ՓՈՐՁԱԳԵՏԸ ՉԲԱՑԱՌԵՑ «ԳՈՒՆԱՎՈՐ» ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՊՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ
Այս տարվա փետրվարին Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունները վկայում են այն մասին, որ «գունավոր» հեղափոխությունների ժամանակաշրջանը հետխորհրդային տարածքում դեռևս չի ավարտվել։ Նման կարծիք է արտահայտել «Ռազմավարական մշակույթի հիմնադրամ» վերլուծական կենտրոնի փորձագետ Անդրեյ Արեշևը։
Ընդդիմադիրները Երևանում հանրահավաքներ են կազմակերպել փետրվարի 20-ից սկսած՝ իրենց դժգոհությունն արտահայտելով ընտրությունների արդյունքներից, որում հաղթող է ճանաչվել երկրի վարչապետ, Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը։ Բողոքի ակցիան վերածվել է անկարգությունների. մարմնական վնասվածքներ են ստացել հարյուրավոր մարդիկ, ութ հոգի զոհվել է։
«Հաճախ էր խոսվում, թե Վրաստանի, Ուկրաինայի «թավշյա» և Ղրղըզստանի «կակաչների» հեղափոխություններից հետո գունավոր հեղափոխությունների դարն ավարտվել է։ Իրադարձությունները, որոնք, մասնավորապես, տեղի ունեցան Հայաստանում 2008թ. փետրվարին, վկայում են այն մասին, որ ամենևին էլ այդպես չէ»,- նշել է Արեշևը РИА «Новости» գործակալությունում անցած ուրբաթ տեղի ունեցած «Նարնջագույն ցանցեր. Բելգրադից մինչև Բիշքեկ» գրքի շնորհանդեսի ժամանակ։
Նրա կարծիքով, անկարգությունները Երևանում տեղի ունեցան, մասնավորապես, այն պատճառով, որ Հայաստանի իշխանությունները չգնահատեցին, առաջին հերթին, չլուծված սոցիալ-տնտեսական խնդիրների վտանգը, ինչպես նաև «օտարերկրյա ներկայության չափազանց մեծ արտաքին ազդեցությունը»։
Խոսելով երկրի վրա արտաքին քաղաքական ազդեցության մասին՝ Արեշևը նշել է, որ «բազմաթիվ ոչ կառավարական կազմակերպություններ հովանավորվում են արտասահմանից և զբաղվում իրենց հովանավորողների շահերն առաջ քաշելով»։
«Հայաստանի պարագայում սա էլ ավելի հրատապ է, քանի որ Հայաստանը մինչ օրս Ռուսաստանի կարևորագույն ռազմաքաղաքական գործընկերն է Կովկասում։ Արտաքին ազդեցությունը Հայաստանի պարագայում նպատակաուղղված է ներկա իրադրության փոփոխությանը և ողջ Հարավային Կովկասը ՆԱՏՕ-ի համատարած գոտի դարձնելուն»,- նշել է Արեշևը, որը գրքի համահեղինակներից մեկն է։
«Նարնջագույն ցանցեր. Բելգրադից մինչև Բիշքեկ» գիրքը Մեծ Բրիտանիայից, Սերբիայից, ԱՄՆ-ից, Ադրբեջանից և Ռուսաստանից հեղինակների միջազգային կոլեկտիվի հոդվածների ժողովածու է՝ քաղաքագետ, պատմական գիտությունների դոկտոր Նատալյա Նարոչնիցկայայի խմբագրությամբ։ Գրքում դիտարկվում է քաղաքական գործընթացներում ցանցային տեխնոլոգիաների կիրառման երևույթը, ինչպես նաև հեղափոխությունների արտահանման պրակտիկան հետխորհրդային տարածք։
Նարոչնիցկայայի խոսքերով, ժողովածուում գլխավորապես զետեղված են նյութեր՝ նվիրված հասարակական կազմակերպությունների (ՀԿ) գործունեությանը՝ Ռուսաստանի Դաշնության պարագծով «գունավոր» հեղափոխությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում։
«Հոդվածների մի մասը կրում է տեսական բնույթ, մյուսները նվիրված են այդ երկրների հասարակություններում նման կազմակերպությունների գործակալների ներդրմանը և գործունեությանը։ Մասնավորապես, ժողովածուի մեջ տեղ է գտել շատ հետաքրքիր հոդված Ուկրաինայի մասին, որում քննվում է, թե ինչպես այդ երկրում իրականացված «նարնջագույն» հեղափոխության ընթացքում ընտրությունների մի քանի փուլերի միջև ընկած ժամանակահատվածում ճգնաժամի լուծումը սահմանադրական հարթակից տեղափոխվում է անօրինականի»,- նշում է քաղաքագետը։
«Գունավոր հեղափախություն» եզրը միավորեց հետխորհրդային Վրաստանի, Ուկրաինայի և Ղրղըզստանի ղեկավարների փոփոխության հետ կապված իրադարձությունները։ Այս ընդհանուր եզրով կոչվեցին զանգվածային հանրահավաքները, ցույցերը և գործադուլները, որոնք անց է կացնում ընդդիմությունը պաշտոնական ընտրություններում պարտվելուց հետո։ Դրան են վերագրում 2003թ. նոյեմբերին Էդուարդ Շևարդնաձեի պաշտոնանկությունը «վարդերի հեղափոխության» ընթացքում, Վիկտոր Յուշչենկոյի իշխանության գալը 2004թ. դեկտեմբերին Ուկրաինայում իրականացված «նարնջագույն» հեղափոխության արդյունքում և ղրղըզական «կակաչների» հեղափոխության հաղթանակը 2005թ. մարտին։
2008թ. փետրվարի 19-ին Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո ընդդիմությունը՝ երկրի նախկին նախագահ, նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, փետրվարի 20-ից սկսեց հանրահավաք անցկացնել Երևանի կենտրոնում՝ բողոքելով ընտրությունների արդյունքներից։ Բողոքի ակցիան վերածվեց անկարգությունների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ բախումների։ Գլխավոր դատախազության տվյալներով՝ տուժել է 265 մարդ, ութ հոգի զոհվել է։
www.rian.ruդեպի ետ