• am
  • ru
  • en
Версия для печати
19.06.2013

ԼՈՒՐԵՐ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻՑ

   

Գերմանիայի Հայ ակադեմիականների միությունը (ՀԱՄ) հունիսի 23-ին Բոխում քաղաքում կազմակերպում է հայ գրող և հրապարակախոս Լարիսա Գևորգյանի վերջին երկու`«Հավատարիմ՝ ինքնությանը» և «Երեք օրից հետ կգամ, մամ...» գրքերի շնորհանդեսը: Լարիսա Գևորգյանը հեղինակ է հետևյալ 7 գրքերի.

1. Արև՝ լեռան մեջ, խոհափիլիսոփայական էսսեների ժողովածու, Երևան, 2005, Վան Արյան հրտ., 204 էջ

2.Ես տեսա իմ երկիրը, վավերագիրք, Երևան, 2005, Վան Արյան հրտ., 240 էջ

3.Աղի համը, վիպակ, Երևան, 2007, Գասպրինտ հրտ., 192 էջ

4. Փշալարով շուլալված խաչ, վավերագիրք, Երևան, 2007, Գասպրինտ հրտ., 292 էջ

5. Խիղճ, վեպ, Երևան, 2007, Գասպրինտ հրտ., 440 էջ

6. Հավատարիմ` ինքնությանը, վավերագիրք, Երևան, 2011, Նոյյան տապան, 340 էջ

7. Երեք օրից հետ կգամ, մամ..., պատմվածքների ժողովածու, Երևան, 2012, Էդիտ Պրինտ հրտ., 214 էջ:

Գրքերի շնորհանդեսները տեղի են ունեցել Երևանում, Մոսկվայում, Մոնրեալում, Դեն Հագում, Բոխումում, Քյոլնում, Մայնի Ֆրանկֆուրտում, Դյուսելդորֆում և Համբուրգում:

Հեղինակի ևս հինգ գիրք արդեն պատրաստ է տպագրության:

«Հավատարիմ՝ ինքնությանը» վավերագիրքը Հայ ավետարանական եկեղեցու առաջնորդներից վերապատվելի Ռընե Լևոնյանի և նրա տիկնոջ՝ Սիլվի Լևոնյանի՝ Հայաստանում և Սփյուռքում ծավալած գործունեության մասին է, ֆրանսահայերի նշանակալի ներդրման մասին երկրաշարժի գոտու, Արցախի, Հայ դատի պաշտպանության խնդրում:

«Երեք օրից հետ կգամ, մամ..» պատմվածքների ժողովածուն (5 պատմվածք) նվիրված է Արցախյան ազատամարտում` Բերդաձորում հերոսաբար զոհված հետախույզ Վաղինակ Զաքարյանի հիշատակին: Բացի հետախույզ նահատակի մասին սրտախոս պատմվածքից, գրողը սույն ժողովածուում անդրադառնում է նաև հայ և թուրք ժողովուրդների հարաբերություններին, այստեղ խոստումնալից ծիլ տեսնում և այդպիսիք հրամցնում գրական յուրատեսակ տարբերակով: Հեղինակը հավատամք ունի՝ ընտանիքը պետության բջիջն է, առանց որի չի կարող գոյություն ունենալ ամուր պետություն: Սա է այն ընդհանրական հենքը, որ միավորում է ժողովածուի բոլոր պատմվածքները:

Գրական երեկոն կուղեկցվի ՀԱՄ անդամներ Արմինե Ղուլոյանի (դաշնամուր) և Ալիսա Եփրեմյանի (ջութակ) երաժշտական համարներով:

Երեկոն կվարի Ազատ Օրդուխանյանը:


դեպի ետ