«ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՄԵԾԱԳՈՒՅՆ ԽՆԴԻՐԸ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԹԱՐՄԱՑՈՒՄՆ Է»
2011 թվականի սեպտեմբերի 2-9-ը Բեյրութում կազմակերպվեց «Հայաստան-Սփյուռք գործակցություն. երեկ, այսօր և վաղը» խորագրով գիտաժողով, որի ժամանակ հայտարարվեց հիմնումը Հայկազյան համալսարանի Սփյուռքի ուսումնասիրության կենտրոնի: Օրերս Հայաստան էր ժամանել կենտրոնի տնօրեն Անդրանիկ Տագէսեանը՝ մասնակցելու «Հայկական ինքնության խնդիրները 21-րդ դարում» խորագրով գիտաժողովին: Նրա հետ զրուցել է «Հայերն այսօրի»թղակիցը:
- Պարո՛ն Տագէսեան, Սփյուռքի ուսումնասիրության կենտրոնը մեկուկես տարի առաջ է հիմնադրվել: Կենտրոնն ի՞նչ գործունեություն է իրականացնում:
- Կենտրոնի հիմնական նպատակն այն է, որ զբաղվում է Միջին Արևելքի հայկական համայնքների պատմությամբ, ուսումնասիրությամբ: Առաջ է մղում այդ բնույթի ուսումնասիրությունները, հատկապես հետեղեռնյան հանգրվանը, որովհետև Սփյուռքի մասին ենք խոսում: Արխիվայնացման աշխատանք, գիտաժողովներ կամակերպելու խնդիր ունենք, նաև քաջալերում ենք, որ հայագիտական, սփյուռքագիտական ուսումնասիրություններ կատարվեն, օգնում ենք նյութեր հայթայթել, գիտական, մասնագիտական խորհուրդներ ենք տալիս:
- Պարո՛ն Տագէսեան, անդրադառնանք «Հայկական ինքնության խնդիրները 21-րդ դարում» խորագրով գիտաժողովին. դուք ներկայացրիք «Հայ ազգանունները իբրև ինքնության խորհրդանշան և անոնց աղավաղումը» զեկույցը: Ինչո՞ւ էիք ընտրել այս թեման:
- Ցանկացա տեսնել, որ մեր մականունները, ազգանունները որքանով են առնչվում ինքնության խնդրին և ինչ փոխադարձ ազդեցություն ունեն: Կարծես քիչ մը ձևական, մակերեսային վիճակ կա. եթե միջավայրը չլինի, լրիվ ուրիշ պատկեր կարող է առաջանալ: Այս պատճառով է, որ առաջարկեցի, որ եթե Ցեղասպանության հետ հիշողության խնդիրը սկսել է արդեն նահանջել (ինչը մեր ինքնության հիմնական բաղադրատարրն է), ոչ թե պետք է փոխարինել այն, այլ անհրաժեշտ է նոր, ժամանակակից գործոններով մեր ինքնությունը վերաթարմացնել: Սա է իմ գլխավոր մտասևեռումը: Երբ երիտասարդը չի իմանում իր ընտանիքի, գերդաստանի պատմությունը, չի կարող սահմանել, արտահայտվել այդ մասին, միայն ենթագիտակցության մեջ են որոշ բաներ առկա, ապա զգացականից անդին ոչինչ չի արմատավորվի նրա մեջ: Սա մեծ խնդիր է. եթե այսօր չարմատավորվի, հաջորդ սերունդն ավելի մակերեսային կարող է դառնալ: Հետևաբար պետք է ուրիշ աշխատանք տանել, պետք է ոչ թե այն փոխարինել, այլ անհրաժեշտ է նոր գործոններ, նոր ազդակներ, բաղադրատարրեր ավելացնել ինքնությանը:
- Ազգանունների աղավաղումը ինչո՞ւ կամ ինչպե՞ս է կատարվում:
- Հիմնականը լեզվական խնդիր է: Համեմատենք հայերեն և արաբերեն լեզուները. արաբերենում «չ» «ձ» հնչյուններ չկան, որոնց բացակայությունն էլ խնդիրներ են առաջացնում և ամբողջությամբ իմաստափոխություն է տեղի ունենում, ամբողջ պատկերն է փոխվում, որը որոշ դժվարություններ է առաջացնում: Օրինակ՝ Մարինա Դիարբի, այս անվան ո՞ր մասը հայկական կարող ես զգալ, եթե պարզապես անունը կարդաս, բայց նա հայ աղջիկ է, կամ Թլզին, ով ևս հայ աղջիկ է:
- Ազգանունների աղավաղումը ինքնությունը կարո՞ղ է վտանգել:
- Եթե ենթական հայկական միջավայրում է, այնքան էլ չէ: Որովհետև միշտ իրեն գիտակից կպահենք, օրինակ՝ հաճախ ենք ասում, որ դու հայ ես, հայերեն ես խոսում, բայց «յան» չունես, ի՞նչն է պատճառը: Եվ նա միշտ գիտակից վիճակում է լինում: Բայց երբ նա ոչ հայկական միջավայրում է և հայերեն չի խոսում, ոչ ոք նրան չի ասի, թե գիտ՞ես՝ հայ ես, բայց ինչո՞ւ մականունդ «յան» չունի: Միջավայրը շատ կարևոր է, հետևաբար եթե մեր միջավայրում ազգանունների աղավաղումը չի ազդում, ապա ոչ հայկական միջավայրում անպայմանորեն պիտի ազդի և ազդի ժխտապես: Նույնիսկ լինում են դեպքեր, երբ ասում են, թե ինչո՞ւ պետք է փոխեմ, այսպես լավ է, տարբերություն չկա, «յան»-ով չէ, որ պետք է որոշվի իմ հայկականությունը: Այլ գաղափարներ էլ կան:
- Շատ երկրներում մարդիկ ազգանունը փոխում են տվյալ հասարակությանն ավելի հեշտ ինտեգրվելու համար: Կարծում եմ՝ սա ևս մտահոգիչ է:
- Սա ևս խնդիր է: Օրինակ՝ ռուսահայերի պարագան ուրիշ է, բայց մենք Ցեղասպանությունից բխած վիճակ ունենք և հետևաբար պետք է հակադրվենք ձուլմանը: Հայրենալքությունը նույնպես վտանգում է ինքնությունը, հայրենալքությունը համարվում է մերժողական ինքնություն: Ես ժխտում եմ այսպիսի ինքնությունը:
Սփյուռքահայի պարագայում այդպես չէ, Ցեղասպանության հետևանքով մենք դուրս ենք դրված մեր հայրենիքից: Այս երկուսը ամբողջովին տարբեր են, ելակետերը տարբեր են: Հետևաբար դժվար է հավասարաչափ զուգահեռներ գծել:
- Ձեր կարծիքով ՝ «յանը» շա՞տ բան է որոշում:
- «Յանը», թեկուզ ձևականորեն, շատ բան է որոշում, երիտասարդների պարագայում հատկապես: Երևի բոլորս ենք տարբեր տեղերում, օրինակ՝ ֆիլմերի տիտրերում «յան»-ով վերջացող ազգանուններ փնտրում: Կարծես այս քայլով փորձում ենք մեծի, հզորի մաս կազմել, ուզում ենք առնչվել, պատկանել, ուզում ենք շարունակել:
- Վերջում կցանկանայի, որ նշեիք, թե ինքնության հիմնական խնդիրները որո՞նք են:
- Ես կարծում եմ, որ այսօրվա դրությամբ հայկական ինքնության մեծագույն խնդիրը ինքնության վերաթարմացումն է, որովհետև հայությանը, մեզ բոլորիս իրար կապող օղակը կարծես ավելի շատ մեր անցյալն է, այլ ոչ թե ներկան: Եթե այդպես է, ապա դա շատ վտանգավոր երևույթ է: Եթե ես, դուք մեր անցյալը շատ մակերեսորեն գիտենք, փաստորեն մեր կապը շատ մակերեսային է ստացվում: Հետևաբար, մեր կապը այսօրվա հիմամբ պետք է լինի, հայկական ինքնության այսօրվա բաղադրիչներ պետք է առաջացնենք, այլ ոչ թե այդ բաղադրիչները միայն անցյալին պետք է պատկանեն:
Զրուցեց Լուսինե ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸդեպի ետ