Նոր նավթային բորսաների ստեղծումը և դրանց աշխարհաքաղաքական նշանակությունը

2005-2006թթ. համաշխարհային նավթային շուկայի վերափոխման բավական կարևոր զարգացումներ տեղի ունեցան։ Որպես հիմնական իրադարձություն կարելի է նշել Իրանի, Վենեսուելայի և Ռուսաստանի հայտարարություններն այն մասին, որ նրանք պատրաստվում են իրենց տարածքում ստեղծել սեփական նավթային բորսաներ։ Դրանց ստեղծման հետևանքների վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել, որ նոր նավթային բորսաները կարող են կործանարար ազդեցություն ունենալ ԱՄՆ ֆինանսական համակարգի և տնտեսության համար։
Մինչև օրս նավթի վաճառքը տեղի է ունենում երկու միջազգային բորսաներում՝ Լոնդոնի (IPE - International petroleum exchange) և Նյու Յորքի (NYMEX - New York mercantile exchange)։ Այս դեպքում բավական կարևոր նշանակություն ունի ոչ թե բորսայի աշխարհագրական տեղակայությունը, այլ այն, որ նավթի վաճառքը երկու բորսաների պարագայում էլ տեղի է ունենում ԱՄՆ դոլարով։ Լոնդոնյան բորսան իր սեփական որոշմամբ ժամանակին անցել է դոլարի կիրառմանը, քանի որ Մեծ Բրիտանիայի կառավարության քաղաքականության անքակտելի մասն էր և է ազգային արժույթի՝ ֆունտ ստեռլինգի անկախությունը նավթի գներից (Մեծ Բրիտանիայում արդեն 300 տարի ազգային փոխարժեքի անուղղակի կախվածությունը ոսկու գնից համարվում է կայուն փոխկապվածության մոդել)։
20-րդ դարի երկրորդ կեսի ամբողջ ընթացքում ԱՄՆ դոլար - նավթի վաճառք փոխկախվածությունը եղել է համաշխարհային տնտեսության հիմնաքարերից մեկը, այդ փոխկախվածությունը ԱՄՆ տնտեսության և ֆինանսական համակարգի համար խիստ կարևոր է։ Սա բացատրվում է հետևյալով. Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում վաճառվող նավթից ստացված շահույթների զգալի մասը նավթ արտադրող պետություններն ուղղում էին դեպի՝
- նավթ արտադրող պետությունների կամ մասնավոր ընկերությունների (արաբական երկրների պարագայում՝ նաև ընտանեկան ընկերություններ)՝ ԱՄՆ բանկերում դոլարով հաշիվների լրացմանը։ Ամերիկյան բանկերը նավթ արտահանող պետությունների համար, փաստորեն, ապահովում էին ազգային կամ ընտանեկան կապիտալի հուսալի պաշտպանություն և կայուն աճ։ Սակայն, միևնույն ժամանակ, բորսաներում ոչ ամերիկյան նավթի պարագայում տարբեր պետությունների և ընկերությունների կողմից նավթի համար վճարվող գումարն անուղղակիորեն ուղղվում էր ԱՄՆ ֆինանսաբանկային համակարգ, ինչը նշանակում էր ԱՄՆ տնտեսության հզորացում։
- ԱՄՆ պետական պարտատոմսերի գնմանը, ինչն արդեն նշանակում է ԱՄՆ-ին՝ որպես պետության, ֆինանսական աջակցություն։
Համենայնդեպս, երկու դեպքում էլ խոսքը վերաբերում է ԱՄՆ տնտեսության աջակցությանը և ամրապնդմանը։
20-րդ դարի երկրորդ կեսին կատարելապես ձևավորված և գործող այս համակարգը1 գրեթե առանց ֆորսմաժորային պատահարների աշխատեց մինչև դարի վերջը։ Սակայն իրավիճակը բավական փոխվեց արդեն 1990-ական թվականների վերջերին՝ պայմանավորված համաշխարհային և տարածաշրջանային նշանակության մի շարք քաղաքական և տնտեսական փոփոխություններով։ Նշենք դրանցից մի քանիսը.
- 1998թ. միջազգային տնտեսական ճգնաժամը հանգեցրեց նավթի գների կտրուկ անկման, ասիական շուկաներից դոլարի զանգվածի հեռացման (վերադարձվեց ԱՄՆ), որն էլ ուղղվեց հիմնականում արաբական ընկերությունների կողմից ԱՄՆ պետական պարտատոմսերի գնմանը։ Սա հանգեցրեց արաբական երկրներից ԱՄՆ արտաքին պարտքի (ինչի մաս է կազմում հենց պարտատոմսերի վաճառքը) կրճատմանը, որն էլ 21-րդ դարի սկզբին նպաստեց ամերիկյան արդեն հանրապետական կառավարության համեմատաբար «ազատ» քաղաքականությանը Մերձավոր Արևելքում։
- 1998թ. վերջին Ս.Հուսեյնը (այս մասին այսօր բավական քիչ է հիշատակվում) առաջինն աշխարհում հայտարարեց, որ Իրաքն իր նավթը վաճառում է միայն եվրոյով։ Նման հայտարարություններ արեցին նաև Կատարի և Օմանի ներկայացուցիչները։ Սակայն 1998թ. Իրաքի լայնածավալ ռմբահարումները ԱՄՆ օդուժի կողմից և հիմնահարցին ամերիկյան կոշտ մոտեցումները հարկադրեցին, որ Օմանը և Կատարը հրաժարվեն եվրոյից։ Իրաքն ինքը նավթը եվրոյով էր վաճառում մինչև 2003թ. Հուսեյնի վարչակարգի անկումը։
- 1999թ. Հարավսլավիայի ռմբահարումները նպաստեցին եվրոյի արժեքի անկմանը։ Սա որոշակիորեն վնասեց եվրոպական պարտատոմսերի շահութաբերությանը, ինչը դեռ մի քանի տարի ստիպեց հիմնականում արաբական նավթային պետություններին և ընտանեկան ընկերություններին շարունակել նավթի վաճառքից ստացված շահույթները ներդնել ամերիկյան պարտատոմսերում։ Միևնույն ժամանակ, նավթի վաճառքը, ինչին դիմեց Իրաքը, շահութաբերության տեսակետից բավական ռիսկային էր։
Դոլարը, սակայն, նավթային դիրքերը երկար պահել չկարողացավ։ 2001թ. ահաբեկչությունը Նյու Յորքում գրեթե չազդեց ԱՄՆ ֆինանսական համակարգի վրա, բայց ԱՄՆ հակաահաբեկչական քաղաքականությունն այդ համակարգին լուրջ հարված հասցրեց։ Արդեն 2001-ի վերջին հիմնականում նավթի բիզնեսով զբաղվող մի շարք արաբական ընտանիքների (որոնք մեղադրվել կամ ուղղակի կասկածվել էին ահաբեկիչների հետ կապերի մեջ) հաշիվների սառեցումը ԱՄՆ բանկերում ազդեց նավթ արտադրող և վաճառող այլ ընտանիքների քաղաքականության վրա. պարզ դարձավ, որ հակաահաբեկչական պատերազմի ընթացքում արաբական հսկայական հաշիվները կարող են սառեցվել ԱՄՆ բանկերում, կարող է դադարեցվել նաև արաբների (և ոչ միայն) գնած ամերիկյան պարտատոմսերի սպասարկումը։ Արդյունքում՝ սկսվեց մի գործընթաց, որն ամերիկացի վերլուծաբան Էդվին Բարշտայնի խոսքերով՝ կարելի է բնութագրել որպես «նավթային դոլարների փախուստ» ԱՄՆ-ից։ Այս գործընթացի նշանակությունը պատկերացնելու համար նշենք հետևյալ վիճակագրությունը. 2000թ. Նյու Յորքի բորսայում վաճառված նավթի գումարից շուրջ $200 մլրդ ուղղվել է ԱՄՆ պարտատոմսերի գնմանը և ամերիկյան բանկերում հաշիվների բացմանը կամ ավելացմանը։ Իսկ 2006-ին այս գումարը կազմել է ընդամենը $115 մլրդ։ Հաշվի առնելով 2000-ի համեմատ նավթի գների գրեթե կրկնապատկումը՝ կարելի է խոսել ԱՄՆ տնտեսության մեջ նավթային դոլարների ներդրման ավելի քան եռակի նվազման մասին։
Նավթադոլարների «փախուստը» ԱՄՆ-ից այնքան կայուն և, կարելի է ասել, անդառնալի ընթացք է ստացել, որ չնայած ԱՄՆ գանձապետարանի պարտատոմսերի համեմատական շահութաբերությանը՝ ռուսական և արաբական նավթի վաճառքից ստացված գումարներն ավելի ակտիվորեն են ուղղվում ԵՄ պարտատոմսերի գնմանը, որոնք անհամեմատ նվազ շահութաբեր են, սակայն՝ քաղաքականապես ավելի ապահով։
Վերը նշվածը թույլ է տալիս նշել մի շատ կարևոր հակասություն. չնայած նավթի համաշխարհային շուկայում ԱՄՆ դոլարի դիրքերի թուլացմանը, նավթի վաճառքի համաշխարհային կենտրոնը շարունակում է մնալ Նյու Յորքը։
Հենց այս հակասության վերացմանն են ուղղված.
- Իրանի, Վենեսուելայի, Ռուսաստանի հայտարարությունները սեփական նավթային բորսաների ստեղծման մասին,
- Իրանի, Վենեսուելայի և Մեքսիկայի հայտարարությունները՝ իրենց նավթը եվրոյով վաճառելու և Ռուսաստանի որոշումը՝ ռուբլին որպես Սանկտ Պետերբուրգի նավթային բորսայի աշխատանքների հիմնական արժույթ կիրառելու մասին։
Այս որոշումների իրագործումը, ինչպես բավական պատկերավոր նշվում է մի վերլուծության մեջ, կնշանակի «վերջին մեխը խփել ԱՄՆ դոլարի դագաղի կափարիչին»։
Բարեբախտաբար թե դժբախտաբար, Իրանի կողմից նավթային բորսայի բացումը և նավթը եվրոյով վաճառելը որպես խաղաթուղթ են օգտագործվում ԱՄՆ-ի հետ հարաբերություններում։ Այս է պատճառը, որ Իրանի Քիշ կղզում նավթային բորսայի բացումը հետաձգվել է արդեն 5 անգամ։ Սակայն անգամ եթե բացվեն էլ իրանական և վենեսուելական բորսաները, դա կլինի կարևոր, սակայն ոչ որոշիչ իրադարձություն համաշխարհային նավթային շուկայի ձևափոխման գործում։ Իսկապես գլոբալ նշանակություն կունենան եվրոպական և չինական (ԱՄՆ-ից հետո 2-րդ և 3-րդ նավթ օգտագործողները) նավթային բորսաների բացումը, որոնց ստեղծման շուրջ առնվազն Չինաստանում ձեռնարկվում են կարևոր քայլեր։
Հետագա զարգացումները, անկասկած, մեծապես կախված են նաև նավթով և գազով ամենահարուստ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ԱՄՆ քաղաքականությունից, որը կարող է քաղաքականապես ազդել և ձևափոխել ցանկացած համաշխարհային տնտեսական գործընթաց։
1 Հարկ է նշել, որ նավթի վաճառքից ստացված գումարներով ԱՄՆ պետական պարտատոմսեր ձեռք է բերել անգամ ԽՍՀՄ-ը՝ դառնալով, փաստորեն, սեփական մրցակցի ֆինանսավորողը։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄԸ, ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ, ԳԻՏԵԼԻՔԸ, ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԸ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ. ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՓՈՐՁԸ[20.04.2015]
- ԻՐԱՆՆ ԱՐԴԵՆ ՇԱՀԵԼ Է ԱՄՆ-Ի ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ[15.04.2015]
- ԻՐԱՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ. «ՍԱՌԵՑՄԱՆ» ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ[02.02.2015]
- ՆՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ[26.05.2014]
- ԻՐԱՆ – ՀԱՅԱՍՏԱՆ ՏԱՐԱՆՑԻԿ ԳԱԶԱՄՈՒՂ (ԴԻՍԿՈՒՐՍԻ ՆԵՆԳԱՓՈԽՈՒՄ)[17.03.2014]
- ԻՐԱՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ[06.02.2014]
- «ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԿՀ ՓՈԽՏՆՕՐԵՆ ՍԵՎԱԿ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԸ` ԱՐՄՆՅՈՒԶ ԼՐԱՏՎԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԻ «ԲԱՆԱՁԵՎ» ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՀՅՈՒՐ [23.12.2013]
- ԷԺԱՆ ԻՐԱՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՄԻՖԵՐԸ[18.12.2013]
- Ս. ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ. ՌՈՒՍԱԿԱՆ ԷԺԱՆ ԳԱԶ ՆԵՐԿՐԵԼՈՒՆ ԵՎ ՀԱԷԿ-Ի ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆԸ ԶՈՒԳԱՀԵՌ ՊԵՏՔ Է ՄՏԱԾԵԼ ԱՅԼԸՆՏՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ[09.12.2013]
- ՍԵՎԱԿ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀ ԿԱ ՄԻԱՅՆ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ[09.12.2013]
- ՄՄ–ԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԿԱՐՈՂԱՆԱ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՑԱԾՐ ՍԱԿԱԳՆԵՐ ԱՊԱՀՈՎԵԼ. ՓՈՐՁԱԳԵՏ[12.09.2013]