• am
  • ru
  • en
Версия для печати
27.02.2013

ԼՈՒՐԵՐ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՑ

   

Նուրհան արք. Մանուկյանը` Երուսաղեմի հայոց պատրիարք

Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց վանքում տեղի ունեցավ Երուսաղեմի հայոց 97-րդ պատրիարքի ընտրությունը: Հակոբյանց միաբանության անդամները պատրիարք են ընտրել Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին, որը ստացել է 17 ձայն: Նրա մրցակից, պատրիարքի տեղապահ Արիս արք. Շիրվանյանը ստացել է 15 ձայն: Նուրհան արք. Մանուկյանը 54 տարեկան է, ծնվել է Հալեպում և նախնական կրթությունը ստացել տեղի Հայկազյան վարժարանում: 1961-ին ընդունվել է Կիլիկիո կաթողիկոսության Անթիլիասի դպրեվանքը, 1966-ին ընդունվել Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց ժառանգավորաց վարժարանը: Քահանա ձեռնադրվել է 1968-ին: Երկու տարի աշխատել է Ժառանգավորաց վարժարանում որպես փոխտեսուչ, իսկ 1975-ից կրթական այդ հաստատության տեսուչն էր: 1973-ին ստացել է վարդապետական աստիճան, 1974-1980թթ. Իսրայելի հայ հոգևոր հովիվն էր: 1980-ին Թորգոմ արք. Մանուկյանի հրավերով մեկնել է Նյու Յորք և ուսանել եպիսկոպոսական ընդհանուր աստվածաբանական ճեմարանում, եղել է Հյուսթոնի Սբ. Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվը: 1998-ին ընտրվել է Երուսաղեմի Սբ. Աթոռի լուսարարապետ: Մեկ տարի անց Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի ձեռամբ ձեռնադրվել և օծվել է եպիսկոպոս: 10 տարի անց Երուսաղեմի հայոց պատրիարք Տ. Թորգոմ արք. Մանուկյանը տեր Նուրհանին նշանակել է պատրիարքական փոխանորդ: Հիշեցնենք, որ Երուսաղեմի պատրիարքի աթոռը թափուր էր մնացել նախորդ տարվա հոկտեմբերի 12-ից, երբ 22 տարի պաշտոնավարելուց հետո վախճանվեց Թորգոմ արք. Մանուկյանը: Սուրբ ծննդյան և աստվածահայտնության տոնին, այնուհետև պատրիարքի ընտրությունների նախօրեին տեղի ունեցած պաշտոնական ընդունելությանը ներկա են եղել նաև Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասն ու վարչապետ Սալամ Ֆայատը:

Սլովակիայի հայերն արդեն ունեն հայկական եկեղեցի

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Եվրոպայի հայկական միությունների ֆորումի մամլո քարտուղարությունից, Սլովակիայի հայ համայնքի նախագահ Աշոտ Գրիգորյանի տքնաջան աշխատանքից հետո Սլովակիայի կաթողիկե եկեղեցու ղեկավարությունը, նորին սրբություն Զվոլենսկու գլխավորությամբ, Սլովակիայի հայ համայնքի նախագահ Աշոտ Գրիգորյանին որպես սեփականություն հանձնել է քաղաքի ամենակենտրոնական մասում գտնվող Բրատիսլավայի հնագույն եկեղեցիներից մեկը` այն օծելու և 99 տարի որպես հայկական եկեղեցի օգտագործելու նպատակով: Եկեղեցին հիմնադրվել է 14-րդ դարի սկզբին, հիմնանորոգվել 19-րդ դարում և 20-րդ դարի վերջին: Վերջին նորոգման ծախսերը հոգացել է Իտալիան` Բրատիսլավայում իտալական դեսպանության միջնորդությամբ: Հունվարի 30-ին Հայ Առաքելական եկեղեցու Կենտրոնական Եվրոպայի և Սկանդինավիայի հայրապետական պատվիրակ, հայր Տիրան աբեղա Պետրոսյանի, Սլովակիայի, Չեխիայի և Հունգարիայի տարածաշրջանի հոգևոր առաջնորդ հայր Բարսեղ վարդապետ Փիլավչյանի, Բրատիսլավայի արքեպիսկոպոսության գլխավոր վիկար, եպիսկոպոս, մոնսինյոր Յոզեֆ Հալկոյի, Կուրիի կանցլեր և արքեպիսկոպոսության վարչության տնօրեն, եպիսկոպոս, մոնսինյոր Տիբոր Հայդուի մասնակցությամբ ստորագրվել է պայմանագիր, որով ԵՀՄՖ և Սլովակիայի հայկական համայնքի նախագահ Աշոտ Գրիգորյանին է հանձնվել Բրատիսլավայի «Սբ. Կատարինա» եկեղեցին` Հայ Առաքելական եկեղեցու կողմից օծվելու և հայկական համայնքին հոգևոր ծառայություններ մատուցելու համար:

Ուկրաինայի հայերի միությունը կօգնի Սիրիայի իր հայրենակիցներին

Ուկրաինայի հայերի միության ֆինանսական և նյութական օգնությունը կփոխանցվի սիրիահայերին: Ներկա պահին պարզում են, թե բացի ֆինանսական օգնությունից էլ ինչի կարիք ունեն սիրիահայերը: Ինչպես Analitika.at.ua-ին հաղորդել է Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը, միությունը համերաշխ է այն բոլոր հայկական կազմակերպությունների հետ, որոնք օգնության ձեռք են մեկնել Սիրիայում աղքատության մեջ հայտնված հայերին: «Մեր կազմակերպությունը համակողմանիորեն օգնելու է մեր սիրիացի հայրենակիցներին, և մենք շարունակելու ենք հետևել իրադարձություններին»,- ասել է նա:



«Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 2, 2013

դեպի ետ