
ԱՄՆ ՀՀՊ ՀԱՄԱԿԱՐԳԸ. ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ
Մինչև 2013թ. ԱՄՆ ՀՀՊ համակարգի ստեղծման ծրագիրը
Մինչև 2013թ. Վաշինգտոնը նախատեսում է հիմնել հակահրթիռային պաշտպանության համակարգ, ըստ Վաշինգտոնի՝ 2015թ. հավանական սպառնալիքների կանխման նպատակով։ ԱՄՆ օդուժի հրթիռային պաշտպանության գործակալության (US Air Forces-Missile Defense Agency) հրթիռային պաշտպանության ծրագրի համաձայն՝ մինչև 2013թ. Վաշինգտոնի ՀՀՊ համակարգի ստեղծումը ենթադրում է հակառակորդի հրթիռային երեք հիմնական սպառնալիքների խոցում համապատասխան հակահրթիռային զինանոցով (մանրամասն տե՛ս Հավելված 1)։ Առաջինը հեռահար սպառնալիքների խոցումն է, որի համար ՀՀՊ համակարգի տրամադրության տակ են լինելու ցամաքային հենակետային 54 հակահրթիռներ (44-ը տեղակայվելու է ԱՄՆ-ում, 10-ը՝ Լեհաստանում), արագ արձագանքման ռադիոտեղորոշիչ կայանները (Ալյասկա, Կալիֆորնիա, Գրենլանդիա, Մեծ Բրիտանիա, ինչպես նաև Չեխիա)։
Երկրորդը տարածաշրջանային և ասիմետրիկ սպառնալիքների ոչնչացումն է, երբ ենթադրվող զինանոցի համախումբը թույլ կտա խոցել հակառակորդի մինչև 3 հազ. հեռահարության բալիստիկ հրթիռը հետագծի միջնամասում (SM-3 տեսակի 132, SM-2 տեսակի ավելի քան 100 հրթիռ), հրթիռների անկման փուլում (THAAD-Terminal Haigh Altitude Area Defense տեսակի 4 համալիր` 96 հակահրթիռով)։ Երրորդը հնարավոր և հանկարծահաս սպառնալիքների խոցումն է, որի համար զինանոցում նախատեսվում են ծովային հենակետային ռադիոտեղորոշիչ կայանի տեղակայում Խաղաղ օվկիանոսում, առաջնային մարտական 2 ռադիոտեղորոշիչ կայան Ճապոնիայում և Կասպյան/Կովկասյան տարածաշրջանում։
Միջազգային ռազմաքաղաքական զարգացումներից այսօր ամենահրատապն, իհարկե, շարունակում է մնալ Արևելյան Եվրոպայում ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգերի հնարավոր տեղակայման հարցը, որը և առաջիկա տարիներին ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության ազգային ծրագրի մի մասն է։ Խոսքը վերաբերում է Իրանի և Հյուսիսային Կորեայի կողմից հնարավոր սպառնալիքներից պաշտպանվելու նպատակով Չեխիայում ռադարային համակարգի և Լեհաստանում 10 հրթիռների տեղակայմանը։ Ներկայումս ընթանում է բանակցային փուլը1։ Վերոնշյալ երկրների (նաև Հունգարիայի) իշխանությունները պատրաստակամություն էին հայտնել ս.թ. փետրվարի կեսերին իրենց երկրներում տեղակայել հակահրթիռային աշխատանքային համալիրներ և ամերիկյան կողմի հետ բանակցություններ էին վարում դրա տեղանքի ընտրության հարցում2։
Հարավկովկասյան վեկտոր
Արևելյան Եվրոպայում ամերիկյան ՀՀՊ տեղակայման շուրջ բանակցություններին զուգահեռ, վերջերս էապես ակտիվացել են ՆԱՏՕ-Հարավային Կովկաս և առանձնապես ՆԱՏՕ-Վրաստան շփումները (տե՛ս Հավելված 2)։ Հյուսիսատլանտյան դաշինքի հետ Վրաստանի համագործակցության խորացումը 2003թ. «վարդերի հեղափոխությունից» հետո անցումային նշանակություն ունեցավ տարածաշրջանի ռազմաքաղաքական ընթացիկ զարգացումների ու անվտանգության հիմնախնդիրների ընդհանուր տրամաբանության վերափոխման, վերիմաստավորման առումով։ Ի տարբերություն հարևան երկու հանրապետությունների, 2003թ. նոյեմբերյան իշխանափոխությունից հետո Վրաստանի ղեկավարությունը բացահայտ հայտարարեց երկրի արտաքին միագիծ քաղաքականություն անցկացնելու և եվրաատլանտյան կառույցներին ինտեգրման մտադրության մասին։ Հյուսիսատլանտյան դաշինքն, իր հերթին, ՆԱՏՕ-Հարավային Կովկաս համագործակցության խորացման ու կազմակերպության ռազմաքաղաքական հորիզոնների ընդլայնման հիմնական խաղաթղթերը դրեց վրաստանյան հարթակում՝ շարունակելով համագործակցությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ։
Վրացական կողմը ՆԱՏՕ-ի հետ համագործակցության միջոցով նախ փորձում է լուծել երկրի ներքին հիմնախնդիրներն առանց ռուսական կողմի միջամտության՝ վերջինիս հանդեպ եվրաատլանտյան շահագրգիռ ինստիտուտների ճնշումներ բանեցնելու ճանապարհով։ Երկրորդ՝ պաշտոնական Թբիլիսին լուրջ հայտ է ներկայացնում ինչպես երկրի, այնպես էլ ողջ տարածաշրջանի եվրաատլանտյան և եվրոպական կառույցներին ինտեգրման հարցում՝ ի հաշիվ ռուսական դիրքերի, ինչն ուղղակիորեն առնչվում է տարածաշրջանում ՌԴ անվտանգության խնդիրներին։ Մյուս կողմից՝ Հարավային Կովկասում եվրաատլանտյան ինստիտուտների, տվյալ պարագայում՝ ՆԱՏՕ դիրքերի ընդլայնումն, իր հերթին, կնպաստի ՆԱՏՕ-Ադրբեջան, ՆԱՏՕ-Հայաստան համագործակցության ընդլայնմանը3։
Վրաստան-ՆԱՏՕ համագործակցության խորացման և Հարավային Կովկասում ՆԱՏՕ առաջխաղացման գործում առաջին հերթին շահագրգռություն են ցուցաբերում Վաշինգտոնում4։ Ամերիկյան կողմը Վրաստան-ՆԱՏՕ համագործակցության հարցը դիտարկում է հիմնականում երկու՝ հակառուսական (ռազմավարական) և տարածաշրջանային (համալիր) վեկտորներով, որոնք շատ հաճախ չունեն բաժանարար գծեր և փոխլրացնում են մեկը մյուսին։ Արևելյան Եվրոպայում ընթացող ռազմաքաղաքական զարգացումներին զուգահեռ, Վաշինգտոնը ՆԱՏՕ-Հարավային Կովկաս ձևաչափի միջոցով ակտիվացրել է Հարավային Կովկասում և մասնավորապես Վրաստանում ամերիկյան ռադարային կամ ՀՀՊ համակարգերի հնարավոր տեղակայմանն ուղղված PR-արշավը5։ Դեռևս 2007թ. մարտի 1-ին ԱՄՆ ՀՀՊ հարցերով գործակալության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Հենրի Օբերինգը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները մտադիր է մինչև 2011թ. Հարավային Կովկասում տեղակայել ՀՀՊ համակարգի շարժական ռադար, որը թույլ կտա հայտնաբերել Իրանի տարածքից հրթիռների արձակումը և փոխանցել այդ տվյալները Չեխիայի համապատասխան ռադիոտեղորոշիչ կայան։ Շարժական ռադարը համակարգ է, որը կարող է տեղակայվել ընդամենը մի քանի օրվա ընթացքում։
Ադրբեջանում տեղակայված Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի (իսկ հետո նաև՝ ՌԴ Արմավիրի մերձակայքում կառուցվող հրթիռարձակման նախազգուշացման կայանի) համատեղ շահագործման հարցի շուրջ ռուս-ամերիկյան բանակցություններից հետո, որոնք, ինչպես և սպասվում էր, դժվար թե լուրջ արդյունքներ տային, Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի շահագործման հարցերով զբաղվող ամերիկյան փորձագիտական խումբն Ադրբեջանից անմիջապես մեկնեց Վրաստան6։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ փորձագիտական խումբը սեպտեմբերի վերջերից հետազոտություններ էր անցկացնում Աջարիայում նմանատիպ ռադիոտեղորոշիչ կայան հիմնելու ուղղությամբ։
ԶԼՄ-ում այդ օրերին շրջանառվում էին Վրաստան ժամանած մասնագետների կողմից Վրաստանի ավիանավիգացիոն հնարավորությունների ուսումնասիրման և երկրում ամերիկյան ՀՀՊ համակարգի տեխնոլոգիական տարրերի տեղակայման հավանականության մասին լուրերը։ Ս.թ. մայիսի 2-ին Վրաստանի ԱԳՆ ղեկավար Գելա Բեժուաշվիլու՝ բրիտանական «Financial Times»-ին տված հարցազրույցում պաշտոնյան հաստատել էր անհրաժեշտության դեպքում Վրաստանում ՀՀՊ համակարգի տարրերի տեղակայման՝ վրացական կողմի պատրաստակամությունը։ Ի դեպ, սևծովյան ափամերձ շրջանում՝ Բաթումի և Փոթիի միջև ընկած հատվածում ռադիոտեղորոշիչ կայանի տեղակայման մտադրության մասին պաշտոնական Թբիլիսին որոշում էր կայացրել 2007թ. օգոստոսին7։ Նշենք, որ կայանը, որը ձեռք է բերվել Ֆրանսիայում, տեղակայվելու է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության խորհրդատվության հիման վրա։ Նախատեսվում է, որ այն միանալու է Վրաստանի օդային տարածքի վերահսկողության միասնական համակարգին՝ վերահսկելով տարածքային ջրերի վրայով ինքնաթիռների թռիչքները8։
Թեև պաշտոնական Վաշինգտոնը շարունակում է հերքել Վրաստանի տարածքում ամերիկյան ՀՀՊ համակարգի կամ ռադիոտեղորոշիչ կայանի տեղակայման հնարավորության հարցը, այնուհանդերձ, վերջին կես տարվա կտրվածքով վրաց-ամերիկյան ռազմական շփումները, Վրաստանում ՆԱՏՕ ակտիվացման տեմպերը թույլ են տալիս վերապահումներով մոտենալ ԱՄՆ պաշտոնական հայտարարություններին։ Վերջին մի քանի ամիսներին, ըստ ոչ պաշտոնական աղբյուրների, ՆԱՏՕ-ի թբիլիսյան տեղեկատվական կենտրոնը, Աջարիայում տեղակայված ՆԱՏՕ մասնաճյուղի համագործակցությամբ, լուրջ ուսումնասիրություններ ու տարբեր հասարակական-քաղաքական միջոցառումներ էր իրականացնում երկրի սևծովյան շրջաններում9։
Դժվար չէ նկատել, որ Արևելյան Եվրոպայում ամերիկյան ՀՀՊ համակարգերի տեղակայման հարցն անուղղակիորեն առնչվում է Վրաստանում նմանատիպ հակահրթիռային համակարգի ստեղծման շուրջ շրջանառվող վերջին լուրերի հետ։ Պատահական չէր նաև ս.թ. օգոստոսի 6-ին Վրաստանի Ցիթելուբանի գյուղի շրջանում հրթիռի հայտնաբերումը, որը պաշտոնական Թբիլիսիի պնդմամբ՝ ռուսական արտադրության Raduga Kh-58 տեսակի տակտիկական հակառադարային ղեկավարվող հրթիռ էր։ Դեպքի առնչությամբ Վրաստանի արտգործնախարար Գ.Բեժուաշվիլին Բրյուսելում հայտարարեց, որ վրացական կողմը ստացել է եվրաատլանտյան կազմակերպության աջակցությունը օդային տարածքի վերաբերյալ տվյալների փոխանակման համակարգին Վրաստանի ներգրավմանը։ Հաջորդեց Թբիլիսիի պաշտոնական հաղորդագրությունն օգոստոսի 22-ին Աբխազիայի լեռներում Վրաստանի սահմանը խախտած ռուսական ինքնաթիռի մասին, որը խփվել է վրացական կողմից, ինչը, սակայն, պաշտոնական Մոսկվան հերքեց։ Նույն օրը ՆԱՏՕ անդամ պետությունները, ընդառաջելով վրացական կողմի հայտարարությանը, հանդես եկան Վրաստանի ռադարային տվյալների տրամադրման հնարավորության մասին հայտարարությամբ10։
Ինչևէ, բերված փաստարկները, առավել ևս Պենտագոնի Հրթիռային պաշտպանության գործակալության պատրաստած ՀՀՊ համակարգի ծրագիրը, որը նախատեսվում է իրագործել առաջիկա կես տասնամյակի ընթացքում, իրապես հաստատում են, որ Հարավային Կովկասում (ավելի հավանական է՝ Վրաստանում) ամերիկյան ՀՀՊ համակարգի տարրերի տեղակայման հարցը պարզապես ժամանակի խնդիր է և վաղ թե ուշ լուծում է ստանալու։ Ինչ վերաբերում է Արևելյան Եվրոպայում, Կովկասում ամերիկյան ՀՀՊ համակարգի ստեղծման շուրջ հակասական հայտարարություններին, կարծիքներին կամ շրջանառվող լուրերին, դրանք ունեն մասամբ քաղաքական, մասամբ նաև՝ PR-արշավի ու «պլացդարմային» ուղղվածություն։
Հավելված 1
ԱՄՆ ՀՀՊ գործող համակարգի կազմը (տեղակայված Հյուսիսային Աֆրիկայում, Արևմտյան Եվրոպայում և Հեռավոր Արևելքում. 2007թ. մարտի 1)
- Արագ արձագանքման 4 ռադիոտեղորոշիչ կայան/«Cobra Dane» տեսակի՝ Շեմիա կղզում, Ալեության կղզիներում, Beale տեսակի (Կալիֆորնիա), «Fylingdales» (Մեծ Բրիտանիա) և «Thule» (Գրենլանդիա, Դանիա)։
- Ծովային հենակետային SBX/Sea-Based X-Band Radar/ռադիոտեղորոշիչ կայան` Ալյասկայի շրջանում (Խաղաղ օվկիանոս)։
- Առաջնային հենակետային FBX-T/Forward-Based X-Band Radar-Transportable/ռադիոտեղորոշիչ կայան՝ Հոնսյու կղզում (Ճապոնիա)։
- Ցամաքային հենակետային 16 հակահրթիռ, որից 13-ը՝ Ֆորտ Գրիլիում (Ալյասկա), 2-ը՝ Վանդենբերգի ավիաբազայում (Կալիֆորնիա)։
- «Aegis» համակարգի 16 հածանավ և էսկադրոնային ականակիր, ընդհանուր առմամբ 18 SM-3 /Standard Missile տեսակի հակահրթիռներով՝ Խաղաղ օվկիանոս և Միջերկրական ծով։
- «Patriot» /PAC-3/ տեսակի հակահրթիռային համալիրներ։
Մինչև 2013թ. ԱՄՆ ՀՀՊ համակարգի զինանոցը
Հեռահար սպառնալիքների խոցման՝
- ցամաքային հենակետային 54 հակահրթիռ, 44-ը՝ ԱՄՆ-ում, 10-ը՝ Լեհաստանում,
- արագ արձագանքման 5 ռադիոտեղորոշիչ կայան, տեղակայումը՝ Ալյասկա, Կալիֆորնիա, Գրենլանդիա, Մեծ Բրիտանիա և Չեխիա։
Տարածաշրջանային և ասիմետրիկ սպառնալիքների խոցման՝
- «Aegis» տեսակի 18 ռազմանավ,
- SM-3 տեսակի 132 հակահրթիռ/մինչև 3 հազ. կմ հեռահարության բալիստիկ հրթիռների ոչնչացում հետագծի միջնամասում,
- «THAAD»/Terminal High Altitude Area Defense/ տեսակի 4 համալիր, ընդհանուր առմամբ 96 հակահրթիռներով/բալիստիկ հրթիռների ոչնչացում նրանց անկման փուլում,
- ծովային հենակետային SM-2 ավելի քան 100 հակահրթիռ/բալիստիկ հրթիռների ոչնչացում վերջիններիս հետագծի միջնամասում։
Հնարավոր (ներկա) և հանկարծահաս սպառնալիքների խոցման՝
- ծովային հենակետային SBX 1 ռադիոտեղորոշիչ կայան՝ Խաղաղ օվկիանոս,
- առաջնային մարտական FDR/Forward-Deployable Radar 2 ռադիոտեղորոշիչ կայան՝ Ճապոնիա և Կասպյան/Կովկասյան տարածաշրջան,
- հավելյալ առաջնային հենակետային FBX-T 2 ռադիոտեղորոշիչ կայան։
Հավելված 2
Վրաստան-ՆԱՏՕ համագործակցություն. պատմական ակնարկ
1991թ. ի վեր ՆԱՏՕ և կազմակերպությանը չանդամակցող երկրների (առաջին հերթին՝ Եվրոպա, Կենտրոնական Ասիա և Հարավային Կովկաս) միջև հարաբերությունները զարգանում են «գործընկերային համագործակցության» ձևաչափով11, որոնք ուղղված են նորանկախ հանրապետությունների անվտանգության ապահովման, ժողովրդավարական կառավարման ամրապնդման, զինված ուժերի արդիականացման և այլ ոլորտների հիմնախնդիրներին։
Վրաստան-ՆԱՏՕ հարաբերությունները սկսվել են 1992թ., երբ Վրաստանն ընդգրկվեց Հյուսիսատլանտյան համագործակցության խորհուրդ (1997թ. այն վերանվանվեց «Եվրաատլանտյան գործընկերության խորհուրդ»), իսկ երկու տարի անց՝ 1994թ., Վրաստանը, ինչպես և իր երկու հարևան հանրապետությունները, միացավ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին։ 2002թ. Վրաստանը հայտարարում է Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցության և «Անհատական գործընկերության գործողության ծրագրում» (ԱԳԳԾ) ընդգրկվելու երկրի մտադրության մասին։ Վրաստանում նոյեմբերյան իշխանափոխությամբ նոր հորիզոններ բացվեցին Վրաստան-ՆԱՏՕ համագործակցության խորացման ուղղությամբ։ Արդյունքում՝ 2004թ. (հոկտեմբերի 29) Վրաստանը դառնում է ՆԱՏՕ-ի հետ ԱԳԳԾ իրականացման շուրջ համաձայնության եկած առաջին պետությունը12։ Թերևս, նաև այդ հանգամանքով էր պայմանավորված 2004թ. ստամբուլյան գագաթաժողովին կազմակերպության ուշադրության բևեռումը Հարավային Կովկասի վրա, որի արդյունքում շատ չանցած տարածաշրջանում նշանակվեց ՆԱՏՕ հատուկ ներկայացուցիչը։ Միայն վերջերս՝ 2006թ. սեպտեմբերին ՆԱՏՕ ղեկավարությունն առաջարկեց Վրաստանին սկսել «Ինտենսիվ երկխոսություն» եվրաատլանտյան կազմակերպությանն անդամակցելու երկրի մտադրության շուրջ13։ Թեև Վրաստան-ՆԱՏՕ համագործակցությունում այս նոր, ավելի բարձր մակարդակը չի երաշխավորում կազմակերպությանը Վրաստանի անդամակցության հարցը, այնուհանդերձ, դա լուրջ հայտ էր Հյուսիսատլանտյան դաշինքին Վրաստանի անդամակցության գործընթացի համատեքստում։
ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի համագործակցության խորացման հաջորդ ձևաչափը կամ փուլը վերաբերում է «Անդամակցության գործողությունների ծրագիր»/«Ճանապարհային քարտեզ»-ին (ԱԳԾ), որից հետո երկիրը կարող է դառնալ կազմակերպության լիիրավ անդամ14։ Կազմակերպության հաջորդ գագաթաժողովում, որը նախատեսվում է 2008թ., ըստ ամենայնի նոր հեռանկարներ կբացվեն ՆԱՏՕ-ին անդամակցել ձգտող կամ այդ ճանապարհով ընթացող երկրների, այդ թվում՝ Վրաստանի համար։
1Ներկայումս ամերիկյան ՀՀՊ գծով ԱՄՆ-ի հետ համագործակցում են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Դանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Նիդեռլանդները, Լեհաստանը, Չեխիան և Ուկրաինան (Եվրոպա), Իսրայելը (Մերձավոր Արևելք), Հնդկաստանը, Ճապոնիան, Թայվանը (Ասիա), Ավստրալիան։ Չեխիայում և Լեհաստանում ռադարային ու հրթիռային համակարգերի տեղակայման համար Պենտագոնն ի սկզբանե նախատեսում էր ավելի քան $300 մլն։
2Ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ ս.թ. հուլիսին Չեխիայի անվտանգության խորհուրդը որոշում ընդունեց երկրի տարածքում ԱՄՆ ՀՀՊ ռադիոտեղորոշիչ կայանի շահագործման համար տեղանք տրամադրել Բրդիի ռազմական հրաձգարանի շրջանում՝ Պրահայից շուրջ 90կմ դեպի հարավ-արևմուտք։
3Դա ամենևին էլ չի հիմնավորում կազմակերպությանն Ադրբեջանի կամ Հայաստանի հետագա անդամակցության հավանականության հարցը։
42005թ. ՆԱՏՕ պաշտպանական ընդհանուր ծախսերը հաշվվել են $736.5 մլրդ, որի շուրջ 64.1%-ը ($472.2 մլրդ) կազմել է ԱՄՆ մասնաբաժինը։
5Ի տարբերություն Լեհաստանում կամ Չեխիայում ամերիկյան ՀՀՊ համակարգերի տեղակայման, որի իրականացումն ուղղակիորեն առնչվում է եվրոպական մայրցամաքի միասնական անվտանգության համակարգի կայացման Եվրամիության տեսլականներին։
6Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանը հիմնվել է 1985թ. և վերահսկում է 6 հազ. կմ շառավղով տարածք՝ ընդհուպ մինչև հյուսիսաֆրիկյան և հարավարևմտաասիական շրջանները։ Կայանի ուղղակի տեսանելիության գոտում են Թուրքիան, Պակիստանը, Հնդկաստանը, Իրանն ու Իրաքը, Ավստրալիան, Աֆրիկայի երկրների մեծ մասը, Հնդկական օվկիանոսի կղզիները։ Կայանի տեխնիկական պոտենցիալը թույլ է տալիս այն շահագործել մինչև 2012թ.։ Ռադիոտեղորոշիչ կայանի համատեղ շահագործման առաջարկությունը հնչեցվել էր ՌԴ նախագահ Պուտինի կողմից՝ Արևելյան Եվրոպայում ամերիկյան ռադար և ՀՀՊ համակարգ չտեղակայելու փոխարեն, սակայն ամերիկյան կողմը չընդունեց առաջարկը։
7Վրաստանի տարածքում առկա են մի քանի ռադիոտեղորոշիչ կայաններ, որոնք շահագործվում են դրվել դեռևս նախորդ դարի 80-90-ականներին և չեն համապատասխանում ժամանակակից տեխնոլոգիական պահանջներին։
8Կայանը, որի շահագործման համար հատուկ պատրաստվածություն են անցել վրացի մասնագետները, գործում է 450կմ շառավղով։
9Ս.թ. հուլիսի վերջին ՆԱՏՕ տեղեկատվական կենտրոն հիմնվեց նաև Կոդորի կիրճում (Վերին Աբխազիա)։ Պաշտոնական տվյալների համաձայն, առաջիկայում նախատեսվում է հերթական կենտրոնները բացել նաև Սամցխե-Ջավախքում։
10Վրաստանի, ինչպես և Ալբանիայի, Ուկրաինայի, Ֆինլանդիայի և Մակեդոնիայի հետ «Օդային տարածքում իրադրության մասին ինֆորմացիայի փոխանակման» ՆԱՏՕ ծրագիրը մշակվել էր դեռևս 2003թ., սակայն տեխնիկական խնդիրները վերջնականապես չէին կարգավորվել։
11Հյուսիսատլանտյան դաշինքի նոր ռազմավարական հայեցակարգի (1999թ., Վաշինգտոն) համաձայն, գործընկերային հարաբերությունների հաստատումը համարվում է ՆԱՏՕ-ի առջև ծառացած անվտանգության ապահովման կարևորագույն հիմնախնդիրներից մեկը։
12Ադրբեջանը համաձայնեցրել է ԱԳԳԾ-ն 2005թ. մայիսի 27-ին, Հայաստանը՝ 2005թ. դեկտեմբերի 16-ին։
13«Ինտենսիվ երկխոսություն» (խորացված երկխոսություն) ձևաչափը ստեղծվել է 1997թ. ՆԱՏՕ մադրիդյան գագաթաժողովում։
14Երեք երկրներ՝ Ալբանիան, Խորվաթիան և Մակեդոնիան, որոնք ՆԱՏՕ «Անդամակցության գործողությունների ծրագրի» անդամ են, նույնպես կազմակերպությանն անդամակցելու հայտ են ներկայացրել։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- «ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ՉԿԱՆ, ՈՐ ՄԻ ՕՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ՓՈՐՁԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՅՈՒՂԵՐԸ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՀՐԹԻՌԱԿՈԾԵԼ. ՆԱԽԱՊԵՍ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏՎԵԼ». ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[13.11.2018]
- ՍԱՀՄԱՆԱԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԴԱՐՁՆԵԼՈՎ՝ ԹՈՒՐՔԻԱՆ ՆՊԱՏԱԿ ՈՒՆԻ ՀՀ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՑԵԼԻ ԴԱՐՁՆԵԼ. Կ.ՎԵՐԱՆՅԱՆ[18.10.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՎԵՐՋԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ[15.10.2018]
- ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽՈՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԳՐԱՎԻՉ ԼԻՆԻ ԻՍՐԱՅԵԼԻ ՀԱՄԱՐ. ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[10.10.2018]
- ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՈՐՈՇ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՇՈՒՐՋ[04.10.2018]
- ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՆՅՈՒՅՈՐՔՅԱՆ ԱՅՑԻ ՈՒՂԵՐՁՆԵՐԸ՝ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱՐՑԻՑ ՄԻՆՉԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ ԽՆԴԻՐՆԵՐ[28.09.2018]
- ԲԱՑԻ ՀՀ-ԻՑ, ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՆԱԵՎ ՊՈՒՏԻՆԻ ԱՅՑԸ ԱԴՐԲԵՋԱՆ, ՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՂՄԸ ԱԿՏԻՎԱՑՆՈՒՄ Է ԻՐ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ. ՓՈՐՁԱԳԵՏ[17.09.2018]
- ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ, ԵԹԵ ՓՈՐՁԻ ՕԳՏՎԵԼ ԲԻԼԶԵՐՅԱՆ-ԹՐԱՄՓ ՄՏԵՐՄՈՒԹՅՈՒՆԻՑ՝ ՇԱՀԵԿԱՆ ԴԻՐՔՈՒՄ ԿՀԱՅՏՆՎԻ. ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[11.09.2018]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀՈՒՅՍ ՈՒՆԵՐ, ՈՐ ԳԵՐՄԱՆԻԱՆ ԿՆԵՐԳՐԱՎՎԻ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ[05.09.2018]
- ԿԱՍՊԻՑ ԾՈՎԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ ԱՎԵԼՈՐԴ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ ԱԼԻԵՎԻՆ՝ ՈՒԺԵՂ ԴԻՐՔԵՐԻՑ ԽՈՍԵԼՈՒ ՆԱԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԻՄՆԱՀԱՐՑՈՒՄ. Կ. ՎԵՐԱՆՅԱՆ[14.08.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ 2008-2018ԹԹ.[13.08.2018]