• am
  • ru
  • en
Версия для печати
10.04.2008

ԿՈՍՈՎՈՆ՝ ԳԼՈԲԱԼ ԱԶԴԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔ

EnglishРуский

   

Սամվել Մարտիրոսյան

Kosovo (original)Կոսովոյի ինքնահռչակումը և դրան հաջորդող՝ հանրապետության ճանաչումը առաջատար պետությունների կողմից կարող են հանգեցնել ոչ միայն հեռուն գնացող հետևանքների, այլև անցյալ դարավերջի ամերիկյան քաղաքականության փոխակերպված վերակենդանացման փորձ հանդիսանալ։

Կոսովոն անկախություն հռչակեց փետրվարի 17-ին։ Միակողմանիորեն նոր հանրապետությունն անմիջապես ճանաչեցին Աֆղանստանը, Ճապոնիան, Բելգիան, Ֆրանսիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան, Խորվաթիան, Գերմանիան և ԱՄՆ-ը։ Նրանց հետևեցին եվրոպական մի քանի այլ երկրներ, ինչպես, օրինակ, Նորվեգիան, Ֆինլանդիան, Շվեդիան և Դանիան։

Հասկանալի է, որ առաջատար արևմտյան տերությունների կողմից ինքնահռչակ պետության ճանաչումը ոգևորելու էր մի շարք այլ ժողովուրդների, որոնք Կոսովոն նախադեպ են համարում իրենց համար։ Կոսովոյի հետ կապված՝ առավել հաճախ հիշատակվում են հակամարտությունները Լեռնային Ղարաբաղում, Աբխազիայում, Հարավային Օսիայում, Մերձդնեստրում։

Այս համատեքստում հետաքրքրություն է ներկայացնում մի շարք դեպքերի դիտարկումը, որոնք առնչվում են Եվրամիության հետ։ Նոր պետության առաջացումը հենց Եվրոպայում առիթ է տալիս եվրոպական այլ ժողովուրդների, որոնք ձգտում են անկախության, առավել մեծ աշխուժությամբ բարձրացնել իրենց հարցը։

Այն բանից հետո, երբ Ֆրանսիայի ղեկավարությունն առաջիններից մեկը ողջունեց Կոսովոյի մարզի անկախությունը, ասպարեզում առանց հապաղելու հայտնվեցին Կորսիկայի անջատողականները, որոնք ձգտում են անկախանալ Ֆրանսիայից։ Կորսիկական Corsica Nazione Independente կազմակերպությունը հանդես եկավ հայտարարությամբ, որում իր աջակցությունն էր հայտնում «կոսովցի եղբայր ժողովրդին»։ «Մեր շարժումը տեղյակ է խիզախ պայքարին, որ մղում եք դուք և Կոսովոյի ժողովուրդն այն կեղծ անկախության դեմ, որը ցանկանում է պարտադրել ձեզ Բելգրադը ինքնավարության կագավիճակով և որը ոչ մի հաստատուն երաշխիք չի տալիս ձեր ժողովրդին»,- ասվում է կորսիկական անջատողականների կազմակերպության՝ մարզի վարչապետ Հաշիմ Տաչիին ուղղված նամակում (ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հաղորդագրության)։ Կորսիկացիները նաև ցանկություն են հայտնել այս ամռանը կղզում հյուրընկալել Կոսովոյի կառավարության պատվիրակությանը։

Այս նորությանն անհապաղ արձագանքեցին նաև բասկյան և կատալոնյան անջատողականները։ Բասկերի երկրի՝ Իսպանիայի հյուսիսում գտնվող ինքնավար մարզի տարածքային կառավարությունը Կոսովոյի անկախության որոշումը համարում է ընդօրինակման արժանի։ Այս մասին հայտարարել է այդ կառավարության ներկայացուցիչ Միրեն Ասկարատեն (ըստ РИА «Новости»-ի հաղորդագրության)։ «Խոսքը ժողովրդի ինքնորոշման ժողովրդավարական իրավունքի միջոցով ազգային հակամարտությունը լուծելու մասին է, ինչը նման է նրան, ինչ գոյություն ունի Բասկերի երկրում և Կատալոնիայում (Իսպանիայի հյուսիս-արևելք)։

Մինչ Եվրոպայում պատրաստակամորեն աջակցում են կոսովցիներին, Եվրամիության ներսում ի հաշիվ դրա զորեղանում է անկայունության գործոնը, էլ չենք խոսում այն մասին, որ Բալկանները հերթական անգամ դառնում են հնարավոր քաոսի կենտրոն։

Միացյալ Նահանգները վաղուց արդեն ազգային բաղադրիչն օգտագործում է իր աշխարհաքաղաքական հետաքրքրությունների ծիրում գտնվող տարածաշրջաններում անկայունության օջախներ ստեղծելու նպատակով։ Այս գործոնի օգնությանը դիմելու լավ օրինակ են ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի թեզիսներն Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանում։ Այն ժամանակ Վիլսոնն առաջ քաշեց ժողովրդի ինքնորոշման մասին թեզիսները, որոնք վերջնական ամփոփում ստացան այսպես կոչված «14 կետերում»։ Նա դրանք, որպես համաշխարհային հակամարտության կարգավորման հիմնարար նորմեր, ներկայացրեց 1918թ.։ Հենց այդ ժամանակ է ամրագրվել ժողովրդի՝ որպես պետականաստեղծ սուբյեկտի, ինքնորոշման իրավունքը։ Եվ այսպես, սկսվեց ազգային պետությունների կազմավորման գործընթացը։ Ընդ որում՝ այս ուղղությամբ իր քաղաքականության մեջ Վաշինգտոնը կրկին կիրառեց երկակի ստանդարտներ՝ Եվրասիայի քարտեզը վերաձևելիս։

Ամենայն հավանականությամբ, Վաշինգտոնում որոշել են վերականգնել այս գործընթացները՝ դրանց նոր թափ հաղորդելով։ Մի կողմից՝ նորից միջազգային մակարդակով բարձրացվել է ժողովուրդների ինքնորոշման հարցը։ Մյուս կողմից՝ հարցին բացահայտ ընտրողական մոտեցման միտում կա։

Փաստորեն, ծագում է ոչ թե ժողովրդի ինքնորոշման (քանի որ այդ իրավունքը վերջին տասնամյակների ընթացքում կիրառվել է քանիցս. դա տեղի է ունեցել Բանգլադեշի, Արևելյան Թիմորի կամ Էրիթրեայի դեպքերում), այլ բինար նախադեպ. ինքնորոշման սկզբունքի որոշակի՝ ընտրովի կիրառում՝ առաջատար մի շարք պետությունների վրա, փաստն ամրագրելու համար, ճնշում բանեցնելու կիրառմամբ։

Դրանով իսկ Սպիտակ տունը ձեռք է բերում որոշակի տարածաշրջանների վրա ճնշում գործադրելու լծակ։ Հաշվի առնելով ընթացիկ աշխարհաքաղաքական գործընթացները և Միացյալ Նահանգների շահերը՝ կարելի է ակնկալել, որ «ընտրողական» ինքնորոշումն արդեն առաջիկա տարիներին կարող է կիրառվել Վաշինգտոնի հիմնական տնտեսական ու աշխարհաքաղաքական մրցակիցների դեմ։

Ինտեգրման ձգտող Եվրոպայի համար, ինչպես արդեն վերը նշել ենք, հրատապ է մնում մի շարք անջատողական շարժումների հարցը։ Չի բացառվում նաև, որ կարող են առաջ գալ նոր, ավելի փոքր օջախներ, որոնք մշտապես կձախողեն եվրոպական ընտանիքի գաղափարը։ Թեև առաջիկայում Կորսիկայում կամ Բասկոնիայում, Ֆլանդրիայում և Բելգիայում այս առնչությամբ լուրջ զարգացումներ սպասելու հարկ չկա, սակայն այդ գործընթացները որոշակի բացասական ազդեցություն կգործեն Եվրամիության ներքին դրության վրա և կշարունակեն «անվանարկել» եվրոպական հիմնարժեքները։

Անկայունության այլ օջախներ կարող են լինել Չինաստանի՝ համաշխարհային ասպարեզում Վաշինգտոնի հիմնական մրցակիցներից մեկի, երկու տարածաշրջանները։ Խոսքը Տիբեթի, որը զավթել էր Չինաստանը 1950թ., ինչպես նաև Սինցզյան-Ույղուրյան ինքնավար շրջանի մասին է։ Եթե Տիբեթի հիմնախնդիրը պակաս պայթյունավտանգ է, ապա ույղուրական անջատողականությունը (որին միահյուսված են ինչպես ազգայնականության, այնպես էլ իսլամական արմատականության տարրեր), եթե կրկին գլուխ բարձրացնի, կարող է լուրջ խնդիր դառնալ չինական իշխանությունների համար։ Բացի այդ, ույղուրական հարցը կարող է բարձրացվել նաև Աֆղանստանում։

Այսպիսով, հաշվի առնելով ուժերի այն հսկայական քանակությունը, որ ուղղել և ուղղում է Վաշինգտոնը Կոսովոյի հարցի լուծմանը, կարելի է ենթադրել, թե կարող է սկսվել վիլսոնյան թեզիսների ընտրովի, կետային կիրառում Սպիտակ տան համար ռազմավարական կարևորություն ներկայացնող տարածաշրջաններում։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր