• am
  • ru
  • en
Версия для печати
02.09.2009

ԱԲԽԱԶԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՃՈՂ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՄԲ

   

1 (medium)Այս խնդիրը հավանաբար կգերակշռի դեկտեմբերի ընտրությունների ժամանակ, բայց իրականում աբխազական կառավարության որոշումները սահմանափակվում են Ռուսաստանից ունեցած կախվածության պատճառով:

Այն պահից, ինչ մեկ տարի առաջ Ռուսաստանը ճանաչեց Աբխազիայի անկախությունը, այստեղ դադարեցին վախենալ Վրաստանի հետ պատերազմը վերսկսելուց, բայց ներկայում աբխազական ընդդիմությունը մտահոգված է, որ կառավարությունն այդքան մեծ ճիգերի գնով ձեռք բերված ազատությունը զիջում է Ռուսաստանին:

Դեռեւս 1991-ին Վրաստանից անջատված եւ միակողմանի կերպով անկախություն հաստատած Աբխազիան այսօր ճանաչված է միայն երկու պետությունների կողմից` Ռուսաստանի եւ Նիկարագուայի: Սա իր հերթին նշանակում է, որ սեւծովյան տարածաշրջանի «բազմավեկտորային» արտաքին քաղաքականության (դեպի Ռուսաստան, Եվրոպա եւ Թուրքիա ուղղվածությամբ) մասին փայփայվող նախնական հույսերը սին են եղել:

Անցյալ տարվա օգոստոսին տեղի ունեցած ռուս-վրացական պատերազմից հետո, Աբխազիայի նախագահ Սերգեյ Բագապշը մի շարք համաձայնագրեր էր ստորագրել Ռուսաստանի հետ, որոնք վերջինիս թույլ էին տալիս վերահսկել Վրաստանի հետ սահմանը, աբխազական երկաթուղային համակարգը եւ օդակայանը, ինչպես նաեւ իրավունք էին տալիս նրա տարածքում նավթի պաշարներ փնտրել:

«Մենք մեր անկախ պետությունն ենք կառուցում: Ճիշտ այնպիսի կախվածության մեջ ենք գտնվում Ռուսաստանից, ինչպես ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր եվրոպական անդամ պետություն է կախված այդ կազմակերպությունից իր անվտանգության առումով: Աբխազիան ինքնուրույն չի կարող վերականգնել եւ շահագործել իր երկաթուղային համակարգը», - նշում է Բագապշը: Բայց նախագահի հակառակորդները այնքան էլ չեն վստահում նրա ասածներին եւ ավելի մեծ վստահություն են ձեռք բերել իրենց առաջնորդ Ռաուլ Խաջիմբայի գլխավորությամբ, ով 2004-ի ընտրությունների ժամանակ Բագապշի հակառակորդն էր եւ փոխնախագահի պաշտոնն էր զբաղեցնում մինչեւ մայիսին տրված իր հրաժարականը: Ներկայում նա ծրագրում է կրկին մասնակցել այս տարվա դեկտեմբերին նախատեսված ընտրություններին:

Խաջիմբան մեղադրում է Բագապշին Աբխազիայի շահերը դավաճանելու եւ կարճաժամկետ առեւտրական շահ հետանպնդելով`վատ կազմված պայմանագրերն առաջ մղելու մեջ: Այս մասին նա խոսեց հուլիսի 24-ին` ընդդիմադիր Աբխազական Ազգային Միաբանության Ֆորումի համագումարի ժամանակ` ստիպելով նրան չափազանց քննադատական դիրքորոշում որդեգրել:

«Ներկայիս իրադրությունն իշխանությունների կողմից ընկալվում է ոչ թե որպես մեր պետականության վերականգնման ազդանշան, այլ իրենց սեփական շահերին հետեւելու ազդակ: Նման մոտեցումը զրկում է իր անկախության համար առանց այն էլ չափազանց թանկ վճարած ժողովրդին զարգացման բոլոր հնարավորություններից: Կարծում ենք` ներկայիս իշխանությունները, երկրի ղեկին մնալով, իրական վտանգ են ներկայացնում մեր պետության գոյության համար», - նշվել է համաժողովի ժամանակ:

 

Ավելի վաղ` հուլիսի 21-ին, ընդդիմությանը միացան նաեւ վետերանների «Արուաա» միությունը, «Տնտեսական զարգացման» (ERA) կուսակցությունը, «Ժողովրդական» կուսակցությունը եւ «Ախյացա» խումբը եւ համատեղ հայտարարություն են հրապարակել, որտեղ նշվում է. «Նախագահի հայտարարությունները բացահայտում են Աբխազիայի սահմանադրական կառույցների նկատմամբ լրիվ արհամարհանքը եւ չափի եւ իրականության զգացման կորուստը: Մենք համոզված ենք, որ անիրազեկ իշխանությունները, որոնք չեն մտածում իրենց արարքների հետեւանքների մասին, իրական վտանգ են ներկայացնում Աբխազիայի պետականության եւ ժողովրդի վրա»:

Ռուսական ազդեցության խնդիրը հավանաբար գերակշիռ դեր կունենա դեկտեմբերին անցկացվելիք ընտրությունների ժամանակ, սակայն իրականում Աբխազիայի կառավարության որոշումները սահմանափակվում են, քանի որ առեւտրի եւ արտաքին աշխարհի հետ կապի ապահովման առումով այն կախվածության մեջ է գտնվում Ռուսաստանից:

Պետական բյուջեի կեսը կազմված է Մոսկվայի նվիրատվություններից, առեւտրի 95 տոկոսը կատարվում է Աբխազիայի հյուսիսային սահմանի երկայնքով, արտասահմանյան ներդրումների մեծ մասը ռուսական աղբյուրներից է, իսկ համարյա բոլոր զբոսաշրջիկները, որոնց հաշվին է հիմնականում զարգանում երկրի տնտեսությունը, գալիս են Ռուսաստանից:

Սա իր հերթին ստիպում է նույնիսկ Բագապշի հակառակորդներին ընդունել, որ Ռուսաստանը Աբխազիայի միակ նշանակալի գործընկերն է:

«Մենք սերտ ռազմա-քաղաքական դաշինքով ենք կապված Ռուսաստանի հետ: Ահա թե ինչու ենք նման քննադատությամբ հանդես եկել սահմանային պայմանագրի վերաբերյալ, որը լի է թերություններով եւ հավանական է` խնդիրներ առաջացնի հետագայում», - նշում է Խաջիմբան:

Ինալ Խաշիգ, Սուխում, (Կովկասյան Լրատու # 505, 7-ը օգոստոսի, 2009թ.)

Ինալ Խաշիգը Սուխումում (վրացերեն`Սուխումի) լույս տեսնող «Չեգեմսկայա պրավդա» թերթի խմբագիրն է:
Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից: (www.iwpr.net)


դեպի ետ