• am
  • ru
  • en
Версия для печати
29.04.2013

ԱՐԺԵՔԱՅԻՆ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ

Руский

   

Աշոտ Ենգոյան
ԵՊՀ Քաղաքական գիտության պատմության և տեսության ամբիոնի վարիչ, ք.գ.դ.

Խորհրդային Միության փլուզումից և գաղափարաբարոյական ոլորտից կոմունիստական գաղափարախոսության դուրսմղումից հետո հետխորհրդային տարածքում ձևավորվեց թե՛ հոգևոր և թե՛ հոգեբանական վակուում, որն արագ լցվեց արևմտյան արժեքաբանական համակարգով: Ինչպես հաճախ է պատահում հեղափոխությունների ժամանակ, նախկին հանրապետությունների հասարակություններում տեղի ունեցավ արժեքների վերագնահատում, որն իր հերթին պահանջում էր ոչ միայն ընդհանուր առմամբ հասարակության գիտակցության, այլև քաղաքացիների առօրյա հոգեբանության արմատական փոփոխություն: Մինչ այդ գերակայող խորհրդային մտածելակերպը, որի ձևավորման համար ժամանակին գործում էր պետական հաստատությունների մի ամբողջ համակարգ, աչքի էր ընկնում հոգևոր արժեքների նախապատվությամբ, ինչն իրականացվում էր ի վնաս նյութականի: Դրան նպաստում էր ապագա «կոմունիզմի շինարարների» բարոյական հատկանիշների ձևավորումը, հատկանիշներ, որոնք բազմաթիվ ընդհանրություններ ունեին աստվածաշնչյան ճշմարտությունների հետ: Կոմունիստական կուսակցության ծրագրում ամրագրված խորհրդային անհատի «բարոյական կոդեքսը», շատ հետազոտողների կարծիքով, գործնականում կրկնում էր քրիստոնեական հիմնական պատվիրանները:

Հոգևոր արժեքների առաջնայնությանը հատկապես նպաստում էր նաև խորհրդային հասարակության սոցիալ-տնտեսական և քաղաքական վիճակը: Հայտնի է, որ տնտեսական և սոցիալ-քաղաքական ճգնաժամերի ժամանակ իշխող քաղաքական վերնախավը հակված է միջազգային զարգացման հարցում «խտացնել գույները», մատնանշել շատ քաղաքացիների ազգային-հայրենասիրական զգացումների բացակայությունը, որպեսզի վերջիններիս ուշադրությունը շեղի առօրյայի լուրջ խնդիրներից: Հաճախ, հատկապես ավտորիտար հասարակություններում, իշխող վերնախավը, հնարավորություն չունենալով ապահովել ժողովրդի նյութական բարեկեցությունը, ձգտում է պարզապես սահմանափակել նրա պահանջմունքները: Այնուամենայնիվ, այս հակասական միտումները թույլ տվեցին ձևավորել քաղաքացիների այնպիսի հոգևոր հատկանիշներ, որոնք օգնեցին նրանց հաղթահարելու բազում զրկանքներ և հասնելու նշանակալից ձեռքբերումների ու հաղթանակների:

Չպետք է մոռանալ, որ հատկապես քաղաքական գրագիտության բարձր մակարդակի և ինքնազոհության ունակության շնորհիվ էր, որ խորհրդային քաղաքացիները նախկին Խորհրդային Միության տարածքում կարողացան անցկացնել մի շարք «թավշյա հեղափոխություններ»: Ինքնագիտակցության և համոզմունքի նախանձելի աստիճանն ու իդեալների վերածննդի հավատն էր, որ համախմբեց հայ ժողովրդին՝ նախաձեռնելու և հաղթական ավարտի հասցնելու Արցախի ազգային-ազատագրական շարժումը: Հնարավոր է, որ հենց հասարակության հոգևոր արժեքների գերակայությունն էլ դարձավ այն էական նախապայմաններից մեկը, որը խթանեց նման գործընթացների հաջողությունը:

Հետխորհրդային հանրապետությունների անկախության առաջին տարիները բնութագրվում են ոչ միայն ազատական-լիբերտարիստական արժեհամակարգի, այլև նրա անխուսափելի ուղեկիցների՝ ազատական-ժողովրդավարական ինստիտուտների ներմուծմամբ, որոնք գործնականում արևմտյան երկրների լիարժեք կրկնօրինակումներն էին: Բազում տասնամյակների, անգամ հարյուրամյակների ընթացքում ձևավորված միջավայրում արևմտյան արժեքային-ինստիտուցիոնալ համակարգի կիրառումը չէր կարող ընթանալ հարթ, առանց հակասությունների ու ցնցումների: Բացի դրանից՝ ժողովրդավար հաստատությունների բուն էությունը չէր համապատասխանում այդ երկրներում իշխող հասարակական գիտակցությանը, որն էլ հանգեցրեց վերջիններիս նկատելի աղճատմանը:

Բարեփոխումների տարիներին զգալիորեն ավելացավ այն մարդկանց թիվը, որոնք ապրում էին աղքատության սահմանագծում: Չնայած ձեռնարկված շուկայական վերափոխումներին՝ ազատ մրցակցությունն այդպես էլ երևան չեկավ: Հասարակության կայուն հիմքը՝ միջին խավը, այդպես էլ չձևավորվեց: Աստիճանաբար տեղի ունեցավ տնտեսության մենաշնորհում, որն ուղեկցվեց վերջինիս փոքրամասնության իշխանության՝ օլիգարխիայի վերածմամբ: Չնայած Արցախյան շարժման ընթացքում քաղաքացիներն աչքի էին ընկնում քաղաքական որոշումների կայացման մեջ զանգվածային ներգրավվածությամբ, հետագայում, սակայն, զարգացավ ժողովրդի սոցիալական և քաղաքական օտարացումը: Եվրոպայում դարերով իրենց արդյունավետությունն ապացուցող ժողովրդավար շատ հաստատություններ հետխորհրդային իրականությունում ամլացան և հանգեցրին հասարակության սոցիալական արդարության ոտնահարմանը. կաշառակերությունն ու ամենաթողությունը ներթափանցեցին իշխանական կառույցներ և այլն: Ամերիկացի հետազոտող Ա.Պշևորսկին տնտեսության մեջ տեղ գտած կառուցվածքային ձևափոխումները պատկերավոր կերպով համեմատում է հորձանուտ նետվելու հետ. «Ժողովուրդը չգիտի՝ որտեղ է հատակը, և թե որքան ժամանակ նա կարիք կունենա պահել շունչը»1:

Նման պարագայում ժողովրդավարության հասկացությունն այլ կերպ ընկալվեց բնակչության այն մասի շրջանում, որն իրեն դասում էր «թշվառների» շարքը: Ժողովրդավարության և վերջինիս սոցիալական ոլորտում ունեցած հնարավորությունների միջև առաջացավ բեկում, քանի որ բարձրաձայնված արժեքները չդիմացան փաստացի իրականության փորձությանը: Ինչպես նշում է Ս.Հանթինգտոնը, «բարեկեցություն, բարգավաճում, հավասարություն, արդարություն, ներքին կարգ ու կանոն և արտաքին անվտանգություն ապահովելու մշտական անկարողությունը ժամանակի ընթացքում կարող է օրինականությունից զրկել անգամ ժողովրդավար կառավարությանը»2:

Գործնականում տեղի ունեցավ իրենց նախապատվություններով ու իդեալներով տոգորված հոգևոր երկու համակարգերի՝ զգացական-բարոյական ռոմանտիզմի և գիտակցական-հեղափոխական պրագմատիզմի պատմական հերթական բախումը: Խորհրդային բազում քաղաքացիներ հայտնվեցին շոկային վիճակում, որից այդպես էլ դուրս չեկան:

Ընդհանուր առմամբ, սակայն, 20-րդ դարի 90-ականների սոցիալ-քաղաքական ձևափոխումները դրեցին տնտեսական շուկայի հիմքը, խորացրին հասարակության սոցիալական շերտավորումը, ստեղծեցին անհրաժեշտ պայմաններ քաղաքական բազմակարծության առաջացման համար. ձեռնարկվեցին քայլեր՝ իշխանության ճյուղերի գործառույթները սահմանափակելու և հետխորհրդային հասարակության քաղաքական համակարգին նոր իմաստ հաղորդելու համար: Ընդհանրապես տեղի ունեցավ քաղաքական հին մեքենայի ոչնչացում և հասարակական նոր հարաբերություններ ձևավորելու փորձ կատարվեց:

Անցումային շրջանի հասարակություններում ազատականությունն առաջացրեց հավատ ժողովրդավարության ու վերջինիս մոտալուտ հաղթանակի հանդեպ: Հանրային կարծիքի հարցման արդյունքում, որը Գելափի ինստիտուտի կողմից 20-րդ դարավերջին կազմակերպվեց մի շարք անցումային երկրներում, այդ թվում նաև Հայաստանում, քաղաքացիների կեսից ավելին հավատում էր հասարակական կյանքի ժողովրդավարացման անհրաժեշտությանը: Հայաստանում այդ ցուցանիշը գերազանցեց բոլոր սպասելիքներն ու կազմեց հարցման ենթարկվածների 76%-ը3: Թեպետ նրանց, ովքեր գտնում էին, որ ժողովրդավարությունը կարևոր էր, հարցազրույցի ընթացքում տրվել էր երկրում ժողովրդավարության գոհացուցիչ մակարդակի վերաբերյալ մեկ այլ հարց: Այդ առումով հարցման ենթարկված քաղաքացիների միայն 20%-ն էր գոհունակություն հայտնել Հայաստանում գործող ժողովրդավար հաստատությունների գործառույթներից4:

Ազատական ժողովրդավարության այնպիսի անվիճելի սկզբունքներ, ինչպիսիք են անհատական ազատությունը, մարդու իրավունքների անձեռնմխելիությունը, իրավական պետությունը, խորհրդարանային ժողովրդավարությունը, բազմակարծությունը, քաղաքացիական հասարակությունը, մրցակցության վրա հիմնված տնտեսությունը և այլն, դարձան համամարդկային քաղաքական մշակույթի անքակտելի մասը: Հետևաբար, ժողովրդավար քաղաքական հաստատությունների կայացման ժամանակակից բարդությունները բացատրվում են նրանով, որ վերջիններիս արդյունավետությունը կախված է քաղաքական իրական երևույթներին աստիճանական հարմարվողականությունից: «Ժողովրդավարության հասնելու համար,- պնդում է ամերիկացի քաղաքագետ Դանկվարտ Ռասթոուն,- անհրաժեշտ է ոչ թե կրկնօրինակել արդեն գոյություն ունեցող ինչ-որ ժողովրդավարության սահմանադրական օրենքներն ու խորհրդարանական փորձը, այլ պետք է ունակություն ունենալ ազնիվ հայացք նետելու սեփական յուրահատուկ բախումներին և ընդունակ լինել հնարել կամ փոխառել դրանք լուծելու արդյունավետ միջոցներ»5:

Ներկայումս հետխորհրդային շատ երկրներում հասարակության զարգացման խթանման նպատակով անհրաժեշտ է փնտրել արժեքների այնպիսի համակարգեր, որոնք առավելագույնս կհամապատասխանեն սոցիալ-քաղաքական իրական երևույթներին ու տիրապետող հոգեբանությանը: Նման համապատասխանությունից ցանկացած էական շեղում դեպի ազատամտություն կամ, որ ավելի վատ է, դեպի «ձախություն» հասարակության քաղաքացիների համար հղի է նոր կտրուկ շրջադարձերով և զրկանքներով: Անցումային շրջանի շատ հասարակությունների, հատկապես հայ հասարակության համար արժեքային համակարգերի ժամանակավրեպ կրկնօրինակումն ու արմատական ազատականացումը կարող են հանգեցնել ողբերգական հետևանքների:

Այս առումով, հավանաբար, պետք է խորհել այն առավելությունների շուրջ, որոնք առկա էին խորհրդային ժամանակներում: Ներկայումս շատ հետազոտողներ երկյուղում են զննել ոչ այնքան վաղ պատմությունն ու առավել ևս այնտեղ ինչ-որ օգտակար բան փնտրել: Սակայն այդտեղ ի հայտ է գալիս քաղաքագիտության այդ ներկայացուցիչների հարմարվողականությունն ու անհատական կանխակալ վերաբերմունքը: Արդի սերնդի անցած ամբողջ պատմությունը չէ, որ լի է «հակաժողովրդական» վարչակարգի հանցավոր քայլերով: Այդ ժամանակներից կարելի է քաղել բազում արժեքավոր բաներ, որոնք հնարավոր է վերստեղծել կամ կյանքի կոչել, բայց ոչ թե հանուն «հսկա կայսրության» վերածննդի, այլ ի շահ սեփական ազգային դիմագծի նույնականացման ու պահպանման: Չէ՞ որ սեփական պատմությունից ու ավանդույթներից հրաժարումը, որին դրդում են շատ ազատական-լիբերտարիստներ, ինչպես նաև հասարակության մեջ պրագմատիզմի գերակայությունը տանում են դեպի սոցիալական միջավայրի «նյութականացում», և եթե բանական լինենք մինչև վերջ, ապա նպաստում են քաղաքացիների՝ նյութական բարիքների հասարակ սպառողների վերածմանը: Հանրության մեջ նման միտումն ու հոգևոր սկզբունքների նկատմամբ անհավատությունն էլ, հնարավոր է, հենց դրդում են մեր հայրենակիցներին կատարելու հուսահատ քայլեր, այն է՝ գաղթել երկրից: Այս հանգամանքով է բացատրվում Եվրոպայի և ԱՄՆ ներկա ժողովրդագրական պատկերը, ուր երկու տասնամյակ անց կամ գուցե ավելի շուտ գաղթականների տեսակարար կշիռը ձեռք կբերի սպառնալից ուրվագիծ:

Մեր կարծիքով՝ հետխորհրդային շատ երկրներ պետք է պարսավեն արժեքային նման համակարգերը, որպեսզի ապահովեն հոգևորի գերակայությունը նյութականի նկատմամբ: Միայն հասարակության նման թեքումը հնարավորություն կընձեռի ազգերին իսկապես վերածնվել ու հաստատել սոցիալական արդարությունը, որի մասին երազում էր արցախյան պատերազմում հաղթանակած սերունդը:

Առանձին վերցրած՝ այս երկրներն ի վիճակի չեն իրենց ներսում հաստատել արժեքային նման համակարգեր: Այն հակասում է Արևմուտքի՝ «համընդհանուր» ճանաչում գտած բարոյական չափանիշներին ու գլոբալացման (համաշխարհայնացման) գործընթացին: Միայն համատեղ ուժերով են նրանք ընդունակ գտնելու հոգևոր զարգացման առավել շահեկան ձևերը: Այս նպատակի համար առկա են նաև անաչառ նախապայմաններ՝ քաղաքացիների մտածելակերպի ընդհանրությունը, որի մասին մեկ անգամ չէ, որ նշել են Ռուսաստանի և Ղազախստանի նախագահներ Վ.Պուտինն ու Ն.Նազարբաևը:

Նախկին խորհրդային տարածքի ժողովուրդների մտածելակերպի ընդհանրությունն արտահայտվում է ամենուրեք՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալ-տնտեսական ոլորտում և թե՛ կենցաղում: Մեր ժողովուրդներին բնորոշ է միմյանց փոխըմբռնումը, որը պայմանավորված է պատմական անցած ճանապարհով, ինչպես նաև այն խնդիրների ու հիմնահարցերի ընդհանրությամբ, որոնց առնչվում են մեր հասարակությունները: Հարցն այն չէ, որ մեր ազգերը դեռևս չեն հասել արևմտյան արժեքներին համապատասխանող գիտակցականության մակարդակին: Չէ՞ որ ամեն ազգ ունի ազատական-լիբերտարիստական արժեքների իր սեփական տեսակետը: Ոչ ոք չի կարող պնդել, որ, օրինակ, Ճապոնիայում ժողովրդավարությունը տեղի բնակչության համար նվազ արդարացի է, քան եվրոպացիների կամ ամերիկացիների համար: Մեր տեսակետից, առանձին վերցրած, յուրաքանչյուր հասարակության մեջ էականն այն արժեքների և հաստատությունների գերապատվությունն է, որոնք առավելագույնս կիրառելի են նրա քաղաքացիների համար: Բացի դրանից՝ չի կարելի արևմտյան արժեքները դիտարկել որպես դրական կամ բացասական, արդարացի կամ անարդարացի: Ցանկացած արժեքներ հասարակության պահանջմունքի տեսակետից արժանի են հանդուրժողական վերաբերմունքի, ինչի մասին, ի դեպ, վկայում են հենց արևմտյան արժեքային սկզբունքները: Այսօրվա անցումային երկրների խնդիրներից է արժեքային համակարգի առավելագույն մոտեցումը հասարակության կարիքներին ու շահերին և այն հասարակությանը նախընտրելի դարձնելը:

Տվյալ նպատակին հասնելու ձևերի շուրջ խորհելն այլ հարց է: Մեր տեսանկյունից՝ այս խնդրի լուծումը սոսկ բարոյական և բարոյախրատական հիմքերի քարոզումը չէ. հիմնահարցին այսպիսի միակողմանի մոտեցումը հղի է հոգևոր ոլորտի բազում աղճատումներով ու բարոյազրկմամբ: Որքան էլ պարադոքսային է, սակայն այս հարցում ևս անհրաժեշտ է դասեր քաղել սոցիալիստական համակարգից: Հասարակության բարձր բարոյականությանը հնարավոր չէ հասնել սոսկ օրեցօր կրկնվող կոչերով: Ընդհակառակը, դա կարող է հասցնել գաղափարների և վարվելակերպի քարոզվող չափանիշների արժեզրկման: Հասարակության համապատասխան հոգեբանական արժեքներին հասնելու համար անհրաժեշտ է այն նախևառաջ համապատասխանեցնել սոցիալական իրականությանը կամ գոնե անընդմեջ հղկել: Իսկ դրա համար անհրաժեշտ է իշխող վերնախավի քաղաքական կամքի դրսևորում, ինչի շուրջ, մեր կարծիքով, պետք է խորհեն հետխորհրդային բոլոր երկրներում: Համաձայն որոշ հետազոտողների՝ «գոյություն չունի ժողովրդավարության այլ նախապայման՝ ազգային վերնախավի ժողովրդավար կերպով կառավարել սկսելու ցանկությունից բացի»6:

Ժամանակակից անցումային հետխորհրդային շատ հասարակությունների մտածելակերպն առաջին հերթին ուղղորդված է սոցիալական արդարության ձեռքբերմանը: Ընդ որում, արդարությունը միայն հավասար իրավունքների հաստատման և հավասար կեցության մեջ չէ, այլ նաև նյութական բարիքների համամասնական (ոչ հավասար) բաշխման մեջ: Քաղաքացիներից շատերը չեն ձգտում մասնակցել կառավարմանը, առավել ևս՝ քաղաքական որոշումների կայացմանը: Նրանց բավարարում է և այն հանգամանքը, որ «լուսավորված առաջնորդներն» անկեղծորեն հոգ են տանում իրենց բարեկեցության համար և հաստատում են արդարացի հասարակություն: Այս ամենին մեր երկրներում կարելի է հասնել շատ կարճ ժամանակում և անգամ առանց զարգացած ժողովրդավար հաստատությունների համակարգերի առկայության: Պետք է հիշել, որ մեր ազգերը միշտ պատրաստ են «ամուր ձգել գոտիները», միայն թե վստահ լինեն վաղվա օրվա հանդեպ և չկորցնեն հավատն իրենց երեխաների երջանիկ կյանքի նկատմամբ:

1 Пшеворский А., Демократия и рынок. Политические и экономические реформы в Восточной Европе и Латинской Америке, М., 2000, c. 258.

2 Хантингтон С., Третья волна. Демократизация в конце ХХ века, М., 2003, c. 312.

3 Տե՛ս http://www.gallupinstitute.ru/home.aspx.

4 Տե՛ս http://www.gallupinstitute.ru/home.aspx.

5 Растоу Д.А., Переходы к демократии: попытки динамической модели // Полис, 1996, № 5, c. 9.

6 Мельвиль А.Ю., Задержавшиеся и/или несостоявшиеся демократизации: почему и как? // Полис, 2010, № 4, c. 75.


«Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 4, 2013

դեպի ետ