• am
  • ru
  • en
Версия для печати
17.06.2013

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄԸ. ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ ԵՎ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

EnglishРуский

   

Վահրամ Հովյան
«Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի փորձագետ

Ցեղասպանության հետևանք հանդիսացող հայկական սփյուռքը տասնամյակների ընթացքում ենթարկվել է որոշակի փոխակերպման՝ կապված նրա ներսում տեղի ունեցող «ժողովրդագրական» տեղաշարժերի հետ։ Այդ փոխակերպման ըմբռնումը կարևոր նշանակություն ունի ինչպես մարտահրավերներին դիմագրավելու, այնպես էլ ընձեռված հնարավորություններից առավելագույնս օգտվելու տեսանկյունից։

Փոխակերպման էությունը

Ցեղասպանության հետևանքով սփյուռքի հայկական համայնքներ ձևավորվեցին Մերձավոր և Միջին Արևելքի երկրներում՝ Սիրիայում, Լիբանանում, Իրանում, Եգիպտոսում և այլն։ Եղեռնից փրկված հայերի խմբերը հաստատվեցին նաև եվրոպական երկրներում՝ Հունաստան, Բուլղարիա, Ռումինիա, Ֆրանսիա և այլուր, ինչպես նաև Ամերիկայում՝ ԱՄՆ, Կանադա և այլն։

Հետագայում, սակայն, նկատվեց հայերի գաղթ Մերձավոր և Միջին Արևելքի երկրներից դեպի Արևմուտք՝ ԱՄՆ, Կանադա, արևմտաեվրոպական զարգացած երկրներ։ Այդ մասին է վկայում Մերձավոր և Միջին Արևելքի երկրների հայ համայնքների թվաքանակի շարունակական նվազումը՝ արևմտյան երկրների հայ համայնքների թվաքանակի շարունակական մեծացման հետնապատկերին։

Այսպես, եթե 1960-ական թթ. սկզբին ԱՄՆ հայության թվաքանակը կազմում էր մոտ 250 հազ1., ապա 21-րդ դարի սկզբին այն կազմում է մոտ 1.2 մլն2։ Փոխարենը, Մերձավոր և Միջին Արևելքի երկրներից, օրինակ, Սիրիայում, եթե նույն 1960-ական թթ. սկզբին հայերի թվաքանակը կազմում էր մոտ 150 հազ3., ապա նախքան սիրիական վերջին ճգնաժամի սկիզբը այդ թիվը կազմում էր 65-70 հազ.4։

Պատկերն առավել հստակ և առարկայնորեն ցույց տալու համար ստորև բերված աղյուսակներում ներկայացված է Մերձավոր և Միջին Արևելքի ու արևմտյան առավել հայահոծ երկրներում (Թուրքիա, Իրան, Լիբանան, Սիրիա, ԱՄՆ, Ֆրանսիա) հայերի թվաքանակի դինամիկան 1960-ական թթ. սկզբի համեմատ։

Աղյուսակ 1
Հայերի թվաքանակը Մերձավոր և Միջին Արևելքի առավել հայահոծ երկրներում
5


Աղյուսակ 2
Հայերի թվաքանակն արևմտյան առավել հայահոծ երկրներում


Մերձավոր և Միջին Արևելքի հայության՝ դեպի ԱՄՆ, Կանադա, եվրոպական երկրներ արտագաղթին նպաստում են հետևյալ հիմնական գործոնները.

1. Կյանքի որակի ավելի բարձր մակարդակն արևմտյան երկրներում։ Ավելի ապահով կյանքի և բարեկեցության ակնկալիքով 20-րդ դարի կեսից Մերձավոր և Միջին Արևելքի հայությունը սկսեց արտագաղթել դեպի Արևմուտքի զարգացած երկրներ։

2. Արևմտյան սոցիալ-մշակութային միջավայրի նկատմամբ հեշտ հարմարվողականությունը։ Հայերը, լինելով քրիստոնյա, ավելի հեշտ են յուրացնում եվրոպական և ամերիկյան սոցիալ-մշակութային բարքերը և, հետևաբար, ավելի հեշտությամբ են ինտեգրվում այդ հասարակություններում, քան մուսուլման ժողովուրդները։ Արդ, իրենց ավելի հոգեհարազատ եվրոպական և ամերիկյան սոցիալ-մշակութային միջավայրերը խթան էին հանդիսանում Մերձավոր և Միջին Արևելքի երկրների հայության՝ դեպի Արևմուտք արտագաղթի համար։

3. Տիրապետող իսլամական միջավայրը։ Այն որոշակիորեն խորթ է հայերի համար։ Չնայած հիմնականում աշխարհիկ պետության նկարագրին և հայերի նկատմամբ ցուցաբերվող հանդուրժողականությանը, այնուամենայնիվ, Մերձավոր և Միջին Արևելքի երկրներում չեն եղել քաղաքական և քաղաքացիական լայն ազատություններ, որոնք ինքնադրսևորման լայն հնարավորություններ ընձեռեն հայությանը։ Այս հանգամանքով է բացատրվում այդ երկրների հայ համայնքների քաղաքական պասիվությունը։

Իսկ վերջին տասնամյակներին նկատվում է իսլամի վերելք տարածաշրջանում։ Դրա ապացույցներն են.

• 1979թ. իսլամական հեղափոխությունն Իրանում, որի արդյունքում այդ երկիրը շահական աշխարհիկ միապետությունից վերածվեց կրոնապետության (Իրանի Իսլամական Հանրապետության),

• իսլամիստական կողմնորոշում ունեցող Արդարություն և զարգացում կուսակցության գտնվելը Թուրքիայի իշխանության ղեկին 2002 թվականից,

• 2011-ից սկիզբ առած «արաբական գարունը», որի արդյունքում «...ազգայնական քաղաքական ուժերը կորցնում են իշխանությունը և փոխարինվում իսլամիստ ծայրահեղականներով»6։

4. Ներքին և արտաքին ցնցումները։ Մերձավոր և Միջին Արևելքը փոթորկահույզ տարածաշրջան է, որի երկրները մշտապես գտնվում են արտաքին և ներքին ցնցումների մեջ։ Արտաքին ցնցումները դրսևորվում են պատերազմների ձևով՝ արաբա-իսրայելական հակամարտություն, իրաք-իրանական պատերազմ (1980-88թթ.), Ծոցի պատերազմ (1990թ.), իրաք-ամերիկյան պատերազմ (2003թ.) և այլն։ Իսկ ներքին ցնցումները դրսևորվում են այդ երկրներում հեղափոխությունների, քաղաքացիական պատերազմների, հեղաշրջումների և անկայունության ձևերով։ Այս առումով նշանավոր են 1975-90թթ. լիբանանյան քաղաքացիական պատերազմը, 1979թ. իսլամական հեղափոխությունն Իրանում։ Ինչ վերաբերում է Սիրիային, ապա «1949-էն մինչեւ 1970 Սուրիոյ մէջ տեղի ունեցած են մօտաւորապէս 15 յեղաշրջումներ ...»7: Իսկ մեր օրերում ծավալվող «արաբական գարունը» Մերձավոր և Միջին Արևելքի տարածաշրջանի անկայունության ամենաթարմ ապացույցն է։ Այսպիսի փոթորկահույզ իրավիճակը մշտական սպառնալիքի տակ է պահում հայ համայնքների անվտանգությունը և նորմալ կենսագործունեությունը։

Ինչևէ, Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքներից հայերի մեծամասշտաբ գաղթը դեպի արևմտյան երկրներ էականորեն ազդում է Սփյուռքի ներքին կառուցվածքի վրա։ Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքներն աստիճանաբար փոքրանում են, փոխարենը՝ մեծանում և ավելի ու ավելի ազդեցիկ են դառնում արևմտյան որոշ երկրների հայ համայնքներ։

Այսպիսով, Սփյուռքի ներքին փոխակերպման արդյունքում աշխարհով մեկ տարածված հայկական համեմատաբար փոքրաթիվ համայնքների կողքին հետզհետե հզորանում են մի քանի երկրների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի8, Ֆրանսիայի առանցքային հայ համայնքները։

Մարտահրավերներ և հնարավորություններ

Սփյուռքի՝ վերը նկարագրված փոխակերպումն ունի ինչպես բացասական, այնպես էլ դրական կողմեր։

Գլխավոր մարտահրավերն այս առնչությամբ հայապահպանության խնդրի սրումն է։ Հայտնի է, որ հայերն արևմտյան երկրներում, սերտորեն ինտեգրվելով իրենց երկրների հասարակություններին, ավելի հեշտ և արագ են կորցնում ազգային ինքնության այնպիսի բաղադրիչներ, ինչպիսիք են մայրենի լեզուն, հաղորդակցությունը ազգային մշակույթին և պատմությանը, ազգային ինքնագիտակցությունը և այլն։ Հատկապես սուր է լեզվի խնդիրը, քանի որ ԱՄՆ-ի, Կանադայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի և այլ քրիստոնյա աշխարհիկ երկրների հայերի շրջանում սերնդեսերունդ ավելի է նվազում մայրենի լեզվին տիրապետողների թիվը։ Իսկ նման իրավիճակում «...նրանց հետագա ազգային պատկանելությունը դառնում է անհայտ ու մշուշապատ։ Կորցնելով լեզուն և ազգային բնավորության ու հոգեբանության հիմնական գծերը, հետզհետե մթագնվում են ազգային ինքնագիտակցությունն ու ազգային շահի գիտակցումը»9։

Հայերի ուծացմանը նպաստող մեկ այլ կարևոր գործոն են խառնամուսնությունները, որոնք ավելի ու ավելի են տարածվում արևմտյան երկրների և Ռուսաստանի հայերի շրջանում։

Մերձավոր և Միջին Արևելքի երկրներում հայերը որոշակիորեն առանձնացված են և տարբերվում են տիրապետող իսլամական միջավայրից, ինչը զգալիորեն նպաստում է ազգային ինքնության հատկանիշների (լեզու, կրոն, մշակույթ, ազգային ինքնագիտակցություն) պահպանմանը և նվազագույնի հասցնում այլազգիների հետ ամուսնության դեպքերը, ինչը չի կարելի ասել արևմտյան երկրների և Ռուսաստանի հայության մասին։ Այս երկրներում հայերին հոգեհարազատ սոցիալ-քաղաքակրթական, արժեհամակարգային միջավայրը, ինչպես նաև քաղաքացիական ազատությունները միմյանց նկատմամբ բաց են պահում հայ համայնքներին և տվյալ երկրների հասարակություններին, ինչը լուրջ հիմք է փոխներթափանցման համար, սակայն, միաժամանակ լուրջ սպառնալիք է ստեղծում ազգային ինքնության պահպանմանը։

Առկա իրավիճակը, սակայն, մարտահրավերների հետ մեկտեղ ենթադրում է նաև որոշակի հնարավորություններ, որոնցից օգտվելը զգալի օգուտներ կբերի Հայաստանին և Սփյուռքին։ Այդպիսի հնարավորություններից կարելի է առանձնացնել երեքը.

1. Հայկական լուրջ կապիտալի ձևավորում։ Արևմտյան երկրները, ինչպես նաև Ռուսաստանը, դասվում են տնտեսապես զարգացած երկրների շարքին։ Այդ երկրներում տիրում է ներքին կայունությունը։ Այդ հանգամանքը, ինչպես նաև տնտեսական գործունեությամբ զբաղվելու լայն հնարավորությունները թույլ են տալիս տեղի հայերին ծավալել ակտիվ տնտեսական գործունեություն, ձեռք բերել տնտեսական կարողություններ, ինչի արդյունքում էլ ձևավորվում է հայկական սփյուռքի կապիտալի հիմնական մասը։ Պատահական չէ, որ սփյուռքահայ նշանավոր գործարարները, մեծահարուստները հիմնականում արևմտյան երկրներից ու Ռուսաստանից են (Ք.Քրքորյան, Վ.Հովնանյան, Ա.Աբրահամյան և այլք)։ Թեև կապիտալ ասելով հիմնականում հասկացվում է ֆինանսատնտեսական կարողությունը, սակայն դրա կողքին ավելորդ չի լինի որպես հնարավորություն դիտարկել նաև արևմտյան երկրների և Ռուսաստանի կառավարող կառույցներում, ֆինանսական և այլ հաստատություններում ընդգրկված և բարձր դիրքերի հասած հայերին։

2. Լոբբիստական գործունեության ծավալում։ Արևմտյան երկրներն իրենց քաղաքացիներին օժտում են հասարակական-քաղաքական գործունեություն ծավալելու ժողովրդավարական և քաղաքացիական լայն իրավունքներով և ազատություններով։ Սույն հանգամանքը, լավ ինքնակազմակերպվելու դեպքում, հնարավորություն է տալիս հայ համայնքներին ծավալելու հաջող լոբբիստական գործունեություն՝ ի շահ թե՛ Հայաստանի, թե՛ Սփյուռքի։ Այստեղ կարևոր գործոն է նաև այն հանգամանքը, որ Արևմտյան երկրները (ԱՄՆ, Կանադա, Ֆրանսիա), ինչպես նաև Ռուսաստանը ժամանակակից աշխարհի «ծանրքաշային» երկրներն են թե՛ տնտեսապես և թե՛ ռազմաքաղաքական ազդեցության իմաստով։ Ուստի, հատկապես այդ երկրներում իրականացվող լոբբիստական գործունեությունն ունի կարևոր նշանակություն։

3. Մտավոր ներուժի մեծացում։ Արևմտյան երկրների և Ռուսաստանի առավելությունը մյուս երկրների նկատմամբ, բացի տնտեսական և ռազմաքաղաքական ազդեցությունից, նաև զարգացած գիտատեխնիկական ենթակառուցվածքներ ունենալն է։ Հետևաբար, այդ երկրներում կրթություն ստացած և գիտատեխնիկական հաստատությունների գործունեության մեջ ընդգրկված հայերը կազմում են Սփյուռքի՝ բարձր չափանիշներին համապատասխանող մտավոր ներուժը։ Սա նշանակում է, որ ԱՄՆ-ի, Կանադայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի հայ համայնքները հնարավորություն ունեն տալու բարձրորակ կադրեր՝ գիտության ամենատարբեր բնագավառներում։ Իսկ այդ ներուժի ճիշտ գնահատումը և արդյունավետ օգտագործումը կարող է զգալիորեն նպաստել Հայաստանի զարգացմանը։

Այսպիսով, Սփյուռքում տեղի ունեցող «ժողովրդագրական» տեղաշարժերի հետևանքով այսօր, մի կողմից, ավելի սուր է դրված ազգային ինքնության պահպանման հարցը։ Մյուս կողմից, սակայն, «...հայկական սփյուռքի հիմնական մասը կենտրոնացած է զարգացած արդյունաբերական երկրներում՝ արդյունավետ գործառող ժողովրդավարական ինստիտուտներով»10, ինչը, զուգորդվելով բարձր մտավոր ներուժի հետ, նոր հնարավորություններ է բացում համազգային նպատակների իրականացման ճանապարհին։

1 Գասպարյան Ս., Սփյուռքահայ գաղթօջախներն այսօր. մշակութային կյանքի ուրվագիծ, Եր., Հայաստանի պետական հրատարակչություն, 1962, էջ 246:

2 «Հայ սփյուռք» հանրագիտարան, Եր., 2003, էջ 33։

3 Գասպարյան Ս., նշվ. աշխ., էջ 246։

4 «Հայ սփյուռք» հանրագիտարան, էջ 508։

5 Աղյուսակների աղբյուրները՝ Գասպարյան Ս., Սփյուռքահայ գաղթօջախներն այսօր. մշակութային կյանքի ուրվագիծ, Եր., Հայաստանի պետական հրատարակչություն, 1962, էջ 246 և «Հայ սփյուռք» հանրագիտարան, Եր., Հայկ. հանրագիտարան. հրատ., 2003)

6 Syria Surge: Expert says toppling Assad’s regime would endanger the Armenian community http://armenianow.com/news/politics/34004/middle_east_politics_impact_armenia

7 Սագօ Արեան, «Արաբական գարուն»-ը և Միջին Արևելքի հայությունը, http://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=6888

8 Ավանդաբար հայահոծ Ռուսաստանում, կապված հետխորհրդային շրջանում Հայաստանից դեպի այդ երկիր արտագաղթի հետ, հայերի թիվը էլ ավելի է մեծացել՝ կազմելով 2.2 մլն մարդ, «Հայ սփյուռք» հանրագիտարան, էջ 457։

9 Հակոբյան Ս., Փիլիսոփայության հիմունքներ, Եր., Երևանի համալս. հրատ., 1994, էջ 284։

10 Енгоян А.П., Идеологические основы социально-политических трансформаций в постсоветской Армении, Ер., Изд-во РАУ.



«Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 5, 2013

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր