2007-Ի «ԱՆՏԵՍՎԱԾ» ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ
«Foreign Policy» ամերիկյան հեղինակավոր վերլուծական հանդեսը 2007թ. իր վերջին համարի կենտրոնական նյութը նվիրեց անցած տարի տեղ գտած այն տասը կարեւոր զարգացումներին եւ իրադարձություններին, որոնք ինչ-ինչ պատճառներով դուրս մնացին միջազգային լրատվական եւ վերլուծական հոսքից: Եվ սա այն պարագայում, երբ ուշադրությունից զերծ մնացած մի շարք զարգացումներ կարող են նշանակալի եւ ազդեցիկ դեր խաղալ միջազգային քաղաքական հետագա զարգացումներում: Ստորեւ հարկ ենք համարում անդրադառնալ ամերիկյան հանդեսի նշած իրադարձություններից մի քանիսին:
Միջազգային կիբեռպատերազմների սկիզբը
2007 թվականը կհիշվի որպես իսկական կիբեռպատերազմների սկիզբն ազդարարող տարեթիվ: Հատկանշական է, որ տարվա ընթացքում համաշխարհային ինտերնետային եւ ծրագրային ցանցում մղվող պատերազմում դրական ձեռքբերումներով աչքի ընկան Ռուսաստանը եւ Չինաստանը, այն պարագայում, երբ Արեւմուտքը քայլեր էր ձեռնարկում ռուսական եւ չինական դիրքերի ամրապնդումը խափանելու ուղղությամբ: Այսպես, ապրիլի վերջին եվրոպական եւ ամերիկյան գործակալությունները եւ կառույցներն անակնկալի եկան, երբ ռուսական հաքերները մի քանի օրվա ընթացքում ամբողջովին ոչնչացրին Էստոնիայի բավական ժամանակակից եւ զարգացած էլեկտրոնային-տեղեկատվական համակարգը: Մի քանի օրում, որպես հակազդեցություն Տալլինի հակառուսական քաղաքականության, հիմնովին վերացվեցին կամ վերահսկողության տակ առնվեցին էստոնական տեղեկատվական գործակալությունների, նախարարությունների, այդ թվում` պաշտպանության եւ ներքին գործերի, հիմնական ազգային բանկերի եւ ձեռնարկությունների կայքերը եւ, ամենակարեւորը, ներքին ցանցերը: Վերահսկողության տակ վերցվեցին նաեւ Էստոնիայի կառավարության եւ նախագահի էլեկտրոնային կայքերը: Ամենայն հավանականությամբ, բարձր մակարդակով կազմակերպված հարվածն ուղղորդվում կամ իրականացվում էր Ռուսաստանի անվտանգության ծառայության կողմից:
Երկրորդ խոշոր անակնկալն Արեւմուտքը ստացավ հունիսին, երբ պաշտոնական Պենտագոնը հայտարարեց, թե չինական ռազմուժի հատուկ ստորաբաժանումը կարողացել է ներգործել ԱՄՆ Պաշտպանության նախարարության ներքին ցանցային համակարգի այն մասի վրա, որն օգտագործվում է նախարար Ռ.Գեյթսի խորհրդականների եւ օգնականների կողմից` փաստորեն, մուտք ստանալով կարեւորագույն ռազմական նշանակության նյութերին եւ հաղորդագրություններին:
Իսկ տարվա վերջին բրիտանական MI5-ը հատուկ նամակներ հղեց արեւմտյան հետախուզություններին եւ ռազմական տեխնիկա արտադրող ընկերություններին այն մասին, որ Լոնդոնը ֆիքսել է չինական ռազմական հետախուզության ցանցային հարվածներն այս կառույցների ցանցերին եւ ստորաբաժանումների տեղեկատվական բազաներին:
Վերը նշված զարգացումներում ԱՄՆ դիրքերի ապահովման համար սեպտեմբերին ԱՄՆ ռազմաօդային ուժերի ղեկավարությունը որոշում է ընդունել ստեղծել նոր «Կիբեռտարածքային ղեկավարություն» (Cyberspace Command), որի աշխատանքներին պետք է ներգրավվեն 500 առաջատար մասնագետ-ծրագրավորողներ։ Ստորաբաժանման ձեւավորումը կավարտվի 2009-ին. այն կդառնա իր տեսակի մեջ խոշորագույն կառույցն աշխարհում, որի հիմնական գործառույթը պետք է լինի Չինաստանի եւ Ռուսաստանի դիրքերի ակտիվացման խափանումը։
Ամերիկյան ռազմածովային կայանի ստեղծումը Իրաքում
Չնայած 2007 թվականն անցավ ԱՄՆ ներքաղաքական կյանքում Իրաքից ամերիկյան ռազմուժի դուրսբերման անհրաժեշտության մասին քննարկումների ակտիվացմամբ, նույն 2007-ին Պենտագոնը մի կարեւոր քայլ կատարեց Իրաքում ամերիկյան ռազմական ներկայության երկարաժամկետ պահպանման ուղղությամբ: Նոյեմբերին ամերիկյան ռազմական նավատորմի ղեկավարությունը, սակավ լրատվական լուսաբանմամբ, Պարսից ծոցի իրաքյան հատվածում` Խոր ալ Ամայա նավթային խոշորագույն տերմինալի հարեւանությամբ իրականացրեց նոր ռազմածովային կայանի պաշտոնական բացումը: Խոր ալ Ամայա եւ դրան բավական մոտ գտնվող Բասրա նավթային տերմինալները կարեւորագույն նշանակություն ունեն համաշխարհային նավթային շուկայում: Կարելի է գոնե նշել այն, որ այս երկու տերմինալները կարող են ապահովել համաշխարհային նավթի 10%-ի բարձումն ու արտահանումը: Ավելացնենք, որ անցած տարի իրաքյան նավթը կտրուկ ամրապնդեց դիրքերը ԱՄՆ ներքին շուկայում. Իրաքը ԱՄՆ նավթ արտահանող երկրների ցուցակում 2007-ին 11-րդից բարձրացավ 6-րդ տեղը` զիջելով միայն Կանադային, Մեքսիկային, Վենեսուելային, Նիգերիային եւ Սաուդյան Արաբիային: Միեւնույն ժամանակ, վերջին շրջանում ամերիկյան վերլուծություններում կարծիք է հայտնվում, որ իրաքյան նավթի միջոցով պետք է նվազեցվի ԱՄՆ կախվածությունը վենեսուելական նավթից, ինչի արդյունքում Իրաքի եւ Վենեսուելայի դիրքերը ԱՄՆ նավթ ներկրող պետությունների ցուցակում կարող են փոխվել։
Խոր ալ Ամայայի ռազմակայանը, ստեղծվելուց եւ բավարար չափով ամրապնդվելուց հետո, ըստ պաշտոնական Պենտագոնի, պետք է հանձնվի իրաքյան նավատորմին: Այս առիթով «Wall Street Journal» պարբերականը նշում է, որ իրաքյան նավատորմի ստեղծման հեռանկարը շատ մշուշոտ է, քանի որ ամերիկյան ծովայինները ներկայումս իրաքցիներին ընդամենը սովորեցնում են փրկարար միջոցներից օգտվելու կարգը: Իսկ «Foreign Policy»-ն նշում է, որ եթե կապ կա Իրաքից ամերիկյան ծովայինների հեռացման եւ իրաքյան նավատորմի ստեղծման միջեւ, ապա իրականում ամերիկյան ռազմական ուժերը դեռ երկար կմնան Իրաքում:
Ակնհայտ է նաեւ, որ ամերիկյան ռազմակայանի ստեղծումն Իրաքում նպատակ ունի ռազմական եւ ռազմավարական տեսանկյունից ամրապնդել Վաշինգտոնի դիրքերը Թեհրանի հետ հակամարտությունում։ Այդ հակամարտության նոր փուլ կարող է սկսվել ԱՄՆ-ում եւ Իրանում սպասվող նախագահական ընտրություններից հետո, որոնք կկայանան, համապատասխանաբար, 2008 եւ 2009թթ.: Իրանի դիրքերը Պարսից ծոցում ակնհայտորեն տուժում են ամերիկյան ռազմակայանի ստեղծումից հետո, քանի որ իրաքյան այս ռազմակայանը կտրուկ նվազեցնում է իրանական նավատորմի` Հորմուզի նեղուցի նկատմամբ ունեցած համեմատական վերահսկողության նշանակությունը: Նաեւ դրանով են, հավանաբար, պայմանավորված իրանական եւ ամերիկյան ռազմանավերի միջեւ վերջերս հաճախակիացած կոնֆլիկտները։
ԱՄՆ «իսրայելական լոբբիի» դիրքերի թուլացումը
2007թ. սեպտեմբերի սկզբին ամերիկյան առաջատար գրախանութները հեղեղվեցին Ս.Վոլթի եւ Ջ.Միրշեյմերի «Իսրայելական լոբբի» գրքով, որը վաճառքի աննախադեպ բարձր ցուցանիշներ արձանագրեց: Հեղինակներն իրենց գրքում կարծիք էին հայտնում, որ Իսրայելի աջակիցները հսկայական ազդեցություն ունեն ամերիկյան քաղաքական դաշտում եւ իրենց հայեցողությամբ կարողանում են ուղղորդել Վաշինգտոնի արտաքին քաղաքականությունը Թել Ավիվին ձեռնտու ուղղությամբ: Հեղինակներն այս իրողությունը ներկայացնում են որպես սպառնալիք ԱՄՆ անվտանգությանը: Գրքի հրատարակումից մեկ շաբաթ հետո լույս տեսավ մի նոր հետազոտություն, որը նվիրված էր Իսրայելի նկատմամբ ամերիկյան հրեաների հայացքների փոփոխությանը: Հետազոտության համահեղինակներ Ս.Քոհենը Hebrew Union College-ից եւ Ա.Քելմանը University of California, Davis-ից նախաբանում նշում են. «Փոխկապակցման զգացումը (ԱՄՆ հրեաների ու Իսրայելի միջեւ) կարող է փոխվել, քանի որ բարեկեցությունը ճանապարհ է տալիս անտարբերությանը, իսկ անտարբերությունը` իրական օտարացմանը»: Այսպես, 1704 ոչ օրթոդոքս եւ մինչեւ 35 տարեկան ամերիկյան հրեաների մոտեցումների հետազոտությունը ցույց է տալիս, որ նրանց միայն 48%-ը Իսրայել պետության ոչնչացումը կդիտարկի որպես «անձնական ողբերգություն»: Միեւնույն ժամանակ, հարցվածների ընդամենը 54%-ն է ասում, որ իրեն լավ է զգում` գիտակցելով, որ երկրագնդի վրա կա հրեական պետություն:
Նշենք նաեւ, որ ԱՄՆ-ում քիչ չեն նաեւ այն հրեաները, որոնք հանդես են գալիս Իսրայելի վերացման անհրաժեշտության օգտին: Այստեղ կարելի է հիշել առաջին հերթին Ահարոն Ռուսոյի` 2006թ. հայտնի հարցազրույցը, որում նա նշել էր ոչ միայն իր նախկին ընկեր Ն.Ռոկֆելերի` սեպտեմբերի 11-ից մոտ մեկ տարի առաջ իրեն հայտնած կարծիքը, թե Մերձավոր Արեւելքում անհրաժեշտ է հաստատել ամերիկյան ռազմական գերիշխանություն եւ դրա համար ուղղակի լավ «առիթ» է պետք, այլ նաեւ առաջարկել էր կազմաքանդել Իսրայելը եւ ստեղծել հրեական պետություն ԱՄՆ Արիզոնայի նահանգում:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄԸ, ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ, ԳԻՏԵԼԻՔԸ, ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԸ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ. ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՓՈՐՁԸ[20.04.2015]
- ԻՐԱՆՆ ԱՐԴԵՆ ՇԱՀԵԼ Է ԱՄՆ-Ի ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ[15.04.2015]
- ԻՐԱՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ. «ՍԱՌԵՑՄԱՆ» ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ[02.02.2015]
- ՆՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ[26.05.2014]
- ԻՐԱՆ – ՀԱՅԱՍՏԱՆ ՏԱՐԱՆՑԻԿ ԳԱԶԱՄՈՒՂ (ԴԻՍԿՈՒՐՍԻ ՆԵՆԳԱՓՈԽՈՒՄ)[17.03.2014]
- ԻՐԱՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ[06.02.2014]
- «ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԿՀ ՓՈԽՏՆՕՐԵՆ ՍԵՎԱԿ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԸ` ԱՐՄՆՅՈՒԶ ԼՐԱՏՎԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԻ «ԲԱՆԱՁԵՎ» ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՀՅՈՒՐ [23.12.2013]
- ԷԺԱՆ ԻՐԱՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՄԻՖԵՐԸ[18.12.2013]
- Ս. ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ. ՌՈՒՍԱԿԱՆ ԷԺԱՆ ԳԱԶ ՆԵՐԿՐԵԼՈՒՆ ԵՎ ՀԱԷԿ-Ի ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆԸ ԶՈՒԳԱՀԵՌ ՊԵՏՔ Է ՄՏԱԾԵԼ ԱՅԼԸՆՏՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ[09.12.2013]
- ՍԵՎԱԿ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀ ԿԱ ՄԻԱՅՆ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ[09.12.2013]
- ՄՄ–ԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԿԱՐՈՂԱՆԱ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՑԱԾՐ ՍԱԿԱԳՆԵՐ ԱՊԱՀՈՎԵԼ. ՓՈՐՁԱԳԵՏ[12.09.2013]