
ՌՈՒՍԱՍՏԱՆ. ԶԱՐԳԱՑՄԱՆ ՍՑԵՆԱՐՆԵՐ
Էնդրյու Կաչինս – Վաշինգտոնի Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի Եվրասիայի եւ Ռուսաստանի ծրագրի տնօրեն:
Հարց–Արտաքին ու ներքին ի՞նչ հիմնական գործոններ են ազդելու Ռուսաստանի տնտեսական եւ քաղաքական ուղեգծի վրա առաջիկա 10 տարիներին:
Պատ.–Մենք կատարել ենք հետազոտություն, որի արդյունքները տեղ են գտել «Ռուսաստանի այլընտրանքային ապագան մինչեւ 2017թ.» զեկույցում: Այնտեղ ի հայտ են բերված երկու գործոն, եւ դրանցից գլխավորը, թերեւս, նավթի գինն է: Այն կորոշի, թե էներգակիրների վաճառքից ինչպիսի եկամուտ է մտնելու ռուսական տնտեսություն:
Ես կարծում եմ` վերելքը, որ Ռուսաստանն այսօր ապրում է, չի սահմանափակվում միայն էներգետիկ հատվածով: Երկրի ղեկավարությունը հասկանում է, որ Ռուսաստանը չափից ավելի կախվածության մեջ է էներգակիրների արտահանումից, եւ որ այդ կախվածությունը Ռուսաստանի թույլ կողմն է: Երկրորդ գործոնն ավելի շատ կապված է բուն քաղաքական համակարգի հետ, որին հատուկ է իշխանության գերկենտրոնացված եւ անձնավորված բնույթը: Այն միշտ էլ եղել է Ռուսաստանի կարեւոր առանձնահատկությունը: Մեկ մարդու ձեռքում գտնվող` թույլ քաղաքական ինստիտուտներով մեծ իշխանությունը հող է ստեղծում անկայունության համար:
Հարց–Ամերիկյան շատ փորձագետներ գտնում են, թե Ռուսաստանը ժողովրդագրության ու բնակչության առողջության հետ լուրջ խնդիրներ ունի:
Պատ.–Անշուշտ, ժողովրդագրական խնդիրը շատ սուր է դրված: Բնակչության կրճատումը, բժշկական սպասարկման բարձր գինը խիստ սահմանափակում են տնտեսական աճի հնարավորությունները: Սակայն հետազոտությունների ընթացքում մենք եկանք եզրակացության, որ ճիշտ միջոցների օգնությամբ այդ խնդիրը կարելի է վերահսկել: Առայժմ դա տեղի չի ունենում: Անշուշտ, ռուսական կառավարությանն այդ խնդիրները լրջորեն մտահոգում են, սակայն ամեն ինչ կախված է նրանից, թե որքան արդյունավետ նա կկարողանա դրանք հաղթահարել: Մենք արդեն այժմ տեսնում ենք, թե ինչպես է ժողովրդագրական անկումն ազդում աշխատանքի շուկայի վրա, եւ այդ գործընթացն ապագայում կարող է միայն սաստկանալ:
Հարց–Դուք պնդում եք, թե Դմիտրի Մեդվեդեւն իր իշխանության տարիներին կձգտի բարելավել հարաբերություններն Արեւմուտքի հետ: Ինչո՞ւ եք այդպես մտածում:
Պատ.–Չնայած վերջին տարիների տպավորիչ տնտեսական աճին, Ռուսաստանը դեռեւս գտնվում է վերականգնման երկարատեւ շրջանի սկզբնական փուլում: Եթե նայում ենք խնդիրներին, որոնք իր առջեւ դրել է ռուսական կառավարությունը, տեսնում ենք, որ Ռուսաստանին հարկ է լինելու շատ երկար ճանապարհ անցնել, մինչեւ որ հասնի ցանկալի տնտեսական նպատակներին:
Մոտակա 10-15 տարիներին նա պետք է հատուկ ուշադրություն դարձնի արագացող տնտեսական աճի ապահովմանը, ինչը հիմք կհանդիսանա աշխարհում Ռուսաստանի հզորության ամրապնդման համար: Այսպիսով, առաջատար տերությունների եւ, ընդհանրապես, ցանկացած երկրի հետ առճակատումը` դա այն է, որից Ռուսաստանը սկզբունքորեն պետք է խուսափի: Ես չեմ կարծում, որ նա ցանկանում է կրկնել սառը պատերազմի փորձը: Այն չափազանց ծախսատար էր` հաշվի առնելով, թե ինչպիսի միջոցներ էին ուղղվում ռազմարդյունաբերական համալիրին, եւ դա Խորհրդային Միության փլուզման գլխավոր պատճառներից մեկն էր:
Հարց–Ոմանք Մոսկվային քննադատում են անհետեւողական արտաքին քաղաքականության համար: Այդ առիթով Դուք ի՞նչ եք մտածում:
Պատ.–Ես կարծում եմ` այսօր ռուսական արտաքին քաղաքականությունում ավելի հետեւողականություն եւ ներդաշնակություն կա, քան 10 կամ 15 տարի առաջ: Այժմ իշխանական համակարգում առավել կարգ ու կանոն է, քան նախկինում: Երբեմն արտաքին քաղաքական որոշումները եւ արտաքին քաղաքականության նպատակները միմյանց հակասում են, սակայն դա ոչ միայն Ռուսաստանի, այլեւ, գործնականում, աշխարհի մնացած բոլոր երկրների խնդիրն է, այդ թվում եւ ԱՄՆ-ի:
Երկրների մեծ մասում արտաքին քաղաքականությունը կրում է «ռեակտիվ» բնույթ: Այն եղել է ՌԴ արտաքին քաղաքականության թույլ կողմը, ինչը միանգամայն հասկանալի է` հաշվի առնելով, թե ինչպիսի աղետալի վիճակում էր գտնվում Ռուսաստանը վերջին տարիներին: Վերելքը սկսվեց վերջերս եւ ընթանում է շատ արագ տեմպերով: Ես կարծում եմ, որ այժմ Ռուսաստանը պետք է իր առջեւ հարց դնի` ինչպես ստեղծել գլոբալ կառավարման նոր ինստիտուտներ եւ անհրաժեշտ մեխանիզմներ, այլ ոչ թե լինել այնպիսի երկիր, որն ընդունակ է միայն «ոչ» ասել:
Հարց–Նախագահ Մեդվեդեւի օրոք ինչպե՞ս կզարգանան Ռուսաստանի հարաբերությունները հարեւանների հետ:
Պատ.–Ես կարծում եմ, որ Ռուսաստանի հարաբերություններն իր հարեւանների, հատկապես Ուկրաինայի ու Վրաստանի հետ լինելու են ռուս-ամերիկյան եւ, ընդհանրապես, Ռուսաստանի եւ Արեւմուտքի հարաբերությունների ամենավիճելի պահերից մեկը: Կարեւորագույն հարցն է` ինչպես են բաժանվելու արտաքին քաղաքական լիազորությունները Պուտինի ու Մեդվեդեւի միջեւ: Ներկայումս դա հասկանալի չէ:
Երկրորդ հանգամանքը. ռուսական քաղաքականությունն Ուկրաինայի եւ Վրաստանի նկատմամբ զգալի չափով կախված է նրանից, թե ինչպես իրեն կպահի ՆԱՏՕ-ն եւ որքան ագրեսիվ կերպով Հյուսիսատլանտյան դաշինքը կիրականացնի այդ երկու երկրներին անդամություն տրամադրելու ծրագիրը: Ակնհայտ է, որ մոտ ապագայում այդ հարցում կպահպանվի զգալի լարվածություն: Ես համոզված չեմ, թե այստեղ Մեդվեդեւը կկարողանա վարել քաղաքականություն, որը զգալի չափով տարբերվի պուտինյան վարչակազմի քաղաքականությունից: Ես կարծում եմ` այն ժամանակ, երբ Ուկրաինան գնում է ՆԱՏՕ, ցանկացած ռուսական կառավարության համար դժվար կլինի ձեռքերը ծալած նստել:
Հարց–Դուք Ռուսաստանը շատ տարիներ եք ուսումնասիրել: Արդի ռուսական պատմության մեջ Ձեզ ի՞նչն է ամենից շատ զարմացրել:
Պատ.–Ես կարծում եմ` կա երեք իրադարձություն, որոնք Խորհրդային Միության հարցերով ամերիկյան փորձագետները չեն կանխատեսել եւ որոնք անակնկալ հանդիսացան: Առաջին իրադարձությունը ԽՍՀՄ փլուզումն է: Երկրորդը` 1990-ական թվականների դրամատիկական իրադարձություններն են: Ես պետք է ասեմ, որ երկրորդ դեպքում ավելի քիչ եմ զարմացել: Ես սպասում էի երկարատեւ ու դժվարին վերափոխության, որն իդեալում պետք է հանգեցներ ազատական ժողովրդավարության ծնունդի: 1991-1992թթ. ես հրապարակեցի հոդված, որտեղ գրել էի, թե Ռուսաստանում մինչեւ ինչ-որ բան սկսի լավանալ, իրավիճակն անհամեմատ ավելի կվատանա, որ վերափոխումը շատ ժամանակ է պահանջում եւ կուղեկցվի վերելքներով ու անկումներով: Անձամբ ես առավել քիչ եմ զարմացել այն դժվարություններից, որոնց ԽՍՀՄ փլուզումից հետո բախվեց Ռուսաստանը, քան Խորհրդային Միության փլուզումից:
Երրորդ իրադարձությունը Ռուսաստանի վերելքի տեմպերն ու ծավալն են: Ես կարծում եմ, որ ո՛չ բուն Ռուսաստանում, ո՛չ նրա սահմաններից դուրս որեւէ մեկը նման բան չէր սպասում: 2001-2002թթ. ես հրապարակեցի «Ռուսաստանը բարձրանո՞ւմ է» վերտառությամբ հոդվածը: Այն ժամանակ ես ենթադրում էի, թե Ռուսաստանը կկարողանա բավականին արագ զարգանալ: Շատերն այս ենթադրությունը համարեցին չափից ավելի լավատեսական եւ անգամ ցնդաբանական: Սակայն Ռուսաստանի զարգացման տեմպերն ինձ համար էլ անակնկալ եղան:
Հարց–Ռուսաստանի զարգացման սցենարներից, որոնք Դուք առաջարկել եք «Ռուսաստանի այլընտրանքային ապագան մինչեւ 2017թ.» զեկույցում, ո՞րն եք համարում առավել հավանական:
Պատ.–Ես ավելի հակված եմ լինել զգուշավոր-լավատեսական: Այդ զեկույցում իմ նկարագրած երեք սցենարներից մեկը կայունության եւ անընդհատ զարգացման սցենարն է, եւ այն անհամեմատ ավելի լավատեսական է, քան մյուս երկուսը: Անշուշտ, դա այն սցենարն է, որը ես առավել հավանական եմ համարում:
Գլխավոր պատճառն այն է, որ Ռուսաստանի բնակչության մեծ մասը ցանկանում է կայունություն ու բարգավաճում: Չնայած իմ համոզմունքին, թե Ռուսաստանն ավելի շուտ ավտորիտար, քան ժողովրդավարական երկիր է, Կրեմլի մարդիկ հասկանում են, որ իրենց լեգիտիմությունը կախված է բարգավաճման, տնտեսական աճի եւ կյանքի բարելավման համար ռուսաստանցիներին հնարավորություններ տալու (կամ տալու տպավորություն ստեղծելու) պետության ընդունակությունից: Այն ինձ լավատեսություն է ներշնչում: Սակայն, համակարգի էության եւ արտաքին գործոնների հանդեպ խոցելիության պատճառով, Ռուսաստանի համար օգտակար կլիներ, եթե ջանար խուսափել արտաքին ապակառուցողական իրադարձություններից:
Նախընտրական քարոզարշավի ժամանակ Մեդվեդեւը մեջբերեց Պյոտր Ստոլիպինին: Մի անգամ Ստոլիպինն ասել է. «Տվեք Ռուսաստանին կայունության 20 տարի եւ դուք կտեսնեք նոր Ռուսաստան»: Իհարկե, այն տեղի չունեցավ: Սկսվեց Առաջին աշխարհամարտը, եւ մեզ հիանալի հայտնի է, թե ինչ ուղով գնաց Ռուսաստանի պատմությունը: Բայց ես կարծում եմ, որ մեջբերումը միանգամայն տեղին էր: Տվեք Ռուսաստանին համեմատական կայուն աճի եւս երկու տասնամյակ, եւ մենք կտեսնենք ավելի բարգավաճ, աշխարհին լիովին ինտեգրված եւ ավելի կառուցողական Ռուսաստան:
Washington ProFile
դեպի ետ