• am
  • ru
  • en
Версия для печати
26.02.2013

ՄԻ ՔԱՆԻ ԽՈՍՔ ՍԻՐԻԱԿԱՆ ԱԶԱՏ ԲԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ

   

Արմինե Հակոբյան

Վերջին ժամանակներս շատ են խոսում այն մասին, թե Արևմուտքն, իբր, արդեն այնքան էլ չի վստահում սիրիական պետության դեմ կռվող զինյալներին, որոնցից ոմանց ԱՄՆ-ը մտցրել է ահաբեկիչների սև ցուցակում, և որոնք, իբր, շուտով սկսելու են սպառնալ Արևմուտքին։ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգն ուղղակի հայտարարել է, որ որքան ավելի շատ են զինյալները կռվում Սիրիայում, այնքան ավելի մեծ վտանգ են սկսում ներկայացնել Արևմուտքի համար։ Վարձկանների և ահաբեկիչների հանդեպ նման սևեռուն երկյուղների ֆոնին (այստեղ մեզ առաջարկվում է հավատալ ահաբեկիչների ինքնաֆինանսավորմանը և, թե Արևմուտքը՝ Ծոցի հետ միասին, այստեղ ոչ մի կապ չունի) խիստ տրամաբանական է ենթադրել, որ Ասադի անկումից հետո Արևմուտքը և Կատարը ստիպված են լինելու հենվել այլընտրանքային ուժի վրա։ Նրանց բոլոր ջանքերն այժմ ուղղված են Սիրիական ընդդիմադիր կոալիցիային աջակցելուն, որը հավակնում է միանձնյա քաղաքական իշխանության Սիրիայում Ասադին հեռացնելուց հետո։ Բայց հարկավոր կլինի քաղաքական իշխանությունն ուժեղացնել նաև զինվորական իշխանության օգնությամբ, և Սիրիական ազատ բանակը լիովին կարող է համապատասխանել այդ նպատակին։ Քանզի սիրիական պատերազմի դոնոր երկրներն այստեղ պարզապես այլ ընտրություն չունեն և չեն կարող ունենալ։ Կամ վարձկան-ահաբեկիչներ, կամ ՍԱԲ...

Սիրիական ազատ բանակի նախկին սպա, այժմ՝ «սիրիական հեղափոխությունից» պարզապես հիասթափված Աբու Մահմուդը արաբական լրատվամիջոցներին պատմել է ողջ ճշմարտությունն այդ ռազմական կազմավորման մասին. Սիրիական ազատ բանակը նա բնութագրել է որպես կոռուպցիայի և գողության մեջ մխրճված կառույց, որի սպաների մեծ մասը շարքային զինյալներին «ոչխարների պես» քշում է մահվան բերան։ Իսկ սպաները գող են, մարոդյոր ու մարդասպան, որ թաքնվում են «սիրիական հեղափոխության» անվան տակ։ Այդ հրամանատարներին աջակցում և ֆինանսավորում են արտաքին ուժերը։ Իսլամը, որի դրոշի ներքո են գործում ՍԱԲ զինյալները, «այն իսլամը չէ... իսկ այդ բոլոր գողերն ու մարդասպանները գողացան մեր հիասքանչ հեղափոխությունը և սկսեցին փող դիզել այն ժամանակ, երբ մյուսները զոհվում էին»։ ՍԱԲ շարքային անդամներին հրամանատարները քշում էին ամենաթեժ կետերը, իսկ իրենք մշտապես հեռու էին մարտական գործողություններից։ Եթե երբևէ հայտնվում էլ էին առաջնային գծում, ապա միայն թալանի ու ավարի համար։ Դա տեղի էր ունենում գրեթե ամենուր, ՍԱԲ-ը թալանում էր մասնավոր տները, տանում տեղի բնակիչների ունեցվածքը, բեռնատարների շարասյուները Սիրիայից Թուրքիա էին ձգվում։ Նախկին հրամանատար Աբու Մահմուդը թվարկում է տասը հրամանատարների անուններ, որոնք տեղակայված էին Իդլիբում և Հալեպում. նրանցից մեկը հասցրել էր վաճառել իրեն վստահված զենքն ու մեքենաները և այդ միջոցներով երկու հսկայական առանձնատուն կառուցել։ Մինչև հեղափոխությունը աղքատության մեջ քարշ եկող շատերն այսօր դարձել են ոչ միայն դրսից հովանավորվող ՍԱԲ սպաներ, այլև շահութաբեր ավտոբիզնեսի սեփականատերեր։ Իսկ շարքային զինյալներին երբեմն պարզապես սնունդը չի բավականացնում։ Իր հարցազրույցի վերջում Աբու Մահմուդը հարց է տալիս. «Հանուն ո՞ւմ և հանուն ինչի՞ ենք մենք զոհվում։ Հանուն մեր երկրի՞, թե՞ նրանց, ովքեր թալանում են Սիրիան»։

Երեկ բավական հատկանշական միջադեպ է պատահել. «Ահրար Սուրիա» (Ազատ սիրիացիներ) խմբավորման զինյալները, որը մտնում է ՍԱԲ կազմի մեջ, հարձակում են գործել Հալեպ քաղաքի մեդիա-կենտրոնի վրա և գերի են վերցրել մի քանի լրագրողի։ Ուշագրավ է ոչ թե նման հարձակման փաստը, այլ այն, որ դա կատարվել է ընդդիմադիր լրագրողների հանդեպ։ Ամեն ինչ սկսվել է նրանից, որ ընդդիմադիր մեդիա-կենտրոնը տեղեկություն է տարածել սիրիացիներից մեկի մահապատժի մասին։ Նա սպանվել էր ՍԱԲ զինյալների կողմից միայն այն բանի համար, որ համարձակվել էր վրդովմունք հայտնել իր փողոցը գնդակոծելու առիթով, ինչի արդյունքում նրա ընտանիքի մի քանի անդամներ սպանվել էին։ Այս պատահարի մասին պատմած ընդդիմադիր լրագրողները հիմա բանտում են, «Ահրար Սուրիա»-ի առաջնորդի հսկողության տակ։

ՍԱԲ-ը երեկ տեղեկություն է տարածել, թե զինյալներն առգրավել են Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկատիի ողջ ունեցվածքը և նրան ձերբակալելու օրդեր են տվել։ ՍԱԲ մամլո քարտուղարը հայտարարել է, թե հեղափոխական դատական խորհուրդը որոշում է ընդունել ձևավորել հանձնաժողով Միկատիի, նրա եղբոր և զարմիկի՝ Հալեպում գտնվող բիզնեսի հետ կապված հարցերի հետաքննության համար։ «Հեղափոխականները» և «ապստամբները» Միկատիին մեղադրում են սիրիացիներին սպանելու հանցակցության և հօգուտ սիրիական ռեժիմի ֆինանսական գործունեություն իրականացնելու մեջ։ «Մեղադրական փաստաթղթերի» պատճենները ՍԱԲ-ն ուղարկել է Արաբական պետությունների լիգային, Իսլամական երկրների կազմակերպությանն ու Թունիսի, Լիբիայի, Եմենի և Եգիպտոսի արտգործնախարարներին(http://www.breakingnews.sy/ar/article/12469.html

Արաբական մամուլը տարածել է մի լուսանկար, որտեղ պատկերված է սիրիացի հանրահռչակ բանաստեղծ, փիլիսոփա, բանասեր Ալ-Մահարու (973-1057թթ.) գլխատված քարե կիսանդրին։ Արձանը գլխատել են զինյալները, որոնք մեծ մտածողին այնքան էլ ճշմարիտ մահմեդական չեն համարել։ Արաբական մամուլը նշում է, որ բարբարոսական վերաբերմունքը սիրիացի հանրահայտ բանաստեղծների ու մտածողների հուշարձանների հանդեպ արդեն ամենուրեք է (http://www.breakingnews.sy/ar/article/12357.htm), (http://www.syriantelegraph.com/?p=70981

Զինված խմբավորումները չեն դադարեցնում պատերազմը քրիստոնեական և մահմեդական սրբավայրերի դեմ։ Վերջերս ավերվեց և թալանվեց քրիտոնեական սբ Մարոնի եկեղեցին։ Գրեթե 30 տոննա պայթուցիկն ավերեց սբ Մարոնի եկեղեցու գմբեթն ու շիա իմամ Ալիի դստեր սրբավայր-մզկիթի մինարեները։ Զինյալները ոտնձգություններ են կատարում տարբեր կրոնների և դավանանքների հանդեպ, ոչնչացնում են Սիրիայի համար ավանդական դավանական բազմազանությունը, ստիպում սիրիացիներին ապրել ուրիշի օրենքներով։

Հայտնի է, որ սիրիական պատերազմին մասնակցում են վարձկանների բազմաթիվ գումարտակներ, որոնք աչքի են ընկնում առանձնակի դաժանությամբ ու արնախումությամբ։ Հատկապես առանձնանում են չեչենական ծագմամբ վարձկանները։ Սիրիայում չեչեն զինյալների առաջնորդն է ոմն Աբու Ամր ալ-Շիշանին («Չեչեն»), որի խոսքը կարելի է լսել հետևյալ հղմամբ (http://www.hanein.info/vb/showthread.php?t=311785)։ Նա խոսում է կոտրատված ու աղավաղված ռուսերենով՝ մինչև վերջ չգիտակցելով, թե ինչի մասին պետք է խոսի։ «Ջիհադի» ու «սիրիական օրհնյալ հողում պայքարելու մահմեդականների սրբազան պարտականության մասին» ծեծված նախադասությունները կակսածի տեղիք չեն տալիս նրա իսկական մտադրությունների վերաբերյալ։ Նրա անկապ բարբաջանքը թարգմանիչն անմիջապես թարգմանում է արաբերեն։ Այս ամենն այդպես էլ չգիտես ոնց հագնված ու գզգզված, դիմակավոր սուբյեկտների ողորմելի ու ծիծաղելի տեսածռմռանք կմնար, եթե ահավոր իրականություն չլիներ։ Արաբ փորձագետների կարծիքով՝ չեչենները վարձկանների մեջ ամենաարյունարբուն են համարվում, քանի որ արդեն ռուսական բանակի դեմ մարտական գործողությունների փորձ ունեն։ «Արաբի-պրես» պարբերականը հիշեցնում է, որ հենց Թուրքիան է օգնություն ցուցաբերել չեչեն զինյալներին Ռուսաստանի դեմ պատերազմում, իսկ հիմա աջակցում է նրանց սիրիական պատերազմում։ Մեծ Բրիտանիան նույնպես խառն է այս գործում։ Դեկտեմբերի 23-ին չեչեն զինյալներից բաղկացած խումբը Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանից մեկնել է Ստամբում, այնտեղից էլ ուղարկվել է Սիրիա (http://www.arabi-press.com/?page=article&id=60880)։ Սիրիական պատերազմում չեչեն զինյալների մասնակցության մասին ավելի վաղ գրել էր բրիտանական «Գարդիան» թերթը (http://www.guardian.co.uk/world/2012/sep/23/syria-foreign-fighters-joining-war)։ Ներկայում սիրիացի ժողովրդի դեմ կռվում են մոտ 50 չեչեն զինյալներ։ Նրանք գտնվում են Հալեպի հյուսիսային մասում՝ Թուրքիային ավելի մոտ։ Ի դեպ, ահաբեկչական «Ջաբհաթ Ան-Նուսրի» խմբավորմանը մոտ կանգնած աղբյուրը արաբական ԶԼՄ-ներին տեղեկացրել է, որ խմբավորման կենտրոնական հրամանատարությունը տեղակայված է ոչ թե սիրիական, այլ թուրքական տարածքում, Ջալյաբինար քաղաքում։ Թուրքական իշխանություններն առայժմ չեն մեկնաբանել սույն տեղեկատվությունը։

Այդ ընթացքում զինված բախումները զինյալների և տեղի բնակիչների միջև երկրի հյուսիսում ավելի վտանգավոր բնույթ են ստանում։ Զինյալներն արդեն դատում են բնակիչներին իրենց «շարիաթական» դատարաններում, նրանց գերի են վերցնում, որպեսզի հետո փոխանակեն գերեվարված զինյալների հետ։ Երբեմն իրենց՝ բնակիչներին է հաջողվում զինյալներ գերել։ Սիրիական հատուկ ծառայություններն օրերս կալանել են մի քանի զինված կանանց, որոնք Հալեպում կարողացել են թափանցել շուկա և սպառնալ տեղի առևտրականներին։ Նրանց բոլոր խոսքերն ու գործողությունները տեսանկարահանվել են «ընդդիմադիր» հեռուստաալիքներով ցուցադրվելու նպատակով։ Կալանվածները, ինչպես պարզվել է հետագայում, կանացի շորեր հագած զինյալներ են եղել։ Սա առաջին դեպքը չէ, երբ նրանք կանացի հանդերձանքով են քողարկվում։

Այս շաբաթ «Լիվա Աթ-Թաուհիդ» խմբավորման հրամանատարությունը Հալեպում հայտարարել է իր կազմից «Աբու-Ալ-Կասեմ» գումարտակը հանելու մասին այն բանից հետո, երբ նրա անդամները մերկացվել են «հեղափոխական ոգուն հակասող» գործողություններում։ Իր քայլը խմբավորումը բացատրել է այսպես. գումարտակի հասցեին քանիցս դժգոհություններ են եկել տեղի բնակիչներից, ինչի առիթով զինյալներն արդեն մի քանի նախազգուշացում են ստացել «Լիվա Աթ-Թաուհիդի» հրամանատարությունից, բայց անտեսել են դրանք։ Հիմա նրանց հարցաքննելու է ռազմական ոստիկանությունը։ Այս բացատրությունը արաբական փորձագետների և ընթերցողների տարակուսանքն է առաջացրել. նրանց կարծիքով՝ խաղաղ բնակիչների սպանությանը վարժված զինյալները հազիվ թե տարաձայնություններ ունենային հերթական հանցագործությունների պատճառով։ Այս տեղեկատվության տարածման հաջորդ օրը, այիսնքն՝ երեկ, արաբական ԶԼՄ-ները մեկ այլ տեղեկություն տարածեցին, որը բացահայտում է կատարվածի էությունը։ Ոմն Մուհամադ Շամի՝ «Ջաբհաթ Ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման անդամ, պարզաբանել է, թե «Աբու-Ալ-Կասեմ» գումարտակը «Լիվա Աթ-Թաուհիդի» կազմից հեռացնելու որոշումը խմբավորման առաջնորդը կայացրել է այն բանից հետո, երբ գումարտակի անդամները փորձել են սպանել նրան։

Թուրքական Անթաքիա քաղաքում անհայտ զինված անձինք վերջերս առևանգել են սիրիական բանակից հեռացած մի սպայի, որը զբաղվում էր ֆինանսներ հայթայթելով և ՍԱԲ-ին զենք մատակարարելով։ Այսօր արդեն հայտնի են մանրամասները. նրա աչքը հանել և սպառնացել են սպանել, եթե 350 հազար եվրո փրկագին չվճարի, որը պահում է իր տանն ու որը նրա փոխարեն խոստացել է վճարել ՍԱԲ իր «գործընկերը։ Սակայն վերջինը չի պահել խոստումը և յուրացրել է ողջ գումարը։ Նկարահանված տեսահոլովակում պատանդը խնդրում է իր ընտանիքին ազդել «գործընկերոջ» վրա, որպեսզի սա վճարի խոստացված 350 հազար եվրոն։ Իր ճակատագրի համար ողջ պատասխանատվությունը «ճամբարափոխ» զինվորականը դնում է ՍԱԲ դավաճան սպայի վրա և խնդրում է բոլորին, ովքեր «սիրում են իրեն», վրեժ լուծել իր համար։ Ոչ ոքի խորհուրդ չեմ տալիս նայել այդ ահավոր տեսանյութը, որտեղ փայտով հանում են նրա աչքը. թույլ նյարդեր ունեցող մեկը, առնվազն, ուշաթափ կլինի, բայց եթե պողպատի նյարդեր ունենաս, կարելի է փորձել դիտել և առավել ամբողջական պատկերացում կազմել այն մասին, թե ինչ են «սիրիական հեղափոխությունն» ու Սիրիական ազատ բանակը (https://www.youtube.com/watch?v=xKD7xZr7uo8

Դժվար չէ նկատել, որ ՍԱԲ-ի մասին պատմող դրվագները սահուն և աննկատ անցնում են վարձկանների մասին պատմության, քանի որ երկու ուժերի գործողությունների և նպատակների տարբերությունը գրեթե աննշան է, ինչն էլ պահանջվում էր ապացուցել։ Փոխարենը հսկայական է երկրի երեսից ոչ միայն սիրիական պետությունը, այլև սիրիական ինքնությունն ու սիրիացիների արժեքները ջնջելու ձգտումը։ Սիրիացի բանաստեղծների ու փիլիսոփաների գլխատված հուշարձանները վկայում են ոչ թե զինյալների մշակութային ուրիշ նախապատվությունների, այլ, ավելի շուտ, Սիրիայի որոշ հարևանների մշակութային բարդույթավորման մասին, որոնց Սիրիան իրենց հավասարեցնելու, եթե ոչ՝ ավելի ցած գլորելու հնարավորություն է ընձեռվել։ Զինված քրջոտների կատաղի ամբոխին դժվար չէ «քսի տալ» քրիստոնեական և մահմեդական սրբավայրերի վրա, որովհետև ոչ իսլամը, ոչ էլ քրիստոնեությունը նրանց կրոնը չէ։

Սակայն ամենագլխավորն այն է, որ փորձելով ոչնչացնել Սիրիան՝ ՍԱԲ-ը աստիճանաբար սկսում է գործել նաև լիբանանյան կառավարության դեմ, այսինքն՝ տեղական «ապստամբական բանակից» այն վերածվում է տարածաշրջանային ահաբեկչական ուժի, որի ներսում ձևավորվում են սեփական դատարաններ, խորհուրդներ, ոստիկանություն և իշխանական այլ մարմիններ։ Միաժամանակ, ՍԱԲ-ը փորձում է պաշտոնական հարաբերություններ հաստատել միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների հետ, լուծել հարցերի լայն շրջանակ, ճանաչվել միջազգային ընկերակցության կողմից։ Մինչ այս նման միտումներ չէին նկատվում։ Բացի այդ, ՍԱԲ-ը այսուհետ միշտ կարելի կլինի գործադրել ահաբեկչական այլ խմբավորումների ու պետությունների դեմ։ Այսպիսին են հիմնական եզրահանգումները ներկայացված նյութի շրջանակում, եզրահանգումներ, որոնք տագնապալի են և մղում են հետագա խորհրդածությունների։


դեպի ետ