ՍՏԱՄԲՈՒԼԻ ՀԱՅ ԿԱԹՈՂԻԿԵ ՀԱՄԱՅՆՔԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
«Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի ղեկավար
Ստամբուլի հայ առաքելական և ավետարանական համայնքներին պատկանող դպրոցներից զատ, Հայության կրթադաստիարակչական գործում մեծ գործ են կատարել և այսօր էլ այդ առաքելությունը շարունակում են իրականացնել հայ կաթողիկե համայնքի Մխիթարյան դպրոցները։ Մինչև Հայոց մեծ եղեռնը Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության տարբեր քաղաքներում գործում էին տասնյակ Մխիթարյան դպրոցներ։ Ցեղասպանության տարիներին՝ 1915-1923թթ., ոչ միայն Արևմտյան Հայաստանի, այլև Իզմիրի և կայսրության արևմտյան տարածքներում գործող Մխիթարյան դպրոցները հիմնահատակ ավերվեցին և ոչնչացվեցին։ Մինչդեռ Ստամբուլի Մխիթարյան դպրոցները խուսափեցին նման ճակատագրից։
Հանրապետական Թուրքիայի հռչակումից (1923թ.) հետո նախ արգելվեց Ստամբուլի Մխիթարյան դպրոցներում օտարազգիների ուսում ստանալը. դպրոցները դիտվում էին որպես փոքրամասնության վարժարաններ, ուստի, թույլատրվեց միայն հայկական ծագումով աշակերտներ ընդունել, իսկ տնօրեններ նշանակել միայն աշխարհականների՝ հոգևորականների փոխարեն, ելնելով լաիցիզմի (աշխարհիկության) դրույթներից։
Հետագայում՝ 1942-1943թթ., Թուրքիայի կրթության նախարարությունը փոքրամասնությունների վարժարանների փոխտնօրեններ էր կարգում հիմնականում թուրքերի, ինչը չողջունվեց թե՛ համայնքի և թե՛ Մխիթարյան հայրերի կողմից1։ Կառուցվածքային տեսանկյունից հայ համայնքի դպրոցներն անընդհատ ենթարկվել են փոփոխության, և արդյունքում՝ Մխիթարյան դպրոցները ևս կորուստներ ունեցան՝ հատկապես աշակերտների նվազման տեսքով։ Կարևոր է փաստել, որ պետությունն օրենսդրորեն վերահսկողություն է սահմանում թե՛ դասավանդվող առարկաների, թե՛ դպրոցի ղեկավարման և ուսուցիչների նշանակման վրա2, և դա վերաբերում է կրոնական-ազգային փոքրամասնություններին պատկանող բոլոր կրթական կառույցներին։
Այսօր Ստամբուլում գործում են հայ կաթողիկե համայնքին պատկանող 4 դպրոցներ, որոնք ենթարկվում են կրթության նախարարությանը։ Դրանք են՝
• Վիեննայի Մխիթարյան միաբանության Բանկալթիի վարժարանը, որն ունի մանկապարտեզ, նախակրթարան և միջնակարգ բաժիններ: Վարժարանը երկսեռ է3:
• Բոմոնթիի Մխիթարյան վարժարանը4:
• Սամաթիայի Անարատ Յղութեան վարժարանը:
• Բանկալթիի Անարատ Յղութեան վարժարանը:
Աղյուսակ 1-ում ներկայացված են հայ կաթողիկե համայնքի վարժարանների մասին 2010թ. տվյալներ5, որտեղ բացակայում են Բանկալթիի Անարատ Հղության վարժարանի վերաբերյալ տեղեկություններ.
Աղյուսակ 1
Վերջին ժամանակաշրջանում Ստամբուլի Մխիթարյանների մոտ ուսանելու են գալիս ոչ միայն կաթոլիկ հայեր, այլև առաքելական համայնքի անդամներ, խառնամուսնություններից ծնված երեխաներ։ Այս առիթով հետաքրքիր պարզաբանումներ է տվել Պոլսո Մխիթարյան վարժարանի տնօրեն Գարեգին Պարսամյանը. «Օրեցօր աճում են խառնամուսնությունները: Նրանք սերունդ են տալիս: Թեև այս երեխաներից ոմանք անձնագրով նշված են որպես մուսուլման, սակայն մեր դպրոցներում ստանում են հայ քրիստոնյայի դաստիարակություն: Մեծանալու դեպքում իրենք են որոշելու իրենց ազգային ինքնությունը»6: Պահանջված կարգի համաձայն՝ նախկինում հայկական վարժարաններ կարող էին հաճախել միայն հայ ծնողներ ունեցող երեխաները, սակայն կրթության նախարարությունը փոխել է այդ կարգը։ Այժմ վարժարաններ կարող են հաճախել նաև այն երեխաները, որոնց ծնողներից միայն մեկն է հայ։
Բանկալթի հայկական վարժարանի աշակերտներն աչքի են ընկել մի շարք համարձակ նախաձեռնություններով՝ թուրքական դասագրքերում հակահայկական արտահայտությունների հետ կապված։ Թուրքիայի ազգային կրթության նախարարի հետ հանդիպման ժամանակ վարժարանի սաները հայտնել էին իրենց անհանգստությունը դպրոցական դասագրքերում տեղ գտած հակահայկական արտահայտությունների վերաբերյալ՝ շեշտելով, որ լավ կլինի, եթե դրանք հանվեն։ Նախարարն էլ հանձնարարել է աշակերտներին իրեն ուղարկել հակահայկական արտահայտությունները։ Հայ աշակերտները կատարել են հանձնարարությունը, դասագքրքերում առկա հակահայկական արտահայտությունները գրանցել և ուղարկել են նախարարին7։
Ի տարբերություն Բանկալթիի՝ Բոմոնթի Մխիթարյան դպրոցը վերջին մի քանի տարիներին հայտնվել էր լինել-չլինելու խնդրի առջև։ Բանն այն է, որ դպրոցի շենքը «1936թ. հայտարարագրի» (1936 Beyannamesi) զոհ էր դարձել։ 1936թ. հայկական, հունական և հրեական համայնքներից պահանջվեց ներկայացնել իրենց պատկանող բոլոր համայնքային կալվածքների ցուցակը, որը կցվեց 1935թ. ընդունված 2762 թվակիր Կալվածքների օրենքին որպես հավելված և ստացավ «1936թ. հայտարարագիր» անվանումը։ 1936-1971թթ. զանազան դրդապատճառներով մի շարք տներ, հողակտորներ կամ կալվածքներ կտակի, նվիրատվության կամ ուղղակի վաճառքի միջոցով փոխանցվեցին համայնքային տարբեր խորհուրդների, սակայն, սկսած 1974 թվականից, թուրքական իշխանությունները հայտարարեցին, որ «1936թ. հայտարարագրում» չնշված կալվածքները չեն կարող համայնքային սեփականություն համարվել։ Դրանից հետո իշխանությունների կողմից հարուցվեցին դատական գործեր, և Կալվածքների տնօրինության ու գանձապետարանի միջոցով այդ կալվածքները պետականացվեցին8։
Կառույցը, «36-ի հայտարարագրի» վրա հիմնված դատական որոշմամբ, 1985թ. փոխանցվել էր Այաշի քաղաքապետարանին: Վաքըֆի (կալվածք) ղեկավարությունը, որն ստիպված էր վարձ վճարել այն շենքի համար, որը գնել էր ինքը, դիմել էր դատարան` 2011 թվականին ուժի մեջ մտած օրենքի դրույթում տեղ գտած որոշման շրջանակներում, որը նախատեսում է հասարակական հաստատությունների անվամբ գրանցված գույքերի վերադարձը համայնքային վաքըֆներին: Ստամբուլի 13-րդ հիմնարար իրավունքների դատարանում քննված սույն դատական գործն ավարտվեց հետևյալ վճռով. դպրոցական շենքը վերադարձնել վաքըֆին: Բոմոնթիի Մխիթարյան վաքըֆի ղեկավար Ռիտա Նուրնուրը մեծ գոհունակություն է հայտնել այս փաստի կապակցությամբ՝ ասելով, թե սույն դատական վճռի շնորհիվ վերացվել է նաև դպրոցի ապագայի անորոշության հարցը9։
Բոմոնթի Մխիթարյան դպրոցը հայտնվել էր աղմկահարույց պատմության մեջ. դպրոցի շենքի մուտքի առջև փակցված է եղել ցուցանակ Քեմալ Աթաթյուրքի՝ Թուրքիայում տարածված հայտնի արտահայտությամբ՝ «Երջանիկ եմ, որ թուրք եմ»։ Վարժարանի տնօրինությունը պարտադրեց տեղական ինքնակառավարման մարմիններին հանել այն, ինչը դժգոհության ալիք բարձրացրեց ինչպես հասարակությունում, այնպես էլ մամուլում։ Փոքրամասնություններին պատկանող դպրոցներում թուրքեր չեն սովորում, և հետաքրիր է, որ հատկապես նման դպրոցներն են հայտնվում այդպիսի իրավիճակում։
Այս կապակցությամբ հետաքրքիր պարզաբանում է տալիս հայ համայնքի ներկայացուցիչ Սասուն Էսթուքյանը. «Սա հայերին և դպրոցում կրթություն ստացող հայ երեխաներին ուղղված ուղերձ է։ Ավելին, Թուրքիայի ազգային հիմնի կատարման մրցույթները անց են կացվում առաջին հերթին ազգային փոքրամասնությունների դպրոցներում»։
Նույն իրավիճակում է հայտնվել Սամաթիայի թաղամասի առաքելական համայնքին պատկանող Սահակյան Նունյան հայկական դպրոցը։ Դպրոցի հոգաբարձու Ֆիլոր Ուլուքը բավական հիմնավոր պարզաբանումներ է տալիս. «Սեփական էթնիկ ինքնությունը մերժող մի ժողովուրդ ինչպե՞ս կարող է սեփական լեզվով ուսում ստանալ։ Մեր երեխաները մեզանից հարգանք են պահանջում։ Երեխաս մի օր ինձ ստախոս անվանեց։ Իմ այն հարցին, թե ինչու, պատասխանեց, որ մենք հայ ենք, իսկ դպրոցում մեզ ասում են, որ դուք թուրք եք»10։
Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ ազգային փոքրամասնությունների հանդեպ վարվող պետական քաղաքականությունում, անկախ նրանից, թե ինչ լծակներ ու մեթոդներ են ընտրվում, միևնույն է, դավանանքային տարբերությունը (լինի առաքելական, թե կաթոլիկ) էական դեր չի կատարում. առաջնայինն ազգայինն է, և այսպիսի խնդիրների առաջ են կանգնում ոչ միայն վերոհիշյալ համայնքների անդամները, այլև նրանց համայնքապատկան կառույցները։
Մխիթարյան դպրոցները, ըստ թուրքական աղբյուրների, բավական բարձրորակ կրթություն են ապահովում։ Վարժարանի աշակերտների բարձր առաջադիմության շնորհիվ 2012թ. Բանկալթիի վարժարանը Ստամբուլի 917 վարժարանների շարքում հայտնվել է լավագույն տասնյակում11։ Բոլոր շրջանավարտները հեշտությամբ հաղթահարում են նույնիսկ աշխարհի լավագույն համալսարանների ընդունելության քննությունները։
Այսպիսով, թեև Ստամբուլի հայ կաթոլիկ համայնքը մեծաթիվ չէ և առօրյա կենսագործունեության մեջ բախվում է բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ խոչընդոտների, սակայն դպրոցների առումով իրավիճակը համեմատաբար բարվոք է։ Համայնքն ունի ժամանակակից պահանջներին համապատասխանող և զարգացող կրթական հաստատություններ։
1 Համայնապատկեր Վիեննական Մխիթարեան հայրերու կրթական գործունէութեան, հատոր Ա, Իսթանպուլ, 2008, էջ 48։
2 Ռուբեն Մելքոնյան, Թուրքիայի հայության կրթական խնդիրների շուրջ, «21-ՐԴ ԴԱՐ», թիվ 4 (38), 2011, էջ 50։
3 Վիեննայի Մխիթարյան միաբանության Բանկալթիի վարժարանի պաշտոնական կայք, http://www.pangaltilisesi.k12.tr/default.asp
4 Բոմոնթիի Մխիթարյան վարժարանի պաշտոնական կայք, http://www.bomontiermeni.k12.tr/
5 Ռուբեն Մելքոնյան, Թուրքիայի հայության կրթական խնդիրների շուրջ, «21-ՐԴ ԴԱՐ», թիվ 4 (38), 2011, էջ 50։
6 Vercihan Ziflioglu, Armenian schools open doors to a different audience, Hürriyet Daily News, 30.01.2011.
7 Հայկական վարժարանը՝ լավագույններից մեկը Ստամբուլում..., http://daily.am/?p=4862&l=am
8 Ռուբեն Մելքոնյան, Ակնարկ Ստամբուլի հայ համայնքի պատմության, 1920-ականներից մինչև մեր օրերը, Երևան, 2010, էջ 33, Ավագյան Արսեն, Մելքոնյան Ռուբեն, Ստամբուլի հայ համայնքի արդի իրավիճակը, Երևան, 2009, էջ 32-48։
9 Bomonti Mıhitaryan Okulu'nun 27 yıllık mağduriyeti son buldu, http://agos.com.tr/haber.php?seo=bomonti-mihitaryan-okulunun-27-yillik-magduriyeti-son-buldu&haberid=3197, 2012/11/03։
10 Mehmet Akgül, Bu fotoğraftaki yanlışı bulun, http://www.evrensel.net/news.php?id=14753
11 Pangaltı Mıkhitaryan Ermeni Lisesi İstanbul'un en başarılı 10 Lise sıralamasında ilk 10 da, http://hyetert.blogspot.com/2012/04/pangalt-mkhitaryan-ermeni-lisesi.html
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ[24.09.2018]
- ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎ ԹՅՈՒՐՔԱԼԵԶՈՒ ԵՐԿՐՆԵՐԻ ՍՓՅՈՒՌՔԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ[25.04.2018]
- ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՄԵԴԻԱ-ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ [22.02.2018]
- ՍՓՅՈՒՌՔԻ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԵՐԸ. ՈՐՈՇ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ[27.07.2017]
- ԳԻՏԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔ-ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ[15.03.2017]
- «ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԿՀ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԵՍՏԱԿԵՍ ՍԻՄԱՎՈՐՅԱՆԻ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԻ ԱՎԱԳ ՓՈՐՁԱԳԵՏ ՎԱՀՐԱՄ ՀՈՎՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ «ԱՐԱՐԱՏ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ՀԻՄՆԱՔԱՐ» ԾՐԱԳՐԻՆ[06.07.2016]
- «ՆՈՐԱՎԱՆՔ» ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԵՍՏԱԿԵՍ ՍԻՄԱՎՈՐՅԱՆԻ ԵՎ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՓՈՐՁԱԳԵՏ, ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԳԻՏԱՇԽԱՏՈՂ ՋՈՆԻ ՄԵԼԻՔՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ «ԱՐԱՐԱՏ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ՀԻՄՆԱՔԱՐ» ԾՐԱԳՐԻՆ[11.03.2016]
- «ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԿՀ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԵՍՏԱԿԵՍ ՍԻՄԱՎՈՐՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ԱՐԱՐԱՏ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ՕՐԱԿԱՐԳ» ՀԱՂՈՐԴԱՇԱՐԻՆ[15.12.2015]
- ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ[17.06.2015]
- «ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԿՀ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԵՍՏԱԿԵՍ ՍԻՄԱՎՈՐՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ԱՐԱՐԱՏ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ՕՐԱԿԱՐԳ» ՀԱՂՈՐԴԱՇԱՐԻՆ[22.04.2015]
- ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ[12.02.2015]