ԱՄՆ ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ 1990-ԱԿԱՆ ԹԹ.

ԱՄՆ-ը, ԽՍՀՄ քայքայումից հետո ներքաշված լինելով Հարավային Կովկասում, Կասպից ծովի ավազանում և Կենտրոնական Ասիայում տեղի ունեցող իրադարձություններում, 1990-ականների սկզբին ավելի շատ կարևորում էր իր դաշնակիցների` Թուրքիայի, Իսրայելի և Պակիստանի գործունեությունը` իրեն վերապահելով միայն վերջիններիս աջակցողի դերակատարումը: ԱՄՆ-ը, կարելի է ասել, տարածաշրջանի ռազմաքաղաքական կարևորությունը գիտակցեց ավելի ուշ` 90-ական թթ. երկրորդ կեսին, երբ ամերիկացի մի քանի հայտնի քաղաքական գործիչներ և վերլուծաբաններ` Զբիգնև Բժեզինսկին, Հենրի Քիսինջերը, Ռիչարդ Չեյնին, Փոլ Վուլֆովիցը, Հովարդ Բեյքերը, Լյուիս Լիբին և ուրիշներ, հանդես եկան Սպիտակ տան քաղաքականության կտրուկ քննադատությամբ` պահանջելով ԱՄՆ ակտիվացումը1:
Ըստ որոշ վերլուծաբանների՝ 90-ական թթ. առաջին կեսին վերը նշված տարածաշրջաններում ԱՄՆ-ին հիմնականում հետաքրքրում էին հետևյալ խնդիրները. Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի նոր երկրների ինքնիշխանության ամրապնդումը, քաղաքական կայունության հաստատումը հակամարտությունների գոտիներում, ժողովրդավարացման գործընթացը, շուկայական տնտեսության և ազատ առևտրի զարգացումը, Ղազախստանի միջուկազերծումը (այդ շրջանում Ղազախստանը դեռ ուներ միջուկային զենք), նորանկախ պետություններում մարդու իրավունքների հիմնարար սկզբունքների հաստատումը և, վերջապես, Իրանից իսլամական ծայրահեղության տարածման կանխումը2: Այսպիսով, այդ շրջանում պաշտոնական Վաշինգտոնը կարևորում էր այս հարցերի շուրջ ընդհանուր քաղաքական սկզբունքների ընդունումը և վարում էր միջնորդավորված քաղաքականություն` կարևորելով հատկապես իրանական ազդեցության դեմ պայքարը3: Սպիտակ տան ուշադրությունը կենտրոնացած էր Ռուսաստանի վրա՝ հետին պլան մղելով նախկին Խորհրդային Միության հարավային այն շրջաններում ծավալվող իրադարձությունները, որոնք ամերիկյան վերլուծաբանները շատ հաճախ անվանում էին «Ռուսաստանի հետնաբակ»:
Քլինթոնի վարչակազմը կարծում էր, թե իր քաղաքականությունն այդ «հետնաբակում» պետք է լինի շատ զգույշ Ռուսաստանում ազգայնական և կոմունիստական ուժերի ակտիվացումը չխրախուսելու համար: «Սպիտակ տունն ամեն կերպ աջակցում էր Ելցինի վարչակազմին, այսպիսով քլինթոնյան վարչակազմը Մոսկվային ազատ գործելու հնարավորություն էր տալիս»: Այսինքն, ըստ որոշ ամերիկյան վերլուծաբանների՝ Սպիտակ տան համար կարևոր էր քաղաքական կայունության և ժողովրդավարության հաստատումը Ռուսաստանում, ինչը նրան ստիպում էր շատ ավելի զգույշ լինել այդ երկրի համար կենսական նշանակություն ունեցող շրջաններում: Այդ ժամանակաշրջանում ԱՄՆ «ռուսական քաղաքականությունը» գնահատվում էր որպես հակասական, քանի որ Սպիտակ տունը, մի կողմից, խրախուսում էր ելցինյան իշխանության քաղաքականությունը երկրի ներսում (ըստ Սպիտակ տան՝ դա էր Ռուսաստանում ժողովրդավարության պահպանման միակ գրավականը), մյուս կողմից՝ չէր կարող դուրս մնալ Ռուսաստանի «հետնաբակում», հատկապես՝ Կասպից ծովի շուրջ հասունացող նավթային նոր լարվածությունից:
Քլինթոնի վարչակազմը ելքը տեսնում էր տարածաշրջանում իր ռազմավարական դաշնակից Թուրքիայի դերի ակտիվացման մեջ: Վաշինգտոնը նաև կարծում էր, թե Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի շատ երկրների համար թուրքական պետական մոդելը կարող է օրինակ դառնալ զարգացման սեփական ուղին գտնելու հարցում: Իսկ ըստ ամերիկյան որոշ շրջանակների՝ Թուրքիայի քաղաքական մոդելն իր մահմեդական բնակչությամբ և քաղաքական կառավարման արևմտյան ձևով, որպես չափանիշ, լավագույնս համապատասխանում է Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի համար: Տարածաշրջանում ամերիկյան շահերի համար սպառնալիք էր դիտարկվում ոչ թե Ռուսաստանը, այլ Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Արդյունքում՝ էլ ավելի էր խստացվում այդ երկրի դեմ տարվող քաղաքականությունը: 1996թ. ԱՄՆ Կոնգրեսն ընդունեց «Իրան-Լիբիա պատժամիջոցների ակտ» (Iran-Libya Sanctions Act (ILSA) կոչվող օրենքի բանաձևը, որով սահմանափակվում էր այդ երկրներում արտասահմանյան կազմակերպությունների ներդրումների հնարավորությունը, և պատժամիջոցներ էին սահմանվում այս օրենքը խախտել փորձողների համար: Օրենքում հատուկ նշվում էր, որ Իրանի էներգետիկայի բնագավառում $20 մլն-ից ավելի ներդրումներ կատարող ընկերությունների և արտասահմանյան բանկերի դեմ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ:
Այսպիսով, 90-ական թթ. Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում իր դաշնակիցների միջնորդությամբ քաղաքականություն վարող ԱՄՆ-ը որպես հիմնական մրցակից էր դիտարկում ոչ թե Ռուսաստանը, այլ ԻԻՀ-ն՝ փորձելով ամեն կերպ նվազեցնել վերջինիս ազդեցությունը նշված տարածաշրջաններում: 1994թ. հունվարին Բորիս Ելցինի հետ հանդիպումից հետո Բիլ Քլինթոնը հայտարարեց, որ վրաստանյան քաղաքական ճգնաժամում Ռուսաստանը կարող է կայունացնող դեր կատարել։ Նա մասնավորապես նշել էր. «Դուք (Ռուսաստանը- Մ.Ա) պետք է ավելի ներգրավված լինեք այն տարածաշրջանների քաղաքականության մեջ, որոնք մոտ են գտնվում ձեզ, ինչպես, օրինակ, ԱՄՆ-ն էր ներգրավված Պանամայում և Գրենադայում տեղի ունեցող իրադարձություններում»:
Ռուս-ամերիկյան հարաբերությունների այս շրջանը կարող ենք կոչել հարաբերությունների «մեղրամիս», որը, սակայն, երկար չշարունակվեց: Արդեն այդ օրերին պարզորոշ նկատվում էին նաև երկու երկրների հարաբերություններում առկա հակասությունները: Ամերիկացի հայտնի քաղաքագետ Յան Բրեմերը ԱՄՆ այդ շրջանի քաղաքականությունը գնահատում է «անորոշ»` կարծելով, որ Վաշինգտոնը չուներ հստակ պատկերացում տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների մասին, և վերջնականորեն չէին ձևավորվել ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները: Ամերիկացի շատ մասնագետներ հակված են 1991-1994թթ. ռուս-ամերիկյան հարաբերությունները ներկայացնել այնպես, իբր Վաշինգտոնն ամեն ինչ անում էր՝ աջակցելու համար ելցինյան Ռուսաստանին` չկատարելով և ոչ մի քայլ, որը կվնասեր գործող վարչակազմի հեղինակությանը: Սակայն 90-ական թթ. կեսերին սկսեցին փոփոխություններ նկատվել ռուս-ամերիկյան հարաբերություններում, և Վաշինգտոնից արդեն ավելի հաճախակի էին լսվում քննադատական խոսքեր Մոսկվայի թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության հասցեին:
Համագործակցությունից մրցակցություն.- 1994թ. պաշտոնական այցով Վաշինգտոնում գտնվելու ժամանակ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն առաջարկեց կառուցել նոր նավթամուղ, ինչը հնարավորություն կտար ղազախական նավթը, Ռուսաստանը շրջանցելով, արտահանել Արևմուտք: Սակայն այդ առաջարկը չստացավ Քլինթոնի վարչակազմի աջակցությունը. Նազարբաևին խորհուրդ տրվեց այն կառուցել՝ չշրջանցելով ռուսական տարածքը: Սակայն Կասպյան տարածաշրջանից Ռուսաստանը շրջանցող նավթամուղի կառուցման հարցը, կարելի է ասել, արդեն հասունանում էր։ Մեկ տարի անց` 1995թ., ամերիկյան մի քանի նավթային խոշոր ընկերություններ ստեղծեցին մասնավոր մի կառույց, որը պետք է պաշտպաներ իրենց շահերը Կասպյան տարածաշրջանում:
Ամերիկյան նավթային ընկերությունները, որոնք առաջին քայլերն էին կատարում նավթով հարուստ այս տարածաշրջանում, ԱՄՆ պետքարտուղարությունից ավելի էին հետաքրքրված տարածաշրջանով: Բացի այդ, Վաշինգտոնում մտահոգված էին ԻԻՀ տարածքով նոր նավթամուղի կառուցման հեռանկարով, հետևաբար՝ էլ ավելի մեծ ուշադրություն էին դարձնում այն պահանջներին, որոնք ներկայացնում էին նավթային ընկերությունները: Եվ այսպես, ամերիկյան նավթային ընկերությունները ստեղծեցին «լոբբիստական» մի կառույց, որը պետք է իր քաղաքական ու տնտեսական շահերը պաշտպաներ ոչ միայն և ոչ այնքան Կասպիցի ավազանում, որքան Վաշինգտոնում: Ամերիկյան նավթային հսկա Unocal ընկերության գլխավորությամբ ստեղծված կառույցում ընդգրկվեցին Ջորջ Բուշ-ավագի և Ջիմի Քարթերի ժամանակաշրջանի հայտնի քաղաքական գործիչներ, նախկին պետքարտուղարներ Լոուրենս Իգլբերգերը և Հենրի Քիսինջերը, Ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Զբիգնև Բժեզինսկին, նախկին սենատոր Հովարդ Բեյքերը, ԱՄՆ բանակի Գլխավոր շտաբի նախկին ղեկավար Ջոն Սունունը և պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Ռիչարդ Արմիթեջը: Քաղաքական այս գործիչներն էլ պետք է նպաստեին Հարավային Կովկասում, Կասպից ծովի ավազանում, Կենտրոնական Ասիայում ամերիկյան նավթային ընկերությունների քաղաքականության առաջմղմանը և ապահովեին Սպիտակ տան գործող վարչակազմի աջակցությունը: 1995թ. ԱՄՆ-ում լոբբիստական այս կառույցի ստեղծումը պատահական չէր։ Ռուս-ամերիկյան հարաբերություններում արդեն տիրում էր որոշակի սառնություն. պաշտոնական Վաշինգտոնի՝ Կրեմլին միանշանակ պաշտպանելու քաղաքականությունից հրաժարում էր նկատվում:
Սպիտակ տան քաղաքականության փոփոխության առաջին արձագանքը եղավ 1993թ. հոկտեմբերին, երբ ԱՄՆ պետքարտուղարության հատուկ հարցերով հանձնակատար Սթրոուբ Թելբոթը քննադատեց Ռուսաստանին` հայտարարելով, որ «ԱՄՆ-ը չի կարող աջակցել (Ռուսաստանի- Մ.Ա) այն գործողություններին, որոնք խարխլում են սուվերեն այլ երկրների ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը»: Հայտարարությունը կատարվեց աբխազական պատերազմի ժամանակ, երբ Ռուսաստանն ակտիվորեն միջամտում էր այդ գործողություններին: Կողմերի հարաբերություններում սառնությունն սկսվել էր դեռ այն ժամանակ (1993թ. աշնանը), երբ Կրեմլը գնդակոծեց Պետդումայի շենքը, ապա ուժով ցրեց այն: Վաշինգտոնում արդեն խոսում էին, որ Ռուսաստանում հետընթաց է տեղի ունենում ժողովրդավարությունից և այնտեղ հաստատվում է ավտորիտար համակարգ: Պարզ էր, որ այս պայմաններում ԱՄՆ-ում ուժեղանում էր նրանց ձայնը, ովքեր պահանջում էին, որ Վաշինգտոնն ակտիվացնի քաղաքականությունը նախկին ԽՍՀՄ «հարավային հանրապետություններում»:
Այս հենքի վրա էլ սկսեց գործել ամերիկյան նավթային ընկերությունների շահերը պաշտպանող լոբբիստական կազմակերպությունը: Խումբը հանդիպեց ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի էներգետիկ հարցերով փորձագետ Շեյլի Հեսլինի հետ: Վերջինս տարածաշրջանում, հատկապես էներգետիկ պաշարներով հարուստ շրջաններում, ԱՄՆ քաղաքականության ակտիվացման կողմնակից էր: Հետագայում ծրագրի կողմնակիցները հանդիպեցին ԱՄՆ նախագահ Քլինթոնի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սամուել Բերգերի հետ: Մինչ այդ արդեն Քլինթոնի վարչակազմում պետքարտուղարի տեղակալ Սթրոուբ Թելբոթի գլխավորությամբ ստեղծվել էր հատուկ խումբ, որը ներառում էր մասնագետներ առևտրի և էներգետիկայի նախարարություններից, Ազգային անվտանգության խորհրդից և ԿՀՎ-ից: Այսինքն` ստեղծվել էր մի իրավիճակ, երբ տարածաշրջանի նկատմամբ քաղաքականության փոփոխության անհրաժեշտության հարցը հասունացել էր ոչ միայն ԱՄՆ նավթային ընկերությունների շահերը պաշտպանող քաղաքական ուժերի, այլ նաև վարչակազմի շրջանում: Վերջիններիս հատկապես մտահոգում էր այն փաստը, որ տարածաշրջանում ազդեցությունն է փորձում ուժեղացնել Իրանը, և Կասպից ծովից հնարավոր նոր նավթամուղի հարցում քննարկվում է իրանական ուղղությունը: Տարբերակ, որին կտրականապես դեմ էր Սպիտակ տունը: Եվ Սթրոուբ Թելբոթի գլխավորությամբ ստեղծված խումբը, առաջին հերթին, պետք է կանխեր իրանական ուղղությամբ հնարավոր խողովակաշարի կառուցման ցանկացած հեռանկարի քննարկումն անգամ: Ելնելով իր քաղաքական շահերից` Սպիտակ տունն արդեն արծարծում էր այն գաղափարը, որ Կասպից ծովից սկիզբ առնող ցանկացած նավթամուղ պետք է շրջանցի ոչ միայն Իրանը, այլ նաև Ռուսաստանը: Այսինքն` Կասպյան և Հարավկովկասյան տարածաշրջաններում ռուսական ակտիվությանը հանդուրժողաբար նայող Վաշինգտոնն արմատապես փոխում էր դիրքորոշումը նաև պաշտոնական Մոսկվայի նկատմամբ:
Այս պայմաններում, 1990-ական թթ. կեսերին, ԱՄՆ այն ժամանակվա վարչակազմում վերջնականապես ձևավորվեց այն հաստատուն կարծիքը, որ տարածաշրջանում իր հիմնական դաշնակիցը` Թուրքիան, պետք է ոչ միայն ակտիվ քաղաքականություն վարի այստեղ, այլև հենց նրա տարածքով պետք է անցնի Կասպից ծովի ադրբեջանական ափից սկիզբ առնող նոր նավթամուղը:
1Рашид А., Талибан: Ислам, нефть, и новая Большая игра в Центральной Азии, часть 2-ая 08.01.2005 http://centrasia.org/newsA.php4?st=1105151280
2R.Hrair Dokmejian & Hovann H.Simonian,Troubled Waters.The Geopolitics of The Caspian Region, New York, 2001, p. 132.
3Bremmer Ian, Oil Politics: America and the Riches of the Caspian Basin, World Policy Journal, vol 15, #1, Spring, 1998.
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԿԵՂԾ ՕՐԱԿԱՐԳԵՐ ԵՎ ԻՐԱԿԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ[21.05.2020]
- ԷՆԵՐԳԵՏԻԿ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ԲՐԻԹԻՇ ՓԵԹՐՈԼԻՈՒՄԻ ՏԱՐԵԿԱՆ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԻ. ԳԱԶԻ ԲԱՂԱԴՐԻՉ[25.12.2018]
- ՉԻՆԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԲԱՑ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ 40 ՏԱՐԻՆԵՐԸ[23.11.2018]
- ԷՆԵՐԳԵՏԻԿ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ԲՐԻԹԻՇ ՓԵԹՐՈԼԻՈՒՄԻ ՆԱՎԹԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉԻ[08.11.2018]
- ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ԲՐԻԹԻՇ ՓԵԹՐՈԼԻՈՒՄԻ ՏԱՐԵԿԱՆ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԻ[18.09.2018]
- ՀԵՂՈՒԿԱՑՎԱԾ ԳԱԶԸ ԵՎ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ[06.07.2018]
- «ԵՎՐՈՊԱՅԻ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՄԱՅՆՔ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ[25.05.2018]
- ԱԷՄԳ-Ն ԵՎ ՆՐԱ ԴԵՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ[07.05.2018]
- ԷՆԵՐԳԵՏԻԿ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ[15.12.2017]
- ԷՆԵՐԳԵՏԻԿ ԳՈՐԾՈՆԸ ԱՐԴԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ (Մաս 3)[03.11.2017]
- ԷՆԵՐԳԵՏԻԿ ԳՈՐԾՈՆԸ ԱՐԴԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ (Մաս 2)[27.07.2017]