• am
  • ru
  • en
Версия для печати
15.05.2008

ՀՈՐԴԱՆԱՆ. ԱՊԱԳԱ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

   

Սևակ Սարուխանյան

Jordan (medium)2008թ. ապրիլի 11-16-ը Հորդանանի մայրաքաղաք Ամանում տեղի ունեցավ միջազգային էներգետիկ անվտանգության հիմնախնդիրներին նվիրված գիտաժողով` կազմակերպված Նիդեռլանդների թագավորության Գրոնինգեն նահանգի և Հորդանանի կառավարության կողմից: Ստորև ներկայացված դիտարկումները Հորդանանում և տարածաշրջանում տեղ գտած քաղաքական զարգացումների շուրջ՝ կոնֆերանսի ընթացքում, ինչպես նաև մեր անձնական շփումների արդյունքում ձեռք բերված տեղեկատվության և վերլուծությունների արդյունք են:

Հորդանանը տարածաշրջանի ամենաարագ զարգացող պետություններից մեկն է: Վերջին մի քանի տարիների ընթացքում երկրում արձանագրվում է 3-7 տոկոս տնտեսական աճ, որը բավական դրական արդյունք է մի երկրի համար, որը զրկված է բնական հումքի շատ թե քիչ նշանակալի պաշարներից: Երկրի զարգացման հիմնական գրավականը կարելի է համարել ներքաղաքական կայունությունը, որն ապահովվում է ոչ միայն ներքին, այլ նաև արտաքին գործոնի միջոցով: 1994 թվականից Հորդանանը հրաժարվել է Իսրայելի դեմ կազմակերպված պայքարից, երկու պետությունների միջև կնքվել է միջպետական պայմանագիր փոխադարձ ճանաչման մասին, որից հետո Իսրայելն ու ԱՄՆ-ը սկսել են մեծ ջանքեր գործադրել Հորդանանում կայունությունը պահպանելու համար: ԱՄՆ-ը Հորդանանի հիմնական տնտեսական գործընկերն է և մեծ ծավալի ներդրումներ է իրականացնում Կարմիր ծովի ափին գտնվող Աքաբա նավահանգստի շուրջ ստեղծված Ազատ տնտեսական գոտում: Այստեղ, թեև արաբական և միջազգային ընկերությունների անվան տակ, բայց ակտիվ տնտեսական գործունեություն են ծավալել նաև իսրայելցի գործարարները: Համաձայն Հորդանանի համալսարանի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տվյալների` Իսրայելի պետական և մասնավոր ընկերությունների ուղղակի և անուղղակի ներդրումները Հորդանանի տնտեսության մեջ կազմում են ավելի քան $1 մլրդ և ունեն հետագա աճի բավական կարևոր նախադրյալներ:

Վերջին երկու տարվա ընթացքում Հորդանան են տեղափոխվել մի շարք կարևոր արաբական ֆինանսական և առևտրական տներ, որոնց գլխամասային ընկերությունները նախկինում տեղակայված են եղել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում: Միևնույն ժամանակ, 2003-ից ի վեր դեպի Հորդանան սկսել է նաև մարդկանց և կապիտալի հոսք Իրաքից: Մինչև 2007թ. վերջը Հորդանանի ղեկավարությունը գրեթե անարգել թույլ էր տալիս Իրաքի քաղաքացիներին տեղափոխվել Հորդանան: Հիմնականում Աման տեղափոխվելու նպատակով վերջին տարիների ընթացքում Իրաքը լքել են շուրջ 100.000 իրաքցիներ1: Այս թվաքանակի մեջ ընդգրկված են ոչ միայն փախստականներ, այլ նաև իրաքցի մեծահարուստներ, որոնք գերադասել են լքել Իրաքի տարածքն անվտանգության նկատառումներից ելնելով: Մի հորդանանցի դասախոս այս հարցի շուրջ կես կատակ-կես լուրջ ասաց. «Հորդանան են գալիս այն իրաքցի մեծահարուստները, որոնք ժամանակին այնքան լավ են եղել Ս.Հուսեյնի հետ, որ միլիոններ են դիզել, սակայն այնքան լավ չեն շիաների և ամերիկացիների հետ, որ այդ միլիոնները պահեն Իրաքում»: Որքան էլ տարօրինակ է, սակայն այս կիսալուրջ գնահատականգ ավելի քան ճշգրիտ է բնորոշում իրաքցի մեծահարուստների Հորդանան տեղափոխվելու գործընթացի պատճառները:

Վերջին տասնամյակի ընթացքում դեպի Հորդանան կապիտալի և գործարարների հոսք սկսվել է նաև Սաուդյան Արաբիայից: Այս գործընթացի արդյունքում բավական մեծ թվով սաուդա-հորդանանական համատեղ ձեռնարկություններ են ստեղծվել, որոնցից ամենամեծը Հորդանանի Արաբական բանկն է, որն ամբողջովին գտնվում է սաուդյան թագավորական ընտանիքի վերահսկողության ներքո և Հորդանանի խոշորագույն ֆինանսական տունն է հանդիսանում:

Կարելի է ասել, որ Հորդանանը դառնում է տարածաշրջանային կարևորագույն ֆինանսական և տնտեսական կենտրոններից մեկը: Դրանով հետաքրքրված են նաև ԱՄՆ-ը և Իսրայելը, որոնց համար պետք է դրական լինի արաբական աշխարհում նոր կենտրոնի առաջացումը, մանավանդ որ այդ կենտրոնի իշխանությունները վարում են արևմտամետ քաղաքականություն և բնականոն հարաբերությունների մեջ են Իսրայելի հետ: Բուն ԱՄՆ-ը և Արևմուտքը լուրջ քայլեր են ձեռնարկում Հորդանանի տնտեսական և քաղաքական ազդեցության աճը խրախուսելու համար: Օրինակ.

  1. Համաշխարհային բանկը հավանություն է տվել Ամանի մոտ նոր՝ 1 միլիոն բնակչություն ունեցող քաղաքի շինարարության նախագծին: Այս մասին կոնֆերանսի մասնակիցներին հայտնեց Հորդանանի քաղաքաշինության նախարարը: Նա ասաց նաև, որ միայն Համաշխարհային բանկից քաղաքի կառուցման համար ստացվելու է $5 մլրդ, իսկ ընթացիկ տարվա վերջին սկսվելիք շինարարական աշխատանքները պետք է ավարտվեն 5 տարվա ընթացքում: Նախարարն ասաց, որ քաղաքը լինելու է գերժամանակակից, և նրա համար էլեկտրաէներգիան արտադրվելու է միայն վերականգնվող էներգետիկայի (քամի, արև, գեոթերմալ) աղբյուրներից: Միևնույն ժամանակ, քաղաքում բնակարաններ ձեռք բերելու և դրանք ազատ տնօրինելու իրավունք են ունենալու ոչ միայն Հորդանանի, այլ նաև հարևան երկրների բոլոր քաղաքացիները:
  2. Հորդանանի թագավոր Աբդալլայի ապրիլի 12-ի որոշման համաձայն՝ ստեղծվել է Հորդանանի միջուկային էներգիայի գործակալություն, որը պետք է իրականացնի միջուկային հետազոտություններ և ծրագրեր, այդ թվում` ուրանի հանքարդյունահանման և վերամշակման աշխատանքների կազմակերպում, միջուկային ատոմակայանների շինարարություն: Այս բոլոր աշխատանքներին աջակցելու մասին հայտարարություններ են արել ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի (նախագահ Ն.Սարկոզիի մակարդակով( և Գերմանիայի իշխանությունները: Սա շատ կարևոր փաստ է, քանի որ առաջին անգամ միջուկային, այդ թվում նաև ուրանի հարստացման ծրագրեր են իրականացվելու Իսրայելին այդքան մոտ գտնվող արաբական երկրում: Սա, հնարավոր է, խոսում է այն մասին, որ Արևմուտքը Հորդանանը դիտարկում է որպես տարածաշրջանում ռազմավարական դաշնակից, որի կայունությունը նաև արևմտյան իշխանությունների հոգսն ու շահն է դառնալու:

Հասարակական գործընթացները Հորդանանում նույնպես ուշադրության են արժանի: Նշենք, որ հորդանանցիները բավական հանդուրժողական են օտարների և այլադավանների նկատմամբ, ինչն էլ ավելի հրապուրիչ է դարձնում Հորդանանի թագավորությունը տարածաշրջանի հարուստների, ձեռնարկատերերի, մտավորականության և ազգային համայնքների համար: Հորդանանի հայ համայնքի հիմնախնդիրներին կանդրադառնանք առանձին հոդվածով, այժմ նշենք միայն, որ Հորդանան են տեղափոխվում նաև բազմաթիվ հայ և այլ քրիստոնյա ընտանիքներ Լիբանանից և Սիրիայից: Սա, իհարկե, հետևանք է, առաջին հերթին, երկրի կայունության և հասարակության հանդուրժողականության:

Ամփոփելով կարելի է նշել, որ Հարդանանն այսօր տարածաշրջանային խոշոր քաղաքական, ֆինանսական և տնտեսական կենտրոն դառնալու բավական մեծ հնարավորություններ ունի: Սա անդրադառնալու է ոչ միայն տարածաշրջանի, այլ նաև տարածաշրջանի ազգային ու կրոնական համայնքների կենսագործունեության և ապագայի վրա։

1Բուն Հորդանանի բնակչությունը կազմում է մոտ 6 միլիոն մարդ:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր