ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՍԻԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՄՆ-Ի ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Գաղտնիք չէ, որ պայքարը ռազմավարական այս տարածաշրջանի ու Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև վաղուց է ընթանում, և վերջին ամիսներին տեղի ունեցող իրադարձությունները, մասնավորապես ֆինանսական ճգնաժամը, էլ ավելի է խորացնում առկա հակասություններն այս տարածաշրջանում: Նման պայմաններում շատերը հարց են տալիս, թե ի՞նչ կարող է փոխվել ԱՄՆ նոր վարչակազմում Կենտրոնական Ասիայի նկատմամբ վերջին տարիներին վարած քաղաքականության մեջ: Հստակ է, որ տարածաշրջանը Արևմուտքին հետաքրքրում է ոչ միայն իր աշխարհագրական դիրքով, այլև էներգետիկ պաշարներով, որը տիրապետում է Կենտրոնական Ասիայի երկրները և հենց այս պաշարների շուրջ պայքարն է, որն արդեն 18 տարի է չի ընդհատվում կողմերի միջև: Ռուս-ուկրաինական գազի վերջին ճգնաժամը մեկ անգամ ևս ցույց տվեց, որ Եվրոպային անհրաժեշտ է այլընտրանքային, Ռուսաստանը շրջանցող գազի աղբյուր, իսկ այդպիսին, ըստ նրանց, կարող է հանդիսանալ այս տարածաշրջանը: Եթե Կենտրոնական Ասիան Եվրոպային հետաքրքրում է հիմնականում իր էներգետիկ պաշարների հարստության համար, ապա ԱՄՆ-ի համար այն կարևոր աշխարհագրական նշանակություն ունի: Ինչպես հայտնի է, Սպիտակ տան նոր վարչակազմի համար Աֆղանստանը դառնում է ռազմավարական կարևորության ուղղություն, ինչի մասին բազմիցս հայտարարել է Սպիտակ տան նոր տերը` Բարաք Օբաման, հետևաբար քաղաքական ազդեցության պահպանումը դառնում է կարևոր: Եվ այսօր, փաստորեն, մենք ականատեսն ենք աշխարհաքաղաքական մի նոր խաղի, որտեղ տարածաշրջանում ազդեցությունը պահպանելու համար պայքարում են ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Եվրամիությունը և Չինաստանը: Ինչպես հայտնի է, Եվրամիությունն ակտիվ կերպով առաջ է մղում NABUCCO գազամուղի կառուցման ծրագիրը, որն, ըստ նրանց, պետք է տարեկան մինչև 31 մլրդ խորանարդ մետր գազ մատակարարի Եվրոպային Կենտրոնական Ասիայից: Այս թեմայով հունվարի 25-26-ին գագաթաժողով հրավիրվեց Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, որտեղ հավաքված էին ծրագրով շահագրգիռ բոլոր երկրները Եվրոպայից, ինչպես նաև Թուրքիան, Իրաքը, Ադրբեջանը և Թուրքմենստանը: Ադրբեջանն այս հավաքին ներկայացել էր ամենաբարձր` նախագահի մակարդակով: Ինչևէ, բուդապեշտյան հավաքը մեկ անգամ ևս փաստեց, որ եվրոպացիներն իսկապես շահագրգռված են NABUCCO ծրագրով, սակայն մինչ օրս չեն պատասխանել հիմնական հարցին` ի՞նչ գազ է հոսելու այս խողովակաշարով: Թուրքմենստանը, որը վերջին շրջանում ոչ բարձր մակարդակով, սակայն միշտ էլ նմանատիպ հավաքների մասնակից է, ավելի շուտ հանդես է գալիս դիտորդի կարգավիճակով և եվրոպական գազի նոր նախագծի համար էական խոստումներ չի տալիս: Շատ փորձագետներ դա բացատրում են այդ երկրում գազի համապատասխան հզորությունների բացակայությամբ, ինչպես նաև Ռուսաստանի հետ չգժտվելու ցանկությամբ: Գաղտնիք չէ, որ պաշտոնական Աշգաբադը լուրջ կախվածություն ունի գազի դիմաց «Գազպրոմի» վճարած գումարներից, իսկ հրաժարվելու դեպքում նոր այլընտրանքային խողովակաշարի բացակայության պայմաններում անհնար կլինի վերականգնել այդ բացը: Այսինքն՝ NABUCCO-ի համար Կենտրոնական Ասիայից գազի առաքման անորոշության պայմաններում անհնար է դառնում նաև այս ծրագրի ֆինանսավորումը: Կասպից ծովի ընդերքով որևէ խողովակաշարի կառուցմանը դեմ են հանդես գալիս Ռուսաստանը և Իրանը: Վերջիններս բազմիցս շեշտել են, որ ծովի իրավական կարգավիճակի անորոշության պայմաններում և էկոլոգիական խնդիրներից ելնելով՝ նրանք դեմ են նմանատիպ նախագծերին: Բուդապեշտյան գագաթաժողովի օրերին Իրանը հերթական անգամ հանդես եկավ հայտարարությամբ՝ այս անգամ Ղազախստան-Ադրբեջան նավթամուղի կառուցման նախագծի առնչությամբ շեշտելով, որ «խողովակաշարը կարող է վնասել տարածաշրջանի բնությանը, իսկ Իրանը դեմ է որևէ ծրագրի, որը կխաթարի Կասպից ծովի էկոլոգիական հավասարակշռությունը»1: Իսկ հիշեցնենք, որ ԱՄՆ-ը նախկին վարչակազմն ակտիվ կերպով առաջ էր մղում Կասպից ծովի ընդերքով Ղազախստան-Ադրբեջան նավթամուղի կառուցման ծրագիրը, որը պետք է միանար Բաքու-Ջեյհան խողովակաշարին:
Ինչևէ, օգոստոսին տեղի ունեցած կովկասյան պատերազմը, դրան հաջորդած համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը, կարելի է ասել, Ռուսաստանին հնարավորություն են տվել էլ ավելի ուժեղացնել ազդեցությունը տարածաշրջանում: Եվ վերջին շրջանում պաշտոնական Մոսկվայի քայլերը կարելի է գնահատել միայն այս համատեքստում: Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում նոր ռազմական միավորի` Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի ստեղծումը, որի մի կարևոր բաղադրիչ լինելու է Կենտրոնական Ասիայում, հենց այս տրամաբանությամբ է արված, այսինքն՝ էլ ավելի ուժեղացնել Ռուսաստանի ռազմական ներկայությունը և նրա ռազմական համագործակցությունը տարածաշրջանի երկրների հետ: Այս տրամաբանությամբ է առաջնորդվում նաև Ղրղըզստանի որոշումը՝ Բիշքեկի մոտակայքում գտնվող ԱՄՆ ռազմաօդային բազան փակելու մասին: Ինչպես հայտնի է, այդ մասին Ղրղըզստանի նախագահ Կուրմանբեկ Բակիևը հայտարարեց Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Մեդվեդևի հետ համատեղ ասուլիսի ժամանակ: Հասկանալի է, որ միայն ռազմական բաղկացուցիչի օգտագործմամբ լուրջ հաջողության հասնել հնարավոր չէ, հետևաբար պաշտոնական Մոսկվան առատ ֆինանսական օժանդակություն է տրամադրում տարածաշրջանի երկրներին, մասնավորապես նույն այդ Ղրղըզստանին տալով 300 մլն դոլարից ավելի գումար՝ ներկա ֆինանսական ճգնաժամը հաղթահարելու համար: Այդ նույն ժամանակահատվածում Ռուսաստանը նաև բարձրացնում է Ղազախստանի տարածքով, Ուզբեկստանից ու Թուրքմենստանից հոսող գազի տարանցիկ գները, ինչը նույնպես տնտեսական լուրջ խթան է պաշտոնական Աստանայի համար, որպեսզի վերջինս չգայթակղվի Արևմուտքի կողմից: 2009-ին Ղազախստանի տարածքով հոսող գազի 1000 խորանարդ մետրի դիմաց ամեն հարյուր կիլոմետրի համար «Գազպրոմը» կվճարի 1.7 նախկին 1.4 դոլարի փոխարեն2: Նշենք, որ սա համարժեք է Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա հոսող գազի տարացման գնին: «Գազպրոմը» հայտարարել է նաև, որ պատրաստ է հերթական անգամ բարձրացնել Թուրքմենստանից և Ուզբեկստանից գնվող գազի գները մինչև եվրոպական շուկայական գների մակարդակի: Տարածաշրջանում սեփական դիրքերի էլ ավելի ամրապնդման համար Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը մեկնեց Տաշքենդ, որտեղ հանդիպումների հիմնական թեման էներգետիկ խնդիրներն էին և Ուզբեկստանից դեպի Ռուսաստան նոր գազամուղի կառուցման հարցը: Ստորագրված պայմանագրերի համաձայն՝ գործող «Միջին Ասիա-Կենտրոն» գազամուղին զուգահեռ կկառուցվի նոր գազամուղ, որը պետք է բավարարի այս տարածաշրջանից գազի աճող ծավալների առաքումը դեպի Ռուսաստան3: Ուզբեկստանը պարտավորվում է Ռուսաստան առաքվող գազի ծավալը հասցնել 30 մլրդ խորանարդ մետրի: Այս գազամուղի կառուցմամբ Ռուսաստանն էլ ավելի է ամրապնդում դիրքերը Կենտրոնական Ասիայի էներգետիկ շուկայում և փաստորեն անհնար դարձնում այստեղից դեպի Եվրոպա Ռուսաստանը շրջանցող գազամուղի կառուցման ծրագիրը: Երկարատև պայմանագրերը, որոնք կնքված են տարածաշրջանի երկրների և Ռուսաստանի միջև, ինչպես նաև տարածաշրջանում գազի պաշարների անորոշությունը, այն խոչընդոտներն են, որոնք NABUCCO խողովակաշարով կենտրոնաասիական գազի հոսքը քիչ հավանական են դարձնում, բացի այդ, ծրագրին միայն Ադրբեջանի միանալը դառնում է էլ ավելի քիչ գրավիչ ներդրողների համար, իսկ Ռուսաստանը դառնում է հիմնական երկիրը, որն անհրաժեշտ ներդրումներ է ապահովում կենտրոնաասիական երկրների էներգետիկ համակարգերում:
Ինչևէ, օգտվելով ստեղծված իրավիճակից, Վաշինգտոնում նոր վարչակազմի գործունեությունից, ֆինանսատնտեսական ճգնաժամից և այլ հանգամանքներից, պաշտոնական Մոսկվան ամրապնդում է դիրքերը Կենտրոնական Ասիայում Վաշինգտոնի ուշադիր հայացքի ներքո, սակայն ասել, թե վերջինս չի պատրաստվում ոչինչ ձեռնարկել, սխալ կլինի: Օբամայի նոր կառավարությունը, որն արդեն հայտարարել է, թե ներքաղաքական ծրագրերն իր համար առաջնային են, միևնույն է, վաղ թե ուշ ստիպված է լինելու հակաքայլ ձեռնարկել: Պարզ է, որ Ղրղըզստանում գտնվող «Մանաս» ռազմաօդային բազան նրա համար կարևոր նշանակություն ունի և ասել, թե Վաշինգտոնը կհամակերպվի դրա փակման հետ, ճիշտ չի լինի: Այնպես որ, բացառված չէ, որ մենք շուտով ականատեսը կլինենք Սպիտակ տան նոր քայլերին, որոնք ուղղված կլինեն տարածաշրջանում սեփական դիրքերի ամրապնդմանը: Այնպես որ, ԱՄՆ-Ռուսաստան պայքարը Կենտրոնական Ասիայի համար նոր է սկսվում և հնարավոր է, որ Վաշինգտոնը դեռ քայլեր կատարի թե՛ իր ռազմաբազան պահպանելու, թե՛ տարածաշրջանի երկրների հետ լեզու գտնելու ու նրանց էներգետիկ ծրագրերում իր մասնակցությունը պահպանելու համար:
1ИА REGNUM «Новости». Иран выступил против строительства Транскаспийского нефтепровода. www.regnum.ru/news/1115321.html 25.01.2009
2ИА REGNUM «Новости». Ставка транзита газа по территории Казахстана увеличена на 21,4%. www.regnum.ru/news/1113636.html
3ИА REGNUM «Новости».Россия и Узбекистан построят новый газопровод. www.regnum.ru/news/1114808.html 23.01.2009
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԿԵՂԾ ՕՐԱԿԱՐԳԵՐ ԵՎ ԻՐԱԿԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ[21.05.2020]
- ԷՆԵՐԳԵՏԻԿ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ԲՐԻԹԻՇ ՓԵԹՐՈԼԻՈՒՄԻ ՏԱՐԵԿԱՆ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԻ. ԳԱԶԻ ԲԱՂԱԴՐԻՉ[25.12.2018]
- ՉԻՆԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԲԱՑ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ 40 ՏԱՐԻՆԵՐԸ[23.11.2018]
- ԷՆԵՐԳԵՏԻԿ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ԲՐԻԹԻՇ ՓԵԹՐՈԼԻՈՒՄԻ ՆԱՎԹԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉԻ[08.11.2018]
- ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ԲՐԻԹԻՇ ՓԵԹՐՈԼԻՈՒՄԻ ՏԱՐԵԿԱՆ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԻ[18.09.2018]
- ՀԵՂՈՒԿԱՑՎԱԾ ԳԱԶԸ ԵՎ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ[06.07.2018]
- «ԵՎՐՈՊԱՅԻ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՄԱՅՆՔ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ[25.05.2018]
- ԱԷՄԳ-Ն ԵՎ ՆՐԱ ԴԵՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ[07.05.2018]
- ԷՆԵՐԳԵՏԻԿ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ[15.12.2017]
- ԷՆԵՐԳԵՏԻԿ ԳՈՐԾՈՆԸ ԱՐԴԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ (Մաս 3)[03.11.2017]
- ԷՆԵՐԳԵՏԻԿ ԳՈՐԾՈՆԸ ԱՐԴԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ (Մաս 2)[27.07.2017]