• am
  • ru
  • en
Версия для печати
14.02.2008

ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲՈՐՍԱՅԱԿԱՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՐԹԱԿՆԵՐՈՒՄ

   

image (medium) Վերջին շաբաթների ընթացքում կտրուկ սրվել են հարաբերությունները գլոբալ բորսայական հարթակների միջև։ Փորձագետների կարծիքով՝ իրավիճակի սրվածությունը պայմանավորված է երկու գործոնով.

  • ամերիկյան NYSE և NASDAQ բորսաների կողմից արտասահմանյան բորսաների կլանման բարձր տեմպով,
  • համաշխարհային ֆինանսական վերնախավի ներքին հակասություն¬ներով, որոնք ծագել են ազդեցության տարբեր խմբերի կողմից իրադարձությունների ոչ միանշանակ ընկալման պատճառով։

Այս կապակցությամբ փորձագետները նշում են, որ ամերիկյան NYSE և NASDAQ բորսաների ընտրած բարձր տեմպը խոսում է այն մասին, որ դրանց ղեկավարության առջև խնդիր է դրված որքան կարելի է շուտ վերահսկողության տակ առնել գլոբալ ֆոնդային շուկան. ավելի վաղ, քան տեղի կունենան մոտակա տարիներին համաշխարհային ֆինանսական համակարգի զարգացումը կանխորոշող որոշակի իրադարձություններ։

Այսպես, փորձագետները, մասնավորապես, նշում են, որ խոշորագույն NYSE և NASDAQ բորսաների կողմից ամերիկյան և եվրոպական բորսաների կլանման տեմպը վերջին ամիսներին կտրուկ աճել է։ Ընտրված տեմպն այնքան մեծ էր, որ NYSE -ի ղեկավարությանը ստիպեց այնպիսի միջոցառումներ պլանավորել, որոնք թույլ չէին տա իրենց իսկ բիզնեսին կործանվել որևէ առևտրային հարթակի կլանման գործընթացի ձախողման դեպքում, քանի որ կլանումների նոր փուլն այսօրվա դրությամբ սկսվում է արդեն այն ժամանակ, երբ դեռ չի հասցրել ավարտվել նախորդ կլանումը։

Մասնավորապես, որպեսզի նվազեցվեն եվրոպական Euronext բորսայի կլանման հետ կապված ռիսկերը, NYSE -ի ղեկավարությունը հակաճգնաժամային ռազմավարություն է մշակել և իրականացնում է այն։ Այդ ռազմավարության առանցքային բաղադրիչն այն է, որ մինչև ամբողջական միաձուլումը NYSE -ն ու Euronext-ը շարունակելու են աշխատել որպես երկու անկախ բորսաներ։ Իսկ միավորվելուց հետո դրանք աշխատելու են կառավարման ապակենտրոնացված համակարգի սկզբունքներով։ Նման համակարգի բոլոր գործառնական մասնաճյուղերը (ներառյալ այդ բորսաները) ամենօրյա գործառնական որոշումներ կայացնելու ինքնավարություն ունեն։ NYSE -ի վերլուծաբանները հուսով են, որ նման մոտեցումը թույլ կտա ինչ-որ չափով թուլացնել առևտրային հարթակների միավորման ընթացքում առաջացող խնդիրները։ Հետագայում պլանավորվում է իրականացնել կառավարման կենտրոնացումն ու առևտրային հարթակների սերտաճումը։ Բորսայի փորձագետների կարծիքով՝ այս դեպքում NYSE -Euronext ընկերությունը կկանգնի տեխնոլոգիական գործընթացների, գործառույթների և պլանավորման քաղաքականությունների միավորման ժամանակ առաջացող էական խնդիրների առջև։ Բացի այդ, լուրջ բացասական հետևանքների կհանգեցնեն նաև այդ երկու ընկերություններում ընդունված գործարարական ավանդույթների տարբերություննե¬րը, ինչպես նաև NYSE -ի և Euronext-ի աշխատակազմերի առաջատար մասնագետներին իրենց պաշտոններում թողնելու հարցերը։ Ինտեգրման ձգձգվող գործընթացը կարող է նաև ընդհատել ընկերություններից յուրաքանչյուրի հարաբերությունները նախկին գործընկերների հետ, ինչը նույնպես անբարենպաստ ազդեցություն կունենա NYSE -Euronext-ի գործունեության վրա։

Վերլուծաբանները նշում են, որ Archipelago բորսայի կլանումը NYSE -ի կողմից ավարտվել էր 2006թ. մարտի 7-ին։ NYSE -ի փորձագետների կարծիքով՝ դրանից հետո բորսան դեռ չի հասցրել հարմարվել, ավելին, NYSE -ի և Archipelago-ի առևտրային գործունեությունների միավորման գործընթացը վերջնականապես չի ավարտվի մինչև Euronext-ի հետ միավորման սկիզբը։

Ի լրումն՝ 2006թ. նոյեմբերի 1-ին NYSE -ը ձեռք բերեց SIAC ընկերության արժեթղթերի մնացած 30%-ը (SIACNYSE -ի բորսայական ծրագրային ապահովման նախագծողն ու արտադրողն է) և այդպիսով ամբողջական վերահսկողության տակ առավ այդ ընկերությունը։

Արդյունքում՝ NYSE -ի ղեկավարությունը ստիպված է միավորել NYSE-ի, Archipelago-ի, SIAC-ի և Euronext-ի գործունեությունը, ինչը, վերլուծաբանների կարծիքով, կապված է մեծ դժվարությունների հետ, իսկ որոշ և առավել հոռետեսական գնահատականներից ելնելով՝ արագ ու հաջող միավորումն ուղղակի անհնար է։

Փորձագետները նշում են, որ եթե NYSE -Euronext միավորված բորսայի ղեկավարությունն անկարող լինի արդյունավետ կերպով կառավարել ինտեգրման գործընթացը, ապա դա կարող է լրջորեն ազդել նրա ակնկալվող կարգավիճակի վրա և կհանգեցնի ոչ միայն միավորումից սպասվող շահերը ստանալու անհնարինությանը, այլև, իրադարձությունների անբարենպաստ զարգացման պարագայում, NYSE -ի համար կարող է խիստ բացասական հետևանքներ ունենալ, ընդհուպ մինչև ֆոնդային շուկայում այդ բորսայի կայունության կորուստը։

Այսպիսով, NYSE -ի փորձագետների գնահատականները խոսում են այն մասին, որ կլանումների ընտրված ռազմավարությունը (առաջին հերթին բիզնես-գործընթացների սերտաճման վերցված տեմպը) բորսայի համար կարող է կործանարար լինել։

Մյուս կողմից, կենտրոնական առևտրային հարթակների արագ կլանումը, ըստ որոշ գնահատականների, միջազգային ֆինանսական վերնախավում լարվածություն (հնարավոր է նաև կոնֆլիկտ) է առաջացրել։

Հնարավոր է, որ շահերի բախումը պայմանավորված է նրանով, որ ամերիկյան NASDAQ բորսայի կողմից Լոնդոնի բորսայի կլանումը կհանգեցնի այն բանին, որ վերջինս իսպառ կկորցնի համաշխարհային ֆինանսական կենտրոնի իր կարգավիճակը, որը փաստացի կտեղափոխվի Նյու Յորք։ Ինչպես ցույց են տալիս վերջին իրադարձությունները, նման զարգացումները ձեռնտու չեն գլոբալ ֆինանսական շուկայի առաջատար խաղացողներին։

Գլոբալ բորսայական հարթակների միավորման և կլանման վերջին իրողություններում երևակվում է քաղաքական ուժերի հետաքրքրվածությունը. եթե մինչև 2007թ. աշունը բորսաների միավորման ու կլանման ոլորտում գործարքների մեծ մասը մնում էր բիզնես հարաբերությունների հունի մեջ և չէր առնչվում քաղաքական հարցերի հետ, ապա NYSE -ի և Euronext-ի հնարավոր միավորման դեմ եվրոպական մի շարք քաղաքական գործիչների ելույթներից հետո իրավիճակը փոխվեց, և ԱՄՆ վարչակազմը խաղի մեջ մտցրեց իր վարչական ռեսուրսը։

Մասնավորապես, անցած նոյեմբերի 16-ին հայտնի դարձավ, որ Ֆրանկֆուրտի Deutsche Boerse սակարանը հրաժարվել է Euronext բորսայի հետ միաձուլվելու իր առաջարկից։ Հաշվի առնելով այն, որ եվրոպական բորսաների միավորման օգտին առաջներում արտահայտվում էր եվրոպական քաղաքական գործիչների մեծամասնությունը, Ֆրանկֆուրտի բորսայի նման հայտարարությունը վերլուծաբաններից շատերին առնվազն տարօրինակ թվաց։ Փորձագետների կարծիքով՝ այժմ Euronext-ի վերահսկումը ամենայն հավանականությամբ կանցնի նյույորքյան NYSE բորսային։

Միևնույն ժամանակ, վերլուծաբանները նշում են, որ Ֆրանկֆուրտի բորսայի ներկայացուցիչների հայտարարությունը հնչեց Եվրոպայի և ԱՄՆ կենտրոնական բանկերի ներկայացուցիչների նոյեմբերի 10-11-ի ֆրանկֆուրտյան սեմինարից անմիջապես հետո։ Սեմինարին ներկա էր ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) ղեկավար Բ.Բերնանկեն։ Պաշտոնապես հայտարարվել էր, որ սեմինարը քննարկելու է գլոբալացման նոր պայմաններում մոնետար քաղաքականության կատարելագործման հարցերը։ Սակայն, վերլուծաբանների կարծիքով, համաշխարհային ֆինանսական վերնախավի ներկայացուցիչների քննարկումների հիմնական թեման նվիրված էր այն իրավիճակին, որ ստեղծվել էր համաշխարհային դոլարային համակարգի հարաճուն ճգնաժամային երևույթների հետ կապված։ Հնարավոր է, որ ԱՄՆ ԴՊՀ ներկայացուցիչները սեմինարի մասնակիցներին ներկայացրել են որոշ փաստեր, որոնք վկայում են համաշխարհային ֆինանսական համակարգի կայունության ապահովման համար եվրոպական և ամերիկյան բորսաների միավորման անհրաժեշտության մասին։ Հենց այս սեմինարի ավարտին էր, որ ֆրանկֆուրտյան բորսայի ներկայացուցիչները, որ մինչ այդ համառորեն ձգտում էին միավորվել Euronext-ի հետ, հրաժարվեցին գործարքից հօգուտ NYSE -ի։

Սակայն արդեն նույն նոյեմբերի 16-ի օրն իսկ տեղեկություն հայտնվեց այն մասին, որ համաշխարհային ֆինանսական շուկայում ազդեցության ոլորտների վերաբաշխում է ակնկալվում։ Այդ օրը աշխարհի 7 խոշոր ներդրումային բանկեր հայտարարեցին իրենց սեփական բորսան ստեղծելու մտադրության մասին։ Աղբյուրները նշում են, որ նոր նախագիծը կրում է «Բազմապրոֆիլային առևտրային հարթակ» անվանումը և միտված է բորսայական գործում բարձր տեխնոլոգիաների վերջին ձեռքբերումներն օգտագործելուն։ Նոր սակարանի հիմնադիրներ կդառնան հետևյալ բանկերը՝ City Group, Credit Suisse Group, Deutsche Bank, Goldman Sachs, Morgan Stenley, Merrill Lynch և UBS: Նոր բորսան կազմակերպող բանկերը հանդես են գալիս որպես հիմնական համաշխար¬հային ֆոնդային բորսաների խոշորագույն խաղացողներ։ Այդ միավորման ընդհանուր ակտիվները կկազմեն ավելի քան $9 տրիլիոն։ Եվրոպայում արժեթղթերի հետ կապված գործարքների ավելի քան կեսն իրականացնում են այդ բանկերը։ Ըստ այդմ, նախագծի հաջող մեկնարկի համար նրանք Լոնդոնի, Ֆրանկֆուրտի և Փարիզի իրենց հաճախորդների սոսկ նվազագույն թվաքանակի կարիքն ունեն։ Բանկերը մտադիր են ներգրավել վերջիններիս՝ նրանց շահագրգռելով նոր հարթակում գործարքների կատարման մեծ արագությամբ և ներկայումս գործող առևտրային սակագների համեմատ ցածր տոկոսներով։

Նոր բորսայի ստեղծման մասին հայտարարությունը հանգեցրեց եվրոպական բորսաների արժեթղթերի գնի զգալի անկման։ Euronext-ի, Deutsche Boerse-ի և LSE-ի արժեթղթերն էժանացան գրեթե 10%-ով։

Դրա հետ մեկտեղ, նոր բորսայի ստեղծման հայտարարված նպատակը (սակագների նվազեցումն ու աշխատանքի կատարման արագացումը), թերևս, գերակայող չէ։ Հիմնական շարժառիթն այստեղ համաշխարհային ֆինանսական համակարգում ամերիկյան բորսաների գերիշխումն է, ինչը ձեռնտու չէ համաշխարհային ֆինանսական վերնախավին։

Հնարավոր է, որ ֆինանսական վերնախավի ներսում կոնֆլիկտը ծագել է համաշխարհային ֆինանսական համակարգը ճգնաժամից դուրս բերելու հարցի պատճառով՝ կապված ԱՄՆ վճարային հաշվեկշռի պակասորդի սրընթաց աճի հետ։

Այս ենթադրության օգտին է խոսում այն փաստը, որ նոր առևտրային հարթակ ստեղծելու մասին բանկերի հայտարարությունից բառացիորեն մի քանի օր հետո հայտնի դարձավ, որ ամերիկյան ֆոնդային NASDAQ բորսան $5,1 մլրդ է առաջարկել Լոնդոնի ֆոնդային բորսայի (LSE) արժեթղթերի 75%-ը ձեռք բերելու համար։ Սակայն Լոնդոնի բորսայի ղեկավարությունը միանգամից մերժեց այդ առաջարկը, ինչից հետո, վերլուծաբանների կարծիքով, NASDAQ-ը գործի անցավ լոնդոնյան բորսան կլանելու ուղղությամբ։ Մասնավորապես, դրա մասին է խոսում այն փաստը, որ NASDAQ-ի առաջարկը Լոնդոնի կողմից մերժելուց անմիջապես հետո ամերիկյան Heyman Investment Associates-ը գնեց LSE արժեթղթերի 8,8%-ը։ Բացի այդ, նոյեմբերի 21-ին շոտլանդական Baillie Gifford ընկերությունը հայտարարեց LSE արժեթղթերի 1,5%-ի վաճառքի մասին՝ հոգուտ անհայտ ներդրողի։ Համաձայն որոշ գնահատականների, բոլոր գնումներն արվել են NASDAQ-ի պատվերով։

Միավորվելուց հրաժարվելու դեպքում ոչ բարեկամական կլանման հնարավորության մասին փորձագետները նախկինում նույնպես խոսում էին, սակայն նման սցենարը համարվում էր ամենաքիչ իրականը։ Բորսայական շուկայում տեղի ունեցող վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ խստագույն մրցակցության պայմաններում բորսաները պատրաստ են իրականացնել նույնիսկ ոչ բարեկամական զավթման սցենարներ։ Սա նույնպես փաստում է հօգուտ այն ենթադրության, որ ամերիկյան բորսաները համաշխարհային շուկան վերահսկողության տակ առնելու համար հատկացված ժամանակի էական պակաս ունեն։

Վերլուծաբանները նշում են նաև հետևյալ փաստը. եվրոպական Euronext բորսայի հետ միավորվելուց հրաժարվելը հանգեցրեց նրան, որ Deutsche Boerse-ը կլանման համար թիրախներ սկսեց փնտրել Կենտրոնական Եվրոպայում և Ասիայում։ Որոշ աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն, կլանման հնարավոր թիրախների ցանկում կան նաև ռուսական բորսաներ։

Ստեղծված իրավիճակում Deutsche Boerse-ի՝ ռուսական շուկա մտնելու հնարավոր և ամենահավանական ուղղություններից մեկը կլիներ նրա մասնակցությունը ռուսական նավթային կամ գազային բորսայի ստեղծման գործին։ Մասնավորապես, դրան նպաստում է ռուսական վառելիքաէներգետիկ համալիրում գերմանական կապիտալի ներկայության բարձր մակարդակը։

Հետևություններ

  1. Համաշխարհային ֆինանսական համակարգի զարգացման ընթացիկ փուլը բնութագրվում է աշխարհի ֆինանսական վերնախավի ներսում աճող լարվածությամբ։
  2. Լարվածության աճը պայմանավորված է նրանով, որ այդ վերնախավի տարբեր «ազդեցության խմբերի» կողմից աշխարհում տեղի ունեցող փոփոխություններն ու ուժգնացող ճգնաժամային երևույթները ոչ միանշանակ ձևով են ընկալվում։
  3. Արդեն մոտակա տարիներին համաշխարհային ֆինանսական վերնախավում առկա հակասությունները սադրանքների միջոցով կարող են վերաճել տարածաշրջանային (հնարավոր է նաև՝ գլոբալ) ֆինանսական ճգնաժամերի։
  4. Մոտ ժամանակներս ռուսական ֆոնդային շուկան կներգրավվի համաշխարհային ֆինանսական համակարգի փոխակերպումների գործընթացի մեջ։

դեպի ետ