ԱՐԱԲԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻԳԱՅԻ ԴԱՄԱՍԿՈՍԻ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԸ

2008թ. մարտի 29-30-ը Դամասկոսում տեղի ունեցավ արաբական աշխարհի բարձրագույն քաղաքական մարմնի` Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) ամենամյա, այս անգամ` հոբելյանական XX գագաթաժողովը: Չնայած Սիրիայի իշխանություններն ամեն գնով իրականացրին հանդիպումը, սակայն գագաթաժողովն, արաբական աշխարհում առկա բազմաթիվ տարաձայնությունների պայմաններում, ի սկզբանե դատապարտված էր ձախողման։ Աշխարհաքաղաքական տարբեր կողմնորոշումներ եւ սոցիալ-քաղաքական զարգացման տարբեր մակարդակներ ունեցող արաբական երկրներին հազիվ թե կարելի է միաբան համարել: ԱՊԼ գագաթաժողովներին ոչ միշտ են մասնակցել արաբական բոլոր երկրների առաջին դեմքերը։ Սակայն դամասկոսյան հանդիպումն այս առումով աննախադեպ էր, քանի որ դրան չէին մասնակցում անդամ պետությունների շուրջ կեսի առաջին դեմքերը, իսկ Լիբանանն ընդհանրապես բոյկոտել էր հանդիպումը։
Հաշվի առնելով Լիբանանի պարագան` արաբական առանձին երկրների ներկայացվածությունը ցածր մակարդակով էր։ Սաուդյան Արաբիայի Թագավորությունը եւ Հորդանանը ներկայացված էին ԱՊԼ-ում իրենց մշտական ներկայացուցիչների, Եգիպտոսը` պետական նախարարի, Բահրեյնը եւ Օմանը` փոխվարչապետերի, Իրաքը եւ Եմենը` փոխնախագահների, Մարոկկոն` թագաժառանգի մակարդակով։
Արաբական առաջատար պետությունները, այդ թվում` Սաուդյան Արաբիան եւ Եգիպտոսը (նաեւ Ծոցի երկրները, Հորդանանը), որոնք իրենց տարածաշրջանային քաղաքականության մեջ որոշակիորեն հաշվի են առնում ամերիկյան հետաքրքրությունները, անհանգստացած են Սիրիայի արտաքին քաղաքական կողմնորոշումներով։ Սիրիան մեղադրվում է Լիբանանում ստեղծված ներքաղաքական ճգնաժամին նպաստելու, Իրաքում իրավիճակի կայունացմանը խոչընդոտելու, արաբական աշխարհում ոչ համարժեք ընկալվող Իրանի հետ ռազմաքաղաքական եւ այլ ոլորտներում ակտիվորեն համագործակցելու, պաղեստինյան եւ այլ ծայրահեղական խմբավորումներին աջակցելու մեջ:
Նախօրեին ստացվել էր Լիբանանի վարչապետ Ֆուադ Սինյորայի նամակը, որտեղ Լիբանանի բացակայությունը հիմնականում կապվում էր այդ երկրում Սիրիայի քաղաքականության եւ գործողությունների հետ: Ըստ այդմ` հենց Սիրիան է, որ պահպանում եւ խորացնում է լիբանանյան ճգնաժամը։ Սինյորայի կարծիքով` Լիբանան–Սիրիա հարաբերությունները պետք է դառնան առաջնահերթ արաբական քաղաքականության մեջ, իսկ առկա խնդիրների կարգավորմամբ պետք է զբաղվի Արաբական պետությունների լիգան: Լիբանանի վարչապետը կոչ արեց առաջիկայում կազմակերպել արաբական արտգործնախարարների հանդիպում` քննարկելու երկու արաբական երկրների հարաբերություններում առաջացած ճգնաժամային վիճակը: (Նշենք, որ արդեն չորս ամիս է, ինչ նախագահի ընտրությունները Լիբանանում ձախողվում են: Հերթական ընտրությունը նշանակված է ապրիլի 24-ին):
Դամասկոսի գագաթաժողովին նախորդեցին արաբական շրջանակներում Սիրիային քննադատող դիսկուրսները: Հնչած տեսակետների համաձայն` Սիրիան արաբական միասնությունն իր համար առաջնահերթ չի համարում, իսկ չափազանց սերտ հարաբերություններն Իրանի հետ ուղղակիորեն վտանգում են արաբական աշխարհի հետաքրքրությունները: Այս մասին առաջինն ակնարկեց Սաուդյան Արաբիայի Աբդալլահ թագավորը, մարտի 24-ին` իր երկրի Նախարարների խորհրդի նիստում: Ի դեպ, Սաուդյան Արաբիայի եւ Եգիպտոսի մոտեցումները համարժեք են լիբանանյան դիրքորոշմանը: Գագաթաժողովի հենց նույն օրը Սաուդյան Արաբիայի արտգործնախարար էմիր Սաուդ Ալ-Ֆեյսալը հատուկ հրավիրված ասուլիսում նշեց, որ լիբանանյան ճգնաժամը պետք է լուծվի «արաբական տան» մեջ, իսկ Իրանը պետք է դուրս մղվի ներլիբանանյան դաշտից:
Մարտի 25-ին Լոնդոնի սաուդական «Աշ-շարկ Ալ-աուսատ» թերթում հրատարակվեց երկու հոդված, որոնցից մեկը վերնագրված էր «Դամասկոսի գագաթաժողովը. ինչո՞ւ ներկա գտնվել», մյուսը` «Հրաժեշտի գագաթաժողով»: Առաջինում նշվում է, որ արաբական համերաշխության գաղափարը համոզիչ չէ, քանի որ մի արաբական երկիր սպանում է մեկ այլ արաբական երկրի: Հոդվածի վերջում հեղինակը, որպես զավեշտ, մեջբերել էր Սիրիայի գլխավոր մուֆտիի այն հայտարարությունը, թե Դամասկոսի գագաթաժողովին մասնակցելը յուրաքանչյուր արաբ ղեկավարի պարտքն է, իսկ եթե նրանցից որեւէ մեկն առանց հիվանդության պատճառի ներկա չգտնվի, ուրեմն մեղսավոր է: Մյուս հոդվածում նշվում է, որ Սիրիայի իշխանությունները ներկայում շարժվում են մի ուղղությամբ, որը հակադիր է այն գծին, որով ընթանում են մնացյալ արաբական երկրները:
ԱՊԼ հանդիպման շուրջ ծավալված զարգացումներն իրանական կողմը որակեց որպես հարված ԱՊԼ-ի հեղինակությանը, արաբական միասնության դեմ Արեւմուտքի կողմից նախապատրաստված քայլ, Իրանը եւ արաբական աշխարհը տարանջատելու ամերիկյան ծրագրի ձախողում: Չնայած Սիրիան հրավեր էր ուղարկել Իրանի նախագահ Ահմադինեժադին, սակայն ստեղծված լարված պայմաններում գագաթաժողովին մասնակցեց արտգործնախարար Մ.Մոթաքին:
Նշենք, որ Սիրիայի եւ Իրանի միջեւ օրեցօր խորացող համագործակցությունը ռազմաքաղաքական եւ այլ ոլորտներում, նրանց աջակցությունը «Համասին», «Իսլամական ջիհադին», «Հիզբալլահին», «Ալ-Ֆաթհ Ալ-իսլամիին», առավել հակազդեցությամբ է ընդունվում Իսրայելում:
Դամասկոսյան հանդիպման գլխավոր թեման պետք է լիներ Լիբանանում ստեղծված վիճակը, սակայն այս երկրի բացակայությունը կանխեց թեմայի լայնածավալ քննարկումը: Հանդիպմանն ընդունվեց եզրափակիչ կոմյունիկե, ինչպես նաեւ` արաբական համերաշխության եւ տարաբնույթ ոլորտներում համագործակցելու մասին դրույթներ պարունակող դամասկոսյան հռչակագիրը:
Կոմյունիկեում տարածաշրջանի ռազմավարական առաջնահերթություն է համարվում արդարացի եւ համապարփակ խաղաղությունը, այսինքն` խաղաղության արաբական նախաձեռնությունը, որի մասին առաջին անգամ համապատասխան փաստաթուղթ ընդունվեց 2002թ. ԱՊԼ Բեյրութի գագաթաժողովում։ Ըստ այդմ` արաբական երկրների հետ բնականոն հարաբերությունների դիմաց, Իսրայելը պետք է հեռանա արաբական բոլոր գրավյալ տարածքներից` վերականգնելով մինչեւ 1967թ. սահմանները: Փաստաթղթում մերժվում է տարբեր երկրներում պաղեստինցի փախստականների վերջնական հիմնավորվելու գաղափարը, փոխարենն ընդունելի է համարվում ՄԱԿ ԱԽ թիվ 194 բանաձեւը, համաձայն որի` պաղեստինցի փախստականները պետք է վերադառնան իրենց նախկին բնակավայրերը, այսինքն` ներկայիս Իսրայելի տարածքներ:
Փաստաթղթում արտացոլված է նաեւ ԱՊԼ միասնական տեսակետն Իրաքի վերաբերյալ: Դրանում արաբական աշխարհի առաջնորդներն իրենց համերաշխությունն են հայտնում Իրաքի միասնությանը, ինքնիշխանությանն ու անկախությանը, անընդունելի համարում օտար ուժերի միջամտությունն այդ երկրում: Իրաքի հարեւան պետությունները պետք է տարաբնույթ օգնություն տրամադրեն նրան, նպաստեն երկրում անվտանգության եւ կայունության հաստատմանը։ Իրաքը, սակայն, հրաժարվեց ստորագրել փաստաթուղթը, քանի որ դրանում որեւէ կետ չկար երկրում ահաբեկչության դեմ պայքարի մասին։
Փաստաթղթում Լիբանանի մասով նշված է, որ գագաթաժողովի մասնակիցները պաշտպանում են արաբական նախաձեռնությունը եւ ԱՊԼ գլխավոր քարտուղարի ջանքերը` լիբանանյան կողմերի միջեւ հասնելու կոնսենսուսի` պաշտպանելու համար Լիբանանի միասնականությունը եւ կայունությունը: Առաջարկվեց ստեղծել ազգային համաձայնության կառավարություն, եւ նախագահի պաշտոնում ընտրել Լիբանանի բանակի գլխավոր հրամանատար Միշել Սուլեյմանին:
Եզրափակիչ կոմյունիկեի մեջ արտացոլված է նաեւ Դարֆուրի խնդիրը. Սուդանի կառավարությանը կոչ է արվում լուծել այն: Համերաշխություն է հայտնվում Սոմալիին եւ Կոմորյան կղզիների Հանրապետությանը, կոչ է արվում աջակցել այդ երկու երկրների միասնականությանն ու կայունությանը: Փաստաթղթում խոսվում է նաեւ ահաբեկչության եւ իսլամաֆոբիայի մասին: Դատապարտվում են ահաբեկչության բոլոր տեսակները, կոչ է արվում Միջին Արեւելքն ազատել զանգվածային ոչնչացման զենքի բոլոր տեսակներից:
Հատկանշական է, որ կոմյունիկեում ամրագրված էր նաեւ 1971թ. Իրանի կողմից երեք կղզիների` Փոքր եւ Մեծ Թոմբերի, Աբու Մուսայի օկուպացման հարցը, որի նկատմամբ մինչ օրս իր իրավունքներն է փորձում վերահաստատել Արաբական Միացյալ Էմիրությունները: Հանդիպմանը ԱՊԼ գլխավոր քարտուղարը Իրանին նախազգուշացրեց, որ եթե կղզիները չվերադարձվեն, ապա իրենք ստիպված կլինեն դիմել Հաագայի միջազգային դատարան: Այս հարցում արաբական երկրների հետ համերաշխ էր նաեւ Սիրիան:
Հանդիպմանը հնչեցին տարբեր ելույթներ: Առավել սուր շեշտադրումներ էր պարունակում Լիբիայի նախագահ Մուամար Կադաֆիի ելույթը: Վկայակոչելով Եվրոպայի, Լատինական Ամերիկայի, Աֆրիկայի նախադեպը` նա նշեց, որ արաբներն աշխարհի վրա տեղ չունեն այնքան ժամանակ, քանի դեռ չունեն միասնական պետություն: Արաբական աշխարհում ընթացող գործընթացները Կադաֆիի համար անընդունելի են, քանի որ արաբների աչքի առաջ ամերիկացիները մահապատժի ենթարկեցին Սադամ Հուսեյնին: Կադաֆիի համոզմամբ` արաբ առաջնորդներին նույն ճակատագիրն է սպասում, եթե նրանք շարունակեն աջակցել ԱՄՆ-ին:
Միջարաբական հարաբերություններում առաջ եկած երկփեղկվածությանն անդրադարձավ նաեւ ԱՊԼ գլխավոր քարտուղարը, իսկ Պաղեստինյան ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասը նշեց, որ տարածաշրջանը կարող է դառնալ քաոտիկ։ Այդ առումով նա մեծ դերակատարություն վերապահեց ԱՊԼ-ին, որը պետք է հետամուտ լինի տարածաշրջանում խաղաղության հաստատմանը:
Արաբական աշխարհն այսօր բախվել է ոչ միայն միջարաբական, այլ` ներարաբական խնդիրների, որոնք որոշակիորեն առնչվում են ամերիկամետ եւ հակաամերիկյան կողմնորոշումների հետ: Հասարակական երկփեղկվածությունն աստիճանաբար արմատանում է Պաղեստինում, Լիբանանում, Իրաքում:
Չնայած արաբ առաջնորդներն արաբական միասնության եւ համերաշխության հարցում դեռ հույսեր ունեն, սակայն առաջիկայում արաբական աշխարհին հազիվ թե հաջողվի միասնական դիրքորոշում ձեւավորել: Այլեւս չկա այնպիսի խնդիր կամ գաղափար, որ միավորի ողջ արաբական աշխարհը: Նույնիսկ Պաղեստինի եւ Երուսաղեմի խնդիրները զգալիորեն կորցրել են իրենց նախկին նշանակությունը:
Այս տեսանկյունից, դամասկոսյան հանդիպումը հարված էր արաբական միասնության գաղափարին: Այն խարխլեց նաեւ Դամասկոսի միջազգային հեղինակությունը: Վերստին ակնհայտ դարձավ, որ արաբական աշխարհի հիմնական խաղացողների (մասնավորապես Սաուդյան Արաբիայի եւ Եգիպտոսի) համար անընդունելի է այն, որ Իրանը, օգտագործելով համագործակցությունը Սիրիայի հետ, մուտք է գործել միջարաբական քաղաքականության ավանդական ոլորտներ` Պաղեստին, Իրաք, Լիբանան:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԻՐԻԱՅՈՒՄ ԵՎ ՍԻՐԻԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ[31.05.2011]
- ԱՐԱԲԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԸ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄՈԴԵԼԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋ[17.05.2011]
- ՍԻՐԻԱՆ ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՎՏԱՆԳԻ ԱՌՋԵՎ[15.04.2011]
- «ԱՐԱԲԱԿԱՆ ՍՑԵՆԱՐԻ» ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ[05.04.2011]
- ԻՍԼԱՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ ԵԳԻՊՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ[15.02.2011]
- ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԸ ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ԱՌՋԵՎ[21.01.2011]
- ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԻՐԱՔԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՏԵՆԱՊԵՏ ՊԱՐՈՒՅՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՀԵՏ[03.12.2010]
- ԻՍԼԱՄԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՈՐ ԱԼԻՔ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ[18.11.2010]
- ԻՐԱՔՅԱՆ ՔՈՒՐԴԻՍՏԱՆ[19.10.2010]
- ԻՐԱՔԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ԳՈՅԱՊԱՀՊԱՆՄԱՆ ԽՆԴՐԻ ԱՌԱՋ[22.09.2010]
- ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ ՄԻՋԻՆ ԱՐԵՎԵԼՔԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ[22.07.2010]