Իրանի միջուկային ծրագրի շուրջ

Մարտի 8-ին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհուրդը որոշում ընդունեց ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Մ. Էլ-Բարադեյին հանձնարարել Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկացնել ՄԱԿ-ի ԱԽ: Չնայած որ ԱԷՄԳ տվյալ որոշումը չի նշանակում Իրանի «միջուկային դոսյեի» լիակատար հանձնումը ՄԱԿ ԱԽ, այն խորհրդանշում է Իրանի միջուկային ծրագրի հիմնախնդրի կարգավորման գործընթացում նոր կարևոր դերակատարի` ՄԱԿ ԱԽ հայտնվելը:
Ակնհայտ է, որ Իրանը ԱԷՄԳ-ից կարողացավ կորզել բավականին երկար ժամանակ, մինչ Իրանի միջուկային դոսյեն փոխանցվեց ՄԱԿ ԱԽ: Ժամանակի ձգձգման վերջին պատրվակը Ռուսաստանի հետ ուրանի հարստացման համատեղ ձեռնարկության ստեղծման բանակցություններն էին, որոնց հիմնական փուլն ավարտվեց անհաջողությամբ։
Սկզբունքորեն ընդունելով ռուսական առաջարկությունները՝ իրանական կողմը անցավ միայն իրեն հատուկ ոչ այնքան նշանակալի դետալների մանրակրկիտ, երկար ու դժվար քննարկումներին, որոնք էլ ավարտվեցին անհաջողությամբ:
Ինչևէ, առաջիկա ամիսներին Իրանի միջուկային ծրագրի հիմնախնդիրը, այսպես թե այնպես, գտնվելու է ՄԱԿ ԱԽ ուշադրության կենտրոնում, հիմնականում ԱՄՆ շնորհիվ:
ԱՄՆ-ը մարտի ընթացքում իրանական հիմնախնդիրը տեղափոխեց ինֆորմացիոն դաշտի առաջամաս: Սկսեցին իրար հաջորդել Դ.Չեյնիի, Դ.Ռամսֆելդի, Ք.Ռայսի հայտարարություններն այն մասին, որ Իրանը Իրաքում տեղի ունեցող անհանգստությունների հիմնական հովանավորն է, իսկ ԱՄՆ ռազմական գերատեսչության ներկայացուցչությունն Իրաքում հայտարարեց, որ Իրանը ոչ միայն սադրում է անհանգստություններն Իրաքում, այլև ակտիվ մասնակցություն է ունենում ահաբեկչությունների կազմակերպմանը: Խոսքը, ըստ ամերիկացիների, Իսլամական հեղափոխության պահապանների մասին է, որոնք անխտիր հատում են իրանա-իրաքյան սահմանը և ուղղորդում են ահաբեկչությունները ամերիկացիների և իրաքցիների նկատմամբ:
Այստեղ ի պաշտպանություն Իրանի՝ հարկ է նշել, որ ահաբեկությունների մեծ մասը կազմակերպվում են շիա մահմեդականների դեմ, որոնց իրավունքները ջանում է պաշտպանել Իրանը, և անհասկանալի է, թե ինչու է իսլամական հանրապետությունը պայթեցնում յուրայիններին:
ԱՄՆ-ը ինֆորմացիոն դաշտում հանդես է գալիս որպես Իրանի նկատմամբ անհապաղ պատժամիջոցների կիրառման կողմնակից:
Սակայն ԱՄՆ այս մոտեցումը զուտ ինֆորմացիոն և քարոզչական նպատակներ է հետապնդում, քանի որ Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը կարող է մեծ հարված հասցնել հենց առաջին հերթին ԱՄՆ ե ԵՄ տնտեսական շահերին: ԱՄՆ-ը այսօր Իրանի անուղղակի կարևորագույն տնտեսական գործընկերն է. համագործակցությունը երկու երկրների միջև տեղի է ունենում հիմնականում Դուբայում գրանցված, սակայն ամերիկյան ծագում ունեցող ընկերությունների միջոցով: Իրանական նավթը կարևորագույն դեր է խաղում ԵՄ և Ճապոնիայի էներգետիկ անվտանգության ապահովման ոլորտում:
ԱՄՆ-ը այսօր քարոզում է չվախենալ իրանական նավթի մատակարարման արգելափակումից, սակայն հենց իր տնտեսությունը մեծ վնաս կկրի Իրանի նավթային բոյկոտից, ինչը չի կարելի ասել Իրանի պաշտպան Ռուսաստանի մասին, որը Իրանի դեմ լիարժեք պատժամիջոցների կիրառման դեպքում, նավթի գների նշանակալի բարձրացման արդյունքում, ռուսաստանյան կտրվածքով կստանա եկամուտների հսկայական աճ: Միևնույն ժամանակ ժամանակավորապես կանհետանա Ռուսաստանի` իրանական գազի ԵՄ արտահանման հեռանկարների հետ կապված գլխացավը:
Ինչպես և Իրանը վերջին տարիներին, այնպես էլ ԱՄՆ-ը այսօր իրանական միջուկային խնդրի կարգավորման շրջանակներում փորձում է ժամանակ շահել: Իսկ ժամանակ, մինչ Իրանի միջուկային ռումբի ստեղծումը, հենց ամերիկյան որոշ փորձագետների կարծիքով, կա առնվազն երեքից հինգ տարի:
Սակայն ի տարբերություն Իրանի, որն ԱՄՆ անպատրաստվածությունը օգտագործում է սեփական մոտեցումների կարծրացման համար, ԱՄՆ-ը, օգտվելով այդ կարծրացումից, էլ ավելի են ուժեղացնում տեղեկատվական արշավն ընդդեմ իսլամական հանրապետության:
Ավելին, կարծիք է ստեղծվում, որ ԱՄՆ-ը հայտարարելով, թե չունի Իրանի միջուկային ծրագրի ռազմական լուծման ծրագիր, ավելի է սանձարձակում իրանական ղեկավարների ոչ միանշանակ և շատ անգամ ագրեսիվ հայտարարությունները:
Վերջիններս ԱՄՆ կողմից բավականին հաջող օգտագործվում են հակաիրանական քարոզարշավի համար:
Հաշվի առնելով, որ իրանական ռումբի ստեղծումը Իրանից դեռ որոշակի ժամանակ է պահանջելու և երկու օրվա խնդիր չէ, ԱՄՆ-ը ստիպված չի լինի վաղաժամկետ հարձակում իրագործել իսլամական հանրապետության դեմ:
Մանավանդ որ հարձակում իրականացնելու համար ամերիկացիները պետք է լուծեն մի քանի կարևոր աշխարհաքաղաքական և տարածաշրջանային հիմնախնդիրներ, որոնցից կարևորագույններն են`
- Իրաքում համեմատական հանդարտության հաստատում.
- Նավթի համաշխարհային գների կարգավորում.
- Ադրբեջանում ուղիղ ռազմական ներկայության ապահովում.
- Լեռնային Ղարաբաղի անվտանգության գոտում խաղաղապահ, այն է` ռազմական առաքելության հաստատում.
- Պակիստանի հետ հարաբերություններում տեղ գտած հիմնախնդիրների լուծում, վերջինիս տարածքում ժամանակավոր ռազմակայանների տեղադրում.
- Լիբանանյան հակամարտության թատերաբեմում որոշակի պայմանավորվածությունների ձեռքբերում, «Հըզբոլլահի» մասնակի մեկուսացում ու թուլացում և այլն։
Այս ուղղություններում որքան ակտիվ են ամերիկյան քայլերը, այնքան էլ ակտիվ են իրանական հակաքայլերը: Իրանը ակտիվորեն ընդդիմանում է իրաքյան կարգավորման ամերիկյան պլաններին, անթաքույց բացասական վերաբերմունք է ցուցաբերում Ադրբեջանում ամերիկյան ռազմակայանների տեղադրմանը, չի թաքցնում սեփական հակակրանքն այն ծրագրերին, որոնք կապված են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգության գոտում միջազգային խաղաղապահների տեղակայմանը:
Ակներև է Իրանի բարոյահոգեբանական ներկայությունը Պակիստանում վերջերս ընթացող հակաամերիկյան բողոքների շարքում, որոնցից շատերն ընթացան Իմամ Խոմեյնու նկարներով բողոքարարների ձեռքերում:
Միևնույն ժամանակ, չնայած, որ Իրանի նախագահ Ահմադինեժադի ելույթներին Իրանի բազմաթիվ քաղաքներում հավաքվում են տասնյակ հազարավոր մարդիկ, դժգոհությունը մայրաքաղաք Թեհրանում իսլամական հանրապետության ներքին և արտաքին քաղաքականության նկատմամբ բավականին մեծ է: Արևմուտքի հետ առճակատումը բացասական արձագանքներ է ստանում մայրաքաղաքային բնակչության շրջանում:
Եթե իրանական նավթային սեկտորի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը կարող է հարվածել առաջին հերթին պետության գրպանին, ապա ոչ նավթային պատժամիջոցներից կարող են տուժել իրանցի հարուստները, որոնց եկամուտների հիմնական մասը ստացվում է «արտահանման-ներկրման» միջոցով:
Ինչևէ, չնայած բավական կարևոր սոցիալական հիմնախնդիրներին, ներքին դժգոհություններն Իրանում այն ուժն ու թափը չունեն, որպեսզի արտասահմանյան մասնակցությամբ վերածվեն իշխանությունը տապալողների:
Առաջիկա ամիսները իրանական միջուկային ծրագրի շուրջ ընթացող գործընթացների համար լինելու են ակտիվ դիվանագիտության ամիսներ: Բացառված չէ, որ ՄԱԿ ԱԽ-ից իրանական միջուկային դոսյեյի հետ հիմնական աշխատանքների գործառույթը վերադարձվի ԱԷՄԳ, որի՝ հիմնախնդիրը կարգավորելու հեռանկարները կախված են ռուս-իրանական բանակցություններից, որոնք, հնարավոր է, շուտով վերսկսվեն:
Ընթացիկ ամիսներին հնարավոր է՝ Իրանի դիրքորոշումը փոքր-ինչ մեղմանա, ինչով կպայմանավորվի հարցի լուծման դիվանագիտական փորձերի ակտիվացումը: Հաշվի առնելով տարածաշրջանային գործընթացների փոխկախվածությունը` կակտիվանան նաև գործընթացները Հարավային Կովկասի անվտանգության և տարածքային վեճերի լուծման համակարգերի շուրջ:
Միևնույն ժամանակ, Իրանի դեմ ոչ նավթային պատժամիջոցների կիրառումը եթե նույնիսկ հնարավոր է, ապա՝ ոչ մոտակա ամիսների ընթացքում: Համենայն դեպս, դրանց հնարավոր կիրառումը բացասաբար կանդրադառնա Հայաստանի, Ադրբեջանի (առաջին հերթին՝ Նախիջևանի) տնտեսական անվտանգության վրա:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄԸ, ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ, ԳԻՏԵԼԻՔԸ, ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԸ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ. ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՓՈՐՁԸ[20.04.2015]
- ԻՐԱՆՆ ԱՐԴԵՆ ՇԱՀԵԼ Է ԱՄՆ-Ի ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ[15.04.2015]
- ԻՐԱՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ. «ՍԱՌԵՑՄԱՆ» ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ[02.02.2015]
- ՆՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ[26.05.2014]
- ԻՐԱՆ – ՀԱՅԱՍՏԱՆ ՏԱՐԱՆՑԻԿ ԳԱԶԱՄՈՒՂ (ԴԻՍԿՈՒՐՍԻ ՆԵՆԳԱՓՈԽՈՒՄ)[17.03.2014]
- ԻՐԱՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ[06.02.2014]
- «ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԿՀ ՓՈԽՏՆՕՐԵՆ ՍԵՎԱԿ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԸ` ԱՐՄՆՅՈՒԶ ԼՐԱՏՎԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԻ «ԲԱՆԱՁԵՎ» ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՀՅՈՒՐ [23.12.2013]
- ԷԺԱՆ ԻՐԱՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՄԻՖԵՐԸ[18.12.2013]
- Ս. ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ. ՌՈՒՍԱԿԱՆ ԷԺԱՆ ԳԱԶ ՆԵՐԿՐԵԼՈՒՆ ԵՎ ՀԱԷԿ-Ի ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆԸ ԶՈՒԳԱՀԵՌ ՊԵՏՔ Է ՄՏԱԾԵԼ ԱՅԼԸՆՏՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ[09.12.2013]
- ՍԵՎԱԿ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀ ԿԱ ՄԻԱՅՆ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ[09.12.2013]
- ՄՄ–ԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԿԱՐՈՂԱՆԱ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՑԱԾՐ ՍԱԿԱԳՆԵՐ ԱՊԱՀՈՎԵԼ. ՓՈՐՁԱԳԵՏ[12.09.2013]