ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՍՑԵՆԱՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ
Ինչպես հայտնի է, ամերիկյան Կոնգրեսն օրինագիծ է մշակել 2008թ. Պեկինի օլիմպիական խաղերը բոյկոտելու վերաբերյալ` հիմնավորելով, որ Չինաստանում խախտվում են ժողովրդավարական նորմերը եւ մարդու իրավունքները։ Ի պատասխան` չինացիները զգուշացրել են, թե վաճառքի կհանեն իրենց ունեցած $1.33 տրլն ԱՄՆ պետական փոխառությունները, ինչը կհանգեցնի դոլարի փլուզմանը:1 Հարկ է հատուկ շեշտել, որ սա առաջին միջադեպն է, երբ ոչ թե Միացյալ Նահանգներն է սպառնում, այլ հենց Միացյալ Նահանգներին են սպառնում տնտեսական պատժամիջոցներով։
«Չինական» միջադեպը, դոլարի արժեզրկման ներկայիս միտումները /բավական է նշել, որ համաձայն Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատականների` դոլարի արժեքը գերագնահատված է 15-35%/, ամերիկյան արտաքին պարտքի /$9.0 տրլն, ինչը կազմում է ԱՄՆ ՀՆԱ 65,5%/ շարունակական աճը եւ ամերիկյան անշարժ գույքի շուկայում ծագած ճգնաժամային երեւույթները դոլարի ապագայի վերաբերյալ տարաբնույթ կարծիքների եւ փորձագիտական գնահատականների ի հայտ գալու առիթ հանդիսացան։
Ամերիկյան արժույթի ապագայի խնդիրներն արծարծվում են Բրետոն-Վուդյան ֆինանսական համակարգի ձեւավորման օրից /1944թ./, երբ ապագա ՄԱԿ-ի մի շարք անդամներ, մասնավորապես, համաձայնության եկան ամերիկյան դոլարը որպես բազային արտարժույթ ընդունելու վերաբերյալ: Դոլարի շուրջ քննարկումներն աշխուժացան հատկապես 1971թ. ֆինանսական-էներգետիկ ճգնաժամից հետո, երբ Միացյալ Նահանգների նախագահի հրամանագրով դադարեցվեց ամերիկյան արժույթի փոխանակումը ոսկու հետ։ Համարվում է, որ այդ պահից սկսած` դոլարի էմիսիայի մենաշնորհ ունեցող ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը դարձավ երկրագնդի ամենաշահութաբեր ձեռնարկությունը, քանի որ 100 դոլարանոցի արտադրման ինքնարժեքը կազմում է ընդամենը 3 ցենտ։
Նախկինում գոյություն ունեցող ֆինանսական համակարգի վերաբերյալ հոռետեսական սցենարների հեղինակները հիմնականում եվրոպական եւ ռուսաստանյան փորձագետներն են /Էմանուել Տոդ, Միխայիլ Դելյագին եւ այլք/: Ներկայումս նման մոտեցումներ ունեն նաեւ ամերիկացիները. վերջերս Միացյալ Նահանգների ֆինանսական գլխավոր տեսուչ Դեւիդ Վոքերը, անշարժ գույքի շուկայում առաջացած հիմնախնդիրների կապակցությամբ, տագնապալի կանխատեսումներ կատարեց ամերիկյան տնտեսության վերաբերյալ եւ իր երկիրը համեմատեց անկման դարաշրջանի Հռոմեական կայսրության հետ:
Այս ամենի առիթով, առանց մանրամասնելու առկա բազմաթիվ իրատեսական եւ կոնսպիրոլոգիական վարկածները, փաստենք, որ չնայած անբարենպաստ զարգացումներին եւ դրանց մեկնաբանություններին, ԱՄՆ-ը շարունակում է մնալ ամենահզոր տերությունը: Նրա տնտեսության հզորությունը կազմված է երկու հիմնական բաղադրիչներից. գիտատեխնոլոգիական բարձրակարգ համակարգից եւ դրա ածանցյալ, առայժմ անգերազանցելի ռազմարդյունաբերական համալիրից ու այդ ոլորտները սնող ֆինանսական էֆեկտիվ համակարգից: Վերջինիս արդյունավետությունն էապես պայմանավորված է օտարերկրյա խոշոր ներդրումներով /դրանց չափը, համաձայն ԱՄՆ գանձապետարանի տվյալների, հասնում է տարեկան մոտ $0.9 տրլն-ի/ եւ վերը նշված այն հանգամանքով, որ Դաշնային պահուստային համակարգը կարող է «բաց թողնել» անհրաժեշտ քանակությամբ թղթադրամ:
Սակայն որեւէ տերության երկարատեւ առաջատար լինելը դեռեւս երաշխիք չէ, թե այդ կարգավիճակը հավերժ է տեւելու, եւ դա առաջին հերթին ըմբռնում է Միացյալ Նահանգների ընտրանին. մասնագիտական գրականությունում կարելի է հանդիպել ամերիկյան «ուղեղային կենտրոններում» մշակված «կայսրության նահանջի» ամենատարբեր սցենարների:
Վերոնշյալի համատեքստում նկատենք, որ ամերիկյան դոլարի հետ կապված զարգացումները նույնքան կարեւոր են ոչ միայն ԱՄՆ-ի, այլեւ մնացյալ աշխարհի, այդ թվում նաեւ նրա գործընկերների համար: Մասնավորապես, գրեթե բոլոր երկրների արժութային պաշարների մի զգալի մասը դոլարով է, եւ փորձագետները համոզված են, որ ԱՄՆ-ի կողմից դեֆոլտ հայտարարելը ծանր հետեւանքներ կունենա եւ կհանգեցնի համաշխարհային տնտեսական ու քաղաքական, այսինքն` համակարգային ճգնաժամի։ Ստեղծված իրադրությունում պետք է հաշվի առնել նաեւ այն հանգամանքը, որ ոչ միայն այլ երկրներն են տնտեսապես կախված Միացյալ Նահանգներից, այլեւ վերջինս նույնպես յուրօրինակ «պատանդ» է այն երկրների ձեռքին, որոնք կարող են դեֆոլտի հասցնել գերտերությանը` անկախ նրա կամքից /ինչպես դա տեսնում ենք Չինաստանի պարագայում/: Հատկանշական է, որ նման իրավիճակը կարծես թե տնտեսական կայունության երաշխիքներ է պարունակում. ԱՄՆ-ը եւ այլ երկրներ ուղղակի պարտադրված են համագործակցել, որպեսզի խուսափեն համընդհանուր համակարգային ճգնաժամից։
Սակայն որոշ փորձագետներ գտնում են, որ այդ տնտեսական կայունությունը փխրուն է, եւ կան օբյեկտիվ նախադրյալներ, որոնք կարող են խախտել ներկայիս հավասարակշռությունը: Մասնավորապես, վերլուծաբաններ Ս.Գրինյաեւը եւ Ա.Ֆոմինը ելնում են այն թեզից, որ ամերիկյան արժույթի համեմատական կայունությունը պայմանավորված է ԱՄՆ ռազմական հզորությամբ /հիշենք, որ ԱՄՆ պաշտոնական ռազմական ծախսերը տարեկան կազմում են համաշխարհայինի մոտ 50%-ը/ եւ որ ի տարբերություն այլ երկրների` ամերիկյան զինված ուժերի հիմնական նպատակը ոչ թե սեփական երկրի, այլ այն աշխարհակարգի պաշտպանությունն է, որում շրջանառվում է դոլարը: Համարվում է նաեւ, որ նման իրավիճակը կարող է ապահովել համաշխարհային տնտեսական կայունությունն այնքան ժամանակ, քանի դեռ օտարերկրյա ներդրումներն ամերիկյան տնտեսությունում գերազանցում են վերջինիս ռազմական ծախսերը:
Ըստ վերոնշյալ վերլուծաբանների` զարգացումների հոռետեսական սցենարի դեպքում ռազմական ծախսերը կգերազանցեն օտարերկրյա ներդրումների չափն արդեն 2010-2011թթ., իսկ լավատեսական սցենարում` 2020-2025թթ.։ Այսինքն, եթե ներկայիս միտումները պահպանվեն, ապա համակարգային ճգնաժամը կարող է սկսվել արդեն 3-4 տարի, իսկ լավագույն դեպքում` մոտ 15 տարի հետո։
Ավելացնենք, որ այս պարագայում նույնպես հնարավոր են տարբեր սցենարներ։ Ակնհայտ է, որ ԱՄՆ ղեկավարությունը եւ այլ առաջատար տերություններ որոշակի միջոցներ են ձեռնարկելու նման զարգացումներից խուսափելու նպատակով։ Դրանցից մի քանիսին մենք արդեն ականատես ենք` դոլարի արժեզրկում, էներգակիրների գնի աճ եւ այլն։ Չի կարելի նաեւ բացառել, որ առաջատար տերությունները ԱՄՆ-ի հետ մեկտեղ ձեւավորեն նոր տիպի համաշխարհային ֆինանսական համակարգ, ինչպես դա տեղի ունեցավ Բրետոն-Վուդում 1944թ.։
Չի կարելի բացառել, սակայն, նաեւ «վատ» զարգացումների հնարավորությունը։ Նախկինի համեմատ` Նոր սառը պատերազմի հիմնական տարբերություններից մեկն է «զսպման» միջազգային մեխանիզմների բացակայությունը, եւ դա առաջին հերթին վերաբերում է միջուկային զենքի անվերահսկելի տարածմանը։ Այսինքն` ռազմաքաղաքական որոշ գործընթացներ Մերձավոր եւ Միջին Արեւելքում, Կենտրոնական Ասիայում, Մերձկասպյան եւ Հարակովկասյան տարածաշրջաններում կարող են հանգեցնել անվերահսկելի զարգացումների, որոնց պարագայում ե՛ւ ԱՄՆ-ը, ե՛ւ նրա ընդդիմադիրները` ի դեմս հատկապես Չինաստանի եւ Ռուսաստանի, կարող են գործել առանց «խաղի կանոնների». այսինքն` երկուստեք գործի կդրվեն բոլոր, այդ թվում նաեւ տնտեսական պատերազմի ռեսուրսները, եւ այդ պարագայում խոսել արտարժույթի շուրջ «համագործակցության» մասին` լուրջ չի լինի։
1Այս գործընթացը բնորոշ է Նոր սառը պատերազմի տրամաբանությանը եւ հիշեցնում է Արեւմուտքի կողմից 1980թ. մոսկովյան օլիմպիադայի բոյկոտումը։ Սակայն տարբերությունն այն է, որ նախկինում ողջ «Ազատ աշխարհն» աջակցեց ԱՄՆ-ին, եւ այդ սպորտային միջոցառումը Մոսկվայում, իրոք, որոշ իմաստով թերարժեք էր։ Սակայն այսօր, հաշվի առնելով ՉԺՀ տնտեսական հակազդեցության ռեսուրսները եւ Արեւմուտքում համերաշխության բացակայությունը /արեւմտյան ընկերությունները բավական խոշոր պատվերներ են ստացել պեկինյան օլիմպիադայի կապակցությամբ, եւ ամերիկյան նման նախաձեռնությունը կարող է միայն լրացուցիչ հակաամերիկյան տրամադրություններ առաջացնել/, պետք է կարծել, թե Վաշինգտոնը կսահմանափակվի հոգեբանական ճնշումներով եւ իրական քայլերի չի դիմի։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- «ԽՈՐՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԵՎՍ ՄԵԿ ՄԱՀԱՓՈՐՁ ԿԱՏԱՐԵԼ ԹՐԱՄՓԻ ԴԵՄ»[28.02.2025]
- «40-ԻՑ ԱՎԵԼԻ ԵՐԿՐՆԵՐ ՊԱՏԵՐԱԶՄ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ. ՄԵԾ ԹՈՒՐԱՆԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎՏԱՆԳ ԿԱ». Գագիկ Հարությունյան[11.12.2024]
- «ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՎԵՐՋ ՏԱԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՂԱԾ ՔԱՈՍԻՆ. ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԿՎԵՐՑՆԻ ՆԱև ՄԵՐ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ». Գագիկ Հարությունյան[29.11.2024]
- «ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՊԿ-ԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՎ՝ ՄՏԱԾՈՒՄ ԵՆ, ԹԵ ԿԱՐՈՂ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿԱՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՌԱԶՄԱԿԱՆ ԴԱՇԻՆՔ ԿԱԶՄԵԼ». քաղաքագետ[17.11.2024]
- ՇՈՒՏՈՎ ԴՈՒՐՍ ԵՆ ԲԵՐԵԼՈՒ ՆԱԵՎ 102 ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԲԱԶԱՆ. ՍԱ ԱՅՆ Է, ԻՆՉ ՈՒԶՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՆ. Գագիկ Հարությունյան[11.10.2024]
- ԲՈԼՈՐԸ ՀԱՅՀՈՅՈՒՄ ԵՆ ՆԻԿՈԼԻՆ, ՀԱՍԿԱՑԱՆՔ, ԲԱՅՑ Ի՞ՆՉ ԱՆԵԼ, ԵԹԵ ՉԵՆՔ ԼՍՈՒՄ ԻՐԱՐ. Գագիկ Հարությունյան[29.08.2024]
- ԱՐԵՎՄՏՅԱՆ ԽՈՐԱՄԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՐԶՈՒՆԱԿ ԵՆ ԵՎ ԳԻՏԱԿԻՑ ՄԱՐԴԿԱՆՑԻՑ ՈՉ ՄԵԿԻՆ ՉԵՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ. Գագիկ Հարությունյան[05.08.2024]
- ՄԵԶ ԱԶԱՏԱԳՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՈՐՈՇԻՉ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ… Գագիկ Հարությունյան[27.07.2024]
- ՔԱՂԱՔԱԳԵՏ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՄԱՄԼՈ ԱՍՈՒԼԻՍԸ[15.05.2024]
- ԲՈԼՈՐՆ ԷԼ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՆ, ԹԵ Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ՝ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ, ԹՇՆԱՄՈՒԹՅՈՒՆ, ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ. Հարությունյան[04.05.2024]
- ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԼՌԵԼՈՒ ՌԵՍՈՒՐՍՆԵՐՆ ԱՐԴԵՆ ԱՎԱՐՏՎԱԾ ԵՆ, ՍՊԱՍԵՔ ԱԿՏԻՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ. Հարությունյան[08.03.2024]