• am
  • ru
  • en
Версия для печати
18.12.2006

Չինաստանի նավթագազային ներդրումները Մերձավոր Արևելքում

English

   

Սևակ Սարուխանյան

Վերջին տասը տարիների ընթացքում Չինաստանում նկատվում է նավթի և գազի օգտագործման կտրուկ աճ՝ պայմանավորված վերջինիս տնտեսության զարգացման արագ տեմպերով։ Հետևաբար, աճում են նաև նավթի ներկրումն արտերկրից և գազի ներկրման հեռանկարային ծրագրերի իրագործման անհրաժեշտությունը։

Չինաստանը բավական իրատեսորեն է գնահատում նավթ և գազ արտահանողներից կախվածության վտանգը։ Սա ստիպում է Պեկինին ակտիվ ներդրումային ծրագրեր իրականացնել նավթ և գազ մատակարարող երկրների էներգետիկ շուկայում, ինչը միտված է լուծելու 2 հիմնական խնդիր.

  • ապահովել Չինաստանի մասնակցությունը համաշխարհային էներգետիկ շուկայում,
  • սահմանափակել նավթ և գազ արտահանող պետությունների և դրանց դաշնակիցների ազատ գործելու հնարավորությունները և դրանով իսկ կայունացնել նավթի և գազի ներկրումը Չինաստան։

Ստորև կանդրադառնանք Չինաստանի այն հիմնական էներգետիկ ներդրումային ծրագրերին, որոնք իրագործվում են Մերձավոր Արևելքում։ Նշենք, որ Մերձավոր Արևելքը հանդիսանում է այն հիմնական աղբյուրը, որտեղից Չինաստանը նավթ է ներկրում։ Մերձավոր Արևելքի նավթը 2030-ին կարող է կազմել Չինաստան ներկրվող նավթի 84%-ը։

1. Մերձավոր Արևելք

Իրան

Չնայած բավական տարածված կարծիքին՝ ուղիղ կամ արտոնյալ կարգավիճակով ներդրումների հնարավորություն Իրանի կառավարության կողմից Չինաստանը չի ստացել։ Ինչպես և բոլոր օտարերկրյա ընկերությունները, չինական ընկերությունները նույնպես Իրանում աշխատում են «հետգնման» (buyback) ներդրումային սկզբունքի հիման վրա։ Այս սկզբունքը մշակվել է դեռ 1990-ական թթ. սկզբին, Իրանի նախկին նախագահ Ա.Ա.Հաշեմի-Ռաֆսանջանիի ակտիվ մասնակցությամբ, և նրա հիմնական առանձնահատկությունն է. արտասահմանյան ընկերությունները մշակում և զարգացնում են նավթի կամ գազի հանքավայրը մինչև այն պահը, երբ այդ հանքավայրերից արդեն հնարավոր կլինի սկսել արդյունահանումը։ Դրանից հետո այդ հանքավայրերը տրամադրվում են Իրանի Ազգային նավթային ընկերությանը (ԻԱՆԸ), որը տնօրինում և ղեկավարում է դրանք՝ դառնալով միակ սեփականատերը։ Իսկ արտասահմանյան ընկերությունները, որոնք ներդրումներ են իրականացնում Իրանում, իրենց կատարած ծախսերը և որոշակի շահույթը ստանում են արդեն ԻԱՆԸ-ի կողմից՝ ի դեմս նավթի անվճար մատակարարման։

Չինաստանի կողմից «հետգնման» սկզբունքով Իրանում իրականացվող հեռանկարային հիմնական ներդրումը կարող է համարվել Յադավարանի նավթագազային հանքավայրի մշակումը և այնտեղ գազի հեղուկացման գործարանի կառուցումը։ Այս հանքավայրի զարգացման մասին Իրանը և Չինաստանը 2004թ. հոկտեմբերին ստորագրել են հռչակագիր, համաձայն որի՝ հանքավայրի զարգացումից հետո Չինաստանն իրավունք և պարտավորություն կունենա այդտեղից գնել օրական 150 հազ. բարել նավթ և տարեկան 10 մլն տ հեղուկացված գազ՝ գալիք 25 տարիների ընթացքում։ Բացի դրանից, Չինաստանը պարտավորվում է Բենդեր-Աբաս նավահանգստի շրջակայքում կառուցել գազի կոնդենսացման գործարան՝ $1,5 մլրդ արժողությամբ։

Սակայն հարկ է նշել, որ հռչակագրից բացի ոչ մի կոնկրետ պայմանագիր Իրանի և Չինաստանի միջև չի կնքվել։ Աշխատանքների սկսման մասին պայմանագրի ստորագրումը հիմնականում հետաձգում է իրանական կողմը։

Մյուս չինական հեռանկարային ծրագիրն Իրանում կարելի է համարել Ազադեգան նավթավայրի զարգացումը։ Այստեղ գործող միջազգային կոնսորցիումում Չինաստանի չափաբաժինը կազմում է միայն 25%։ Սակայն 2005-ին լուրեր տարածվեցին, թե Ճապոնիան, որը նախագծում 50% բաժին ունի, կարող է հեռանալ ծրագրից։ Հիմնականում մատնանշվում էր ծրագրից դուրս գալու 2 պատճառ.

  • Ճապոնիան ցանկանում է հեռանալ Իրանից ԱՄՆ-Իրան հնարավոր պատերազմից առաջ,
  • Իրանն ինքն է դուրս մղում Ճապոնիային՝ ծրագիրը Չինաստանին հանձնելու նպատակով։

2006-ի հոկտեմբերին Իրանը Ճապոնիայի չափաբաժինը ծրագրում նվազեցրեց մինչև 10%-ի՝ կապված Ճապոնիայի կողմից սարքավորումների մատակարարման դանդաղ ընթացքի հետ։ Սակայն այդ ազատված չափաբաժինը դեռևս չի տրամադրվել Չինաստանին։ Ըստ վերջին տեղեկատվության՝ այս նախագծի շուրջ Իրանը բանակցություններ է սկսել Հնդկաստանի հետ։

Իրաք

Մինչև Հուսեյնի վարչակազմի տապալումը ԱՄՆ կողմից, Չինաստանն Իրաքի հետ կնքել էր պայմանագիր Իրաքի հարավում գտնվող Ալ-Ադհաբ նավթավայրի մշակման և զարգացման վերաբերյալ։ Այս հանքավայրը հնարավորություն կտար արդյունահանել օրական մինչև 90 հազ. բարել նավթ։

2004-ին Իրաքի նոր կառավարությունը հայտարարեց, թե հրաժարվում է Չինաստանի հետ սադամյան Իրաքի նավթային պայմանագրերից։ Սակայն 2006-ի հոկտեմբերի վերջին հատուկ այցով Պեկին ժամանեց Իրաքի նավթի նախարար Հուսեյն ալ-Շահրիստանին։ Չին-իրաքյան բանակցությունների հիմնական թեման Ալ-Ադհաբ նավթավայրի մշակման վերաբերյալ պայմանագրի վերահաստատումն էր։ Համաձայն վերջին տեղեկատվության՝ էներգետիկայի ոլորտում համագործակցության չին-իրաքյան միջպետական պայմանագիրը նախատեսվում է ստորագրել 2007թ. սկզբին։

Օման

Օմանը Չինաստան նավթ արտահանող հիմնական պետություններից է։ Սակայն չինական կապիտալի մուտքը Օմանի էներգետիկ շուկա տեղի է ունենում բավական դանդաղ։

2002թ. չինական Սինոպեկը ստանձնեց առաջին փոքր հանքավայրի կառավարումն Օմանում։ Կառավարման իրավունքները Չինաստանը գնեց ճապոնական ընկերություններից։ 4 տարվա ընթացքում նավթի արդյունահանումն այս հանքավայրից չինացիների կողմից 2 հազ. բարելից օրական հասցվեց 12 հազ. բարելի։

2004թ. օգոստոսին Չինաստանն առաջին անգամ իրավունք ստացավ մասնակցել Օմանի նոր հանքավայրերի մշակմանը։ Ըստ ստորագրված չին-օմանյան պայմանագրի՝ Չինաստանը սկսելու է Օմանի, այսպես կոչված, «հարավային մեծ հանքավայրի» 36-րդ և 38-րդ բլոկների մշակումը։ Այն բանից հետո, երբ այստեղ կսկսվի նավթի արդյունահանումը, Չինաստանը կկառավարի այս հանքավայրը 3 տարի ժամկետով և իր կատարած ծախսերի դիմաց այդ 3 տարիների ընթացքում ամբողջությամբ և անվճար կստանա այստեղ արդյունահանվող ողջ նավթը։

Միևնույն ժամանակ, Չինաստանը նշանակալի գումարներ է ներդնում Օմանում նավթաքիմիական արդյունաբերության զարգացման ոլորտում։ Ներկայումս չինացիներն Օմանում կառուցում են մեկ նավթաքիմիական գործարան և 2 ուսումնական կենտրոն։ Ընդհանուր չինական ներդրումներն Օմանի էներգետիկ ոլորտում անցնում են $600 մլն-ն։ Ընդհանուր ներդրումներն Օմանի տնտեսության մեջ գերազանցում են 1 մլրդ-ը։

Եմեն

Եմենի ղեկավար Ալի Աբդոլլա Սալեի՝ 2004թ. Պեկին կատարած պաշտոնական այցի շրջանակներում ստորագրվեցին համաձայնագրեր էներգետիկ ոլորտում համագործակցության հաստատման վերաբերյալ։ Չինաստանն այսօր Եմենում իրականացնում է նավթային երկու նոր հանքատեղիների մշակումը։ Նավթի արդյունահանումը կսկսվի 2007-ին, որի ծավալները, սակայն, այնքան էլ մեծ չեն լինի։

Չինաստանի ներդրումները Եմենի էներգետիկ ոլորտում հասնում են $80 մլն-ի։ Ընդհանուր ներդրումներն Օմանի տնտեսության մեջ գերազանցում են $200 մլն-ն։

Ընդհանուր առմամբ Չինաստանի ներդրումները Մերձավոր Արևելքի նավթի ոլորտում կազմում են մոտ $2 մլրդ։ Չնայած սրան, Չինաստանի ակտիվները տարածաշրջանում ընդհանուր առմամբ մեծ չեն և, օրինակ, իրենց ընդհանուր քանակով զիջում են Ճապոնիայի ակտիվներին ավելին քան 5 անգամ։ Ընդհանուր առմամբ Պեկինի ջանքերը՝ ուժեղացնել սեփական էներգետիկ ազդեցությունը տարածաշրջանում, ավարտվում են միայն հարաբերական հաջողությամբ։ Ինչն էլ ստիպում է Չինաստանին ակտիվացնել սեփական քայլերը Կենտրոնական Ասիայի, Հյուսիսային Աֆրիկայի, Վենեսուելայի և Կասպիցի ուղղություններսվ։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր