• am
  • ru
  • en
Версия для печати
28.04.2007

Ռուսաստան–Ղազախստան. էներգետիկ համագործակցության հիմնահարցեր

   

Սևակ Սարուխանյան

Սույն թվականի մարտի 30-ին տեղի ունեցավ Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Միխայիլ Ֆրադկովի այցը Ղազախստան, որի շրջանակներում երկու պետությունների միջեւ էներգետիկ համագործակցության մի շարք պայմանավորվածություններ ձեռք բերվեցին։ Դրանք հիմնականում առնչվում էին Ռուսաստանի տարածքով ղազախստանյան նավթի արտահանման հիմնախնդրին:

Ռուս-ղազախական բանակցությունների արդյունքում ստորագրված հիմնական փաստաթուղթը ղազախական նավթն Աթիրաու–Սամարա նավթատարով արտահանելու կարգի մասին արձանագրությունն էր։ Ենթադրվում է, որ վերը նշված նավթատարով մոտակա 5 տարիների ընթացքում տարեկան 15 միլիոն տոննա նավթ է արտահանվելու:

Չնայած ռուսական լրատվամիջոցները Ռուսաստանի եւ Ղազախստանի վարչապետերի կողմից ստորագրված արձանագրությունը Ռուսաստանի շահերի տեսանկյունից հիմնականում դրական գնահատականներով ներկայացրին, այնուամենայնիվ, ռուս-ղազախական վերջին պայմանավորվածություններն ուղղակիորեն հարվածում են Ռուսաստանի երկարաժամկետ շահերին:

Բանն այն է, որ ռուս-ղազախական արձանագրությունը, փաստորեն, չեղյալ հայտարարեց մեկ այլ փաստաթուղթ, որն ստորագրվել էր Ռուսաստանի եւ Ղազախստանի կառավարությունների ղեկավարների կողմից հինգ տարի առաջ` 2002-ին. այս համաձայնագիրը, որն ուներ «Աթիրաու–Սամարա նավթատարի միջոցով ղազախստանյան նավթի արտահանման մասին» անվանումը, պարտավորեցնում էր Աստանային 15 տարիների ընթացում, այսինքն` մինչեւ 2017 թվականը, այս նավթատարով տարեկան առնվազն 15 մլն տոննա նավթ արտահանել: Սույն թվականի մարտի 30-ին ստորագրված արձանագրությունը, փաստորեն, ղազախական պարտավորվածությունները Ռուսաստանի առջեւ կրճատում է մինչեւ 2012 թվականը` հետագայում հնարավորություն տալով Աստանային ավելի ազատ գործել սեփական նավթի արտահանման բնագավառում:

Որքան էլ տարօրինակ է, չնայած վերջին տարիներին Ռուսաստան– Ղազախստան միջպետական ռազմավարական նշանակության հարաբերությունների զարգացմանը, այդ նույն տարիներին նկատվում է Ռուսաստանի դիրքերի թուլացում Ղազախստանի էներգետիկ եւ նավթի արտահանման ոլորտներում: Բերենք մի քանի փաստ.

  • 2005-ին ռուսական «Տրանսնեֆտ» ընկերության ներկայացրած` ընկերության զարգացման հեռանկարների մասին փաստաթղթում նշված էր, որ «Տրանսնեֆտն» առաջիկա երկու տարիների ընթացքում Աթիրաու–Սամարա նավթատարի միջոցով տարեկան արտահանվող նավթի քանակը կհասցնի 25 միլիոն տոննայի: Ռուս-ղազախական վերջին պայմանավորվածությունները ցույց են տալիս, որ ռուսաստանյան հաշվարկները չեն արդարանում:
  • 2006-ին նույն «Տրանսնեֆտը» 2005-ի համեմատ մոտ 1 միլիոն տոննա նավթ պակաս արտահանեց Ղազախստանից, չնայած այս երկրում նավթի արտահանումն այդ մեկ տարվա ընթացքում աճել էր ավելի քան 1,7 միլիոն տոննայով:

2004-ին ռուսական երկաթուղով Ղազախստանից արտահանվել է 3,51 միլիոն տոննա նավթ, 2006-ին այս ցուցանիշը կազմել է ընդամենը 670 հազար տոննա: Ղազախական կողմն արտահանման այս անկումը բացատրում է ռուսական երկաթուղու թանկ սակագներով եւ, որպես համապատասխան փաստարկ, նշում է, որ ղազախական Աքթաուից Նովոռոսիյսկ 1 տոննա նավթի տեղափոխումն արժե $39.99, իսկ Աքթաու–Բաքու–Բաթում ճանապարհով` $39.86: 1 միլիոն տոննայի կտրվածքով տարբերությունը կազմում է ընդամենը $130 հազար, սակայն Բաթումում լոգիստիկ եւ կազմակերպչական թերացումներն ավելի քիչ են, քան Նովոռոսիյսկում: Այստեղ հարկ է նշել, որ թուրքական կառավարությունը, ըստ որոշ ռուսական աղբյուրների, Բաթումից դուրս եկած նավթային լցանավերին Բոսֆոր եւ Դարդանել նեղուցներով արագ անցնելու ավելի լավ պայմաններ է ապահովում, քան ռուսական Նովոռոսիյսկից դուրս եկած նավերին:

Կարեւոր հանգամանք է այն, որ Ռուսաստանի տարածքով նավթի արտահանման նվազմանը զուգահեռ` Ղազախստանի համար վերջին տարիներին առաջացել են նավթի արտահանման նոր այլընտրանքային ճանապարհներ: Դրանցից ամենակարեւորներն են.

  1. Ղազախստանից դեպի Չինաստան Աթասու–Ալաշանկոու նավթատարը (հանձնվել է օգտագործման 2005-ի վերջին)։
  2. Իրանի Նեքա–Ռեյ նավթատարը, որն Իրանի հյուսիսի կարիքներն ապահովելու համար ստանում է ղազախստանյան նավթ, իսկ Ղազախստանին համապատասխան քանակի նավթ է փոխհատուցում Պարսից ծոցից, որն Աստանան վաճառում է Արեւմուտքին եւ Չինաստանին (հանձնվել է օգտագործման 2005-ի վերջին)։
  3. Բաքու–Ջեյհանը, որի միջոցով հաջորդ տարի Ղազախստանը կարտահանի, ըստ նախագահ Ն.Նազարբաեւի, առնվազն 5 միլիոն տոննա նավթ:

Ռուս-բելառուսական հարաբերությունների բարդացումը եւ Բելառուսի տարածքով անցնող «Դրուժբա» նավթատարի օգտագործումից առաջիկա տարիներին հրաժարվելու Մոսկվայի որոշումը, որի փոխարեն ռուսական եւ դրան խառնված ղազախստանյան նավթը կուղղվի դեպի Բալթիկ ծովի նավահանգիստներ, կբարձրացնեն Ռուսաստանի տարածքով արտահանվող նավթի ինքնարժեքը եւ դրանով իսկ կմեծացնեն ոչռուսական նավթատարների տնտեսական գրավչությունն Աստանայի համար:

Այս բոլորի համատեքստում բավական կարեւոր պետք է համարել սեփական տարածքի` որպես ղազախստանյան նավթի արտահանման հիմնական ճանապարհի, պահպանմանն ուղղված ռուսական կողմի քայլերը: Նման քայլ կարելի է համարել Ղազախստանի համար ռուսական երկաթուղու տրանսպորտային սակագների նվազեցման մասին որոշումը: Սա, իհարկե, միայն մասամբ կարող է լուծել Մոսկվայի առջեւ կանգնած խնդիրը:

Հիմնախնդրի գլոբալ եւ բազմակողմանի լուծման առումով Մոսկվան վերջին ամիսներին սկսել է իրականացնել բավական նուրբ քաղաքական եւ տնտեսական գիծ, որը կարող է տարածաշրջանում նոր խոշոր էներգետիկ նախագծի առաջացման հանգեցնել:

* * *

Ռուսաստանի տարածքով անցնող Կասպյան նավթատարային կոնսորցիումի (ԿՆԿ) նավթատարի բաժնետոմսերի մեծ մասը գտնվում է ռուսական կառավարության վերահսկողությունից դուրս: Ռուսաստանի կառավարությանն է պատկանում այս նավթատարային կոնսորցիումի ընդամենը 24%-ը, ինչն այս խողովակաշարը դարձնում է, փաստորեն, Ռուսաստանի տարածքով անցնող միակ մագիստրալային նավթատարը, որը չի վերահսկվում ռուսական պետական էներգետիկ հսկայի` «Տրանսնեֆտի» կողմից: ԿՆԿ նավթատարը, որը ղազախական Աքթաուն միացնում է ռուսական Նովոռոսիյսկի հետ, տարեկան 30 միլիոն տոննա ղազախական նավթ է տեղափոխում Ռուսաստանի սեւծովյան ափ, որտեղից էլ նավթն այնուհետեւ արտահանվում է թուրքական նեղուցների միջոցով: Նավթատարի հզորությունն ընդամենը 32 միլիոն տոննա է, մինչդեռ 2010-ին նավթի արտահանումը Ղազախստանից կկազմի մոտավորապես 70 միլիոն տոննա: Այս փաստը հաշվի առնելով` ԿՆԿ բաժնետերերը վերջին տարիներին սկսել են ակտիվորեն քննարկել նավթատարի հզորության ավելացման հարցը:

2006-ի սեպտեմբերի 27-28-ին, Մոսկվայում, ԿՆԿ բաժնետերերի ժողովն ընդունեց որոշում նավթատարի հզորությունը մինչեւ 67 միլիոն տոննայի հասցնելու ծրագրի նախապատրաստական եւ նախագծային աշխատանքներ սկսելու մասին: Այս որոշմանը դեմ արտահայտվեց Ռուսաստանի կառավարությունը, ինչի հետեւանքով.

  1. Հոկտեմբերին ՌԴ Դաշնային հարկային ծառայությունը սկսեց կոնսորցիումի գործունեության լայնածավալ ստուգումներ:
  2. Նոյեմբերին ՌԴ Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության կոլեգիան մերժեց նավթատարի հզորացման ծրագիրը եւ կողմ արտահայտվեց նավթատարի օգտագործման սակագների մինչեւ 40% բարձրացմանը։

Նավթատարի հզորացման նախագծին Ռուսաստանի ընդդիմանալը բացատրվում է նրանով, որ Մոսկվան համաձայն չէ իրականացնել այդ հզորացումն առանց կոնսորցիումի բաժնետիրական մասնաբաժինների վերանայման` հօգուտ ՌԴ կառավարության, քանզի հենց Ռուսաստանի տարածքով է անցնում նավթատարը եւ ռուսական Նովոռոսիյսկում են բարձվում այդ նավթատարով ստացված եւ հումքով բեռնված լցանավերը: Սրան հակառակվում են մյուս բաժնետերերը, որոնք կոնսորցիումի ստեղծման նպատակներից մեկը ժամանակին դիտել են հենց ռուսաստանյան տարանցման մենաշնորհից ազատվելու անհրաժեշտությունը:

Սակայն վերջին ամիսների ընթացքում ռուսական դիրքորոշումն այս հարցի շուրջ նշանակալիորեն փոխվել է: Մոսկվան համաձայնել է առավել «մանրակրկիտ քննարկել նավթատարի հզորացման հարցը»: Դիրքորոշման այսպիսի փոփոխության պատճառ, հավանաբար, պետք է դիտարկել Բուրգաս–Ալեքսանդրոպոլիս նավթատարի կառուցման հարցի շուրջ ձեռք բերված` սկզբում միայն պայմանավորվածությունները, իսկ ապա նաեւ` նավթատարի կառուցման մասին 2007-ի մարտին կնքված համաձայնագիրը:

Տարեկան 50 միլիոն տոննա տարանցման հնարավորություն ունեցող այս նավթատարի կառուցումը կարեւոր նշանակություն ունի Ռուսաստանի համար, քանզի Մոսկվային զգալիորեն կազատի Անկարայի «նեղուցային» քաղաքականությունից: Միեւնույն ժամանակ, այս նոր նավթատարը հատուկ կարեւորություն կունենա Ռուսաստանի տարանցման քաղաքականության վրա, կմեծացնի Նովոռոսիյսկ նավահանգստից օգտվող կողմերի` իրենց նավթը ռուսական ճանապարհով արտահանելու տնտեսական շահագրգռվածությունը:

Ռուսաստանի էներգետիկայի եւ արդյունաբերության փոխնախարար Վ.Խրիստենկոյի հայտարարությունն այն մասին, որ Բուրգաս– Ալեքսանդրոպոլիս նավթատարից կարող են օգտվել նաեւ ԿՆԿ նավթատարի բաժնետերերը, մատնանշում է, որ Ռուսաստանը ցանկանում է մեկ էներգետիկ եւ տնտեսական նախագծի մեջ ներառել Բուրգաս–Ալեքսանդրոպոլիսն ու ԿՆԿ նավթատարը: Իսկ վերջինիս հզորության մեծացումը, այս տեսակետից, շահավետ է Ռուսաստանի համար, քանզի դրա արդյունքում ավելի շատ ղազախստանյան նավթ կարող է ուղղվել դեպի Բուրգաս-Ալեքսանդրոպոլիս: Մանավանդ որ արդեն իսկ շրջանառության մեջ են այս նավթատարի հզորությունը 70 միլիոն տոննայի հասցնելու նախագծերը: Այս ամենը պետք է հիմք ստեղծի Ղազախստանի հետ ՌԴ էներգետիկ կապերի ամրապնդման համար, ինչը կանդրադառնա, իհարկե, Աստանայի տարածաշրջանային քաղաքականության վրա։

Նշենք, որ մարտի 29-ին Ղազախստանի նախագահ Ն.Նազարբաեւը Լեհաստանի նախագահ Լ.Կաչինսկու հետ հանդիպման ավարտից հետո արեց մի հայտարարություն, որը կարծես թե զրկում է Լեհաստանին եւ Ուկրաինային Ղազախստանի հետ Ռուսաստանից անկախ էներգետիկ համագործակցություն հաստատելու հույսից։ «Օդեսա–Բրոդի–Գդանսկ նավթատարի կառուցումն անհնար է առանց Ռուսաստանի մասնակցության»,–հայտարարեց Ղազախստանի նախագահը։ Այս հայտարարությունը բավական կարեւոր ճշգրտումներ մտցրեց Եվրասիայի էներգետիկ հոսքերի քարտեզի ձեւափոխման հեռանկարներում։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր