• am
  • ru
  • en
Версия для печати
09.06.2008

ԿԱՍՊԻՑ ԾՈՎԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ-ԱԴՐԲԵՋԱՆ- ԻՐԱՆ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ

Руский

   

Արմեն Մանվելյան

caspian sea (medium) Կասպից ծովը ռազմավարական նշանակություն ունի ափամերձ բոլոր երկրների համար. սա է հավանաբար պատճառը, որ չնայած 17 տարի շարունակվող բանակցային գործընթացին, երկրներին այդպես էլ չի հաջողվում գալ ընդհանուր հայտարարի: Սակայն նավթի շահագործման անհրաժեշտությունը շատերին ստիպեց գնալ, այսպես կոչված, սեպարատ պայմանագրերի կնքման։ Անցած դարի 90-ականների վերջին Ռուսաստանը, Ղազախստանը և Ադրբեջանը, սկզբում առանձին-առանձին, իսկ ավելի ուշ՝ եռակողմ պայմանագիր կնքեցին Կասպիցի բաժանման շուրջ: Սակայն կասպյան «սեպարատիզմը» այսպիսով էլ ավարտվեց, մյուս երկրները հրաժարվեցին նման քաղաքականությունից՝ հայտարարելով, որ միայն հնգակողմ միացյալ պայմանագիրը կարող է իրական ուժ ունենալ և ճանաչվել որպես միջազգային իրավական փաստաթուղթ: Այսինքն, եթե Կասպից ծովի հյուսիսում կողմերին, թեկուզ և «սեպարատ» համաձայնագրով, հաջողվեց միջազգային-իրավական ինչ-որ կարգավիճակ ստեղծել, ապա հարավում իրադրությունն ավելի բարդ է: Թուրքմենստանը, Իրանը և Ադրբեջանը ոչ մի կերպ չեն կարողանում գալ ընդհանուր հայտարարի թե՛ Կասպիցի բաժանման հարցում և թե՛ ծովով անցնող սահմանամերձ խնդիրների շուրջ:

Կասպից ծովի կարգավիճակի շուրջ բանակցային ողջ գործընթացում Թուրքմենստանը, կարելի է ասել, վարում էր հավասարակշռված քաղաքականություն, շատ դեպքերում՝ պատրաստ որոշ զիջումների, եթե դրանք կնպաստեն հարցի կարգավորմանը: Այս մոտեցումը բացատրվում էր ոչ միայն երկրի որդեգրած չեզոք քաղաքականությամբ, այլ նաև նրանով, որ չէր ուղղորդվում Ռուսաստանի կամ Արևմուտքի շահերով և չէր փորձում կատարել նրանց քաղաքական պատվերը, որը կարող էր ունենալ հակաիրանական կամ հակառուսական ուղղվածություն: Նկատենք, որ հենց նշված «ուղղորդվածությամբ» էր պայմանավորված Ադրբեջանի, այսպես կոչված, «կոշտ» դիրքորոշումը ծովի բաժանման հարցում: Սակայն պաշտոնական Աշգաբադի դիրքորոշումը կտրուկ փոխվեց, երբ կնքվեց ռուս-ղազախական (1998թ.) հայտնի սեպարատ պայմանագիրը: Թուրքմենստանի նախագահ Սափարմուրադ Նիյազովը հրապարակեց N3467 որոշումը`«Կասպից ծովի ափամերձ շրջանի թուրքմենական հատվածի ելակետային գծերի որոշման աշխարհագրական կոորդինատների հաստատման մասին»1: Այսպիսով, կարող ենք ասել, որ այս որոշմամբ Թուրքմենբաշին ընդունեց ծովի հատվածային բաժանման սկզբունքը, սակայն մեկ պայմանով, որ ծովի միջին մասի բաժանարար գծի որոշման ժամանակ հաշվի չառնվի Ափշերոնյան թերակղզու գործոնը: Սա բացատրվում էր նրանով, որ Կասպիցի մեջ խորացած Ափշերոնը, Ադրբեջանի և Թուրքմենստանի միջև ծովի կենտրոնական մասի միջին գծի որոշման ժամանակ, այդ գիծն ընդհուպ մոտեցնում էր Թուրքմենստանի ափին: Բաժանման հենց այս սկզբունքն է, որ լուրջ տարաձայնություններ է առաջացնում երկու երկրների միջև: Ադրբեջանի օրինակով սեփականաշնորհելով ծովի ափամերձ շրջանը՝ Թուրքմենստանի նախագահն այն կոչեց իր անունով: Այսպիսով, այդ նոր շրջանում հայտնվեցին Քյափազ (Նիյազովն այն վերանվանեց Սարդար), Ազերի (թուրքմենական տարբերակով՝ Օսման) և Չիրաք (Խազար) նավթահորերը, որոնք Ադրբեջանը համարում է իր սեփականությունը: Նկատենք, որ նշված նավթահանքերն աշխարհագրորեն ավելի մոտ են գտնվում թուրքմենական, քան ադրբեջանական ափին, սակայն դեռ Խորհրդային Միության օրոք դրանք հանձնվել էին ադրբեջանական կողմին՝ շահագործման համար։ Ելնելով ստեղծված քաղաքական իրավիճակից՝ պաշտոնական Աշգաբադը կտրուկ փոխեց իր քաղաքականությունը և հրաժարվելով ծովի ընդհանուր օգտագործման գաղափարից՝ որոշեց սահմանել իր հատվածը՝ հետագա շահագործման համար: Այս իրավիճակը հատկապես սրեց հարաբերություններն Ադրբեջանի հետ, որն արդեն սկսել էր վերը նշված նավթահորերի շահագործումը և նույնիսկ որոշակի պայմանավորվածություններ ուներ միջազգային մի քանի ընկերությունների հետ: Թուրքմենստանը, համաձայնելով Կասպիցի հատակի բաժանման գաղափարին, միաժամանակ դեմ էր ջրային հատվածի բաժանմանը: 2001թ. Թուրքմենստանի նախագահը հայտարարեց, թե «ինչ վերաբերում է ջրային հատվածին, ապա Աշգաբադն առաջարկում է, որ ափամերձ երկրներն ունենան 12 մղոնանոց ափամերձ շրջան՝ գումարած 35 մղոն տնտեսական հետաքրքրությունների գոտին: Այսպիսով, 47 մղոնանոց գոտին դառնում է ափամերձ բոլոր երկրների հետաքրքրությունների, իսկ ծովի մնացած մասը՝ ընդհանուր նավարկության գոտի»: Ադրբեջանը, իր հերթին, Թուրքմենստանի ղեկավարի նման դիրքորոշումը համարում էր կոշտ և անընդունելի: Ըստ նրանց՝ Թուրքմենստանի որդեգրած «սկզբում՝ Կասպիցի կարգավիճակի հարցը և հետո միայն՝ մնացած հարցերը, այդ թվում վիճելի հանքավայրերի բաժանման հարցը»2 դիրքորոշումը նշանակում է, որ Աշգաբադը դեմ է վիճելի հանքավայրերի շուրջ առաջացած խնդիրներն Ադրբեջանի հետ լուծելուն: Ադրբեջանա-թուրքմենական սրվող հարաբերությունների պայմաններում պաշտոնական Բաքուն կարևորում էր Արևմուտքի և հատկապես ԱՄՆ դիրքորոշումը: Այդ ժամանակաշրջանում արդեն կնքված էր Բաքու-Ջեյհան նավթամուղի կառուցման պայմանագիրը, և Վաշինգտոնն ուղղակի հետաքրքրություններ ուներ տարածաշրջանում: Հասկանալով այս ամենը՝ Բաքուն ակտիվորեն փորձում էր ստանալ Սպիտակ տան աջակցությունը Թուրքմենստանի հետ բանավեճում: 2003 և 2004թթ. Ադրբեջանը ԱՄՆ աջակցությամբ երկու ռազմածովային զորավարժություններ իրականացրեց Կասպից ծովում ինչը հասկանալի կերպով առաջացրեց ափամերձ մյուս երկրների և հատկապես Ռուսաստանի, Իրանի ու Թուրքմենստանի դժգոհությունը3: Ինչպես նշեցինք, սեպարատ պայմանավորվածությունները լուրջ դժգոհություն առաջացրին Իրանի և Թուրքմենստանի ղեկավարության շրջանում. 1998թ. հուլիսի 8-ին երկու երկրների նախագահները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որտեղ նշեցին, որ «ափամերձ երկրների միջև, ծովի հատվածային բաժանման դեպքում, որպես հիմք պետք է հանդես գա Կասպիցի պաշարների արդար և հավասար բաժանման սկզբունքը»: Փաստորեն, անուղղակիորեն, բայց համաձայնելով ծովի հատվածային բաժանման սկզբունքին, Իրանը նույնպես ձեռնամուխ եղավ իր ափամերձ շրջաններում հետախուզական և արդյունահանման լուրջ քայլեր կատարել: Սակայն նկատենք, որ ըստ Իրանի «հատվածային» բաժանման՝ ծովն ափամերձ երկրների միջև պետք է բաժանվեր հավասար` 20%, սկզբունքով: 2002-ից Իրանը, Կասպից ծովի ափամերձ Նեկա նավահանգստում սկսեց կառուցել նավթային հորատող առաջին պլատֆորմը, որը նախատեսել էր շահագործման հանձնել 2006թ.4: Բացի նավթի արդյունահանման գործընթացից, Իրանը նաև սկսեց ակտիվորեն զբաղվել Կասպից ծովում սեփական ռազմական նավատորմի ստեղծմամբ: 2003թ. նոյեմբերին Իրանը Պարսից ծոցից Կասպից ծով փոխադրեց մի քանի ռազմանավեր, այդ թվում հրթիռակիր մի նավ։ Հենց այդ շրջանում էր, որ Կասպիցի ընդերքում գտնվող նավթով հարուստ մի շարք շրջանների շուրջ լրջորեն սրվեցին հարաբերություններն Իրանի և Ադրբեջանի միջև: Մասնավորապես, թե՛ Բաքուն և թե՛ Թեհրանն իրենց հավակնություններն էին ներկայացնում Ալով-Շարք-Արազ կոչվող հանքավայրերի նկատմամբ: Իրենց հերթին Ռուսաստանը, Ղազախստանը և Ադրբեջանը որոշակի տարաձայնություններ ունեին Կասպից ծովում գտնվող, «ցենտրալնի» կոչվող տարածքների նկատմամբ, որոնք, ըստ երկրաբանների, կարող են հարուստ լինել էներգապաշարներով5: Ասենք, որ սրանք միակ շրջանները չէին, որոնց պատկանելության շուրջ մերձկասպյան երկրները լուրջ տարաձայնություններ ունեն, և այս ցուցակը դեռ երկար կարելի է շարունակել: Կասպից ծովի կարգավիճակի շուրջ առկա տարաձայնությունների ու միմյանց նկատմամբ տարածքային հավակնությունների պայմաններում Կասպից ծովի ավազանի երկրները շարունակում են զինվել՝ ստեղծելով իրենց ռազմական նավատորմները: Իր հերթին ծովային նավատորմն ուժեղացնում էր նաև չեզոքություն հայտարարած Թուրքմենստանը, վերջինս Ուկրաինայից արդեն գնել էր տասը հատ «Կալականով» և «Գրիֆ» կոչվող ռազմական մոտորանավակներ և պատրաստվում ավելացնել ռազմածովային ուժերում ծառայող նավաստիների թիվը՝ հասցնելով մինչև 3 հազարի։ Այս ռազմական մրցակցությանը մեծապես նպաստում է Միացյալ Նահանգները, որն այս հարցում ակտիվորեն ֆինանսավորում և օգնում է ոչ միայն Ադրբեջանին, այլ նաև Ղազախստանին։ Սակայն նկատենք, որ չնայած Կասպից ծովում առկա ռազմական սրվող մրցակցությանը, մինչ օրս ամենամեծ ռազմական նավատորմն ունի Ռուսաստանը, որն այս հարցում լուրջ առավելություն ունի ափամերձ մյուս երկրների նկատմամբ, և վերջիններս դժվար թե մոտ ապագայում կարողանան մրցակցություն ներկայացնել ռուսական ռազմական նավատորմիղին։ Կասպից ծովում սկսված ռազմական մրցավազքը լրջորեն ազդում է նաև բանակցային գործընթացի վրա: Սա նաև որոշակի կասկածամտություն ու անվստահություն է առաջացնում ափամերձ երկրների և հատկապես Իրանի Իսլամական Հանրապետության մոտ, որն էլ ավելի է կոշտացնում դիրքորոշումը՝ մասնավորապես դեմ հանդես գալով ծովի ընդերքով խողովակաշարերի հնարավոր կառուցման ծրագրերին: Այս մասին մասնավորապես կարծիք հայտնեց Ղազախստանում Իրանի դեսպան Րամին Մեհմանպարաստը՝ նշելով, որ «հարցն ուղղակիորեն կախված է Կասպիցի կարգավիճակի անորոշությունից և բնապահպանության բնագավառում գոյություն ունեցող խնդիրներից»6: Ավելի ուշ Կասպից ծովով հնարավոր գազամուղի կառուցման գաղափարի մասին արտահայտվեց արդեն Ադրբեջանում Իրանի դեսպան Նասիր Ղամիդ Զաիրին՝ նշելով, որ «Իրանը հանդես է գալիս Կասպից ծովի մաքրության օգտին և կարծում է, որ ամենաարդի տեխնոլոգիաներն անգամ չեն կարող ապահովագրել հնարավոր աղետից»7:

Այսպիսով, չնայած 17 տարի է անցել, բայց Իրանը և Ադրբեջանը ոչ մի կերպ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ ծովի կարգավիճակի հարցում: Նույնն է նաև իրավիճակը Ադրբեջան-Թուրքմենստան հարաբերություններում: Այս տարվա փետրվարին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում երկու երկրների արտաքին գործերի փոխնախարարների մակարդակով ընթացող բանակցություններն այդպես էլ ոչնչի չհանգեցրին: Պաշտոնական Աշգաբադը շարունակում է պնդել, որ համաձայն է Կասպից ծովի բաժանմանը միջին գծով, սակայն գտնում է, որ այդ «գիծն» ավելի մոտ պետք է լինի ադրբեջանական ափին8: Սա նշանակում է, որ Ադրբեջանի կողմից ներկայումս ծովի կենտրոնական մասում շահագործվող նավթահորերը կանցնեն Թուրքմենստանին: Հասկանալի է, որ պաշտոնական Բաքուն չի գնա նման քայլի: Այսինքն՝ չնայած անցած 17 տարիներին, Կասպից ծովի հարավի երկրները` Թուրքմենստանը, Իրանը և Ադրբեջանը, այդպես էլ չկարողացան թուլացնել առկա լարվածությունը: Հետևաբար, մենք կշարունակենք ականատեսը լինել ծովի հետագա ռազմականացմանը և ափամերձ երկրների նավատորմիղների հզորացմանը:

1Бутаев А., Каспий: зачем он Западу? http://www.caspiy.net/

2Переплесин М., Яшин Е., Испытание морем. На Каспий делят не только нефть, но и политическое влияние // Независимая газета, 2000, 24 октября.

3Բախշիյան Կ., Մերձկասպյան երկրները զինվում են, «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ, 21.02. 2004թ., N 29 (3408)։

4ИА REGNUM «Новости», Иран начинает бурение скважин в Каспийском море www.regnum.ru/news/ 638640.html 11:05 12.05.2006

5Бутаев А., Проблема политико-правового статуса Каспийского моря // Мировая энергетическая политика, 2002.

6ИА REGNUM «Новости», Тегерану не нравится проект прокладки морского нефтепровода: www.regnum.ru/news/640243.html 15.05.2006

7ИА REGNUM «Новости», Иран против Транскаспийского газопровода, но готов отменить визовый режим с Азербайджаном, www.regnum.ru/news/931541.html 13.12.2007

8ИА REGNUM «Новости», Азербайджан и Туркмения делят Каспий в Баку, www.regnum.ru/news/ 953309.html 06.02.2008


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր