ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼՐԱԳՐՈՂԻ ՀԱՅԵԱՑՔՈՎ Հայ Երեխաների Կրթութեան Խնդիրը Լոս Անջելեսում
Սօնա Քոչարեան«Մօտ 50 տարի առաջ մտադրուեցի ամէնօրեայ հայկական դպրոց հիմնադրել: Այդ ժամանակ պետական դպրոցի ուսուցիչ էի, երբ մի օր հասկացայ, որ օտար երեխաներին դասաւանդելու փոխարէն կ՛ուզենայի ամէն առաւօտ հայկական դպրոց մտնել: Շատերը թերահաւատօրէն էին մօտենում իմ այդ գաղափարին, բայց ես յամառ գտնուեցի», յիշում է Գաբրիել Ինջեջիկեանը՝ Միացեալ Նահանգներում առաջին հայկական կրթօջախի հիմնադիրը: Մի քանի տարուայ նախապատրաստական աշխատանքներից յետոյ, 1964 թուականի Սեպտեմբերի 14ին, 12 աշակերտներով բացուեց Լոս Անջելեսի Ֆերահեան վարժարանը: Առաջին ուսումնական տարուայ աւարտին դպրոցը 48 աշակերտ ունէր, իսկ մի քանի տարուայ ընթացքում նրանց թիւը հասաւ 4-5 հարիւրի: Հիմա դպրոցը մօտ 600 աշակերտ ունի: Այսօր Լոս Անջելեսում գործում են մէկ տասնեակից աւելի հայկական մասնաւոր դպրոցներ: Ինջեջիկեանը ցաւով նշում է, որ վերջին 20 տարիների ընթացքում այստեղ ընդամէնը մէկ հայկական դպրոց է աւելացել, փոխարէնը՝ մի քանիսը փակուել են:
«Երբ տեսայ, որ հայկական դպրոցներում ուսման վճարները գնալով բարձրանում են, իսկ աշակերտների թիւը՝ պակասում, մէկ այլ միտք ծնուեց. հիմնադրել պայմանագրեալ («չարթերային») դպրոց, որտեղ երեխաները հայերէն կը սովորեն: 1990 թուականին թողեցի աշխատանքս Ֆերահեան վարժարանում, շուրջս համախմբեցի ինձ գաղափարակից մի խումբ մարդկանց եւ միասին սկսեցինք աշխատանքներ տանել նման դպրոց բացելու ուղղութեամբ: Մի քանի տարի անց դիմում գրեցինք ու մեզ յաջողուեց արտօնագիր ստանալ», պատմում է Ինջեջիկեանը:
Յիշում է, որ սկզբնական շրջանում ամէնամեծ դժուարութիւնը աշակերտներ հաւաքելն էր: Այդ նպատակով շատ յայտարարութիւններ են տուել, հանդէս են եկել հայկական հեռուստատեսութեամբ: Ի վերջոյ, սրանից երեք տարի առաջ նրանց ջանքերով Լոս Անջելեսում բացուեց «Արարատ»ը՝ առաջին պայմանագրեալ դպրոցը, որտեղ ուսուցանւում է հայերէնը: Սկզբում դպրոցը միայն մէկ մասնաշէնք ունէր, եւ այնտեղ երեխաները կարող էին ուսում ստանալ մինչեւ երրորդ դասարան: Հիմա արդէն «Արարատ»ն ունի նաեւ երկրորդ մասնաշէնքը: Այս երեք տարիների ընթացքում դասարանների թիւն աւելացուել է, եւ այժմ դպրոցն աշակերտներին ուսուցում է մինչեւ հինգերորդ դասարան:
Վահէ Բուջեկեանը, ով առաջին տարին է, ինչ ստանձնել է «Արարատ» դպրոցի տնօրէնի պարտականութիւնները, նշում է, որ ապագայ ծրագրերից ամենաառաջնայինը դպրոցում վեցերորդ դասարան աւելացնելն է:
«Այս պահին աշակերտների թիւը մօտ 310 է, թէեւ մեր դպրոցը կարող է 350 աշակերտ ունենալ: Դպրոցը մեծ պահանջարկ ունի, սակայն ոչ բաւարար տարածք ունենալու պատճառով աշակերտների թիւը պակաս է: Միւս տարի երկրորդ մասնաշէնքում երկու նոր դասարան է բացուելու, եւ արդէն կը կարողանանք 350 աշակերտի տեղաւորել», խոստանում է Բուջեկեանը:
Դպրոցում հայերէնն ուսուցանւում է շաբաթական երեք ժամ: Եւս մէկ ժամ աշակերտներն ուսումնասիրում են իսպաներէն լեզուն: Այդ պատճառով էլ դպրոցում, թէեւ ոչ շատ, բայց կան նաեւ օտարազգի աշակերտներ:
Դպրոցում հանդիպեցի եւ զրուցեցի թէ՛ հայ, թէ՛ օտարազգի ծնողների հետ: Գոհ են նախ եւ առաջ դպրոցի ապահոված կրթութեան մակարդակից: Ուրախ են, որ անվճար հիմունքներով կարող են իրենց երեխաներին հայկական կրթութեամբ ապահովել: Որպէս առաւելութիւն նշում են նաեւ այն հանգամանքը, որ դպրոցը փոքր է, դասարաններում աշակերտների թիւը նոյնպէս շատ չէ, հետեւաբար ուսուցիչները իւրաքանչիւր երեխայի անհատական մօտեցում են ցուցաբերում: Ինչպէս նշում են ծնողներից մի քանիսը՝ «Դպրոցում ընտանեկան մթնոլորտ է տիրում»:
Անվճար կրթութիւն ապահովելուց բացի դպրոցը մասնաւոր հայկական դպրոցների համեմատ ունի եւս մէկ առաւելութիւն. այստեղ կարելի է ընտրութիւն կատարել՝ սովորել արեւելահայերէն, թէ արեւմտահայերէն: Դպրոցի աշակերտների եւ նրանց ընտանիքների մեծ մասը նախընտրում են արեւելահայերէնը, բայց կան նաեւ արեւմտահայերէն սովորող աշակերտներ: Երեխաները հիմնականում գերադասում են սովորել այն լեզուն, որով խօսում են իրենց ընտանիքներում:
«Արարատ» դպրոցի տնօրէնի կարծիքով հայ երեխայի դաստիարակութեան հարցում մասնաւոր դպրոցների առաւելութիւնն այն է, որ այնտեղ հայերէնի դասաժամերն աւելի շատ են՝ շաբաթը հինգ օր: Մէկ այլ առաւելութիւն է համարում այն, որ մասնաւոր դպրոցների դասացուցակներում ներառուած են կրօնի եւ հայ ժողովրդի պատմութեան դասեր: Պատճառն այն է, որ մասնաւոր դպրոցներն աւելի ազատ են իրենց դասացուցակները կազմելիս, մինչդեռ պայմանագրեալ դպրոցները պարտաւոր են իրենց դասացուցակները համապատասխանեցնել Լոս Անջելեսի միացեալ դպրոցների շրջանի (LAUSD) կողմից սահմանուած որոշակի չափորոշիչներին: Վերը նշուած պատճառներից դատելով՝ Բուջեկեանը համոզուած է, որ մասնաւոր հայկական դպրոցները միշտ էլ պահանջարկ կ՛ունենան:
Մերտինեան հայ աւետարանական դպրոցի տնօրէն Լինա Արսլանեանը նոյնպէս կարեւորում է իր խօսքով «հայ երեխայի քրիստոնէական եւ հայեցի դաստիարակութիւնը»: Պատմում է, որ իրենց մօտ իւրաքանչիւր աշակերտի օր աղօթքով է սկսւում: Նոյնչափ կարեւորում է իրենց դպրոցում հայոց լեզուի ամուր հիմքերը:
«Երբ աշակերտները մեր դպրոց են ընդունւում, առաջին անձը, ում հետ ամուր կապ է հաստատւում, հէնց հայերէնի ուսուցչուհին է: Ու քանի որ մեր դպրոցը ութամեայ է, յետագայում՝ աւագ դպրոց փոխադրուելիս, մեր աշակերտների հայերէնի պաշարն այնքան մեծ է, որ որեւէ դժուարութեան չեն հանդիպում», ասում է Արսլանեանը:
Երկրորդ տարին է, ինչ նա ստանձնել է դպրոցի տնօրէնի պաշտօնը: Սակայն մինչ այդ էլ շուրջ 15 տարի աշխատել է նոյն դպրոցում: Յիշում է, որ այն տարիների համեմատ իրենց դպրոցում էլ, ինչպէս միւս հայկական դպրոցներում, աշակերտների թիւը պակասել է: Համոզուած է, որ պատճառը մէկն է՝ ֆինանսական խնդիրները:
«Ծնողները չեն ուզում իրենց երեխաներին հանել հայկական դպրոցներից, բայց երբեմն ստիպուած են լինում», ասում է նա:
Թէեւ դպրոցի հոգաբարձութիւնը փորձում է աջակցել՝ երկրորդ կամ երրորդ երեխայի դէպքում զեղչեր տրամադրելով, բայց որոշ դէպքերում դա էլ բաւարար չէ: Մերտինեան դպրոցում ուսման վճարը իւրաքանչիւր երեխայի համար տարեկան 6200 դոլար է, որը բաժանւում է 10 ամիսների միջեւ: Եւս 600 դոլար է պահանջւում գրանցման եւ 100 դոլար դպրոցի հրատարակութիւնների համար: Դասագրքերը դպրոցն աշակերտներին անվճար է տրամադրում: Արսլանեանը նշում է, որ որոշ հայկական դպրոցներում ուսման վարձն աւելի բարձր է:
Մերտինեան դպրոցի տնօրէնը ողջունում է պայմանագրեալ դպրոցների բացման գաղափարը եւ ցաւով խոստովանում, որ իրենց դպրոցից էլ մի քանի աշակերտներ «Արարատ» դպրոց են տեղափոխուել: Ամէնաառաջնային պատճառներից մէկն այն է, որ երկու դպրոցներն էլ գտնւում են նոյն շրջանում՝ Վեն Նայսում:
Մերտինեան դպրոցում 3րդ դասարանից բարձր աշակերտների համար ընդունելութիւնն անցկացւում է քննութեան միջոցով: «Արարատ» դպրոցում ընդունելութիւնը տեղի է ունենում վիճակահանութեամբ: Շատերն են դիմում, սակայն դպրոց են ընդունւում առաւել յաջողակները:
Լոս Անջելեսում հայ երեխաների կրթութեան այլընտրանք են Շաբաթօրեայ եւ Կիրակնօրեայ դպրոցները: Հեղինէ Դեմիրճեանը երեք երեխայ ունի՝ երկու տղայ, մէկ աղջիկ: Երեքն էլ սովորել են հանրային ամերիկեան դպրոցում եւ միաժամանակ շաբաթօրեայ հայկական դպրոց են յաճախել: Տղաները վաղուց են աւարտել, իսկ աղջիկը՝ իննամեայ Լիլիթը չորրորդ դասարան է: Շաբաթօրեայ եւ կիրակնօրեայ դպրոցներում վճարները մատչելի են: Հեղինէն ամսական 30 դոլար է վճարում իր երեխայի կրթութեան համար: Նա պատմում է, որ Լիլիթին հայկական շաբաթօրեայ դպրոց տարաւ երկու տարի առաջ: Սկզբնական շրջանում հայոց լեզուն սովորելու դժուարութիւնների պատճառով աղջիկը մի քանի անգամ փորձել է հրաժարուել հայկական դպրոցից, բայց մայրը թոյլ չի տուել:
«Հիմա արդէն գրել ու կարդալ գիտի: Դեռ շատ վարժ չի, բայց ես էլ չեմ շտապում: Թող դանդաղ սովորի», ասում է Հեղինէն: Նա կարեւորում է, որ շաբաթօրեայ դպրոցում երեխային չեն ծանրաբեռնում, դասերը երեք ժամ են տեւում:
Լոս Անջելեսում կան թէ արեւելահայերէն, թէ արեւմտահայերէն սովորեցնող շաբաթօրեայ եւ կիրակնօրեայ հայկական դպրոցներ: Հեղինէն իր երեխաների համար ընտրել է արեւելահայերէնը:
Այդ լեզուով են խօսում նաեւ տանը:
Այդուհանդերձ, կնոջը դուր չի գալիս, երբ երեխաները տանից դուրս՝ ընկերների հետ հաղորդակցւում են անգլերէնով: Երբեմն նկատողութիւն է անում, բայց դա լուծում չէ:
Նոյն մտահոգութիւնն ունի նաեւ «Արարատ» դպրոցի հիմնադիր Գաբրիէլ Ինջեջիկեանը: Ասում է, որ դասերից յետոյ կամ զբօսանքների ժամանակ երեխաները անգլերէն են խօսում: Բայց նրա խօսքով, իրավիճակը նոյնն է նաեւ մասնաւոր դպրոցներում: Ամէն դէպքում փորձում են երեխաներին հնարաւորինս հայ դաստիարակել: Ինջեջիկեանի եւ «Արարատ» դպրոցի աշխատակազմի յաջորդ նպատակը մէկ այլ պայմանագրեալ դպրոցի ստեղծումն է: Այս մտադրութեան շօշափելի արդիւնքների մասին խօսել հնարաւոր կը լինի 2-3 տարի անց:
դեպի ետ