• am
  • ru
  • en
Версия для печати
02.02.2006

Հյուսիսային Կովկասում գազատարի պայթեցումների շուրջ

EnglishРуский

   

Գագիկ Տեր-Հարությունյան

Ինչպես հայտնի է, հունվարի 21-ի լույս 22-ի գիշերը պայթեցվեցին «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս», «Մոզդոկ–Թբիլիսի» գազատար մայրուղին Հյուսիսային Օսիայում և բարձրավոլտ Էլեկտրահաղորդագծերը Կարաչաեւո-Չերքեզիայում։ Գործողությունները կատարվել էին գրագետ, ճիշտ էր ընտրված նաև իրագործման պահը, ինչից հետևում է, որ դա գրոհայինների պատվիրատուների կողմից մանրակրկիտ մշակված ծրագիր էր։

Հատկանշական է, որ պայթեցումներից անմիջապես հետո ԱՄՆ Պետդեպարտամենտը հանդես եկավ հայտարարությամբ, որում շեշտվում էր, թե ամերիկյան կողմը տեղեկացված չէ պայթեցման պատճառների մասին և չգիտե, թե ովքեր են դրա հեղինակները։ Սակայն ԱՄՆ-ը «կոչ է անում ռուսաստանյան իշխանություններին պարզել այդ մանրամասները»։ Նշվում էր նաև, որ ԱՄՆ-ը հավանություն է տալիս այն փաստին, որ ՀՀ և Վրաստանի հարևանները օգնության ձեռք մեկնեցին վերջիններիս էներգետիկ ճգնաժամի պահին` հատուկ նշելով, թե այդ գործընթացին նպաստել է ամերիկյան դիվանագիտությունը։ Բնորոշ է, որ Պետդեպարտամենտի ներկայացուցիչն իր հայտարարությունում ակնկալում էր, որ գազատարը 2-3 օրում շտապ կվերանորոգվի, և «հայ ու վրացի ժողովուրդները կարող են հուսալ իրենց երկրների գազամատակարարման վերսկսման մասին»։

Պետդեպարտամենտի հայտարարությունը և դրանում արտահայտված հոգատարությունը հայ և վրացի ժողովուրդների նկատմամբ իրենց նախադեպը չունեն, և այդ ամենը կարելի է գնահատել որպես հրահանգ՝ ուղղված էներգակիրների հետ կապված գործընթացները լրացուցիչ քաղաքականացնելուն։ Պայթյունների համար պատասխանատվությունն անմիջապես դրվեց Ռուսաստանի վրա։ Ակտիվությամբ առանձնապես աչքի ընկան Թբիլիսին և Կիևը, իսկ Լեհաստանն առաջարկեց ստեղծել եվրոպական էներգետիկ անվտանգության համակարգ, այսպես կոչված, «Էներգետիկ ՆԱՏՕ», որպեսզի «դիմակայեն ռուսական գազային հարձակմանը»։ Գազամատակարարման այլ աղբյուրների (մասնավորապես՝ Աֆրիկայից) դիմելու մասին հայտարարեցին նաև եվրոպական մի քանի այլ երկրներ:

Այս առիթով նկատենք, որ հայկական ԶԼՄ-ն և ՀՀ հանրության զգալի մասը նույնպես հակված են այն տարբերակին, թե վթարները կազմակերպել է Ռուսաստանը։ Այս առիթով պետք է նկատել, որ ռուսական գազի սակագների հետ կապված քարոզչական գործառույթները ՀՀ-ում իրագործվում են փոքր-ինչ պարզունակ եղանակներով։ Դրանք դժվար թե արդյունավետ լինեն՝ հաշվի առնելով Կրեմլի կողմից ԱՊՀ երկրների նկատմամբ կիրառվող սկզբունքորեն նոր, ավելի կոշտ ռազմավարությունը։ Ներկա իրավիճակում պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ Ռուսաստանը որոշակի դերակատարում ունի հավասարակաշռելու ԼՂՀ խնդրի շուրջ ԱՄՆ հրահրած գործընթացները, և որ ՀՀ-ն ԱՄՆ-ի համար չունի այն ռազմավարական կարևորությունը, ինչ Ադրբեջանը։ Նման հակառուսական կամպանիան կարող է հանգեցնել նրան, որ ՀՀ քաղաքական ընտրանին հայտնվի մի իրադրության մեջ, երբ Ռուսաստանն արդեն ռազմավարական գործընկեր չի հանդիսանում, իսկ ԱՄՆ-ը դեռևս չի վերածվել այդպիսինի:

Վերադառնալով գազատարի պայթեցմանը՝ պետք է ամրագրել, որ գազի խնդրի համընդհանուր սրացման պայմաններում նման գործողությունները չեն կարող ձեռնտու լինել Մոսկվային, և «ռուսական պատվերի» տարբերակը գործնականում բացառվում է։ Գազամատակարարման ընդհատումները միայն վարկաբեկում են Ռուսաստանին և աշխատում հօգուտ այն վարկածի, թե նա հուսալի գործընկեր չի կարող լինել։ Մինչդեռ Կրեմլը իր նոր ռազմավարության հենքում դրել է էներգակիրների գործոնը և երբեմն անգամ վնասներ է կրում (ինչպես դա հաճախ տեղի է ունենում Ուկրաինայով Եվրոպա գազ առաքելիս), միայն թե պահպանի հուսալի մատակարարի իմիջը։

Իր հերթին, տրամաբանական է, որ էներգետիկայի ոլորտում Ռուսաստանի աշխարհատնտեսական ռազմավարության դեմ հանդես եկող հիմնական մրցակիցները պետք է փորձեին իջեցնել նրա վարկանիշը և «փչացնել իմիջը»։ Այս համատեքստում կասկած չի հարուցում, որ գազատարի պայթեցումներից ամենից շատ շահում են ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները։ Նման ահաբեկչական գործողությունները Վրաստանը լրացուցիչ «թեքում» են դեպի Թուրքիայի և Ադրբեջանի էներգակիրների շուկա, ինչը լիովին համապատասխանում է ԱՄՆ ռազմավարությանը (անգամ Իրանի հետ էներգետիկ համագործակցությունն այս համատեքստում ավելի նախընտրելի է)։

Նույն մոտեցումն է իշխում նաև Եվրոպա մատակարարվող գազի նկատմամբ, քանի որ այսօր հենց էներգակիրների մատակարարումների շուրջ են ընթանում Ռուսաստան-Եվրոպա տնտեսական համագործակցության և քաղաքական ինտեգրման գործընթացները։ Դա չի կարող ձեռնտու լինել ԱՄՆ-ին, քանի որ այդպիսով էլ ավելի են թուլանում ԱՄՆ-Եվրոպա կապերը։ Այս ամենի առիթով նկատենք, որ էներգետիկ գործընթացները միջազգային քաղաքականության ամենահրատապ խնդիրներից են դարձել։ ԱՄՆ-ում, Եվրոպայում և Ռուսաստանում վերջին ժամանակներս ձևավորվել են բազմաթիվ հետազոտական կենտրոններ (մասնավորապես՝ Ռուսաստանի ԱԳՆ Ակադեմիային կից վերջերս հիմնվել է հատուկ Էներգետիկայի ինստիտուտ), որոնք իրենց կառավարությունների և խոշոր ընկերությունների պատվերով փորձում են վերլուծել և կանխատեսել էներգետիկայի հետ կապված տնտեսական ու քաղաքական զարգացումները։

Սակայն, բացի աշխարհաքաղաքական տրամաբանությունից, Հյուսիսային Կովկասում տեղի ունեցած պայթյունների անգլոսաքսոնյան «հետքի» մասին են վկայում նաև այլ փաստեր։ Հայտնի է, որ Կովկասում հատուկ օպերատիվ գործողություններ կատարելու ամենալուրջ հնարավորություններ այսօր ունեն բրիտանացիները։ Նրանք մուտք են գործել տարածաշրջան դեռևս ցարական ու խորհրդային տարիներին և էապես մեծացրել իրենց ներկայությունը «պերեստրոյկայի» ժամանակ։ Հատկանշական է նաև, որ որևէ փաստացի «ամերիկյան հետք» Հյուսիսային Կովկասում առայսօր չի հայտնաբերվել։ Մինչդեռ շատ են հիշատակումներն անգլիացիների վերաբերյալ, այսինքն՝ այս տեղամասում գործի «պատասխանատու» «նշանակված» է Մեծ Բրիտանիան, որը հատուկ ծառայությունների գործառույթների ոլորտում ներկայացնում է նաև ԱՄՆ շահերը։ Հայտնի է նաև, որ հաճախ բրիտանական գաղափարների վրա հիմնված քաղաքական կամ հատուկ բնույթի նախաձեռնությունները ֆինանսավորում են ամերիկացիները։

Գաղտնիք չէ, որ «ականազերծման» բնագավառում գործող «Հալլո-Տրաստ» բրիտանական հասարակական կազմակերպությունը ստանձնել է չեչեն գրոհայիններին ականապատման տեխնիկա սովորեցնելու գործը։ Գաղտնիք չէ նաև, որ «Հալլո-Տրաստ»-ը բրիտանական MI6-ի կողմից ստեղծված կազմակերպություն է (հիշենք, որ «Հալլո-Տրաստի» մասնաճյուղը գործել է նաև ԼՂՀ-ում և ՀՀ-ում)։ Հյուսիսային Կովկասում կազմակերպված բազմաթիվ ահաբեկչական պայթեցումների «ձեռագիրը», ըստ փորձագետների, վկայում է, որ դրանց իրագործողները տիրապետում են բրիտանական մասնագետների հնարքներին և մեթոդներին։ Կա նաև հստակ տեղեկատվություն այն մասին, որ «Հալլո-Տրաստի» աշխատակիցներն իրենց «աշակերտներին» ոչ միայն սովորեցնում են ականապատման տեխնիկա, այլև հավաքագրում են նրանց։ Այս ամենը հիմք է տալիս կարծելու, թե պայթյունները Հյուսիսային Կովկասում իրագործում են բրիտանական ազդեցության տակ գտնվող գրոհայինները։

Դատելով ԶԼՄ-ում հայտնված հրապարակումներից՝ կարելի է համոզված լինել, որ «Հալլո-Տրաստի»՝ Կովկասում գործունեության իրական բնույթի և բրիտանական հատուկ ծառայությունների գործողությունների և, մասնավորապես, գազատարի պայթեցման պատվիրատուների մասին քաջատեղյակ են Ռուսաստանի հատուկ ծառայությունները։ Այդ է, մասնավորապես, վկայում պայթյունների հաջորդ օրն իսկ Մոսկվայի հեռուստատեսությամբ տրված հատուկ թողարկումը, որտեղ ներկայացվեցին փաստագրական կադրեր Ռուսաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աշխատակիցների լրտեսական ցանցի գործունեության մասին։ Հետևելով հատուկ ծառայություններում և հատկապես դեռ ԿԳԲ-ում ընդունված ավանդույթներին՝ նման հաղորդումով և հաջող գործողություններով ՖՍԲ-ն կարծես թե «նշեց» Կովկասում տեղի ունեցած պայթյունների հեղինակներին և պատասխան հարվածով «հավասարակշռեց» նրանց գործողությունները։ Բնորոշ է նաև, որ բացահայտված բրիտանական «դիվանագետները» խորհրդատվական և դրամական աջակցություն էին ցուցաբերում իրենց կողմից նախկինում հավաքագրված մոսկովյան մի քանի հասարակական կազմակերպությունների ղեկավարներին։ Այդ ՀԿ-ների թվում են «Եվրասիա» հիմնադրամը և «Հելսինկյան խումբը», որոնց մասնաճյուղերը գործում են նաև ՀՀ-ում։ Նշենք, որ վարկաբեկված «Եվրասիա» հիմնադրամը որոշում է ընդունել կազմալուծել իր մոսկովյան գրասենյակը (միևնույն ժամանակ հիմնելով նույն ոլորտում գործող մեկ այլ կազմակերպություն), իսկ ՖՍԲ մամլո քարտուղարը հայտարարել է, թե ռուսաստանյան ՀԿ-ների գերակշռող մասը հրահանգներ է ստանում և ֆինանսավորվում արևմտյան կառույցների կողմից։

Կարող է թվալ, թե մեր տարածաշրջանում էներգակիրների շուրջ ընթացող զարգացումները կրում են մարտավարական բնույթ և առանձնահատուկ ուշադրության արժանի չեն։ Սակայն ներկայիս իրողությանը հատուկ է սառը պատերազմի տարիներին բնորոշ կոշտությունը, որը այսուհետ բնութագրելու է ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները Կովկասյան տարածաշրջանում և այլուր։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր