ՆՈՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ԻՐԱՆ–ԱՐԵՎՄՈՒՏՔ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
2009 թվականի հունիսին Իրանում կայանալու են նախագահական ընտրություններ, որոնք կարեւոր նշանակություն կունենան Իրանի ներքին եւ արտաքին քաղաքականության համար։ Բացառություն չեն կարող կազմել նաեւ Իրանի հարաբերությունները Արեւմուտքի` ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հետ, որոնցում վերջին շրջանում որոշակի դրական զարգացումների միտումներ են գրանցվել։
Իրան–ԱՄՆ
2008թ. հուլիսին Իրանի փոխնախագահ Ի.Մաշաին զբոսաշրջության հարցերին նվիրված միջազգային կոնֆերանսի ժամանակ արեց մի հայտարարություն, որի քննարկումը մինչեւ օրս կարեւոր տեղ է զբաղեցնում Իրանի ներքաղաքական գործընթացներում եւ տեղեկատվական դաշտում։ Նա հայտարարեց. «Աշխարհի ոչ մի ազգ մեզ թշնամի չէ. Իրանը ԱՄՆ եւ Իսրայելի բարեկամն է եւ հարգում է այս պետություններին։ Մենք գտնում ենք, որ ամերիկացիներն աշխարհի մեծագույն ազգերից են»։
Իրանի փոխնախագահի հայտարարությունը բավական հետաքրքիր է երկու առումներով։ Առաջին` փոխնախագահ Ի.Մաշաին նախագահ Մ.Ահմադինեժադի յուրայիններից է, եւ այս տեսակետից նրա հայտարարությունը առավել քան տարօրինակ պետք է համարել։ Երկրորդ`
Ի. Մաշաին, փաստորեն, ճանաչեց Իսրայել պետության գոյությունը, ինչը հակասում է Իրանի արտաքին եւ տարածաշրջանային քաղաքականությանը։
Չնայած քիչ ավելի ուշ Իրանի փոխնախագահը հայտարարեց, որ իր բառերը սխալ են հասկացվել, թե՛ Ի.Մաշաիին, թե՛ Մ.Ահմադինեժադին ուղղված քննադատությունների տարափը չպակասեց։ Որոշ իրանական թերթեր եւ վերլուծաբաններ սկսեցին կարծիք տարածել, թե փոխնախագահի հայտարարությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների լավացման նպատակով ընթացող գործընթացների հետեւանք։ Հարաբերությունների լավացման հնարավորության մասին, ըստ իրանական թերթերի, խոսում է նաեւ այն, որ Մ.Ահմադինեժադը ոչ միայն չքննադատեց իր տեղակալի հայտարարությունը, այլ սկսեց պաշտպանել նրան` իր հերթին ասելով, թե Մաշաիի խոսքերը սխալ են ներկայացվել։
Օգոստոսին ԱՄՆ-ի հետ հարաբերությունների լավացման Իրանի քաղաքականության մասին քննարկումները նոր թափ առան այն բանից հետո, երբ Թուրքիայի վարչապետ Ռ.Էրդողանի հետ բանակցություններից հետո Մ.Ահմադինեժադը սենսացիոն հայտարարություն արեց այն մասին, որ ամերիկյան ռազմական ուժերի ներկայությունն Իրաքում կայունացնող նշանակություն ունի թե՛ Իրաքի եւ թե՛ տարածաշրջանի համար։
Սեպտեմբերին Իրանի նախագահ Մ.Ահմադինեժադի այցը ԱՄՆ աչքի ընկավ ոչ միայն Բուշի վարչակարգի քաղաքականության քննադատությամբ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նիստում եւ CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ, այլ նաեւ նրանով, որ իրանական մամուլում «սիոնիստների բարեկամ» եւ «դավաճան» պիտակներով ներկայացվող փոխնախագահ Ի.Մաշաին նախագահի կողմից ընդգրկվել էր իրանական պաշտոնական պատվիրակության կազմում եւ մասնակցում էր Իրանի նախագահի բոլոր հանդիպումներին։
Այստեղ հարկ է նշել, որ Ի.Մաշաիի ընդգրկումն իրանական պատվիրակության մեջ տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Իրանի հոգեւոր առաջնորդ Ա.Խամենեին պաշտոնապես «քննադատեց» Իրանի փոխնախագահին։ Սեպտեմբերի 19-ին, ուրբաթյան աղոթքից հետո, Ա.Խամենեին անդրադարձավ Ի.Մաշաիի հայտարարությանը եւ այն բնութագրեց որպես «սխալ»։ «Սխալ» բառի ընտրությունը բավական խորհրդանշական է, քանի որ Իրանի հոգեւոր առաջնորդը երբեք չի վարանել ավելի կոշտ բնութագրումներ տալ իրանական քաղաքական գործիչներին` համեմատաբար մեղմ հայտարարություններով հանդես գալու պատճառով։ «Դավաճանություն» բառով Խամենեին մի քանի անգամ գնահատել է իրանական «բարեփոխիչների» առաջարկները Արեւմուտքի հետ հարաբերությունների լավացման վերաբերյալ։ Իսկ Մաշաիի հայտարարության պարագայում առաջին անգամ գործ ունենք իրանական բարձրաստիճան պաշտոնյայի կողմից Իսրայել պետության ճանաչման մասին հայտարարության հետ, եւ այս ամենին Ա.Խամենեին արձագանքում է շատ մեղմ քննադատությամբ։ Սա կարող է խոսել այն մասին, որ իրանական ղեկավարության կողմից Արեւմուտքի հետ հարաբերությունների լավացման մասին քննարկումները կարող են համապատասխանել իրականությանը։
Միեւնույն ժամանակ, վերջին ամիսներին հետաքրքիր զարգացումներ տեղի ունեցան ռուս-իրանական հարաբերություններում, որոնք անուղղակի կապ ունեն նաեւ ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ։ Հուլիսին «FOX News» ամերիկյան հեռուստաընկերությունը հաղորդագրություն հեռարձակեց այն մասին, որ ռուսական «Ալֆա-Գրուպ» ֆինանսաարդյունաբերական խոշոր ընկերությունը սկսել է մեծ ներդրումներ իրականացնել Իրանում։ Մասնավորապես, ռուսական ընկերությունը սկսել է գնել հաղորդակցային ոլորտում աշխատող իրանական կազմակերպությունները։ Այս լուրերը պաշտոնապես հաստատվեցին Մոսկվայում, երբ հոկտեմբերին ՌԴ նախագահ Դ.Մեդվեդեւի ու «Ալֆա-Գրուպի» նախագահ եւ հիմնական սեփականատեր Մ.Ֆրիդմանի հանդիպման ժամանակ վերջինս հայտարարեց, որ իր ընկերությունը պատրաստվում է ներդրումային էքսպանսիայի Իրանում եւ Աֆղանստանում։ Այստեղ հիմնական ուշագրավ փաստն այն է, որ Մ.Ֆրիդմանը, ով, ըստ «Forbes»-ի` ունի 20,8 մլրդ ԱՄՆ դոլարի կարողություն, ըստ որոշ տեղեկությունների, միաժամանակ Ռուսաստանի եւ Իսրայելի քաղաքացի է։ Բացի դրանից, Մ.Ֆրիդմանը Ռուսաստանի հրեական կոնգրեսի փոխնախագահն է, ֆինանսավորում է հրեական հումանիտար ծրագրերի մեծ մասը Ռուսաստանում, «TNK-BP» նավթային ընկերության խոշոր սեփականատեր է։ Նա, միեւնույն ժամանակ, 2007 թվականից խոշոր ներդրումներ է կատարում բուն Իսրայելում, անմիջական շփումներ ունի Շ.Պերեսի, Բ.Նաթանյահուի, Ա.Լիբերմանի եւ Է.Օլմերթի հետ։
Այս պարագայում Մ.Ֆրիդմանի բազմամիլիարդ ներդրումներն Իրանում բավական տարօրինակ կարող են թվալ։ Միեւնույն ժամանակ, ուշադրության է արժանի նաեւ Իրանի դիրքորոշումը «Ալֆա-Գրուպի» ներդրումների խրախուսման տեսանկյունից, քանի որ Մ.Ֆրիդմանն իր գործունեության բնույթով եւ ուղղվածությամբ Իրանի քարոզչության համար հարազատ «հրեական լոբբի» հասկացության դասական մարմնավորումն է Ռուսաստանում։ Հրեական ներդրումների հոսքը Իրան միայն Թեհրանի հետ հարաբերությունների խորացման մեջ Կրեմլի հետաքրքրվածությամբ բացատրելը, թերեւս, սխալ է։ Մեր կարծիքով, դրա բացատրությունը պետք է փնտրել նաեւ այն մասնակի դրական տեղաշարժերում, որոնք վերջերս ի հայտ են եկել Իրան-Արեւմուտք հարաբերություններում։
Իրան–ԵՄ
Վերջին երկու ամիսների ընթացքում Իրան–ԵՄ հարաբերություններում նկատվում են որոշակի դրական տեղաշարժեր։ Դրանք, հիմնականում, կապված են այն քաղաքական իրավիճակի հետ, որը ձեւավորվել է Հարավային Կովկասում վրաց-ռուսական հակամարտության պատճառով։
Վրաց-ռուսական կոնֆլիկտը տարածաշրջանում ստեղծել է մի իրավիճակ, որն անմիջականորեն առնչվում է Հարավային Կովկասում իրականացվող բոլոր էներգետիկ նախագծերի հետ։ Բացառություն չի կազմում «Նաբուքքո» գազատարի նախագիծը, որի իրագործումը կարեւոր նշանակություն ունի ԵՄ էներգետիկ անվտանգության ապահովման տեսանկյունից։ Ակներեւ է, որ վերջին իրադարձություններից հետո դժվար թե Վրաստանն ընկալվի որպես Կասպիցի շրջանից նավթի եւ գազի արտահանման կայուն հանգույց։
Այս տեսանկյունից «Նաբուքքո» նախագծի ապագան սկսել է ավելի սերտ կապվել Իրանի հետ գազի ոլորտում համագործակցության հաստատման հետ։ Հարկ է նշել, որ բանակցությունները եվրոպական եւ իրանական կողմերի միջեւ նոր թափ են առել վերջին շաբաթների ընթացքում։ Այսպես, հոկտեմբերի 5-ին ելույթ ունենալով Թեհրանում էներգետիկ անվտանգության հարցերին նվիրված կոնֆերանսում, ավստրիական OMV գազային ընկերության նախագահ Մ.Պայսերը հատուկ ընդգծեց, որ ապագայում Իրանը պետք է կարեւոր դեր խաղա գազի համաշխարհային արտադրության մեջ, եւ «Նաբուքքոն» տալիս է դրա լավ հնարավորություն»։
Նշենք, որ հենց ավստրիական OMV ընկերությունն է «Նաբուքքո» նախագծի հիմնական իրագործողը, եւ հավանաբար հենց նա էլ գազատարի կառուցումից հետո կստանձնի դրա շահագործման եւ ղեկավարման դերը։
Նույն հոկտեմբերի 5-ին թուրքական BOTAS գազային ընկերության նախագահը հայտարարեց, որ «Նաբուքքոն» պետք է «հայացքը թեքի» դեպի նոր երկրներ, առաջին հերթին` դեպի Իրան։ OMV եւ BOTAS ընկերությունների ղեկավարների հայտարարություններից երկու օր անց դրանց արձագանքեց ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալի օգնական Մ.Բրայզան, ով ասաց, որ Վաշինգտոնը կտրականապես դեմ է, որպեսզի «Նաբուքքոն» օգտագործվի իրանական գազը ԵՄ տեղափոխելու նպատակով։
Չնայած ամերիկյան կողմի բացասական արձագանքներին, եվրոպական ընկերությունները շարունակում են բանակցություններն իրանական կողմի հետ` վերջինիս «Նաբուքքո» նախագծին միանալու նպատակով։ Կարելի է ենթադրել, որ դրական արդյունքների արձանագրումը իրանա-եվրոպական բանակցություններում մեծ մասամբ կախված է նաեւ Վրաստանի ապագայից: Եթե Վրաստանը չկարողանա վերականգնել սեփական կայունությունը եւ սկզբունքորեն լուծել Ռուսաստանի հետ խնդիրները, ապա Իրանի եւ նրա գազի նշանակությունը կտրուկ կաճի ԵՄ-ի համար։
Ինչեւէ, կարելի է արձանագրել, որ Իրան–Արեւմուտք հարաբերություններում նկատվում են որոշակի տեղաշարժեր։ Դրանք դեռեւս բավարար չեն, որպեսզի հնարավոր լինի ենթադրություն անել, թե հարաբերությունները գնում են դեպի կտրուկ լավացում։ Սակայն հարաբերությունների բարելավման համար ներկայումս առկա են որոշակի հիմնավոր նախանշաններ։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄԸ, ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ, ԳԻՏԵԼԻՔԸ, ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԸ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ. ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՓՈՐՁԸ[20.04.2015]
- ԻՐԱՆՆ ԱՐԴԵՆ ՇԱՀԵԼ Է ԱՄՆ-Ի ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ[15.04.2015]
- ԻՐԱՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ. «ՍԱՌԵՑՄԱՆ» ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ[02.02.2015]
- ՆՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ[26.05.2014]
- ԻՐԱՆ – ՀԱՅԱՍՏԱՆ ՏԱՐԱՆՑԻԿ ԳԱԶԱՄՈՒՂ (ԴԻՍԿՈՒՐՍԻ ՆԵՆԳԱՓՈԽՈՒՄ)[17.03.2014]
- ԻՐԱՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ[06.02.2014]
- «ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԿՀ ՓՈԽՏՆՕՐԵՆ ՍԵՎԱԿ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԸ` ԱՐՄՆՅՈՒԶ ԼՐԱՏՎԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԻ «ԲԱՆԱՁԵՎ» ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՀՅՈՒՐ [23.12.2013]
- ԷԺԱՆ ԻՐԱՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՄԻՖԵՐԸ[18.12.2013]
- Ս. ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ. ՌՈՒՍԱԿԱՆ ԷԺԱՆ ԳԱԶ ՆԵՐԿՐԵԼՈՒՆ ԵՎ ՀԱԷԿ-Ի ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆԸ ԶՈՒԳԱՀԵՌ ՊԵՏՔ Է ՄՏԱԾԵԼ ԱՅԼԸՆՏՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ[09.12.2013]
- ՍԵՎԱԿ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀ ԿԱ ՄԻԱՅՆ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ[09.12.2013]
- ՄՄ–ԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԿԱՐՈՂԱՆԱ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՑԱԾՐ ՍԱԿԱԳՆԵՐ ԱՊԱՀՈՎԵԼ. ՓՈՐՁԱԳԵՏ[12.09.2013]