառայության այդ ժամանակվա ղեկավար Ջ.Նեգրոպոնտեն, ներկայացնելով երկրի անվտանգությանն առնչվող գլոբալ ռիսկերը, առանձնացրեց կենտրոնաասիական հանրապետությունները: Նա նշեց, որ բռնությունները, քաղաքական լճացումն ու կոռուպցիան, որ բնորոշ են այդ երկրների վարչակարգերին, նպաստավոր պայմաններ են ստեղծում արմատական իսլամական տրամադրությունների եւ շարժումների ձեւավորման համար: Այս հանգամանքը, ԱՄՆ տեսանկյունից, կասկածի տակ է դնում այդ երկրների հուսալիությունը էներգետիկ եւ հակաահաբեկչության դեմ պայքարի համագործակցության ոլորտներում:
Կենտրոնական Ասիայի գծով մասնագետ Մարթա Բրիլ Օլքոտի կարծիքով՝ ԱՄՆ-ը միայն սեպտեմբերի 11-ից հետո առավել հստակ գիտակցեց Կենտրոնական Ասիայի ռազմավարական նշանակությունը, իսկ մինչ այդ տարածաշրջանը Վաշինգտոնի համար հետաքրքրություն էր ներկայացնում սոսկ Կասպիական շրջանի էներգետիկ պաշարների առումով: Սեպտեմբերի 11-ից հետո ԱՄՆ-ը տարածաշրջանում իր ազդեցության մեծացմանն ուղղված քայլեր արեց, ինչը, սակայն, չէր կարող արդարացնել տարածաշրջանի վարչակարգերի սպասելիքները, որոնց քաղաքական կողմնորոշումներում Ռուսաստանն աստիճանաբար տիրապետող դարձավ: Իշխանություններն, իրենց հերթին, չկարողացան հաջողությամբ իրականացնել քաղաքական եւ տնտեսական բարեփոխումները։ Արդյունքում` տարածաշրջանում պարարտ հող գտան իսլամիստական ուժերը:
Ակնհայտ է, որ Կենտրոնական Ասիան վերջին շրջանում որոշակիորեն իսլամականացել է: Իսլամը որոշ չափով տիրապետող է դարձել մասնավորապես սոցիալական ոլորտում: Մեծացել է հեջաբ (իսլամական գլխաշոր) կրողների, ինչպես նաեւ իսլամական ծիսակարգին հետեւողների թիվը, բացվել են «հալալ» սիստեմի խանութներ (որտեղ իսլամական սնունդ է վաճառվում), իսկ Մեքքա ուխտի գնալը տարածում է գտել թե՛ հասարակ ժողովրդի, թե՛ պաշտոնյաների շրջանում։ Հարսանիքները նույնպես առավելաբար սկսել են անցկացվել իսլամական ձեւով, ինչը նկատի է առնում խնջույքին կանանց եւ տղամարդկանց առանձին նստելը, ալկոհոլային խմիչքների ու բարձր երաժշտության արգելքը:
Հատկանշական է, որ վերջերս Ղազախստանում կանանց թույլատրվել է անձնագրի համար լուսանկարվել գլխաշորով: Տաջիկստանում շատ դեպքերում նման թույլտվություն տալիս են, մինչդեռ Թուրքմենստանում, Ուզբեկստանում եւ Ղրղըզստանում կանայք նման թույլտվություն դեռեւս չունեն: Իշխանություններն ակտիվորեն պայքարում են, որպեսզի աղջիկները կրթական հաստատություններում գլխաշոր չկրեն: Տաջիկստանում եւ Ղրղըզստանում արձանագրվեցին դեպքեր, երբ ուսանողուհիները գերադասեցին հրաժարվել կրթությունից, բայց ոչ՝ գլխաշորից: Գլխաշոր կրելու թույլտվություն ստանալու տեսանկյունից հետաքրքրական է 2007թ. հուլիսին Օտար լեզուների տաջիկական ինստիտուտի ուսանողուհիներից մեկի հայցն ընդդեմ իր ինստիտուտի եւ կրթության նախարարության, ինչը, սակայն, մերժվեց: Իշխանությունների հավաստիացմանբ՝ գլխաշորը որեւէ ձեւով չի վտանգում կրոնը դավանելու ազատությունը, մինչդեռ հակասության մեջ է մտնում աշխարհիկ պետության սկզբունքների հետ:
Կրոնականացվածության մակարդակով որոշակիորեն աչքի է ընկնում Ֆերգանայի հովիտը: Մասնավորապես, Ֆերգանայի ուզբեկական՝ արեւելյան հատվածում այսօր աշխարհիկ օրենքները, չնայած իշխանությունների ձեռնարկած ջանքերին, աստիճանաբար դուրս են մղվում՝ իրենց տեղը զիջելով շարիաթի օրենքներին: Այստեղ կանանց գերակշիռ մեծամասնությունն իսլամական տարազ է հագնում: Իսլամական արմատական կազմակերպությունները Ֆերգանայում օրըստօրե ավելանում են:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԻՐԻԱՅՈՒՄ ԵՎ ՍԻՐԻԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ[31.05.2011]
- ԱՐԱԲԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԸ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄՈԴԵԼԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋ[17.05.2011]
- ՍԻՐԻԱՆ ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՎՏԱՆԳԻ ԱՌՋԵՎ[15.04.2011]
- «ԱՐԱԲԱԿԱՆ ՍՑԵՆԱՐԻ» ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ[05.04.2011]
- ԻՍԼԱՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ ԵԳԻՊՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ[15.02.2011]
- ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԸ ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ԱՌՋԵՎ[21.01.2011]
- ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԻՐԱՔԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՏԵՆԱՊԵՏ ՊԱՐՈՒՅՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՀԵՏ[03.12.2010]
- ԻՍԼԱՄԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՈՐ ԱԼԻՔ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ[18.11.2010]
- ԻՐԱՔՅԱՆ ՔՈՒՐԴԻՍՏԱՆ[19.10.2010]
- ԻՐԱՔԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ԳՈՅԱՊԱՀՊԱՆՄԱՆ ԽՆԴՐԻ ԱՌԱՋ[22.09.2010]
- ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ ՄԻՋԻՆ ԱՐԵՎԵԼՔԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ[22.07.2010]