• am
  • ru
  • en
Версия для печати
26.02.2013

ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ

   

Իրանն առաջարկում է ստեղծել Նավթաքիմիական արտադրանք արտահանող երկրների կազմակերպություն

Իրանի նավթի փոխնախարար, այդ երկրի նավթաքիմիական արդյունաբերության ազգային ընկերության գլխավոր տնօրեն Աբդոլհոսեյն Բայաթը հայտարարել է, որ Իրանն առաջարկում է ստեղծել նավթաքիմիական արտադրանք արտահանող երկրների կազմակերպություն, տեղեկացնում է ԻՌՆԱ-ն։ Ըստ Ա.Բայաթի՝ արդեն հասունացել է միջազգային կազմակերպություն ստեղծելու անհրաժեշտությունը, որը կվերահսկի իրավիճակը միջազգային նավթաքիմիական շուկաներում, և այս առնչությամբ Իրանն արդեն մի շարք երկրների առաջարկություն է ուղարկել նավթաքիմիական արտադրանք արտահանող երկրների կազմակերպություն ստեղծելու մասին։ Ներկայում համապատասխան խորհրդակցություններ և բանակցություններ են վարվում արտասահմանյան գործընկերների և, մասնավորապես, տարածաշրջանի երկրների հետ։ Ա.Բայաթն ընդգծել է, որ նավթ արտահանող երկրների կազմակերպության կամ գազ արտահանող երկրների ֆորումի տիպի կառույցը թույլ կտա սահմանելու համաշխարհային շուկայում նավթաքիմիական արտադրանքի պահանջարկի և առաջարկի հարաբերակցությունը, մշակելու համապատասխան ծրագրեր և խելամիտ գնային քաղաքականություն վարելու՝ սպառողական շուկայի հանդեպ վերահսկողություն իրականացնելու նպատակով։ Ներկայում Իրանի նավթաքիմիական արդյունաբերության հաստատված արտադրահզորությունները կազմում են տարեկան 57 մլն տոննա նավթաքիմիական արտադրանք, և երկրում ջանքեր են գործադրվում պլանային առաջադրանքները կատարելու ուղղությամբ, որոնցով ենթադրվում է նշյալ արտադրանքի արտադրության ծավալը հասցնել տարեկան 100 մլն տոննայի։

Iran News, 8 փետրվարի 2013թ.

Բոյկոն և Միլլերը քննարկում են առանց Եվրոպայի կոնսորցիում ստեղծելու հարցը

Ռուսաստանը և Ուկրաինան անցած շաբաթ բանակցություններ են սկսել Ուկրաինայի գազատրանսպորտային համակարգի (ԳՏՀ) կառավարման երկկողմանի կոնսորցիում ստեղծելու վերաբերյալ։ Այս մասին, հղում կատարելով ռուսական «Գազպրոմի» աղբյուրին, գրում է «Կոմերսանտ-Ուկրաինան» «Խողովակ երկուսի համար» հրապարակման մեջ։ Ուկրաինայի էներգետիկայի և ածխարդյունաբերության նախարարության զրուցակիցը հաստատել է, որ այդ հարցն անցած շաբաթ քննարկվել է փոխվարչապետ Յուրի Բոյկոյի և «Գազպրոմի» վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի հանդիպման ընթացքում, իսկ այս շաբաթ քննարկումը շարունակվելու է։ «Գազպրոմի» աղբյուրի համաձայն՝ Ուկրաինան մոնոպոլիայից պահանջել է, որպեսզի ապագա կոնսորցիումը ստեղծվի հավասար սկզբունքներով, և որ այն ոչ թե տնօրինի, այլ կառավարի ԳՏՀ-ն. «Մեզ ասացին, որ պայմանագրում պետք է ամրագրված լինի սկզբունք, ըստ որի՝ մենք պետք է փոխադրենք տարեկան 60 մլրդ խորանարդ մետրից ոչ պակաս գազ և երաշխավորված ձևով վճարենք $2,2 մլրդ տարանցման ծառայությունների համար»։ Աղբյուրը նշել է, որ կողմերն առայժմ քննարկում են, թե կկիրառվի արդյոք ship-or-pay (մատակարարիր կամ վճարիր) սկզբունքը, ինչպես նաև ուկրաինական կողմի հնարավոր հրաժարումը ԳՏՀ հավասար հասանելիության սկզբունքից, որը դրված է Էներգետիկ ընկերակցության հետ նրա համաձայնագրի հիմքում։ Ռուսաստանը պնդում է, որ ապագա կոնսորցիումն է որոշելու, թե ինչպես և ում գազն է պետք փոխադրել։ Գազի գինն Ուկրաինայի համար, դրա հետ մեկտեղ, պետք է իջեցվի մինչև $280-ի 1000 խորանարդ մետրի համար։ «Մաքսային միությանն Ուկրաինայի ինտեգրման հարցը՝ որպես գազի գնի իջեցման միջոց, արդեն հանված է»,- հավաստիացրել է զրուցակիցը։ Պաշտոնապես կողմերը չեն մեկնաբանում բանակցությունները։ Բայց էներգետիկայի նախարարության աղբյուրը պարզաբանել է, որ Ուկրաինան ստիպված է ստեղծել կոնսորցիում առանց եվրոպական կողմի մասնակցության։ Դա պայմանավորված է նրանով, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկում (ՎԶԵԲ) խստացրել են ԳՏՀ արդիականացման համար վարկերի տրամադրման պայմանները։ Հիշեցնենք, որ 2009թ. Ուկրաինան, Եվրահանձնաժողովը, ՎԶԵԲ-ը, Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) և Համաշխարհային բանկը համաձայնագիր են ստորագրել արդիականացման բազմակողմանի ֆինանսավորման հնարավորության մասին։ Ծրագրի ընդհանուր ծավալը գնահատվում էր $5 մլրդ, ընդ որում՝ առաջին $300 մլն-ն խոստացել էին տրամադրել ՎԶԵԲ-ը և ԵՆԲ-ն։ Մինչ այդ ՎԶԵԲ-ում քանիցս ընդգծել են, որ պատրաստ են ֆինանսավորել ԳՏՀ արդիականացումը միայն էներգետիկ հատվածում մասշտաբային բարեփոխումներ իրականացնելու պայմանով։

Զենքի վերահսկման և միջուկային զենքի չտարածման քաղաքականությունը

Վտանգները, որոնք գոյանում են Թուրքիայում զանգվածային ոչնչացման զենքի տարածման և Թուրքիայի ու տարածաշրջանի զինման հետ կապված, շարունակում են մնալ սուր և հրատապ։ Մինչդեռ դրանք քիչ են հետազոտված Թուրքիայում։ Այս բացը լրացնելու նպատակով EDAM-ը ծրագիր է նախաձեռնել, որը նվիրված է զենքի չտարածման և զինաթափման հարցերին։ Տվյալ նախագիծը հնարավորություն կտա գիտնականներին, ԶԼՄ-ին և պաշտոնյաներին ծանոթանալ միջազգային այն պայմանագրերին, որոնք կարգավորում են զանգվածային ոչնչացման զենքի և հրթիռային տեխնոլոգիաների տարածումը և անգլերեն ու թուրքերն լեզուներով հրատարակելու է զեկույցներ զանգվածային զենքի չտարածմանն ուղղված Թուրքիայի քաղաքականության վերաբերյալ։ Այս կայքը մշտապես թարմացվելու է, տեղադրվելու են արդիական և համապարփակ քաղաքական վերլուծություններ, հետազոտությունների մասին զեկույցներ։ Միջուկային հարցերին նվիրված այս աշխատանքը իրականացվում է Միջուկային անվտանգության նախաձեռնության միջուկային անվտանգության նախագծի (Nuclear Security Project of the Nuclear Threat Initiative (NTI) հետ համատեղ։



«Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 2, 2013

դեպի ետ