ԻՐԱՆ–ԱՄՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՌԱՆԿԱՐԻ ՇՈՒՐՋ
Բ.Օբամայի հաղթանակը ԱՄՆ նախագահական ընտրություններում կարող է հանգեցնել Վաշինգտոնի մերձավորարեւելյան քաղաքականության փոփոխությունների։ Օբամայի հայտարարությունը, թե պատրաստ է ուղիղ բանակցությունների մեջ մտնել Իրանի ղեկավարության հետ, կարող է որոշակի տեղաշարժեր արձանագրել Իրան–ԱՄՆ հարաբերություններում։ Որոշ փորձագետներ հակված են կարծելու, որ Իրան–ԱՄՆ հարաբերություններում հնարավոր է ոչ միայն բարելավում, այլ նաեւ ռազմավարական համագործակցության հաստատում։
Ստորեւ կանդրադառնանք այն խնդիրներին, որոնք, մեր կարծիքով, կխոչընդոտեն նման համագործակցության հաստատմանը։
2008-ը իրանա-ամերիկյան հարաբերությունների հնարավոր բարելավման մասին քննարկումների համար, կարելի է ասել, «հոբելյանական» է: 1998-ին, այսինքն` ուղիղ տասը տարի առաջ, ԱՄՆ պետքարտուղար Մ.Օլբրայթը հայտարարեց, թե Վաշինգտոնը պատրաստ է երկխոսություն սկսել Թեհրանի հետ եւ հարաբերությունների բարելավման քայլ կատարել: Օլբրայթի հայտարարությունից հետո միջազգային փորձագետների շրջանում բուռն քննարկումներ ծավալվեցին Իրան–ԱՄՆ հարաբերությունների հնարավոր լավացման մասին, որոնք մինչեւ օրս, անգամ Մ.Ահմադինեժադի նախագահ ընտրվելուց հետո, չեն դադարել:
Վերջին շրջանում, իրոք, Վաշինգտոնի եւ Թեհրանի հարաբերություններում բավական լուրջ զարգացումներ են նկատվում: Սակայն, մեր կարծիքով, իրանա-ամերիկյան հարաբերություններում որակական փոփոխություններ, առավել եւս` կտրուկ ջերմացում, սպասել չի կարելի, քանի որ երկու պետությունների միջեւ հակասությունները կրում են հիմնավոր եւ երկարաժամկետ բնույթ:
Իրաքի հիմնախնդիրը
Թեեւ ամերիկյան եւ իրանական դիվանագետներն արդեն մեկ տարի է, ինչ սկսել են բանակցել իրաքյան գործընթացների շուրջ, միջպետական հակասություններն այս հարցում հաղթահարելի չեն թվում: Դեռեւս անորոշ է, թե կկատարի արդյոք Բ.Օբաման ամերիկյան զորքերն Իրաքից դուրս բերելու խոստումը: Համենայնդեպս, ամերիկյան զորքերը դեռեւս Իրաքում են, եւ Վաշինգտոնի մերձավորարեւելյան քաղաքականության հիմնական բաղադրիչներից է մնում Իրաքի նկատմամբ լիակատար հսկողության հաստատումն ու պահպանումը: Իրանն այս հարցում ոչ պակաս հավակնոտ ծրագրեր ունի, մանավանդ որ ի տարբերություն ԱՄՆ-ի` բուն Իրաքում ունի բավական մարտունակ եւ կազմակերպված դաշնակից` ի դեմս բնակչության համեմատական մեծամասնությունը կազմող շիաների կրոնական եւ քաղաքական կառույցների:
Փաստորեն, այսօր Իրանն ու ԱՄՆ-ը Իրաքում միեւնույն հավակնությունն ունեն` հսկողություն եւ վերահսկողություն: Այսօր դեռեւս որեւէ հիմք չկա կարծելու, թե կողմերից մեկը պատրաստակամ է զիջել մյուսին եւ հեռանալ երկրից: Եթե Վաշինգտոնի համար Իրաքից հեռանալը վտանգավոր է էներգետիկ եւ տարածաշրջանային դիրքերի պահպանման տեսակետից, ապա Իրանի համար իրաքյան զարգացումներում իր մասնակցության կասեցումն ուղղակիորեն սպառնում է պետության անվտանգությանը:
Պետության իրական ատրիբուտներից եւ ինստիտուտներից զրկված Իրաքում ցանկացած գործընթաց` քաղաքացիական պատերազմ, իսլամական սուննի ծայրահեղականության աճ, արաբական ազգայնականություն, կարող է անմիջականորեն ազդել Իրանի վրա: Այս առումով, Իրանը պարզապես դատապարտված է ակտիվ դեր խաղալ Իրաքում, փորձել ազդել այստեղ ընթացող գործընթացների վրա, կազմակերպել եւ աջակցել տեղի իրանամետ շիական կառույցներին:
Այս պարագայում կասկածելի է թվում իրաքյան հարցում իրանա-ամերիկյան կոնսենսուսի հնարավորությունը: Մարտավարական հարցերում Իրանի եւ Վաշինգտոնի միջեւ, իհարկե, հնարավոր են որոշակի պայմանավորվածություններ: Սակայն ռազմավարական տեսանկյունից Իրանն ու ԱՄՆ-ը իրաքյան հիմնախնդրում շարունակելու են մրցակցության եւ հակամարտության անուղղակի կողմեր մնալ:
«Հիզբալլահը» եւ Իսրայելի խնդիրը
Իրան–ԱՄՆ հարաբերությունների կարգավորման տեսանկյունից անլուծելի է մնալու նաեւ լիբանանյան «Հիզբալլահ» կազմակերպության հարցը: Երկու տարի առաջ «Հիզբալլահ»–Իսրայել պատերազմը ցույց տվեց, թե որքան արդյունավետ է եղել Իրանի կողմից այս կազմակերպությանը մատուցած ռազմական եւ ֆինանսական աջակցությունը:
«Հիզբալլահն» այսօր Մերձավոր Արեւելքում եւ, մասնավորապես, արաբա-իսրայելական հակամարտության գոտում Իրանի ազդեցության հիմնական լծակներից է, որն իր բոլոր հնարավորություններով Թեհրանի կողմից կարող է օգտագործվել ԱՄՆ-ի կամ Իսրայելի հետ ռազմական բախման պարագայում: Ակնհայտ է, որ ուղղակիորեն «Հիզբալլահը» վտանգ է ներկայացնում առաջին հերթին Իսրայելի, այլ ոչ թե ԱՄՆ-ի համար: Սակայն կասկածելի է թվում, որ Բ.Օբամայի հաղթանակից հետո ամերիկա-իսրայելական հարաբերություններում սառեցում, առավել եւս` ռազմավարական համագործակցության կասեցում կարձանագրվի: Բ.Օբամայի այցը Երուսաղեմ եւ այս տարվա հունիսին Համաշխարհային հրեական կոնգրեսում կարդացած ճառը, որում նա, մասնավորապես, ասաց, թե Երուսաղեմը բաժանման ենթակա չէ եւ պատկանում է Իսրայելին, խոսում են ԱՄՆ–Իսրայել դաշինքի հետագա պահպանման մասին:
Այս պարագայում ԱՄՆ-ը պարզապես չի կարող գնալ Իրանի հետ հարաբերությունների որակական կարգավորման, առավել եւս` ջերմացման, առանց հաշվի առնելու Իսրայելի շահերը: Իսկ դա ենթադրում է ներկայիս «Հիզբալլահի» կազմալուծումը, ինչն Իրանի համար անընդունելի է, եւ նման պահանջը նշանակում է կազմալուծել սեփական բանակի մի ստորաբաժանումը:
Սպասել Իրանի եւ ԱՄՆ հարաբերությունների այնպիսի լավացման, որը կարող է Թեհրանում համոզմունք ստեղծել, թե ԱՄՆ-ը կամ Իսրայելը հետագայում չեն նախատեսի հակաիրանական քայլեր, չի կարելի: Այս պարագայում Իրանի կողմից «Հիզբալլահին» ցուցաբերվող աջակցությունը կշարունակվի:
Այսպիսով, «Հիզբալլահի» եւ Իսրայելի խնդիրը նույնպես անլուծելի է թվում Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերություններում:
Միջուկային խնդիրը
Իրանը դանդաղ, բայց հետեւողականորեն գնում է դեպի սեփական միջուկային ռազմական ներուժի ստեղծում: Անկասկած, սեփական միջուկային հզորության ստեղծման Իրանին, առաջին հերթին, դրդում է Միացյալ Նահանգները: Բայց ո՛չ միայն: Իրանը շրջապատված է երկրներով, որոնք իր նկատմամբ ռազմական տեսանկյունից զգալի առավելություն ունեն. ՆԱՏՕ անդամ երկիր Թուրքիայի բանակն ավելի մարտունակ է եւ լավ զինված, Պակիստանը եւ Ռուսաստանը միջուկային տերություններ են: Իրանի համար բավական խնդրահարույց են հարաբերությունները միջուկային Պակիստանի հետ. այստեղ քաղաքական զարգացումները մի օր իշխանության կարող են բերել իսլամիստ ծայրահեղականներին, որոնք Իրանի եւ շիականության նկատմամբ թշնամաբար են տրամադրված: Ըստ որոշ փորձագետների` Պակիստանի խնդիրն է, որ ռազմավարական եւ երկարաժամկետ առումով ստիպում է իրանական կողմին թափ հաղորդել միջուկային ծրագրին:
Այս պայմաններում, անգամ եթե Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերություններում արձանագրվեն որոշ փոփոխություններ, դրանք չեն կարող ստիպել Իրանին դադարեցնել միջուկային ծրագիրը: Միեւնույն ժամանակ, դժվար թե կարելի է սպասել Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ ԱՄՆ դիրքորոշման փոփոխություն: Վաշինգտոնը չի կարող հանդուրժել, որ Իրանը միջուկային տերության վերածվի, ինչը կխթանի տարածաշրջանում Թեհրանի քաղաքական ազդեցության աճին եւ կհանգեցնի ամերիկյան դիրքերի զգալի թուլացման:
Այսպիսով, միջուկային խնդիրը Իրան–ԱՄՆ հարաբերություններում կմնա կոնֆլիկտային խնդիր, որի կարգավորումը բանակցություններով դժվար թե հնարավոր է:
Վերը նշված խնդիրները, մեր կարծիքով, կխոչընդոտեն Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունների որակական կարգավորմանը: Սակայն դա չի նշանակում, թե դրական տեղաշարժեր իրանա-ամերիկյան հարաբերություններում առհասարակ չեն գրանցվի: Այդ տեղաշարժերը կապված կլինեն երկու պետությունների միջեւ մարտավարական հարցերում առկա ընդհանուր մոտեցումների հետ. օրինակ` Աֆղանստանում թալիբների ակտիվության դեմ քայլերի իրականացումը, ինչպես նաեւ Իրաքում սուննի իսլամիստների եւ ալ-Կաիդայի դիրքերի թուլացումը: Այս հարցերում Իրանն ու ԱՄՆ-ը կարող են բավական արդյունավետ համագործակցել` կարճաժամկետ կամ միջնաժամկետ կտրվածքում:
Բացառված չէ, որ ԱՄՆ-ը խթանի նաեւ Իրանի էներգետիկ «մուտքը» Եվրոպա` որպես հակակշիռ ԵՄ-ում Ռուսաստանի ունեցած դիրքերի, ինչը մասամբ պայմանավորված է նրանով, որ վերջինս դեպի Եվրոպա բնական գազի հիմնական արտահանողն է: Վրաց-օսական հակամարտությունից հետո Ռուսաստանի աճող ազդեցությունը Վաշինգտոնի համար, կարծես թե, դառնում է առաջնային նշանակության խնդիր, որի լուծման համար կարող են օգտագործվել նաեւ Իրանի հավակնությունները` դառնալու ԵՄ բնական գազ ներկրող խոշորագույն պետություն:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄԸ, ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ, ԳԻՏԵԼԻՔԸ, ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԸ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ. ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՓՈՐՁԸ[20.04.2015]
- ԻՐԱՆՆ ԱՐԴԵՆ ՇԱՀԵԼ Է ԱՄՆ-Ի ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ[15.04.2015]
- ԻՐԱՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ. «ՍԱՌԵՑՄԱՆ» ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ[02.02.2015]
- ՆՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ[26.05.2014]
- ԻՐԱՆ – ՀԱՅԱՍՏԱՆ ՏԱՐԱՆՑԻԿ ԳԱԶԱՄՈՒՂ (ԴԻՍԿՈՒՐՍԻ ՆԵՆԳԱՓՈԽՈՒՄ)[17.03.2014]
- ԻՐԱՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ[06.02.2014]
- «ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԿՀ ՓՈԽՏՆՕՐԵՆ ՍԵՎԱԿ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԸ` ԱՐՄՆՅՈՒԶ ԼՐԱՏՎԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԻ «ԲԱՆԱՁԵՎ» ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՀՅՈՒՐ [23.12.2013]
- ԷԺԱՆ ԻՐԱՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՄԻՖԵՐԸ[18.12.2013]
- Ս. ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ. ՌՈՒՍԱԿԱՆ ԷԺԱՆ ԳԱԶ ՆԵՐԿՐԵԼՈՒՆ ԵՎ ՀԱԷԿ-Ի ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆԸ ԶՈՒԳԱՀԵՌ ՊԵՏՔ Է ՄՏԱԾԵԼ ԱՅԼԸՆՏՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ[09.12.2013]
- ՍԵՎԱԿ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀ ԿԱ ՄԻԱՅՆ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ[09.12.2013]
- ՄՄ–ԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԿԱՐՈՂԱՆԱ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՑԱԾՐ ՍԱԿԱԳՆԵՐ ԱՊԱՀՈՎԵԼ. ՓՈՐՁԱԳԵՏ[12.09.2013]