• am
  • ru
  • en
Версия для печати
23.11.2006

Ռուսաստան-ԵՄ. էներգետիկ ոլորտի համագործակցության հիմնախնդիրներ

   

Սևակ Սարուխանյան

2006թ. հոկտեմբերի 9-ին ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերության խորհուրդը որոշում ընդունեց սեփական ուժերով, առանց արտասահմանյան ընկերությունների մասնակցության, սկսել գազի արտահանումը Շտոկմանի գազի հանքավայրում։ Շտոկմանի հանքավայրը խոշորագույններից է Ռուսաստանի տարածքում, գտնվում է Բարենցի ծովի ռուսաստանյան հատվածի կենտրոնական մասի շելֆում։ Հանքավայրի ընդհանուր պաշարները, ըստ 2006-ի հունվարին ՌԴ կառավարությանը ներկայացրած հաշվետվության, կազմում են 3,7 տրլն մ3 գազ։

«Գազպրոմի» որոշումը կարելի է համարել բեկումնային ռուս-եվրոպական էներգետիկ երկխոսության ոլորտում, եթե հաշվի առնվեն մի քանի կարևոր հանգամանքներ.

  1. «Գազպրոմի»՝ սեփական ուժերով հանքավայրի զարգացման ապահովման մասին որոշումը հակասում էր եվրոպական ընկերությունների հետ ձեռք բերված պայմանավորվածություններին։ Համաձայն դրանց՝ «Գազպրոմը» 2005-ի սեպտեմբերին հրապարակել էր այն ընկերությունների ցուցակը, ում պատրաստվում էր հրավիրել հանքավայրի զարգացմանը (տեղեկատվությունը հրապարակվել էր ընկերության պաշտոնական կայքում)։ Դրանք էին նորվեգական «Ստատօյլը» և «Հիդրոն», ամերիկյան «Շևրոնն» ու «ԿոնոկոՖիլիփսը» և ֆրանսիական «Տոտալը»։
  2. «Գազպրոմի» որոշման մեջ հատուկ ուշադրության է արժանի այն փաստը, որ ընկերությունը նպատակահարմար է համարում Շտոկմանից գազի արտահանումը գազատարների միջոցով։ Սա, իր հերթին, ևս մեկ կարևոր որոշում է, քանի որ Շտոկմանի հանքավայրում եվրոպացիների կողմից պետք է կառուցվեր գազի հեղուկացման գործարան։ Ռուսաստանն ինքը սեփական ուժերով տեխնոլոգիապես չի կարող կառուցել նման ձեռնարկություն1։

Փաստորեն, «Գազպրոմի» որոշումը եվրոպական ընկերություններին զրկում է հնարավորությունից՝ մասնակցել Ռուսաստանի տարածքում գազի ամենախոստումնալի նոր հանքավայրի զարգացմանը՝ սեփականատիրոջ իրավունքով։ Ակնհայտ է, որ նույն եվրոպական ընկերությունները զուտ կապալառուի իրավունքներով կհրավիրվեն հանքավայրի մշակմանը (այսպիսի հրավեր, հավանաբար, շուտով կուղղվի Սախալինում «տուժած» «Ռոյալ/Դատչ Շել» ընկերությանը) և գազատարի կառուցմանը, սակայն հանքավայրի միակ սեփականատեր կմնա ռուսաստանյան պետական «Գազպրոմ» ընկերությունը։

Ինչի՞ մասին կարող է վկայել ռուսաստանյան դիրքորոշման կարծրացումը ԵՄ-ի հետ էներգետիկ համագործակցության հարցում, և կարելի է՞, արդյոք, խոսել ԵՄ-Ռուսաստան էներգետիկ երկխոսության ավարտի մասին։

Նախ՝ անդրադառնանք այն հարցին, թե ինչ է Ռուսաստան-ԵՄ էներգետիկ երկխոսությունը։

Ռուս-եվրոպական էներգետիկ երկխոսության գաղափարն առաջին անգամ հայտնվել է 1986թ. և հնչեցվել է այն ժամանակ Նիդեռլանդների վարչապետ Ռ.Լյուբերսի կողմից, որն առաջարկում էր ԽՍՀՄ-ն ընդգրկել եվրոպական էներգետիկ համակարգի մեջ։ Այս մոտեցման և Արևելյան Եվրոպայի Արևմուտքին ինտեգրման անհրաժեշտության արդյունք դարձավ 1991թ. ընդունված Էներգետիկ խարտիան, որը 1994թ. ստորագրվեց, սակայն չվավերացվեց Ռուսաստանի կողմից։

Բուն էներգետիկ երկխոսության սկզբի հիմքում ընկած է 1997թ. Ռուսաստանի և ԵՄ-ի միջև կնքված Գործընկերության և համագործակցության մասին համաձայնագիրը։ Էներգետիկ երկխոսության հիմնական նպատակներն են.

ԵՄ-ի համար

Հաշվի առնելով այն, որ ԵՄ-ում էներգիայի օգտագործումն արագ տեմպերով աճում է, իսկ դրան զուգահեռ՝ սպառվում են Հյուսիսային ծովի պաշարները, ԵՄ-ը առավել քան հետաքրքրված է ռուսաստանյան էներգակիրների հետագա ստացմամբ։ ԵՄ ներկայիս էներգետիկ քաղաքականությունը, ընդհանուր առմամբ, կարելի է բնութագրել որպես՝

  1. սեփական միջուկային էլեկտրաէներգիայի և նոր էներգետիկ տեխնոլոգիաների ոլորտի զարգացում (արևային, բիոդիզելային և թերմալ),
  2. ռուսաստանյան ռեսուրսների հետագա օգտագործում,
  3. իրանական և միջինասիական գազի ԵՄ-ին մատակարարման ապահովում։

Այս տեսանկյունից Ռուսաստանի դերը ԵՄ-ի համար բավական կարևոր է, քանզի ՌԴ-ում էներգակիրների արտահանումն ավելանալու է գրեթե այն նույն տեմպերով, որոնցով ավելանալու է էներգակիրների օգտագործումը ԵՄ-ում։

Աղյուսակ

Ռուսաստանում նավթի և գազի արտադրության, ԵՄ արտահանման և ԵՄ-ում սպառման աճը 2000-2020թթ.


ՌԴ-ՈՒՄ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՃԸ 2000-2020ԹԹ. ՌԴ ԵՄ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԱՃԸ 2000-2020ԹԹ. ԵՄ-ՈՒՄ ՍՊԱՌՄԱՆ ԱՃԸ
Նավթ 200 մլն տ 60% 32 մլն տ 25% 170 մլն տ 40%
Գազ 150 մլրդ մ3 25% 31 մլրդ մ3 23% 300-400 մլրդ մ3 150-200%
Աղբյուր. Ռուսաստանի էներգետիկ ռազմավարությունը մինչև 2020թ.։

Ակնհայտ է, որ ռուսաստանյան էներգակիրները բավական կարևոր են ԵՄ-ի համար, և այս տեսանկյունից բավական հրատապ է դառնում Ռուսաստանի էներգետիկ քաղաքականության անկախության սահմանափակումը, որը և կոչված է ապահովելու Էներգետիկ խարտիան։ ԵՄ-ի համար խարտիայի սկզբունքներից կարևոր են հետևյալները.

  1. ՌԴ-ն չպետք է արգելքներ ստեղծի օտարերկրյա ընկերությունների համար՝ ներդրումներ կատարելու նավթի և գազի արտադրության ոլորտում, ինչպես նաև սեփական ուժերով կառուցելու խողովակաշարեր ռուսաստանյան նավթը և գազը ԵՄ արտահանելու համար,
  2. ՌԴ-ն զրկվում է ցանկացած իրավունքից (համաձայն խարտիայի 7-րդ հոդվածի)՝ դադարեցնել գազի կամ նավթի մատակարարումը՝ կապված այս կամ այն քաղաքական հիմնախնդրի հետ կամ ֆինանսական կարճաժամկետ անհամաձայնությունների պատճառով (եթե Ռուսաստանը վավերացրած լիներ խարտիան, ապա 2005/2006թթ. ձմռանը Ուկրաինայի գազամատակարարման դադարեցումը կլիներ անհնար)։
    1. Ազատականացնել գազա- և նավթատարների ոլորտը և թույլ տալ արտասահմանյան ընկերություններին օգտվել դրանցից նույն պայմաններով, որոնցով խողովակաշարերն օգտագործվում են ռուսաստանյան ընկերությունների կողմից։ Որպես հետևանք՝ Ռուսաստանը ստիպված կլինի վերացնել պետական «Տրանսնեֆտի» և «Գազպրոմի» մենաշնորհը խողովակաշարերի հարցում, որով կվերացվի վերահսկողությունը «նավթային/գազային ընկերություն – եվրոպական սպառող» հարաբերությունների ոլորտում։
    2. Չխոչընդոտել երրորդ պետությունների կողմից ռուսաստանյան խողովակաշարերի օգտագործմանը ԵՄ նավթ և գազ արտահանելու համար, բացի դրանից՝ օտար ընկերություններից գազա- և նավթատարների տրանզիտային նպատակներով օգտագործման համար գանձել նույնքան տուրք, որքան սեփական ընկերություններից։ Որպես հետևանք՝ Ռուսաստանը կարող է կորցնել վերահսկողությունը Ղազախստանից, Ուզբեկստանից և Ղրղըզստանից ԵՄ գազի արտահանման վրա, չնայած այդ արտահանումը կկատարվի բուն ռուսաստանյան տարածքով։
  3. Ռուսաստանի համար

    Ռուսաստանի համար կարևոր է պահպանել ԵՄ հիմնական էներգետիկ մատակարարի դերը։ Այսօր, օրինակ, ռուսաստանյան նավթի արտահանման 78, գազի արտահանման ավելի քան 60%-ն ընկնում է ԵՄ երկրների վրա։ Ցավոք, Ռուսաստանի համար ռուսաստանյան գազի ոչ եվրոպական հեռանկարային գնորդները (խոսքն առաջին հերթին Չինաստանի մասին է) բավարար գնողունակ չեն։ Ռուս-չինական վերջին համաձայնագիրը գազատարի կառուցման մասին չի սահմանում Չինաստանին վաճառվելիք ռուսաստանյան գազի գինը, որը հետագայում, անկասկած, ավելի ցածր կլինի ԵՄ-ին վաճառվող գազի գնից։

    Բացի զուտ տնտեսական նշանակությունից, ԵՄ-ը Ռուսաստանի համար նաև կարևոր քաղաքական գործոն է հանդիսանում։ ՌԴ՝ էներգետիկ գերտերության վերածման հեռանկարը կախված է հիմնականում ոչ թե նրանից, թե որքան գազ և նավթ է արտադրում Ռուսաստանը, այլ նրանից, թե որքանով է Արևմուտքը կախված ռուսաստանյան նավթից ու գազից։ Այս տեսանկյունից, իհարկե, Ռուսաստանի համար կարևոր է էներգետիկ երկխոսության զարգացումը ԵՄ-ի հետ։

    Սակայն եվրոպական խաղի կանոնները կարծես թե ընդունելի չեն Ռուսաստանի համար։ Սա վերաբերում է հենց Էներգետիկ խարտիայի հիմնախնդրին, ավելի ճիշտ՝ նրա հավելվածներից մեկին՝ Տրանզիտային արձանագրությանը։ Համաձայն այս փաստաթղթի՝ Ռուսաստանը ստիպված կլինի.

    Բոլոր այս առանձնահատկությունները խոսում են այն մասին, որ ՌԴ-ԵՄ էներգետիկ երկխոսությունը Էներգետիկ խարտիայի սահմաններում գրեթե զրկված է ցանկացած հեռանկարից։

    Սա նշանակում է միայն մեկ բան. Ռուսաստանը կշարունակի մնալ կարևոր մատակարարող ԵՄ էներգակիրների շուկայում, սակայն Ռուսաստանի էներգետիկ քաղաքականությունը կմնա անկախ։ Միակ ազդակը, որը կարող է ԵՄ-ի կողմից օգտագործվել ՌԴ-ի վրա ճնշում գործադրելու համար, ԵՄ ներդրումների կասեցումն է Ռուսաստանի էներգետիկ ոլորտում։ Սակայն «Գազպրոմի» վերջին որոշումը՝ սեփական ուժերով զարգացնել Շտոկմանի հանքավայրը, ինչպես նաև Սախալին-2-ի հարցի շուրջ ռուսաստանյան մոտեցման կարծրացումը, խոսում են այն մասին, որ Մոսկվայի վրա եվրոպական ներդրումային ազդակները չեն գործում։ Իսկ ԵՄ-ը, հաշվի առնելով էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից, այս ազդակից զատ ուրիշ ճնշման միջոց, անգամ մեծ ցանկության դեպքում, չի կարող գործածել։

    1 Սախալին-2-ի շուրջ ընթացող սկանդալային զարգացումների արդյունքում նվազում է այս գոտում ԱՄՆ-ի կողմից գազի հեղուկացման գործարանի կառուցման հնարավորությունը։ Միայն այս գործարանի կառուցման դեպքում Ռուսաստանը հնարավորություն կունենա գազ արտահանել ԱՄՆ։ Շտոկմանում գազի հեղուկացման գործարանի կառուցումից Ռուսաստանի հրաժարումը խոսում է ռուսաստանյան գազային քաղաքականության մեջ «կոնտինենտալ», «եվրասիական» ռազմավարության հաղթանակի մասին։ Սա մեծ հարված կհասցնի ռուս-ամերիկյան էներգետիկ համագործակցության հետագա զարգացմանը։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր