
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԽՆԴԻՐԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
Վահրամ Հովյան«Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի ավագ փորձագետ
Քրիստոնեական համայնքներին պատկանող գույքի բռնագրավումը Թուրքիայում եղել է ազգային և կրոնական փոքրամասնությունների նկատմամբ պետական մակարդակով իրականացվող հալածանքների ու ճնշումների քաղաքականության բաղադրիչներից մեկը։ 1936 թվականից Թուրքիայում արդեն օրենքով պետությունն սկսեց բռնագրավել կրոնական փոքրամասնությունների գույքը։ Կորսված գույքի վերադարձման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը մինչև վերջերս ցանկալի արդյունք չէին տալիս՝ մատնվելով անհաջողության։
Այնուամենայնիվ, վերջին շրջանում նկատելի են որոշակի դրական միտումներ Թուրքիայի կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության, այդ թվում նաև՝ եկեղեցապատկան գույքի վերադարձման հարցում։ Խնդիրն առնչվում է միջազգային ճնշման հետ։ Հայտնի է, որ ԵՄ-ը Թուրքիայի անդամակցության նախապայմաններից մեկն է համարում այդ երկրում կրոնական փոքրամասնությունների դրության բարելավումը, ինչը ներառում է նաև բռնագրավված եկեղեցապատկան գույքի վերադարձը։ ԱՄՆ-ը նույնպես, ելնելով քաղաքական, այն է՝ այս կամ այն խնդրի առնչությամբ Թուրքիայի վրա ճնշում գործադրելու նկատառումներից, ժամանակ առ ժամանակ առաջ է քաշում քրիստոնյաների իրավունքների պաշտպանության խնդիրը՝ դրա մեջ ներառելով նաև բռնագրավված գույքի վերադարձման հարցը։ Այս տեսակետից նշանավոր է հատկապես 2011թ. հունիսի 15-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ընդունած 306 բանաձևը, որը կոչ է անում Թուրքիային «իրենց օրինական տերերին վերադարձնել բոլոր քրիստոնեական եկեղեցիները և այլ պաշտամունքի վայրերը, վանքերը, դպրոցները, հիվանդանոցները, հուշարձանները, մասունքները, սրբավայրերը և այլ կրոնական գույքը, ներառյալ շարժական գույքը, ինչպիսիք են արվեստի գործերը, ձեռագրերը, զգեստները, անոթները և այլ իրերը»1։
Տեղի տալով միջազգային ճնշումներին՝ Թուրքիայի իշխանությունները 2011թ. օգոստոսին օրենք ընդունեցին բռնագրավված եկեղեցական գույքը վերադարձնելու վերաբերյալ, ինչը լայն արձագանք գտավ մամուլում։ Օրենքի ընդունումից անցել է տևական ժամանակ, սակայն Թուրքիայի կրոնական փոքրամասնությունները լուրջ արդյունքներ չեն գրանցել իրենց պատկանող գույքը հետ ստանալու հարցում։ Այս ժամանակահատվածը բավարար է վերլուծության ենթարկելու բռնագրավված գույքի վերադարձի հետ կապված խոչընդոտները, ինչպես նաև հետագա անելիքները։
Գույքի վերադարձման հետ կապված խոչընդոտները
Չնայած օրենքի ընդունմանը, գործնականում կան մի շարք խոչընդոտներ, որոնք էապես դժվարացնում են բռնագրավված եկեղեցական գույքի վերադարձը։ Այդ խոչընդոտները կարելի է բաժանել երկու մասի՝ իրավական և քաղաքական։
Իրավական հարթությունում եկեղեցական գույքի վերադարձման խոչընդոտները հիմնականում հետևյալներն են.
1. Ժամանակային սահմանափակումը։ Օրենքը նախատեսում է կրոնական փոքրամասնություններին վերադարձնել միայն 1936-ից հետո բռնագրավված գույքը։ Մինչդեռ կրոնական փոքրամասնություններից գույքի բռնագրավումը տեղի չի ունեցել միայն 1936թ. հետո։ Ավելին, կրոնական փոքրամասնությունների գույքազրկումը հիմնականում տեղի է ունեցել նախընթաց ժամանակահատվածում՝ ջարդերի ու ցեղասպանության տարիներին։ Այդ ժամանակահատվածում է, որ հայերը (առաքելական, կաթողիկե և բողոքական), Պոնտոսի հույները, ասորիները և այլք կորցրին իրենց պատկանող եկեղեցական գույքի մեծ մասը։ 1936-ից հետո պետության կողմից բռնագրավվել է միայն այդ թվականից հետո ձեռք բերված գույքը։ Նշանակում է, որ օրենքի լիակատար կիրառման պարագայում անգամ կրոնական փոքրամասնությունները հնարավորություն են ունենալու հետ ստանալ իրենց կորցրած գույքի միայն փոքր մասը։
2. Եկեղեցիների իրավական կարգավիճակի հարցը։ Ներկայումս Թուրքիայում իրավական կարգավիճակ ունեն միայն Հայ Առաքելական եկեղեցին, Հույն Ուղղափառ եկեղեցին և հրեաները։ Իսկ դե-ֆակտո առկա մյուս քրիստոնեական համայնքները, ինչպիսիք են Հռոմի Կաթոլիկ եկեղեցին, Հայ Կաթողիկե եկեղեցին, բողոքական ուղղության համայնքները, այդ թվում նաև Հայ Ավետարանական եկեղեցին, քրիստոնյա արաբները, ասորիները, պաշտոնապես ճանաչված չեն պետության կողմից։ Վերջինս թեև ընդունում է նրանց գոյության փաստը, սակայն հրաժարվում է նրանց իրավական կարգավիճակ տալ։ Անգամ Հռոմի Կաթողիկե եկեղեցին, չնայած Վատիկանի ջանքերին (Վատիկանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններն ունեն ավելի քան կեսդարյա պատմություն)2, դեռևս չի կարողացել Թուրքիայում ստանալ իրավական գրանցում։
Իրավական գրանցման բացակայությունը զգալիորեն սահմանափակում է չճանաչված համայնքների գործունեության հնարավորությունները, այս դեպքում, մասնավորապես, իրենցից խլված գույքը հետ ստանալու հարցում։
Թուրքիայի հայ համայնքի առնչությամբ դա նշանակում է, որ Հայ Առաքելական, Կաթողիկե և Ավետարանական եկեղեցիներից միայն առաջինը կարող է նման հայտ ներկայացնել պետությանը։
3. Ժամկետի սահմանափակությունը։ Օրենքը մեկ տարի ժամկետ է սահմանում, որպեսզի կրոնական փոքրամասնությունները հայտ ներկայացնեն իրենց պատկանող գույքը հետ ստանալու համար3։ Հաշվի առնելով, որ հայտի կազմումը բավական բարդ և տևական գործընթաց է՝ կապված բազմաթիվ հաշվարկների ու փաստաթղթերի ձեռքբերման և հստակեցման հետ, հասկանալի է, որ այդ ժամկետը բավարար չէ հայտերի պատշաճ կազմման և եկեղեցական գույքը պատշաճ կերպով հետ ստանալու համար։
4. Գույքի վաճառված լինելը։ Բռնագրավված գույքի մի մասն էլ թուրքական կառավարությունը ժամանակին վաճառել է մասնավոր անձանց։ Վաճառված գույքի առնչությամբ օրենքը նախատեսում է փոխհատուցում կրոնական համայնքներին4։ Սակայն որքանով այդ փոխհատուցումը կլինի համարժեք և թույլ կտա լիովին վերականգնել պատճառված վնասը՝ դժվար է ասել։
Քաղաքական խոչընդոտներից հիմնականում կարելի է առանձնացնել երկուսը.
1. Բյուրոկրատական քաշքշուկներ։ Կրոնական փոքրամասնություններն իրենց պատկանող գույքը հետ ստանալու հարցում հաճախ բախվում են լուրջ բյուրոկրատական խնդիրների5, ինչն էապես խոչընդոտում է ընդունված օրենքի կենսագործմանը։
2. Քաղաքական շահարկումներ։ Թուրքական կողմը քրիստոնեական փոքրամասնությունների նկատմամբ իր պարտավորությունների կատարումը պայմանավորում է համապատասխան երկրներում մուսուլմանական փոքրամասնությունների խնդիրների լուծումով, ինչը լրացուցիչ բարդություններ է հաղորդում առանց այդ էլ ստեղծված բարդ իրավիճակին։ Օրինակ՝ Թուրքիայի կառավարության խոստացած հունական աստվածաբանական դպրոցի վերաբացումը Ստամբուլի մերձակա Հեյբելի կղզում ԵՄ հարցերով նախարար Է.Բաղըշը կապել է Հունաստանի իշխանությունների կողմից մուսուլման փոքրամասնությունների դրությունը բարելավելու ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի հետ6։
Վերոնշյալ իրավական և քաղաքական խոչընդոտներն ակնհայտ են դարձնում թուրքական իշխանությունների կողմից ընդունված օրենքի ձևական բնույթը։ Վերջիններս իրականում վարում են ոչ թե կրոնական փոքրամասնությունների ոտնահարված իրավունքները վերականգնելու, այլ արտաքին աշխարհում ժողովրդավարական երկրի համբավ ձեռք բերելու քաղաքականություն։
Այս պատճառով է, որ Թուրքիայի կրոնական համայնքները կարողացել են արձանագրել չնչին ձեռքբերումներ իրենց պատկանող գույքի հետ ստացման գործում։ Թուրքական կառավարությունը միայն որոշ կալվածքներ է վերադարձրել Կ.Պոլսի հայոց և հունաց պատրիարքարաններին7։ Դրանով, բնականաբար, խնդիրը լուծված չի կարելի համարել, քանի որ «Կան հազարավոր առգրավված եկեղեցիներ և (հայ - Վ.Հ.) համայնքին պատկանող կալվածքներ Թուրքիայի ամբողջ տարածքում, որոնք պետք է վերադարձվեն իրենց օրինական տերերին»8։
Միջեկեղեցական համագործակցության հեռանկարները
Չնայած օրենքի կենսագործման հետ կապված դժվարություններին, այն, այնուամենայնիվ, որոշակի հեռանկար է բացում ինչպես Հայ Առաքելական, այնպես էլ Հայ Կաթողիկե և Ավետարանական եկեղեցիների համար՝ իրենցից բռնագրավված գույքը հետ ստանալու տեսանկյունից։ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունն արդեն իսկ սկսել է ջանքեր գործադրել իրեն պատկանող բռնագրավված կալվածքները վերադարձնելու նպատակով։
Այս հարցում հաջողության հասնելու համար կարևոր է միջեկեղեցական համագործակցությունը, որը կարող է լինել երկու մակարդակով՝ ներազգային և միջազգային։
• Ներազգային համագործակցությունը ենթադրում է միջդավանական համագործակցություն Հայ Առաքելական, Կաթողիկե և Ավետարանական եկեղեցիների միջև, որը կարծես թե գիտակցվում է վերջիններիս կողմից։ Քանի որ խնդիրն ունի ոչ միայն կրոնական, այլև իրավաքաղաքական ենթատեքստ, միանգամայն նպատակահարմար է այս գործում ներգրավել նաև Սփյուռքում գործող հայ ավանդական կուսակցություններին։ Այս առումներով պատահական չէր Թուրքիայում քրիստոնեական եկեղեցիներին պատկանող գույքի վերադարձի առնչությամբ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հայտարարությունն9 առ այն, որ «Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը, Հայ Կաթողիկէ ու Բողոքական եկեղեցիներուն եւ մեր կուսակցութիւններուն հետ գործակցաբար, յառաջիկային պիտի պատրաստէ աշխատանքային ծրագիր»10։
• Միջազգային համագործակցությունը ենթադրում է Թուրքիայի այլ քրիստոնեական փոքրամասնությունների՝ Հույն Ուղղափառ եկեղեցու, քրիստոնյա արաբների, ասորիների, Հռոմի Կաթողիկե եկեղեցու, բողոքական ուղղության եկեղեցիների հետ համագործակցություն։
Բռնագրավված եկեղեցական գույքի վերադարձի նպատակով ներազգային և միջազգային համագործակցությունը քրիստոնեական եկեղեցիների միջև կարող է դրսևորվել հետևյալ հարցերում.
• Պայքար հայտերի ընդունման ժամկետի երկարացման համար։ Քրիստոնեական եկեղեցիները կարող են համատեղ ուժերով պայքարել օրենքում ամրագրված հայտերի ընդունման 12-ամսյա ժամկետը երկարացնելու համար։
• Հայտերի կազմում և ներկայացում։ Եթե հնարավոր էլ չէ միասնական հայտերի կազմումը և ներկայացումը, ապա քրիստոնեական համայնքները կարող են նվազագույնը համատեղ ջանքեր գործադրել առանձին համայնքների հայտերը կազմելու գործում՝ փոխօգնության միջոցով։
• Իրավական և տեղեկատվական փոխօգնություն։ Թուրքիայի բարդ իրավական համակարգին ամբողջությամբ չտիրապետելով՝ առանձին համայնքները չեն կարող լիարժեք պաշտպանել իրենց շահերը։ Բացի այդ, եկեղեցական գույքի հետ առնչվող խնդիրը կապված է մեծ քանակությամբ տեղեկատվության հետ, որին նույնպես առանձին համայնքները կարող են ամբողջությամբ չտիրապետել՝ անգամ այնպիսի հարցերում, որոնք վերաբերում են զուտ իրենց։ Հետևաբար, իրավական և տեղեկատվական փոխօգնությունը (իրավական խորհրդակցություններ, տեղեկատվության փոխանակում և այլն) նույնպես կարևոր նշանակություն ունի համայնքների կողմից իրենց շահերի պաշտպանության արդյունավետությունը բարձրացնելու տեսանկյունից։
• Հաշվարկների կատարում։ Եկեղեցական գույքի վերադարձման խնդիրը կապված է նաև բազմաթիվ և բազմազան (երբեմն՝ բարդ) հաշվարկների հետ։ Այս հարցում տարբեր եկեղեցիները նույնպես կարող են փոխադարձաբար օգնել միմյանց։
Կարծում ենք՝ եկեղեցական գույքի վերադարձման խնդրի առնչությամբ համատեղ ջանքեր գործադրելու, ինչպես նաև համատեղ ջանքերի արդյունավետությունը բարձրացնելու համար նպատակահարմար է միջեկեղեցական աշխատանքային խմբի ձևավորումը, որի գործունեությունը կկենտրոնանա վերոհիշյալ խնդիրների իրականացման վրա։
1 H. Res. Resolution 306 Urging the Republic of Turkey to Safeguard its Christian Heritage and to Return Confiscated Church Properties, June 15, 2011. http://www.atour.com/government/pdf/20110615-USCongress-BILLS-112hres306ih.pdf
2 Վատիկանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են 1960թ. (Վիլհելմ Բաում, Թուրքիան և նրա քրիստոնյա փոքրամասնությունները, Երևան, Երևանի պետական համալսարանի հրատարակչություն, 2010թ., էջ 163)։
3 В Турции реализации закона о возвращении немусульманским религиозным общинам конфискованного имущества мешают бюрократические препоны, http://drevo-info.ru/news/11648.html
4 Նույն տեղում։ Болгарской церковной общине в Стамбуле будут возвращены ранее конфискованные объекты недвижимого имущества, http://drevo-info.ru/news/11553.html; Турция вернет христианам и иудеям конфискованную собственность, http://drevo-info.ru/news/11330.html
5 Տե՛ս В Турции реализации закона о возвращении немусульманским религиозным общинам конфискованного имущества мешают бюрократические препоны, http://drevo-info.ru/news/11648.html
6 Открытие Халкинской богословской школы зависит от встречных шагов со стороны Греции, заявил турецкий министр, http://drevo-info.ru/news/12661.html
7 Տե՛ս, օրինակ, նույն տեղում։ Турецкие власти начинают возвращать конфискованную недвижимость Константинопольского Патриархата, http://drevo-info.ru/news/12646.html; Турецкие власти вернули Константинопольской Патриархии здание школы в Галате, http://drevo-info.ru/news/12343.html
8 Հարութ Սասունյան, Ինչպե՞ս պետք է Սփյուռքն արձագանքի Թուրքիայի մերձեցման նախաձեռնություններին, http://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=6508&sphrase_id=17981
9 2012թ. փետրվարի 23-26-ը Անթիլիասում «Հայկական ցեղասպանությունը՝ ճանաչումից հատուցում» խորագրով միջազգային գիտաժողովի փակման խոսքում։
10 Հասկ, 2012, փետրուար, թիւ 2, էջ 116։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՀԱՅ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՓՅՈՒՌՔՈՒՄ 21-ՐԴ ԴԱՐՈՒՄ[18.12.2018]
- ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱԼՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ[03.12.2018]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ[06.11.2018]
- ՀԱՅՐԵՆԻՔ-ՍՓՅՈՒՌՔ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄՈԴԵԼՆԵՐԻ ՇՈՒՐՋ[26.10.2018]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐԿԱ ԴՐՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ[25.09.2018]
- ՍԻՐԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ[12.09.2018]
- ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ. ՀՈՒՆԱԿԱՆ ՓՈՐՁ[03.08.2018]
- ԱՄՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ՈՐՈՇ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ[16.07.2018]
- ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՍՓՅՈՒՌՔ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԻՐԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԻՑ[19.06.2018]
- ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՆԵՐԻ ԻՆՏԵԳՐՄԱՆ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ[06.06.2018]
- ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՄԱՐ ԵՐԿՈՒ ԳՈՐԾՈՆ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ[27.04.2018]