
ՆՈՐ ՄԻՏՈՒՄՆԵՐ ՆԱՏՕ–ԱԴՐԲԵՋԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Միջազգային զարգացումների համատեքստը
2008թ. օգոստոսի վրաց-ռուսական պատերազմը մեծապես պայմանավորեց Հարավային Կովկասի ռազմաքաղաքական առաջիկա գործընթացների ընդհանուր տրամաբանությունը։ Արդյունքում` որոշակիորեն վերաձեւակերպվեցին նաեւ տարածաշրջանում ներգրավված արտաքին եւ առաջին հերթին արեւմտյան դերակատարների նախկին պատկերացումներն ու տեսլականները Հարավային Կովկասի ռազմաքաղաքական անվտանգության վերաբերյալ։ Փորձագետներից շատերն են կիսում այն տեսակետը, ըստ որի` հնգօրյա պատերազմում Վրաստանի կրած պարտությամբ տարածաշրջանում որոշակիորեն թուլացան նախեւառաջ ՆԱՏՕ դիրքերը, որը ջանք չէր խնայում իր շարքերում հնարավորինս շուտ տեսնելու հարավկովկասյան այդ հանրապետությունը։ Հյուսիսատլանտյան դաշինքը, որ վերջին ամիսներին կտրուկ ակտիվացրել է ներգրավվածությունը Հարավային Կովկասում (լայնածավալ ու երկարաժամկետ զորավարժությունների անցկացում, խորհրդակցությունների, տարբեր միջոցառումների ու գիտաժողովների կազմակերպում եւ այլն), նպատակ է հետապնդում պաշտոնական Մոսկվային ցուցադրել իր շահերը մեր տարածաշրջանում եւ դրանք պաշտպանելու պատրաստակամությունն ու հնարավորությունները։
Մյուս կողմից, տարածաշրջանում ՆԱՏՕ ակտիվացման շարժառիթներից մեկը օգոստոսյան դեպքերից հետո ԱՊՀ տարածքում ու մասնավորաբար Հարավային Կովկասում Ռուսաստանի ռազմաքաղաքական դիրքերի ամրապնդումն է։ Դաշինքի ղեկավար շրջանակներում անհանգստացած են հատկապես ՀԱՊԿ ակտիվացումից։
2008թ. սեպտեմբերի վերջին Հայաստանում մեկնարկեց ՀԱՊԿ Խորհրդարանական ասամբլեայի մշտական հանձնաժողովի արտագնա նիստը, որտեղ խոսվեց ՀԱՊԿ-ի` բազմագործառութային կառույցի վերածվելու ծրագրերի մասին։ Հանդիպմանը հաջորդեց 2008թ. նոյեմբերին կրկին Երեւանում կայացած ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը։ Կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան շեշտեց «Եվրոպայում անվտանգության նոր համապարփակ պայմանագրի» ստորագրման կարեւորության եւ այդ ուղղությամբ ՀԱՊԿ անդամ երկրների միջեւ խորհրդակցությունների շարունակականության անհրաժեշտության մասին։
2008թ. դեկտեմբերին Ղազախստանում ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն` 2009թ. փետրվարի 4-ին Մոսկվայում որոշում ընդունվեց ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժեր ստեղծելու մասին պայմանագրի ստորագրման վերաբերյալ։
Ս.թ. հունիսի 14-ին, Մոսկվայում, Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի նախագահները ստորագրեցին ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի մասին համաձայնագիրը եւ կից փաստաթղթերը, որոնք սահմանում են այդ ուժերի կարգավիճակը, կազմը, ձեւավորման ու գործունեության կարգը, կիրառության կանոնները:
ՆԱՏՕ–Ադրբեջան համագործակցության խորացումը
Խնդրի առնչությամբ անհրաժեշտ է արձանագրել եւս մեկ կարեւոր հանգամանք. օգոստոսյան իրադարձություններով արեւմտյան հանրության շրջանում զգալիորեն ընկավ Վրաստանի գործող ղեկավարության հեղինակությունը, իսկ Միացյալ Նահանգների ու եվրոպական ընտանիքի կողմից Վրաստանին ուղղված հետպատերազմյան աջակցության շարունակությունը կրում էր ցուցադրական եւ հակառուսական բնույթ։ Ռուսաստանի հետ ռազմական առճակատումը բացասական ազդեցություն ունեցավ եվրաատլանտյան կառույցներին Վրաստանի ինտեգրման եւ հատկապես Վրաստան–ՆԱՏՕ համագործակցության ընդլայնման հեռանկարների վրա։ Արդյունքում` ոչ միայն հետաձգվեց Հյուսիսատլանտյան դաշինքին նրա անդամակցության հարցը, այլեւ երկրի արտաքին ու ներքին զարգացումներում խորացող անկայունության հետեւանքով Բրյուսելում սկսեցին խոսել կարճաժամկետ ու միջնաժամկետ հեռանկարում Վրաստանի անդամակցության նպատակահարմարության մասին առհասարակ։ Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարությունը, ի հակակշիռ տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության, սկսեց համագործակցության խորացման նոր ուղիներ փնտրել` ի դեմս Ադրբեջանի, որն օգոստոսյան դեպքերից հետո սկսեց դիտվել որպես ՆԱՏՕ անդամակցության հավանական թեկնածու։
Մեր տարածաշրջանում Հյուսիսատլանտյան դաշինքի մարտավարության փոփոխության տրամաբանության մաս են կազմում վերջին երկու ամիսներին նկատվող ՆԱՏՕ–Ադրբեջան համագործակցության խորացման միտումները։ Ապրիլի 18-ին Ադրբեջանում, ՆԱՏՕ շրջանակներում, մեկնարկեցին դաշինքի անդամ երկրների ու Ադրբեջանի համատեղ ութօրյա զորավարժությունները, որոնց հակառուսական ուղղվածությունը փորձագետներից շատերի կողմից կասկածի տակ չէր դրվում։ Այս առումով բավական խորհրդանշական էր նաեւ զորավարժությունների խորագիրը` «Տարածաշրջանային պատասխան–2009թ.»։ Այդ զորավարժություններին զուգահեռ, կրկին Ադրբեջանում, տեղի ունեցան փորձագիտական խորհրդակցություններ` Հյուսիսատլանտյան դաշինքին հարավկովկասյան այս հանրապետության անդամակցության հարցերի քննարկման նպատակով։ Մայիսի սկզբներին Բաքվում կայացավ դաշինքի հետ Ադրբեջանի համագործակցության 15-ամյակին նվիրված «ՆԱՏՕ-Ադրբեջան. հայացք դեպի ապագան` անցյալի գնահատումով» խորագիրը կրող գիտաժողովը, որը կազմակերպվել էր բավական մեծ շուքով եւ որին տրվել էր մեծ հնչեղություն։ Իսկ մայիսի 6-7-ին Բաքվում ադրբեջանական ԶՈւ ներկայացուցիչներն Ադրբեջանի ու ԱՄՆ-ի միջեւ ստորագրված երկկողմանի ռազմական համագործակցության ծրագրի շրջանակներում մասնակցեցին երկկողմ համագործակցության ծրագրման հարցերին նվիրված գիտաժողովին, որտեղ անդրադարձ եղավ նաեւ Ադրբեջան-ՆԱՏՕ հարաբերությունների հեռանկարներին։
Հյուսիսատլանտյան դաշինքում մեծ կարեւորություն էր տրվում Վրաստանում մայիսի 6-ին մեկնարկած ՆԱՏՕ երկփուլ «Համատեղ աղեղ/համատեղ նիզակակիր–2009թ.» զորավարժություններին, դրանցում Ադրբեջանի մասնակցությանը, ինչի մասին զորավարժությունների նախաշեմին քանիցս ակնարկվեց դաշինքի ղեկավար շրջանակներում։ Աննախադեպ ուսումնավարժանքներին, որոնք տեւեցին մինչեւ հունիսի 1-ը, չնայած ռուսական կողմի բացահայտ ճնշումներին, ադրբեջանական կողմն ի սկզբանե մասնակցության ցանկություն էր հայտնել (մասնակցությունից հրաժարվեցին Ղազախստանը, Լատվիան, Էստոնիան, Մոլդովան, Սերբիան եւ Հայաստանը)։
Հյուսիսատլանտյան դաշինքի հերթական «մեսիջն» ադրբեջանական կողմին չհապաղեց, երբ Վրաստանում հունիսի 1-ին ավարտված զորավարժություններից անմիջապես հետո ՆԱՏՕ միացյալ ուժերի հրամանատարության քաղաքական խորհրդական Ալեքսիս Վախլասը հանդես եկավ հայտարարությամբ, որ Ադրբեջանը ներկայում դաշինքին անդամակցելու ավելի մեծ հնարավորություններ ունի, քան Վրաստանը կամ Ուկրաինան։ Ինչպես նշվում է հաղորդագրությունում, «նախկինում ծրագրվում էր, որ Հարավային Կովկասի երկրներից Հյուսիսատլանտյան դաշինքին առաջինը կանդամակցի Վրաստանը, որին կհետեւի Ադրբեջանը, սակայն իրավիճակը փոխվեց, եւ ներկայում առավել մեծ շանսեր ունի Ադրբեջանը»։ Նրա խոսքերով, ի տարբերություն Վրաստանի եւ Ուկրաինայի, որոնց ներքին ու արտաքին քաղաքական զարգացումները բավական անկայուն են, Ադրբեջանի պարագայում «գործ ունենք կայունության հետ»։
Աղբյուրի համաձայն, ՆԱՏՕ բարձրագույն ղեկավար շրջանակներում Ադրբեջանի հնարավոր անդամակցության հարցում զգալիորեն կարեւորում են երկու առանցքային հանգամանք.
- Ադրբեջանը եղբայրական հարաբերություններ ունի ՆԱՏՕ կարեւոր անդամներից մեկի` Թուրքիայի հետ, ինչը նաեւ կնպաստի կազմակերպությանը հարավկովկասյան այդ երկրի` առանց էական բարդությունների ինտեգրմանն ու հնարավոր անդամակցմանը։ ՆԱՏՕ բարձրագույն ղեկավարությունում Ադրբեջանի անդամակցության հարցի ջատագովներն են Թուրքիայի, Ռումինիայի, Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի ու բալթյան երկրների ներկայացուցիչները։ Այս երկրների պատվիրակներն այսօր այնքան են շահագրգռված Ադրբեջանի հետ համագործակցության խորացմամբ, որ աչք են փակում նույնիսկ Ադրբեջանի ժողովրդավարացման գործընթացում տեղ գտած լուրջ ձախողումների վրա. օրինակ, այն բանի վրա, որ մարտի 18-ին նշանակված սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու մասին հանրաքվեի արդյունքով վերացվեց նախագահի պաշտոնում նույն անձի` երկու ժամկետից ավելի վերընտրվելու սահմանափակումը։
- Մեծ նշանակություն է տրվում դեպի Եվրոպա էներգետիկ ռեսուրսների մատակարարման հարցում Ադրբեջանի դերակատարմանը («Նաբուկկո» եւ Թուրքիա–Հունաստան–Իտալիա գազամուղներ)։ Կենտրոնական Ասիայից ու Կասպյան ավազանից էներգետիկ ռեսուրսները եւ առաջին հերթին բնական գազը դեպի Եվրոպա (Ռուսաստանը շրջանցելով) ուղղորդելու գործում զգալիորեն կարեւորվում է ադրբեջանական գործոնը։ Փորձեր են արվում (հիմնականում` արեւմտյան էներգետիկ կազմակերպությունների կողմից պատրաստվող զեկույցների միջոցով) ակտիվ շրջանառության մեջ դնել այն մոտեցումը, թե Կասպյան ավազանի` որպես գազի մատակարարման կարեւորագույն հանգույցի ռազմավարական հարցադրումը բխում է Ադրբեջանի արտահանական կարողությունների զարգացումից ու դեպի Եվրոպա մատակարարման հնարավորություններից։ Կասպյան ավազանի գազի պաշարների շահագործման ու արդյունահանման խնդիրը մեծապես պայմանավորվում է ադրբեջանական «Շահ Դենիզ» հանքավայրի շահագործման երկրորդ փուլի ու նրա հնարավորությունների զարգացմամբ։
Հունիսի 10-11-ին Ադրբեջանի ԱԳՆ ու ՆԱՏՕ համատեղ ջանքերով Բաքվում անցկացվեց Եվրաատլանտյան գործընկերության խորհրդի գիտաժողով` նվիրված էներգետիկ անվտանգության հիմնախնդիրներին, որտեղ, ինչպես եւ ենթադրվում էր, առանցքային նշանակություն տրվեց ադրբեջանական գործոնին։ «Էներգետիկ անվտանգություն. մարտահրավերներ ու նոր հնարավորություններ» գիտաժողովում հանդես եկավ նաեւ աշխատանքային այցով Բաքվում գտնվող Ռումինիայի ռազմավարական հարցերով պետնախարար Բոգդան Աուրեսկուն։ Վերջինիս խոսքերով, ՆԱՏՕ էներգետիկ անվտանգության քաղաքականությունում առանձնապես կարեւորվում են միջազգային էներգետիկ անվտանգության հարցերում Ադրբեջանի ունեցած ներդրումն ու դերակատարումը։
Գիտաժողովի կազմակերպումն իրականացվում է Բաքվում ՆԱՏՕ հերթական նախաձեռնության` հունիսի 10–26-ն անցկացվող «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառման շրջանակներում, որը ենթադրում է նաեւ այլ սեմինարների ու աշխատանքային-խորհրդակցական հանդիպումների կազմակերպում։
Ադրբեջանի դիրքորոշումը
Վերջին ժամանակներս Հյուսիսատլանտյան դաշինքի` Ադրբեջանին հասցեագրած «մեսիջները», սակայն, միանշանակ չեն ընկալվում վերջինիս ղեկավարության կողմից։ Իլհամ Ալիեւը զգուշավոր դիրքորոշում է ցուցաբերում Ադրբեջան–ՆԱՏՕ համագործակցության խորացման հարցերում` ձգտելով հնարավորինս հավասարակշռել արտաքին հիմնական դերակատարների շահերն ու ազդեցությունը։ Այնուհանդերձ, փաստենք, որ չնայած Ռուսաստանի խիստ քննադատություններին` պայմանավորված ս.թ. մայիսի 6-ին Վրաստանում մեկնարկած ՆԱՏՕ զորավարժություններով եւ ռուսական կողմի կոչերին` չմասնակցել դրանց, ադրբեջանական կողմը տեղի չտվեց Մոսկվայի ճնշումներին եւ մասնակցեց զորավարժություններին։ Տեղին է հիշատակել մինչ այդ` ապրիլի 29-ին Իլհամ Ալիեւի աշխատանքային այցը ՆԱՏՕ նստավայր Բրյուսել, որտեղ վերջինս ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յաապ Դե Հոոպ Սխեֆերի կողմից արժանացավ բավական ջերմ ընդունելության, քննարկվեցին Ադրբեջան–ՆԱՏՕ համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր։
Չպետք է անտեսել եւ այն, որ Հյուսիսատլանտյան դաշինքի հետ Ադրբեջանի համագործակցության խորացման ներկա միտումները պայմանավորված են նաեւ ՀԱՊԿ ռազմաքաղաքական ակտիվացմամբ, մասնավորապես` նրա կազմում արագ արձագանքման ուժերի ստեղծման նախաձեռնությամբ. Ադրբեջանը ՀԱՊԿ անդամ չէ եւ դրա նոր կառույցի ստեղծման հետ կապված քանիցս մտահոգություն է հայտնել։
Նշենք նաեւ, որ Հարավային Կովկասում ՆԱՏՕ նախաձեռնություններին զուգահեռ` ադրբեջանական կողմը պաշտոնապես մի քանի անգամ հանդես եկավ հայտարարություններով, որոնք կոչված էին մեղմելու պաշտոնական Մոսկվայի վրդովմունքը։ Տեղին է անդրադառնալ Բաքվում կայացած «ՆԱՏՕ–Ադրբեջան. հայացք դեպի ապագան` անցյալի գնահատումով» գիտաժողովին Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովի հայտարարությունը, թե Ադրբեջան– ՆԱՏՕ համագործակցության խորացումը եւ վերջինիս Ադրբեջանի հնարավոր անդամակցումը չբացառելը «չի կարող ապահովել երկրի լիարժեք անվտանգությունը», եւ որ առկա են «համապատասխան հանգամանքներ»։ Ռուսական կողմի մտահոգություններն ի չիք դարձնելուն էր ուղղված նաեւ ս.թ. ապրիլի 16-ին Իլհամ Ալիեւի մոսկովյան երկօրյա պաշտոնական այցը, որը փաստորեն տեղի ունեցավ Ադրբեջանում ապրիլի 18-ին մեկնարկած ՆԱՏՕ զորավարժությունների նախաշեմին։
Հետեւություններ
Չնայած վերջին ամիսներին ՆԱՏՕ-ի հետ Ադրբեջանի համագործակցության ընդլայնման միտումներին ու կազմակերպությանը նրա անդամակցման մասին խոսակցությունների ակտուալացմանը, այնուամենայնիվ, կարճաժամկետ հեռանկարում ադրբեջանական կողմը զերծ կմնա Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցության խորացումից` ի հաշիվ ռուս-ադրբեջանական հարաբերությունների` երկու հիմնական պատճառներից ելնելով.
- վրաց-ռուսական օգոստոսյան պատերազմը ցույց տվեց, որ եվրաատլանտյան կառույցները չեն կարող ապահովել Հարավային Կովկասի ու նրա առանձին երկրների լիարժեք անվտանգությունը կամ կարգավորել ազգամիջյան հակամարտությունները` հաշվի չառնելով տարածաշրջանում ներգրավված այլ արտաքին շահերը։
- Բաքվի իշխանությունները հստակ գիտակցում են, որ Ադրբեջանի արտաքին քաղաքականությունում եվրաատլանտյան վեկտորի` «որոշակի սահմաններից դուրս» ուժեղացումը կնպաստի Հայաստանի հետ Ռուսաստանի համագործակցության է՛լ ավելի սերտացմանը, ինչը կարող է ադրբեջանական կողմի համար լուրջ խնդիրներ առաջ բերել այդ թվում եւ Ղարաբաղյան հիմնախնդրի հետագա կարգավորման գործընթացում։
Կարելի է սպասել, որ Ադրբեջանի շուրջ արտաքին շահերի կենտրոնացման արդյունքում ադրբեջանական կողմը կփորձի օգտագործել ստեղծված իրավիճակը` հնարավորինս մեծ օգուտներ կորզելու երկու հակառակ բեւեռներից։ Սակայն, միեւնույն ժամանակ, արտաքին շահերի գերկենտրոնացումը Ադրբեջանի շուրջ եւ դրանց անհամատեղելիությունը այս երկիրը կդարձնեն առավել խոցելի, կթուլացնեն նրա դիմակայությունն արտաքին ճնշումների նկատմամբ։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- «ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ՉԿԱՆ, ՈՐ ՄԻ ՕՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ՓՈՐՁԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՅՈՒՂԵՐԸ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՀՐԹԻՌԱԿՈԾԵԼ. ՆԱԽԱՊԵՍ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏՎԵԼ». ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[13.11.2018]
- ՍԱՀՄԱՆԱԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԴԱՐՁՆԵԼՈՎ՝ ԹՈՒՐՔԻԱՆ ՆՊԱՏԱԿ ՈՒՆԻ ՀՀ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՑԵԼԻ ԴԱՐՁՆԵԼ. Կ.ՎԵՐԱՆՅԱՆ[18.10.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՎԵՐՋԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ[15.10.2018]
- ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽՈՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԳՐԱՎԻՉ ԼԻՆԻ ԻՍՐԱՅԵԼԻ ՀԱՄԱՐ. ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[10.10.2018]
- ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՈՐՈՇ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՇՈՒՐՋ[04.10.2018]
- ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՆՅՈՒՅՈՐՔՅԱՆ ԱՅՑԻ ՈՒՂԵՐՁՆԵՐԸ՝ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱՐՑԻՑ ՄԻՆՉԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ ԽՆԴԻՐՆԵՐ[28.09.2018]
- ԲԱՑԻ ՀՀ-ԻՑ, ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՆԱԵՎ ՊՈՒՏԻՆԻ ԱՅՑԸ ԱԴՐԲԵՋԱՆ, ՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՂՄԸ ԱԿՏԻՎԱՑՆՈՒՄ Է ԻՐ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ. ՓՈՐՁԱԳԵՏ[17.09.2018]
- ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ, ԵԹԵ ՓՈՐՁԻ ՕԳՏՎԵԼ ԲԻԼԶԵՐՅԱՆ-ԹՐԱՄՓ ՄՏԵՐՄՈՒԹՅՈՒՆԻՑ՝ ՇԱՀԵԿԱՆ ԴԻՐՔՈՒՄ ԿՀԱՅՏՆՎԻ. ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[11.09.2018]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀՈՒՅՍ ՈՒՆԵՐ, ՈՐ ԳԵՐՄԱՆԻԱՆ ԿՆԵՐԳՐԱՎՎԻ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ[05.09.2018]
- ԿԱՍՊԻՑ ԾՈՎԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ ԱՎԵԼՈՐԴ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ ԱԼԻԵՎԻՆ՝ ՈՒԺԵՂ ԴԻՐՔԵՐԻՑ ԽՈՍԵԼՈՒ ՆԱԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԻՄՆԱՀԱՐՑՈՒՄ. Կ. ՎԵՐԱՆՅԱՆ[14.08.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ 2008-2018ԹԹ.[13.08.2018]